«Մենք մեզ այստեղ լավ ենք զգում: Սակայն ուզում ենք Ավստրիա գնալ»
Euroradio—ի նյութը
Հարյուրավոր փախստականներ Չեչնիայից փորձում են ԵՄ տարածքում հայտնվել բելառուսական Բրեստով: Միայն տասնյակներն են հաջողացնում գնացքով Լեհաստան հասնել, որտեղ նրանք հայտնվում են փախստականների համար ճամբարում և պաշտոնական կարգավիճակ ստանալուն են սպասում: Սակայն ոչ բոլորն են կարողանում ստանալ այն: Եվրոռադիոյի թղթակիցը երեք օրում կրկնել է երթուղին, որի վրա չեչեն փախստականներն ամիսներ են ծախսում: Իսկ երբեմն էլ՝ տարիներ:
Առավոտյան ժամը վեցն է, Բրեստի երկաթուղային կայարանի միջազգային սրահն աստիճանաբար լցվում է մարդկանցով: Ես սահմանային հսկողության մեկնարկից 20 րոպե շուտ եմ եկել, ակամա լսում եմ տեղացի մաքսանենգների զրույցները.
― Տե՛ս, թե որքան շատ են դրանք այսօր:
― Նրանք միշտ շատ են:
― Ոչ, այսօր սովորականից շատ են:
― Մոսկվայի գնացքը նոր եկավ, միգուցե այնտեղից են:
― Գնում են ապաստան խնդրելու:
― Միգուցե մե՞նք էլ գնանք:
― Մեզ չեն տա:
«Դրանք» ասելով՝ Բրեստի կանայք նկատի ունեն կովկասցիներին՝ հիմնականում չեչեններին, որոնք օգտագործում են Բրեստի կայարանը որպես տարանցման կետ Եվրամիությունում փախստականի կարգավիճակ ստանալու ճանապարհին: Երթուղին պարզ է. Գրոզնի-Մոսկվա-Բրեստ-Տերեսպոլ: Վերջնակետ, եթե բախտները բերի: Շենգենյան վիզաներ (կամ գոնե ազգային լեհական) չեչենները չունեն: Բելառուս իրավապաշտպանների տեղեկատվության համաձայն, որոնք օգնում են կովկասցիներին Բրեստում, այժմ այնտեղ մոտ 400 մարդ է գտնվում: Ոմանք փորձում են հատել բելառուսական-լեհական սահմանը տասնյակ անգամներ, բայց ապարդյուն: Լեհ սահմանապահները թույլ են տալիս անցնել բնավ ոչ բոլոր ցանկացողներին: Լեհերի մոտեցումն այդ հարցում քիչ հասկանալի է:
Բացվում են դռները դեպի սահմանային վերահսկողություն: Մուտքի մոտ կանգնած է կանաչ համազգեստով մի մարդ և մեկը մյուսի հետևից կանգնեցնում է կովկասցիներին՝ պահանջելով անձնագրերը ցույց տալ: Նկատելով իմ անձնագրի կապույտ շապիկը՝ միայն լուռ գլխով է անում:
«Բրեստ-Տերեսպոլ» գնացքը 4 վագոն ունի և ինչ-որ բանով հիշեցնում է գերմանական օկուպացիայի ժամանակները, երբ հասարակական տրանսպորտը բաժանված էր «գերմանացիների» և «մնացածների» համար: Չեչենները պայուսակներով ու երեխաներով նստում են երրորդ և չորրորդ վագոնները: Բելառուսներն ու լեհերն՝ առաջին և երկրորդ: Ես գնում եմ իմ երկրորդ վագոնը, որտեղ անսպասելի հանդիպում եմ երիտասար չեչեն կնոջ՝ երկու երեխայի հետ: Քսան րոպեի ընթացքում մինչև Բելառուսից Լեհաստան ենք մեկնում, նա չի պատասխանում իմ ոչ մի հարցին:
«Ես քաղաքական գծով եմ, իսկ նրանք՝ առևտրական»
Լոմալի Կայտուկաևի՝ Գրոզնիից 59-ամյա շինարարի հետ, զրուցում ենք Բիալա Պոդլյասկայում արտասահմանցիների համար բաշխիչ կենտրոնի երեխաների համար սրահում: Շուրջներս ուրախ պաստառներ են, բազմագույն աթոռներ, ծաղիկներ: Սենյակը լցված է արևի լույսով: Լոմալին պատմում է, թե ինչպես է այստեղ հայտնվել:
«2004 թվականն էր: Ես գնացի Գուդերմես, իմ տան մոտ երկու մարդ էին սպանել: Ուզում էին ինձ բռնեին, հարձակվեցին կնոջս վրա, այդ ամենը տեսավ երկամյա տղաս: Նրա աչքի առջև էր տեղի ունենում դա: Սակայն ինձ մեղադրել նրանց մոտ չստացվեց: Գուդերմեսում ես քննիչի մոտ հարցաքննության էի: Դա ինձ փրկեց, ես ալիբի ունեի», ― ասում է չեչենը:
Գործի մանրամասներն իմանալ չի ստացվում: Լոմալին ասում է, որ «դեռ վաղ է»: Հունիսի 20-ին պետք է որոշվի նրա ճակատագիրը, այդ օրն է նշանակված փախստականի կարգավիճակի ճանաչման մասին փաստաթղթերի դիտարկումը: Մեկնել Եվրամիությունը կնոջ և երեխաների հետ Լոմալին որոշել է 2004թ-ի այդ դեպքից հետո: «Այդ դուք եք կարծում, որ մեզ մոտ պատերազմն ավարտվել է: Իրականում ամեն ինչ այդպքես չէ: Այն շարունակվում է: Սակայն այլ կերպ: մենք 13 տարի փող ենք հավաքել, որպեսզի այստեղ գանք: Այժմ ես դա կարող եմ ասել, Չեչնիայում ես այլևս ոչ ոք չունեմ», ― ասում է չեչենը:
Ճանապարհի համար նա 85 հազար ռուսական ռուբլի (1.5 հազար դոլար) է հավաքել: Եվս 100 հազարը պարտքով է վերցրել: «Չեչնիայում աշխատանք չկա: Երբեմն ստիպված էինք ապրել ամսական 5 հազար ռուբլով (88 դոլար): Հավաքել ենք նույնիսկ հարյուր-երկու հարյուր ռուբլով», ― հիշում է Լոմալին: Նրա բոլոր ջանքերը քիչ էր մնացել ձախողվեին Բրեստի կայարանում: Բելառուս սահմանապահը սկսեց երեխաների ծննդականները պահանջել: «Իսկ մենք ունեինք միայն նրանց անձնագրերը: Մենք երեխաների համար արտասահմանյան անձնագրեր էինք ստացել, իսկ ձեր սահմանապահը սկսեց ծննդական պահանջել: Ասում էր, չի կարող բաց թողնել առանց դրանց: Մենք կարող ենք մեկնել, իսկ երեխաները՝ ոչ: Հազիվ համոզեցի նրան: Հազիվ հաջողվեց: Միայն հարցրին, թե ինչու ես Բելառուսում ապաստան չեմ խնդրել», ― իր արկածների մասին է պատմում չեչենը:
Ես կրկնում եմ լեհ սահմանապահների հարցը: Ի պատասխան լսում եմ, որ Բելառուսում նույն համակարգն է, ինչ Ռուսաստանում: Ամենուրեք հատուկ ծառայություններ, որոնք մարդու հետ կարող են անել, ինչ պատահի:
Լոմալին ինձ թեյի է հրավիրում իր սենյակ, որտեղ ապրում է կնոջ, տղայի և աղջկա հետ: «Ձեր բախտը բերել է, որ ինձ եք հանդիպել: այստեղ ձեզ հետ քչերը կհամաձայնեին խոսել: Նրանք այստեղ հիմնականում առևտրական գծով են», ― բացատրում է չեչենը: «Առևտրական» ասելով նա նկատի ունի համերկրացիներին, որոնք Եվրամիություն են գնացել ոչ թե քաղաքական հետապնդման պատճառով, այլ սոցիալան օգնության համար:
Դատարկ պատերով, ոչ հարմարավետ կահույքով նեղ ու երկար սենյակում թեյի սեղանի շուրջ հարցնում եմ, թե ինչ է պատրաստվում Լոմալին անել այն բանից հետո, երբ փախստականի կարգավիճակ ստանա: «Ուզում եմ եվրոպական դատարան հասնել: Պատմել բոլորին, թե ինչ է տեղի ունենում Չեչնիայում: Արդյո՞ք պատրաստվում ենք Լեհաստանում ապրել: Ոչ: Ուզում ենք Ավստրիա տեղափոխվել: Այնտեղ մեր հարազատներն են: Վիեննայում ենք ապրելու», ― ասում է չեչենը:
Հրաժեշտին Լոմալիից և նրա կին Ասյայից հարցնում եմ, թե ինչպես են նրանց վերաբերվում տեղի լեհերը: «Լեհերը նորմալ են վերաբերվում: Հատկապես սիրում են, երբ լեհերեն ենք դիմում իրենց: Մենք մի քիչ լեզու ենք սովորում: Կոնֆլիկտները մեզ մոտ հիմնականում միմյանց միջև են լինում: Իսկ այստեղ տարբեր մարդիկ են գալիս: Դժվար է հարմարվելը», ― պատմում է Ասյա Կայտուկաևան:
აԱսյա Կայտուկաևա: Ամուսնու հետ պատրաստվում է Ավստրիայում հիմնավորվե
«Ես հիվանդացա: Որոշեցի, որ այստեղ եմ ուզում բուժվել»
Բիրլանտ Կայսարովան Չեչնիայում վաճառողուհի է աշխատել մսի խանութում: Նա նույնպես Լեհաստան է եկել Բրեստով, ինչ-որ ժամանակ ապրել է, ինչպես Կայտուկաևների ընտանիքը, Բիալա Պոդլյասկայի հատուկ կենտրոնում: Նա այստեղ է արդեն մեկուկես տարի: Առանձին սենյակ և փոքր խոհանոց ունի:
«Դեռ ապրում եմ: Ամեն տեսակ խնդիրներ են եղել և կան, սակայն ապրում եմ: Ձգտում եմ Լեհաստանում մնալ: Վատ չեմ ապրում, անկեղծ ասած: Բոլորի համար լավ չես կարող լինել: Չեչնիայից ես որոշել եմ հեռանալ, երբ առողջական խնդիրներ են մոտս հայտնաբերվել: Այդ պատճառով էլ եկել եմ: Կարող էի տանը բուժվել, սակայն վստահ չէի, որ ինձ կօգնեն: Ասացին, որ մեծ խնդիր կարող է լինել: Քաղցկեղ, կամ էլի ինչ-որ բան: Ինձ այդպես են ասել: Ես ուժեղ վախեցա և մեկնեցի: Նույնիսկ ոչ բոլոր հարազատներիս ասացի», ― պատմում է Բիրլանտը:
Գրոզնիից Բիրլանտը մեկնել է Մոսկվա, այնտեղից՝ Բրեստ: Բրեստում արկածներ են սկսվել: «Առաջին անգամ մենք Բրեստ եկանք նախանցյալ տարվա սեպտեմբերին: 11-12 փորձ արեցինք Տերեսպոլում հայտնվելու համար: Մեզ չէին թողնում: Մեկ ամիս Բրեստի կայարանում անցկացրինք, իսկ հետո մեկ ամսով Չեչնիա վերադարձանք: Այնուհետև՝ կրկին Բրեստ: 22 փորձ ենք արել մեկնելու համար: Ահավոր էր: Հետս յոթամյա աղջիկս էր: Տանջեցի նրան: Հարցնում էի լեհ սահմանապահներին, թե ինչու է այդպես: Ասում էի, որ նրանք ասեն, որ 100 տոկոսով մեզ ներս չեն թողնելու: Մենք էլ չէինք գա: Բայց այդպես…», ― իր պատմությունն է պատմում Բիրլանտը:
Նրա խոսքով՝ Գրոզնիից Տերեսպոլ տեղափոխվելու համար մոտ 40 հազար ռուսական ռուբլի (700 դոլար) է ծախսել: Գումարի մի մասը պարտքով է վերցրել և մինչև հիմա վերադարձնում է: «Բրեստի կայարանում ինձ մարդիկ էին օգնում: Հիմնականում՝ չեչենները: Փող չէին տալիս, սակայն տոմսեր՝ երբեմն այո: Տոմսեր դեպի Տերեսպոլ», ― ասում է նա:
Բիրլանտի աղջիկը դպրոց է գնում (Լեհաստանում մնալու պարտադիր պայման է, որ 6 տարեկանից մեծ երեխաները պարտադիր պետք է դպրոց գնան): Նա ինքը տնային տնտեսությամբ է զբաղվում, քաղաք է գնում: Պատմում է, որ տեղացիների հետ խնդիր չունի. «Նրանք, ընդհակառակն, իրենք են մեզ մոտենում: Հատկապես՝ տարիքով ավելի մեծերը: Մոտենում են, իրենց լեզվով խոսում: Չնայած որ մենք ամեն ինչ չէ, որ հասկանում ենք: Շատ բարեհամբույր են»:
Բիրլանտը չգիտի՝ արդյոք փախստականի կարգավիճակ կստանա: Նա արդեն մեկ մերժում ստացել է, ստիպված է եղել լրացուցիչ փաստաթղթեր հավաքել, որոնք կհաստատեին նրա տեղափոխվելու անհրաժեշտությունը Չեչնիայից Եվրամիություն:
Մինչ մենք խոսում ենք, սենյակ են մտնում մի քանի չեչեն կանայք: Նրանք վատ են խոսում ռուսերեն, լեհերեն՝ ավելի վատ: Միակ բանը, որ կարողանում եմ հասկանալ նրանց պատմածից այն է, որ Բելոստոկում «նրանք իրենց լավ են զգում, շատ ավելի լավ, քան Չեչնիայում»:
«Փախստականի կարգավիճակ է ստանում չեչենների մոտ 5 տոկոսը»
«Այս մարդկանցից քանի՞սն են փախստականի կարգավիճակ ստանում: Չեմ ուզում սխալվել, բայց դա ընդամենը մոտ 5%-ն է այն մարդկանց, որոնք խնդրել են այդ կարգավիճակի մասին: Սակայն այստեղ պետք է հասկանալ, որ եթե նրանք մեկ մերժում են ստանում, հնարավորություն կա փաստաթղթերը կրկին հանձնելու: Միայն պետք է ասել, որ նոր հանգամանքներ են առաջացել: Հիմա օրենսդրությունը փոխվել է, և անգամ եթե մեր վարչության ղեկավարը փախստականի կարգավիճակի մերժում տա, սահմանային ծառայությունը կարող է հումանիտար պատճառներով կեցության կարգավիճակ տալ: Դա նույնպես օրինական կարգավիճակ է Լեհաստանում: Տարբերությունն այն է, որ չի կարելի մասնակցել ինտեգրացիոն ծրագրերին: Սակայն ապրել և աշխատել կարող են», ― պարզաբանում է Բելոստոկում արտասահմանցիների համար կենտրոնի աշխատակից Պավել Ուկալսկին:
Բելոստոկում արտասահմանցիների համար կենտրոնում 198 մարդ է ապրում: Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմած ևս 210 մարդ բնակարաններ են վարձակալում: Քաղաքի հաշվարկով ընդհանուր՝ 400 մարդ: Ամիսը մեկ յուրաքանչյուրը պետությունից 70 զլոտ (17 դոլար) է ստանում, բացի այդ, երեքանգամյա անվճար սնունդ կա, մեկանգամյա օգնություն հագուստ և անհրաժեշտ իրեր ձեռք բերելու համար (140 զլոտ՝ մոտ 35 դոլար), երեխաները դպրոցում սնվելու համար օրական մինչև 9 զլոտ (երկու դոլարից մի փոքր ավել) են ստանում: Կենտրոնում ապրելու տարիներին ոմանք աշխատանք են գտնում, վարորդական իրավունք ստանում և անգամ սեփական մեքենաներ ունենում:
«Կախված այն բանից, թե ինչ կարգավիճակ են ստանում այդ մարդիկ՝ փախստականի, հումանիտար կեցության, և նույնիսկ մերժում, վճռվում է նրանց ճակատագիրը: Եթե առաջին երկու տարբերակն է, ապա սկսվում է ինտեգրացիոն ծրագիր, այն տևում է 12 ամիս: Նրանք անցնում են տեղի իշխանությունների խնամքի տակ: Եթե նրանց մերժում են, միևնույն է, դեռ երկու ամիս կարելի է ապրել մեզ մոտ», ― բացատրում է Պավել Ուկալսկին:
«Չեչեններից բացի մեզ մոտ են սկսել գալ ուկրաինացիներ Դոնբասից, ինչպես նաև՝ Ղրիմի թաթարներ: Ուկրաինացիները սկզբում փախստականի կարգավիճակ չէին ստանում: Համարվում էր, որ նրանք կարող էին պատերազմից պատսպարվել Ուկրաինայի այլ հատվածում: Սակայն այժմ իրավիճակը փոխվում է, կան դեպքեր, երբ ուկրաինացիներին նույնպես փախստականի կարգավիճակ են տալիս: Այդ ամենը շատ անհատական է», ― ասում է կենտրոնի աշխատակիցը:
Նրա խոսքով՝ Բելոստոկի բնակիչներն արդեն սովորել են չեչեններին: Եթե անգամ կոնֆլիկտներ են լինում, ազգային հողի վրա չեն լինում: «Դիսկոտեկներում կարող են կռվել, սակայն այդտեղ դժվար է ասել, թե որոնք են պատճառները: Միգուցե երիտասարդ արյունն է եռում», ― պատմում է Պավելը:
Փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին փաստաթղթերի դիտարկումը շարունակվում է 6 ամսից ոչ ավել: Սակայն գործնականում որոշ չեչեններ կարող են կենտրոնում ապրել երկու և ավելի տարի: «Պարզ է, որ դա նրանց համար անհարմար իրավիճակ է: Սակայն աշխատում ենք օգնել մարդկանց: Մեր գործն օգնելն է նրանց, որ գոնե ինչ-որ կերպ լավ զգան իրենց: Կան նաև ոչ պետական կազմակերպություններ, որոնք մեզ օգնում են: Փախստականի կարգավիճակի տրամադրման մասին որոշումը կայացնում են այլ ինտիտուտները», ― ասում է Պավել Ուկալսկին:
Ճանապարհը, որի վրա հազարավոր չեչեններ մի քանի տարի են անցկացնում, ես անցել եմ 3 ոչ լիարժեք օրում: Նրանց մեծ մասն, ում հետ փորձել եմ խոսել, հրաժարվել են խոսել: Ինչ-որ մեկն իրականում վախենում է հետապնդումից: Ինչ-որ մեկն, ինչպես Բիալա Պոդլյասկայում պատմեց Լոմալի Կայտուկաևը, պարզապես հիմքեր չունի քաղաքական ապաստան խնդրելու և օգտագործում է Լեհասատնի տարածքում համեմատաբար օրինական ապրելը Արևմուտք տեղափոխվելու համար: Սակայն համենայնդեպս նրանք դա անում են՝ ոչ լավ կյանքից դրդված:
Euroradio—ի նյութը