Մենությունը շրջանների տարեցների ծանր ճակատագիրն է
***
Ջավախքի Գումբուրդո գյուղում է ապրում 91-ամյա Ղազար Խանոյանը: Նա կյանքում շատ բան է տեսել՝ արտաքսում, պատերազմ, որդիների մահը:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա կռվել է Բաղրամյանի բանակում, բայց պատերազմի մասին պատմել շատ չի սիրում, իսկ մեդալներն այնքան էլ մեծ պատրաստակամությամբ չի ցուցադրում: «Պատերազմը ավերածություն է, մահ… Տարիներով մի բան ես կառուցում, իսկ պատերազմը մեկ օրում այն գետնին է հավասարեցնում» — ասում է նա:
Ղազար պապին հանդիպեցինք գյուղամիջում հասակակիցների հետ դոմինո խաղալիս: Գումբուրդոյում նրան ժամանակակից Խորենացի են անվանում, քանի որ նրանից լավ սեփական գյուղի պատմությունը ոչ ոք չգիտի:
Նրա տան հյուրասենյակը մաքուր և կոկիկ է, դժվար է պատկերացնել, որ այստեղ արդեն 16 տարի է միայնակ տղամարդ է ապրում:
Սեղանին օղու շիշ է բաժակներով, ջրով լի թասեր ու համրիչ: Հակառակ կողմում՝ հավաքած անկողինը, որի գլխավերևում սիրելի դստեր նկարն է: 5 տարի է՝ չի տեսել նրան: Միայնակ Ղազար պապը մեծ ընտանիք ունի՝ 4 տղա, երկու աղջիկ, 16 թոռ և 5 ծոռ: Բոլորը քաղաքում են ապրում, իսկ որդիներից երկուսին կորցրել է երիտասարդ հասակում:
Կնոջ՝ Մագդալենայի մահից հետո արդեն 16 տարի է՝ միայնակ է ապրում:
«Հեռուստացույցն է իմ ընկերը, տանը մարդ չկա, երեխա չկա, թոռ չկա, ես միայնակ մարդ եմ»:
Ապրած տարիների մասին խոսելիս հետևյալ եզրակացությունն է անում. «Մարդուն ոչ մի հարստություն էլ պետք չէ, կարևորը, որ երեխաներով, ծոռներով ու հարազատներով շրջապատված լինի: Դրանից քաղցր բան չկա: Ժամանակ կար, որ միայն կանաչի էինք ուտում, բայց միասին էինք ու երջանիկ …»:
***
Մոր ու եղբոր մահից 30 տարի է անցել: Սեփական ընտանիք չունի և առողջությունն էլ այն չէ, որ առաջվա պես աշխատի: 81-ամյա Մարուսյա ՔեշիշյանըԱխալքալաքի շրջանի Վաչիան գյուղի առանց ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի կիսաքանդ իր տանը մենակ է ապրում՝ հույսը դնելով միայն հարևանների վրա, ովքեր քաղաքից դեղորայք ու սնունդ են բերում նրան:
30 տարի ֆերմայում կթվորուհի է աշխատել: Լավ աշխատանքի համար նույնիսկ պատվոգրեր են շնորհել. «Որտեղ ասես՝ չեմ աշխատել, ամեն աշխատանք արել եմ… Իսկ այժմ չեմ կարողանում, ոսկորներս աշխատելուց մաշվել են»:
160 լարի կենսաթոշակն ու 60 լարի սոցնպաստը (ընդհանուր՝ մոտ 90 դոլար) ապրելու միակ միջոցն են:
Տաք եղանակին Մարուսյա տատը գոմաղբ ու կոներև է հավաքում տունը տաքացնելու համար:
Իր կյանքի մասին արցունքն աչքերին է պատմում: «Ոչ քույր, ոչ եղբայր, ոչ եղբորորդի ունեմ, նրանք բոլորը հիվանդացան ու մահացան: Չգիտեմ՝ ինչ անել, ուր գնալ: Ինձ ծերանոց տարեք»,- խնդրում է նա:
Ախալքալաքում ծերանոցներ չկան, և ընդհանրեպս, Ջավախքում ծերերին պետության հույսին թողնելն ամոթ է համարվում: Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավարության հաղորդմամբ՝ վերջին մի քանի տարիներին ծերանոց տեղափոխվելու մեկ դիմում է ստացվել, ընդ որում, ինքը դիմողը հետագայում հրաժարվել է՝ մտածելով, որ վրացիների հետ չի կարող ապրել առանց վրացերեն իմանալու:
Մարուսյա տատն էլ վրացերեն չգիտի, այդ պատճառով էլ նույնպես խուսափում է Վրաստանի այլ բնակավայրերում ծերանոց փնտրել: «Հայաստան կգնայի, վրացերեն չգիտեմ», — ասում է նա:
Նա լավ չի լսում և ռևմատիզմ ունի: «Երբ դու արդեն ծեր ես, քեզ հետ նույնիսկ խոսել չեն ուզում: Ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ»,- ասում է նա:
***
Արագվա գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ գտնվող երկսենյականոց տանը միայնակ Գուրգեն Քորողլյանը՝ Կարո պապն է ապրում:
Միայնության գրկում 83-ամյա ծերունու հավատարիմ ընկերն ու զրուցակիցը գրքերն են: Նախկինում, երբ նա երիտասարդ էր, շատ էր աշխատում ու կարդալու ժամանակ չուներ, իսկ այժմ պատմում է, որ վերջին 10 տարվա ընթացքում մոտ հազար գիրք է կարդացել:
Ծերունին երերուն քայլերով մեզ տուն է ուղեկցում: Մեծ սենյակում երկու մահճակալ է դրված, հին պահարանն ու կնոջ՝ Ռոզայի լուսանկարը:
Նա համարյա միշտ զրուցում է կնոջ նկարի հետ, աղոթում է Ռուսաստանում ապրող որդու և թոռների համար, որպեսզի փորձանքից հեռու մնան:
«Նրանք ուզում են ինձ իրենց հետ Մոսկվա տանել: Խնդրում, աղաչում են, բայց ես չեմ ուզում բեռ դառնալ նրանց համար: Այսօր կամ, վաղը չկամ: Նրանք ինձ այցելության են գալիս, փող են ուղարկում… ես շնորհակալ եմ երեխաներիս: Ինձ հազիվ 2-3 տարի մնացած լինի: Հիվանդ մարդ եմ»:
***
Ի տարբերություն Գուրգեն Քորողլյանի՝ Ցոլակ Հունանյանը փորձել է ապրել Ռուսաստանում՝ որդու ընտանիքի հետ: Բայց մի տարի անց վերադարձել է: «Ամբողջ օրը 4 պատի արանքում ես, դուրս ես գալիս՝ ամեն ինչ օտար է: Կարոտում ես սեփական ձեռքերով կառուցած տունդ, որտեղ ողջ կյանքդ ես անցկացրել՝ լավ ու վատ օրերդ», — պատմում է նա:
Արդեն 7 տարի է 90-ամյա Ցոլակ պապը տնտեսությամբ է զբաղվում: Աղքատ չի ապրում, երեխաները Մոսկվայից օգնում են, բացի այդ, չնայած տարիքին, նրա բանջարանոցը բավականին լավն է: Ինչ ասես, որ չի աճեցնում՝ արևածաղիկ, լոլիկ, վարունգ, բիբար, սոխ, սխտոր, բազուկ, կարտոֆիլ…
Ցոլակ պապի միակ խնդիրը միայնությունն է:
Ընդարձակ տան սենյակները հիշողություններ են արթնացնում: Իր մահճակալի մոտ, նախկինի պես, կնոջ մահճակալն է: Սենյակի դասավորությունն այնպիսին է, ինչպիսին կինը թողել 7 տարի առաջ՝ մահանալիս:
Ցոլակ պապը գյուղի ամենատարեց բնակիչն է: Նա ամեն օր նորություններ է նայում և գյուղի կենտրոնում, որտեղ բոլորն են հավաքվում, մնացածների հետ քաղաքական թեմաներ քննարկում: Այս վայրը Ցոլակ պապը կատակով ծերանոց է անվանում, քանի որ այնտեղ հավաքվում են միայն գյուղի ծերերը:
«Միայնությո՞ւնը: Իհարկե հեշտ չէ: Բայց ի՞նչ արած: Աստված բոլորիս միայնակ է ստեղծել»: