Ադրբեջանում դատապարտել են ֆուտբոլային մարզչին, որն Արցախում պատերազմ սկսելու կոչ էր արել
Դատարանը վճիռ է կայարել Մեհթի Իբրահիմովի գործով, որը ձերբակալվել էր 2020 թ-ի հուլիսին ի աջակցություն բանակի անցկացված ակցիայի ժամանակ։ Մանկական ֆուտբոլային մարզիչ և, ըստ որոշ պնդումների, ընտանիքի անդամների ընդդիմադիր գործունեության պատճառով ձերբակալված Իբրահիմովը դատապարտվել է 1 տարվա և 3 ամսվա պայմանական ազատազրկման։
- Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով, նա դադարեցրել է հացադուլը
- Ցույց Բաքվում, ավելի քան 40 մարդ է ձերբակալվել։Ֆոտոռեպորտաժ
- Հրապարակվել են Ադրբեջանի ոստիկանությունում ձերբակալվածների կտտանքների լուսանկարները։ ՆԳՆ-ն հերքում է, բլոգերներն՝ ապացուցում
2020 թ․ հուլիսի 12-16-ին սրվել էր իրավիճակն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին՝ Թովուզի շրջանի ուղղությամբ։ Մարտերի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, ադրբեջանական կողմը կորցրել էր 12 զինծառայող և մեկ խաղաղ բնակիչ, հայկական կողմը՝ վեց զինծառայող։ Երկու կողմերից էլ վիրավորվել էին տասնյակ մարդիկ։
Հուլիսի լույս 15-ի գիշերը Բաքվի բնակիչները փողոց են դուրս եկել՝ մարտերում բանակին աջակցելու նպատակով։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել էին ակցիայի մի քանի տասնյակ մասնակցի։
Շուտով ձերբակալվածներն ազատ էին արձակվել, սակայն կալանավորվել էր 45 մարդ՝ հիմնականում Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամներ և համախոհներ։ Նրանցից մեկը Մեհթի Իբրահիմովն էր։
Նրա կրտսեր եղբոր՝ Ժողովրդական ճակատի երիտասարդական թևի ակտիվիստ Թուրան Իբրահիմի խոսքով, ի տարբերություն իրեն և իրենց հոր՝ կուսակցության նախագահի խորհրդական Մամեդ Իբրահիմի, Մեհթի Իբրահիմովը քաղաքական գործունեության հետ ոչ մի կապ չունի։
«Իմ ավագ եղբայր Մեհթին Ժողովրդական ճակատի և քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Նա ֆուտբոլի մարզիչ է։ Ղարաբաղյան երթի ժամանակ նա միացել է ակցիային՝ նկատելով, որ ոստիկանությունը չի միջամտում իրադարձություններին։ Սադրանքների չի տրվել։ Առավոտյան տուն վերադառնալիս նրան ծեծել են և ձերբակալել բուլվարի մերձակայքում և տարել ոստիկանության 37-րդ բաժանմունք։ Ազատ է արձակվել նրա հետ ձերբակալված ավելի քան 100 մարդ։ Երբ եղբորս բացատրական թերթիկում տեսել են հորս անունը, նրան ազատ չեն արձակել։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ քարշ են տալիս բաժանմունքներով, վարչություններով, քննչական գերատեսչություններով», — սոցցանցերում գրել է Թուրան Իբրահիմովը։
Մեհթի Իբրահիմովը մեղադրվել է կարանտինային կանոնների խախտման և COVID-19-ի տարածման համար, որպես խափանման միջոց էր ընտրվել քառամսյա կալանքը։ Քննչական մեկուսարանում Իբրահիմովը հացադուլ էր սկսել, իսկ նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել նրա խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու պահանջով։ 2020 թ-ի օգոստոսին դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Սակայն, քանի որ Իբրահիմովը մեկուսարանում կորոնավիրուսով էր վարակվել, սկզբից նրան ուղարկել էին հիվանդանոց, բուժել, հետո նոր տուն ուղարկել։
Մեհթի Իբրահիմովի հարազատների և փաստաբանների կարծիքով՝ կալանքի մասին վճիռը նրա ընտանիքի անդամների վրա ճնշում գործադրելու նպատակ ունի։