Կարծիք․ Պուտինն օգտագործում է Թրամփին, Եվրոպան պետք է աչալուրջ լինի
ԱՄՆ–ում սկսել են վաճառել մի գիրք, որն ակտիվորեն փորձում էր արգելել նախագահ Դոնալդ Թրամփը։
Դա ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին օգնական Ջոն Բոլթոնի մեմուարներն են, որոնցում բազում սկանդալային բացահայտումներ կան՝ նախագահի հետ կապված։
Թրամփի վարչակազմն ու արդարադատության նախարարությունը դատարան են դիմել «ողջ երկրում տպաքանակն առգրավելու և այն ոչնչացնելու» խնդրանքով։ Սակայն դաշնային դատավոր Ռոյս Լամբերտը մերժել է խնդրանքը, հաղորդում է CNN–ը։
Գիրքը կոչվում է «Կաբինետը, որում ամեն ինչ տեղի է ունեցել իմ ներկայությամբ»։
Բոլթոնը զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը 2018 թ–ի սեպտեմբերից մինչև 2019 թ–ի սեպտեմբերը։ Հիշողությունները տեղավորվել են 592–էջանոց գրքում։
Բոլթոնն, այդ թվում, պատմում է այսպիսի պատմություններ։
Համակենտրոնացման ճամբարներ Չինաստանում՝ «ճիշտ քայլ»
2019 թ–ին Չինաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Թրամփը դրական էր արտահայտվել Չինաստանում համակենտրոնացման ճամբարների շինարարության մասին, որտեղ պահում են մուսուլմանական փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ ույղուրներին։
«Ճիշտ քայլ է», — ինչպես գրում է Բոլթոնն, ասել էր Թրամփը;
• ԱՄՆ, ցույցեր․ ինչո՞ւ են գեներալներն ու նախկին նախագահները դեմ Թրամփին
• 50 մարդ, որոնք «ձևավորել են տասնամյակի պատկերը». Financial Times-ի վարկածը
2019 թ–ին նաև Ճապոնիայում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպմանը Թրամփն, «ի զարմանս բոլորի», Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ խոսել է ԱՄՆ–ում կայանալիք նախագահական ընտրությունների մասին (2020 թ–ի աշնանը)։
Թրամփն ասել է, որ հաղթանակի համար շատ կարևոր է գյուղատնտեսական նահանգների ընտրողների աջակցությունը, և կոչ էր արել չինացի առաջնորդին ավելացնել ամերիկյան հացահատկի և սոյայի գնումները։
Դրա փոխարեն Թրամփը զիջումներ էր խոստացել ԱՄՆ և Չինաստանի միջև նոր առևտրային համաձայանգրի շուրջ բանակցությունների ընթացքում։
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները մանիպուլյացիայի են ենթարկում Թրամփին
ԱՄՆ նախագահը չգիտի, որ Մեծ Բրիտանիան միջուկային զենք ունի, և երկրի այն ժամանակվա վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ ասել էր․ «О, ուրեմն դուք միջուկային գերտերությո՞ւն եք»։
Նա նաև հետաքրքրվել էր Ջոն Քելլիից, որն այն ժամանակ Սպիտակ տան վարչակազմի ղեկավարն էր, թե արդյոք Ֆինլանդիան Ռուսաստանի կազմում է գտնվում։
Այդ հարցն ԱՄՆ նախագահը տվել էր Հելսինկիում 2018 –ի ամռանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախաշեմին։ Բանակցությունների արդյունքում Թրամփը հայտարարել էր, որ եթե խոսքն ամերիկյան ընտրությունների ռուսական միջամտության մասին է, ապա ինքն ավելի շատ հավատում է ՌԴ նախագահին, քան սեփական հետախուզական ծառայություններին։
«Կարծես, Պուտինը շատ բարձր ծիծաղում էր՝ գնահատելով, թե ինչի է կարողացել հասնել Հելսինկիում», — գրում է Բոլթոնը։
Բոլթոնը նաև պնդում է, որ Թրամփը բացահայտ կերպով կապում էր Ուկրաինային օգնության տրամադրումն այդ երկրում նախագահական ընտրություններին իր պոտենցիալ մրցակից Ջո Բայդենի գործունեության հետազոտման հետ։
Իր գրքում նա քննադատում է դեմոկրատներին՝ պնդելով, որ իմպիչմենտի ողջ գործընթացը սխալ էր կառուցված։
«Թրամփը պետք է լքեր իր պաշտոնը ոչ թե Ուկրաինայի հետ կապված որևէ սկանդալի, այլ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքական որոշումների պատճառով», — գրում է Բոլթոնը։
Ըստ Բոլթոնի՝ այնպիսի ավտորիտար առաջնորդներ, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը, «հմտորեն մանիպուլյացիայի են ենթարկում» նախագահ Թրամփին։
Դոնալդ Թրամփն, արձագանքելով գրքին, որը չի կարողացել արգելել, Բոլթոնին անվանել է «ստախոս» և մարդ, «որ չարտոնված կերպով գաղտնի տեղեկություններ է հրապարակել»։
Մեկնաբանություն Եվրոպայից
Simon Tisdall, The Guardian
Թրամփը ձախողել է Եվրոպայի հետ համագործակցությունն Իսրայելում և Պաղեստինում, Իրանում, Չինաստանում, Միջազգային քրեական դատարանի նկատմամբ, որը նա, կարծես, ուզում է ոչնչացնել։
Թրամփը դադարեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը սարսափելի համավարակի ամենաթեժ պահին։
Այժմ նա նոր պլան ունի՝ Գերմանիայից ամերիկյան զորքերը դուրս բելեր ու դրանով այնտեղ Ռուսաստանի դիրքերն ամրապնդել։
Թրամփը շողոքորթում է Պուտինին և քծնում նրան։
Արդյո՞ք Թրամփը հակասություն է տեսնում նրանում, որ մեկ տարի առաջ շեշտադրում էր արել Չինաստանի առաջնորդի վրա, իսկ այժմ Չինաստանի դեմ գրոհ է տանում՝ փորձելով այդ երկրին պատասխանատու դարձնել Ամերիկայում կորոնավիրուսի համավարակի հետևանքների համար։
Արդյո՞ք Թրամփին հուզում են հնարավոր հետևանքները։ Կամ ի՞նչ է մտածում նրա մասին աշխարհը։ Կամ ի՞նչ է ասում ԱՄՆ սահմանադրությունը։
Ոչ։ Այն ամենն, ինչ նրա համար նշանակություն ունի, հաղթանակն է ընտրություններում։
Այս ամենը միասին տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ–ն հետևողականորեն անտեսելու է Եվրոպայի շահերը։ Այդ ամենը սրվելու է՝ սկսած այսօրվանից մինչև 2020–ի նոյեմբեր, երբ պարզ լինի, թե արդյոք Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ է մնալու։