Մեր ինչի՞ն են միամանդատ պատգամավորները
Հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդրանական ընտրություններին «Վրացական երազանքը» հավաքեց ձայների 48.6%-ը, այսինքն՝ կուսակցության օգտին էր քվեարկել ընտրատեղամաս եկած մարդկանց կեսից մի քիչ պակասը:
Չնայած դրան՝ չի բացառվում, որ ապագա խորհրդարանում այդ կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն կազմի:
Ամեն ինչ կորոշվի երկրորդ փուլում, որը Վրաստանում կանցկացվի հոկտեմբերի 30-ին: Բացառությամբ մի քանիսի՝ 50 միամանդատ ընտրատարածքներում խորհրդարանում հայտնվելու համար կմրցակցեն իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները:
Եթե «Վրացական երազանքը» երկրորդ փուլի արդյունքում կարողանա խորհրդարան անցկացնել ?? մեծամասնական պատգամավոր, ապա խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կստանա: Այսինքն՝ միանձնյա կկարողանա ցանկացած օրինագիծ ընդունել կամ Սահմանադրությունում փոփոխություններ անել առանց ընդդիմության աջակցության կամ նրա հետ խորհրդակցելու:
Որքա՞նով է արդարացված այն, որ կուսակցությունը, որին իրականում չի վստահում ընտրողների նույնիսկ կեսը, սահմանադրական փոփոխություններ անելու մանդատ ստանա:
Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում
Գլխավոր պատճառն այն ընտրական համակարգն է, որով Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում և, որի համաձայն, «hաղթողը ստանում է ամեն ինչ»:
Ի՞նչ համակարգով են այսօր անցկացվում ընտրությունները
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները խառը համակարգով են անցկացվում: Խորհրդարանի 150 պատգամավորից 77-ը մանդատ են ստանում կուսակցական ցուցակներով, 73-ը՝ մեծամասնական ընտրատարածքներից են ընտրվում:
Ընտրությունների օրն ընտրողը երկու քվեաթերթիկ է ստանում. մեկում թվարկված են կուսակցությունները, երկրորդում՝ թեկնածուները, որոնք ընտրություններին մասնակցում են հստակ միամանդատ ընտրատարածքից:
Արդյունքում՝ մեծամասնական և համամասնական համակարգով ստացված մանդատները մեխանիկորեն գումարվում են: Օրինակ, եթե կուսակցական ցուցակը համամասնական ընտրություններին հավաքել է 40% ձայն (ինչը մոտ 30 մանդատ է կազմում), իսկ մեծամասնական ընտրատարածքներում հաղթել է տվյալ կուսակցության 50 թեկնածու, ապա խորհրդարանում այդ ուժը 80 մանդատ կստանա:
Վրաստանում գործում է բացարձակ մեծամասնության մեծամասնական ընտրական համակարգ, որը այս կամ այն թեկնածուի հաղթանակի համար 50% + 1 ձայն է ենթադրում: Հակառակ դեպքում, ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածուների միջև երկրորդ փուլ է անցկացվում: Երկրորդ փուլում հաղթում է նա, ով ընտրությունների եկած ընտրողների ձայների պարզ մեծամասնությունն է հավաքում:
Այս համակարգի ի՞նչն է վատ
Առաջին հերթին, այն, որ կուսակցությանը հնարավորություն է տալիս ավելի շատ մանդատ ունենալ, քան ընտրողների իրական աջակցությունն է ենթադրում: Դա կարող է տեղի ունենալ «Վրացական երազանքի» դեպքում. կուսակցությանը չի վստահում ընտրողների նույնիսկ կեսը, սակայն ապագա խորհրդարանում այն կարող է 113 պատգամավոր ունենալ (113 պատգամավորը սահմանադրական մեծամասնությունն է: Այսինքն՝ մեծամասնություն, որն անհրաժեշտ է այնպիսի կարևոր օրենքներում փոփոխություններ անելու համար, ինչպիսին է Սահմանադրությունը):
Այդ համակարգի երկրորդ խնդիրն այն է, որ այն մեծացնում է մեկ կամ երկկուսակցական խորհրդարան ձևավորելու հնարավորությունը:
Պատկերացնենք, որ երկրի մի քանի կուսակցություններից ամենամեծ ժողովրդականություն է վայելում մեկը, և դրա ընտրողները մեծամասնական ընտրատարածքներում հավասարաչափ են բաշխված: Այսինքն՝ այդ կուսակցությունն իրական հնարավորություն ունի ստանալու բոլոր մեծամասնական մանդատները՝ շանս չթողնելով մյուսներին:
Օրինակ, 2008թ-ի խորհրդարանական ընտրություններին այն ժամանակվա իշխող «Ազգային շարժում» կուսակցությունը 59% աջակցության պարագայում ստացավ 119 մանդատ, կամ մանդատների ընդհանուր քանակի 79%-ը: Իրականում այդ կուսակցությանը սատարում էր ընտրողների ընդամենը 59%-ը:
Փորձագետներն ու մոնիթորինգային կազմակերպություններն այն կարծիքի են, որ Վրաստանում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները թույլ են զարգացած և ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս է օգտագործվում, խառը ընտրական համակարգը միշտ ի օգուտ իշխող կուսակցության է: Այսպիսի համակարգով ընտրված խորհրդարանում արդեն երկրորդ անգամ իշխող կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն է ստացել:
Եվս մեկ թերություն. քանի որ մեծամասնական ընտրատարածքներում ընտրություններին հստակ անձինք են մասնակցում, այլ ոչ թե կուսակցություններ, որպես թեկնածու հայտնի մարդկանց (օրինակ, բիզնեսմենների, դերասանների, մարզիկների) առաջադրելը լավ մշակված և կայացած մեթոդ է: Օրինակ, հստակ ընտրատարածքում հաղթելու համար կուսակցությունը որպես իր թեկնածու է ներկայացնում հայտնի փոփ-կատարողի, որին ժողովուրդը լավ է ճանաչում, որը սակայն ոչինչ չի հասկանում օրենսդիր գործունեությունից, այլ ոչ թե պակաս հայտնի որոկավորված իրավաբանի:
Հաճախ թեկնածություն են առաջադրում գործարարները, որոնք մեծ մասամբ հենց իրենք են ֆինանսավորում իրենց նախընտրական քարոզարշավը և այս կամ այն կուսակցությանը գումար են նվիրաբերում, որպեսզի խորհդարանում հայտնվեն: Օրինակ, 2016թ-ի մայիսին-սեպտեմբերին մեծամասնական թեկնածուները «Վարցական երազանքին» 1 մլն լարիի նվիրատվություն արեցին:
Ի՞նչ դրական բան կա այս համակարգում
Օրինակ, այն, որ մեծամասնական համակարգըն անմիջական կապ է ստեղծում ընտրողի և պատգամավորի միջև:
Այս համակարգն ինչ-որ չափով թուլացնում է կուսակցական ուղղահայաց համակարգը, այսինքն, եթե կուսակցությունը համամասնական ընտրություններին կարող է իր այս կամ այն անդամին նախապատվություն տալ [ցուցակում հաջորդականության բաշխումը], ապա մեծամասնական համակարգով այն պարտավոր է ավելի շատ ընտրողի մասին մտածել և այնպիսի թեկնածու ընտրել, որն այս կամ այն տարածաշրջանում ընտրողների աջակցությունը կստանա: Հետևաբար, մեծամասնական պատգամավորն ավելի անկախ է իրեն զգում կուսակցությունից:
Մեծամասնական կարգը ենթադրում է նաև խորհրդարանում աշխարհագրական ներկայացուցչության ապահովում: Մեծամասնական պատգամավորները հնարավորություն ունեն խորհրդարանում իրենց ընտրատարածքի խնդիրները ներկայացնելու և դրանց որոշումն առաջ տանելու:
Ինչպե՞ս են այս խնդիրը լուծել մյուս երկրները
Յուրաքանչյուրն՝ իր ձևով: Աշխարհի 91 երկրներում կիրառվում է ընտրությունների մեծամասնական համակարգը, 72 երկրներում՝ համամասնականը, իսկ խառը՝ միայն 30 երկրներում: Դրանց թվում են Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բուլղարիան:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խառը ընտրական համակարգն օգտագործվում է հիմնականում անկախություն ձեռք բերելու սկզբնական փուլում: Իսկ կայացած ժողովրդավարությամբ երկրներում հիմնականում օգտագործվում է համամասնական համակարգը:
Օրինակ, ընտրությունների տարբեր տեսակի համամասնական համակարգեր կիրառվում են Ավստրիայում, Դանիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում, Հունաստանում և այլ երկրներում:
Ինչ վերաբերում է զուտ մեծամասնական ընտրական համակարգին, ապա այն հիմնականում օգտագործում են դաշնային և ունիտար պետությունները, որտեղ գործում է երկպալատանի գերագույն օրենսդիր մարմին: Նման դեպքերում մեծամասնական համակարգն անհրաժեշտ է, քանի որ այն օրենսդիր մարմնում ապահովում է պատմական-աշխարհագրական տեսանկյունից տարբեր տարածաշրջանների ներկայացվածությունը: Օրինակ, ԱՄՆ-ում:
Իսկ այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Վրաստանն է՝ միապալատ խորհրդարանով, աշխարհագրական ներկայացվածության ապահովումն ու հանուն դրա մեծամասնական համակարգ ներդնելը փաստացի անիմաստ է:
Ի՞նչ այլընտրանք են առաջարկում մասնագետները
Ոչ կառավարական կազմակերպություններն ու փորձագետները բավականին վաղուց են խորհուրդ տալիս մեծամասնական ընտրական համակարգը փոխարինել մարզային-համամասնականով:
Համապատասխան փոփոխությունների փաթեթը ներկայացված է խորհդարանի քննարկմանը, և եթե այն ընդունվի, ապա հաջորդ ընտրությունները հավանաբար նոր կանոններով կանցկացվեն:
75 պատգամավոր նախկինի պես կընտրվի համամասնական ընտրակարգով, մնացած 75-ը՝ մարզային-համամասնական: Այդ դեպքում երկիրն, ըստ տարածաշրջանների, կբաժանվի բազմամանդատ շրջանների, որտեղ կուսակցություններն անհատական կուսակցական ցուցակներ կներկայացնեն: Հետևաբար, յուրաքանչյուր տարածաշրջանում համամասնական ընտրակարգով կընտրվեն կուսակցությունները, որոնք ընտրական շեմը հաղթահարելու դեպքում խորհրդարանական մանդատներ կստանան: Նման պայմաններում հնարավոր է, որ խորհրդարանում մեկ տարածաշրջանից (մարզից) մի քանի կուսակցություն ներկայացված լինի: Պետք է նշել, որ փոփոխություններն ընդունելու դեպքում, ընտրական շեմը 5%-ից կիջեցվի 4%:
Այսինքն՝ հաջորդ ընտրությունները նոր համակարգո՞վ են անցկացվելու
Այս հարցի պատասխանը ներկա պահին չկա: Նախքան իշխանության գալը «Վրացական երազանքն» ինքն էր բողոքում գործող ընտրական համակարգի անարդարության դեմ և խոսում էր այն փոխելու մասին, սակայն, իշխանության գալով, ոչինչ չփոխեց:
Սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում քննարկվեցին հոկտեմբերի 5-ի ընտրություններից մեկուկես տարի առաջ, սակայն իշխող կուսակցությունը հայտարարեց, որ նման լուրջ փոփոխությունների համար մեկուկես տարին բավական չէ, և չաջակցեց բարեփոխմանը: Փոփոխությունների կողմնակիցները սահմանադրական մեծամասնություն (113 ձայն) չհավաքեցին, և բարեփոխումը ձախողվեց:
Այդ պատճառով էլ դժվար է կանխատեսել, թե ապագայում ինչպես կվարվի «Վրացական երազանքը»: Արդյո՞ք նա կկարողանա հրաժարվել նման լծակից, հատկապես եթե սահմանադրական մեծամասնություն ունենա, ինչն այդ կուսակցությանն անսահմանափակ իրավունքներ կտա և՛ խորհրդարանում, և՛ դրանից դուրս:
Որքա՞ն է բյուջեի վրա նստում ներկա համակարգը
Մեծամասնական համակարգը բյուջեի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ՝ հետո: Առաջին դեպքում լրացուցիչ ծախսեր են պահանջում երկրորդ փուլերը: Երկրորդի դեպքում՝ մեծամասնական պատգամավորների բյուրոները, որոնք ամեն տարի ավելի քան 4 մլն լարիի ֆինանսավորում են ստանում: Այդ բյուրոների հիմանկան նշանակությունը մեծամասնական պետգամավորների և ընտրողների կապն ապահովելն է:
Միգուցե արժե՞ նման ծախսեր անել, եթե մեծամասնական պատգամավորներն արդյունավետ օրենսդիր գործունեությամբ են զբաղվում:
Transparency International Georgia կազմակերպության անցկացրած հարցումների համաձայն՝ միջինում ընտրողների միայն 11%-ը գիտի, թե ով է իրենց մեծամասնական պատգամավորը:
8-րդ գումարման խորհրդարանի քառամյա աշխատանքի արդյունքներից պարզ է դարձել, որ 16 պատգամավոր ոչ մի անգամ չի օգտվել ելույթ ունենալու իր իրավունքից: Պասիվ պատգամավորների այս վարկանիշային ցուցակի 10-ը պատգամավորները հենց մեծամասնական են:
Ավելին, մեծամասնականների բյուրոների գործունեությունն այնքան փակ է, որ ոչ միայն բնակչության, այլ նաև նման գործերում մեծ փորձ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների համար դրանց աշխատանքի մասին տեղեկատվություն ստանալը հեշտ չէ: Օրինակ, Transparency International Georgia կազմակերպությունը, որը նախորդ տարի խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն էր պատրաստում, 23 բյուրոյից չէր կարողացել պատասխան ստանալ: Դրանցից որոշները կազմակերպությունը նույնիսկ չէր կարողացել գտնել, մնացածները հարկ չէին համարել պատասխանել ներկայացված հարցերին: Իսկ 47 բյուրոների գործունեության մասին տեղեկատվությունը մեծ մասամբ փաստաթղթերով հիմնավորված չէր, իսկ վերստուգման մեխանիզմ գոյություն չունի:
- Հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 48,68 տոկոսը, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»՝ 27,11%, «Հայրենասերների դաշինք» բլոկը՝ 5,01%: Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5% ընտրական շեմը:
Հրապարակվել է 27.10.2016