«Մենք ամեն ինչ կարողանում ենք անել»․ աշխատանքային միգրանտների պատմություններն Աբխազիայում
Աշխատանքային միգրանտներն Աբխազիայում
Կենտրոնական Ասիայի հազարավոր քաղաքացիներ Աբխազիա են գալիս՝ ավելի լավ կյանքի հետևից։ Ինչպե՞ս է ստացվել, որ Աբխազիայում, որտեղ այնքան էլ շատ չեն վճարում, իրենց տեղն են գտնում հյուրեր մյուս աղքատ երկրներից, և որքա՞ն գումար կարելի է այստեղ վաստակել։ Այս հարցերը պարզել է JAMnews-ի Սուխումի թղթակիցը։
Եթե դուրս գաք Սուխումի բուլվար առավոտյան վեցին, հեծանվորդներից և վազորդներից բացի ձեզ կդիմավորեն մաքրության և կարգուկանոնի տասնյակ պահապաններ․ նրանք բոլորը մայրաքաղաքի «Բարեկարգում» նախաձեռնության աշխատակիցներն են։ Եվ բոլորը միգրանտներ են։
- 2008թ-ի օգոստոս: Պատերազմ Հարավային Օսիայի շուրջ: Ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ
- Աբխազիայում ընդդիմությունը նախագահի իպիչմենտի կոչ է անում
Ինչպես պատմում են վարչությունում, ամեն անգամ, երբ աշխատակիցների կարիք է լինում, հայտարարություն է տրվում։ Տեղացիները հրաժարվում են։
«Տեղացիներն իրենց պատճառներն ունեն․ ոմանք ամաչում են, ոմանք կարծում են, որ դա իրենց հարիր չէ, շատերն ալարում են, չէ՞ որ դա իրոք հսկայական գործ է», — ասում են աշխատակիցները։
Մահմուդը 45 տարեկան է, Սուխումում նա գրեթե տեղացի է․ միգրանտի համար ութ տարի մի վայրում ապրելը լուրջ ժամկետ է։ Մեր զրուցակիցը Սուխում է տեղափոխվել հարևան Սոչիից, ճիշտ է, այնտեղ երկար չի ապրել՝ մեկ-երկու տարի։
«Ընդհանրապես, ես Ուզբեկստանում եմ ծնվել՝ Ուրգենչում։ Այնտեղ են հիմա կինս ու երեխաներս։ Տղաներից շատերն այստեղ են բերել իրենց ընտանիքները, բայց ես չեմ ուզում։ Արդեն երիտասարդ չեմ, որքա՞ն կարելի է այսպես ապրել։ Ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ ծերությունս անցկացնելու եմ հայրենիքում, տանը», — ասում է Մահմուդը։
Դրա համար նա նպատակ ունի՝ գումար հավաքել։ Նրա խոսքով՝ Սուխումում դա դժվար չէ անել։ Միգրանտները սովորաբար փոքր ու էժան բնակարան են վարձակալում․ ամսական 15 հազար ռուբլի [մոտ $200] արժեցող երկսենյականոց բնակարանում կարող է ապրել հինգ, երբեմն էլ՝ վեց հոգի։
«Վաստակածս ամբողջությամբ տուն եմ ուղարկում։ Մի՞թե ինձ փող է պետք։ Միայն սննդի և բնակարանի համար։ Դրանք գրոշներ են, ես խնայող եմ։ Այնտեղ ընտանիքս նույնպես փորձում է շատ չծախսել։ Որպեսզի միշտ տնտեսած գումար լինի», — պատմում է Մահմուդն ու շարունակում Սուխումն ավելի մաքուր դարձնել։
Քաղաքապետարանի համար աշխատելուց բացի, Մահմուդը երբեմն «մասնավոր պատվերներ» է ստանում։ Ասում է, որ այդ ամենը միասին ամսական մոտ 50-60 հազար է [մոտ $700-800]։ Այս գումարը զգալի է ոչ միայն Մահմուդի հայրենիքի, այլև Աբխազիայի համար։ Հիշեցնեմ, որ Աբխազիայում պետական միջին ծառայողը ստանում է 13 հազար ռուբլի [մոտ $180]։
«Բոլորս ամեն ինչ կարողանում ենք»
Միգրանտների՝ քաղաքում հայտնի ևս մեկ հավաքատեղի է հանրապետական մարզադաշտի դիմացի հրապարակը։ Այստեղ հավաքվում են նրանք, ովքեր պաշտոնապես աշխատանք չունեն, բայց ամեն օր պատրաստ են նոր աշխատանքի։
Սուխումի յուրաքանչյուր բնակիչ գիտի, որ եթե պետք է բակը կարգի բերել, դեն նետել շինարարական աղբը, շտապ ներկել պատերը, կահույք բարձրացնել տուն և շատ այլ բաներ, ապա պետք է գնա մարզադաշտի հրապարակ։
Այնտեղ միգրանտները պատրաստ են ցանկացած աշխատանք անել․ գլխավորը գնի շուրջ պայմանավորվելն է։ Միջին գինը 1000 ռուբլի է [մոտ $14] մեկ հոգու աշխատանքի համար։ Պայմանականորեն՝ երկու հազար ռուբլով և 40 րոպեում բանվորները կարող են ձեր տունն ազատել շինարարական աղբից, այնուհետև՝ կրկին վերադառնալ «բազա», որտեղից կգնան մեկ այլ կամ մի քանի պատվերի։
Խալիլը մարզադաշտի մոտ է գրեթե ամեն օր։ Ասում է, որ հաջող օրերին մինչև հինգ հազար ռուբլի [մոտ $70] է վաստակում։
«Աշխատանքը տարբեր է․ հիմնականում՝ ինչ-որ բան հավաքել, բարձրացնել, դատարկել, կոտրել կամ հավաքել։ Անկեղծ ասած, միշտ չէ, որ մոտեցած մեքենային հարցնում եմ, թե ինչ է պետք անել․ աշխատում եմ մյուսներից արագ մեքենա նստել։ Այստեղ կարևորն արձագանքի արագությունն է։ Մնացածը հեշտ է, արդեն ամեն ինչ կարողանում ենք անել», — ասում է Խալիլը։
Ի տարբերություն Մահմուդի՝ Խալիլն ընտանիքն Աբխազիա է տեղափոխել․ անցյալ տարի նրա երեխան արդեն Սուխումի դպրոց է սկսել հաճախել։ «Երեխաներս արագ են սովորում։ Հավատացեք՝ տղաս ինձնից լավ է ռուսերեն խոսում», — ժպտում է Խալիլը։
Պետք է նշել, որ միգրանտների մեծ մասն աշխատում է նաև շինարարությունում․ գրեթե յուրաքանչյուր օբյեկտում՝ մասնավոր թե պետական, կարելի է բանվորներ տեսնել Կենտրոնական Ասիայից։
Ճիշտ է, կարևոր է ընդգծել, որ շինարարական գործում տեղացիներն էլ քիչ չեն՝ բանվորից մինչև աշխղեկ։
Կատարյալ մաքրուհիներ
Սակայն Աբխազիայում աշխատում են ոչ միայն տղամարդ միգրանտներ։ Առանձին շուկա կա նաև կանանց համար։ Նրանք զբաղվում են մաքրությամբ և քլինինգային ծառայություններով։
Երկու հազար ռուբլով [մոտ $28] Ուզբեկստանից կամ Տաջիկստանից եկած կանայք պատրաստ են տունը կամ բնակարանը հիմնովին մաքրել։ Դուք նրանց՝ գումար, նրանք՝ մնացած ամեն ինչ։
Գրեթե յուրաքանչյուր տնային տնտեսուհու հեռախոսում այդպիսի ոչ թանկ, բայց որակյալ մի քանի մաքրուհու հեռախոսահամար կա։
Դիլյան աշխատում է Աբխազիայում ընդամենը երեք տարի։ Հիմնական աշխատանքը համատեղում է լրացուցիչ աշխատանքների հետ։
«Մենք չենք կարող տղամարդկանց պես ժամերով կանգնել և աշխատանքի սպասել․ մեզ մոտ ամեն ինչ այլ կերպ է։ Եթե մի անգամ մեկի տանը լավ ես մաքրություն արել, քեզ կրկին կկանչեն, հեռախոսահամարդ կտան հարևանին կամ ազգականին։ Եվ եթե լավ աշխատես, զանգեր շատ կստանաս։ Երբեմն ես նույնիսկ հրաժարվում եմ աշխատանքից, պարզապես չեմ հասցնում։ Մշտական աշխատանք ունեմ մի գրասենյակում, որտեղ մաքրություն եմ անում, իսկ ազատ ժամանակ մասնավոր տներ եմ գնում։ Երեխաներս արդեն մեծ են, նրանք Տաջիկստանում են, ընտանիքս ես եմ պահում», — պատմում է կինը։
Այն հարցին, թե արդյոք պլանավորում է հայրենիք վերադառնալ, Դիլյան ժպտում է։ Մեկնաբանենք դա որպես՝ «դեմ չեմ, եթե․․․»։
Օրինական աշխատանք
Համարվում է, որ առաջին աշխատանքային միգրանտները սկսել են Աբխազիա գալ 2007 թ-ին, Մոլդովայից, Ուկրաինայից, Հայաստանից, Ուզբեկստանից, բայց հիմնականում՝ Ռուսաստանից։
2009 թ-ին Աբխազիայում պետական միգրացիոն ծառայություն է ստեղծվել։ Այդ օրվանից աշխատանքային միգրանտների կացությունն օրինական բնույթ է կրում։ Նրանք գրանցվում են իրենց անձնագրերով։
2021 թ-ի սեպտեմբերի դրությամբ՝ ռուսներից բացի բոլոր օտարերկրյա քաղաքացիներին հանրապետությունում օրինական ձևով բնակվելու համար վիզա է պետք, աշխատանքի թույլտվություն և բժշկական տեղեկանքներ։ Ինչպես մեզ հաղորդեցին միգրացիոն ծառայությունում, մեկ տարվա մուլտիվիզան արժե 6 հազար ռուբլի [մոտ $80], աշխատանքի թույլտվությունը՝ ևս 6 հազար ռուբլի, բժշկական եզրակացությունը՝ 3 հազար ռուբլի (տեղեկանք ՁԻԱՀ-կենտրոնից, ռենտգեն և այլն)։
Աբխազիայի ազգային բանկի տեղեկությունների համաձայն՝ 2020 թ-ին Կենտրոնական Ասիայի երկրներ է փոխանցվել 596,8 մլն ռուբլի [մոտ $8,2 մլն], իսկ 2021 թ-ի կես տարում՝ 366 մլն ռուբլի [մոտ $5 մլն]։
Այս տվյալները տարեկան կտրվածքով հրապարակվում են ազգային բանկի հաշվետվություններում։ Եվ հենց լրատվամիջոցները դրանք հրապարակում են, հասարակությունում հավերժական վեճ է սկսվում․ ոմանք ասում են, որ միգրանտները զբաղեցնում են մյուսների աշխատատեղերը, մյուսները հակադարձում են, որ եթե նրանք մի ժամում լքեն երկիրը, Աբխազիայի փողոցները մաքրող չի լինի։
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ:JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով։