Մեծ Բրիտանիան և Եվրամիության հետ «ապահարզանը»․ դա տեղի ունեցավ։ Ի՞նչ է փոխվելու։ Հարցերի պատասխաններ
2020 թ–ի փետրվարի 1–ից Մեծ Բրիտանիան դադարել է Եվրամիության անդամ լինել։ Այն անդամակցում էր միությանը 47 տարի՝ դեռևս այն պահից, երբ այն կոչվում էր «Եվրոպական համայնք»։
Հունվարի 31–ի երեկոյան Լոնդոնում տոնական հրավառություն էր։ Շրջանառության մեջ է դրվել 50 փենս արժողությամբ հուշադրամը, որի մի կողմում գրված է «Խաղաղություն, բարգավաճում և բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ», մյուս կողմում՝ «2020 թ–ի հունվարի 31»։
Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, և ի՞նչ է այժմ փոխվելու․ հակիրճ այն մասին, թե ինչ է պետք իմանալ բրեքսիթի՝ Եվրամիության հետ Բրիտանիայի ապահարզանի գործընթացի մասին, որը սկսվել էր 2016 թ–ին և այժմ ավարտվեց։
Ի՞նչ է փոխվելու Եվրամիության և Մեծ Բրիտանիայի հարաբերություններում
● Առավել շոշափելի փոփոխությունը․ Բրիտանիան զրկվել է Եվրամիության բոլոր մարմիններում իր ներկայացուցչությունից և այլևս չի կարող մասնակցել որոշումների ընդունմանը։
Սակայն մինչև 2020 թ–ի ավարտը բրիտանացիները պետք է ենթարկվեն Եվրամիության կանոններին և որոշումներին։ Սա անցումային շրջանի ժամկետն է, և այդ կարճ ժամանակահատվածում Բրիտանիան պետք է ազատ առևտրի մասին պայմանավորվածություն ձեռք բերի և Եվրամիության, և ԱՄՆ պես խոշոր գործընկերների հետ։
● Բրիտանիան չի պատրաստվում վիզային ռեժիմ մտցնել Եվրամիությունից ժամանող զբոսաշրջիկների համար և մտադիր չէ մոտ ժամանակներս փոխել երրորդ երկրների քաղաքացիների մուտքի կարգը։
● Բրիտանիայում Եվրամիության շուրջ 3,6 մլն քաղաքացի է բնակվում․ նրանք բոլորը պետք է մինչև տարվա վերջ առցանց բնակչի կարգավիճակի մասին շատ պարզ ձև ունեցող միջնորդություն ներկայացնեն։
Եվրամիության քաղաքացիների գրանցման այդ սխեման Բրիտանիայում գործում է արդեն 2019 թ–ից, ըստ պաշտոնական տվյալների, դրանով գրանցվել է արդեն ոչ պակաս, քան 2,5 մլն մարդ։ Մերժում են ստացել առանձին մարդիկ, հիմնականում՝ դատվածության պատճառով։
● Վերջնականապես միությունը 2020 թ–ի վերջին լքելուց հետո փոփոխություններ կլինեն ներգաղթի կանոններում։ Լոնդոնը մտադիր է բոլորի համար միասնական համակարգ ներմուծել․ պոտենցիալ ներգաղթյալները՝ կախված տարիքից, կրթությունից, մասնագիտությունից և այլնից, միավորներ կստանան, և Բրիտանիա տեղափոխվելու իրավունք կստանան նրանք, ովքեր հավաքել են «անցողիկ միավոր»։
Նրանց կարծիքն, ովքեր «կողմ» են Եվրամիությունը լքելուն
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելքին կողմ են հիմնականում մեծ տարիքի և առանց բարձրագույն կրթության քաղաքացիները։
Այդ մարդիկ հավատում են, որ Եվրամիությունը լքելն ավելի շատ աշխատատեղ կապահովի երկրի համար ավանդական այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու ձկնաբուծությունն, ինչպես նաև կկասեցնի միգրանտների հոսքը դեպի Բրիտանիա։
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունվարի 31–ի երեկոյան ուղերձով դիմել է ազգին և ասել, որ սկսվում է «նոր դարաշրջանի արևածագը»։
Բորիս Ջոնսոնի կառավարության անդամ և Բրեքսիթի կողմնակից Մայքլ Գոուվը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության վերջին օրը հայտարարել էր․
«Մենք Եվրամիության հետ ուզում ենք նույնպիսի հարաբերություններ կառուցել, ինչպիսիք ունենք Կանադայի հետ՝ առանց մեր արտահանման համար առևտրային սակագների և քվոտաների»։
Դեմ արտահայտվողների կարծիքը
Բրեքսիթի հակառակորդների թվում է հիմնականում երիտասարդությունը, բարձր տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցներն ու բիզնեսի ներկայացուցիչները։ Այդ մարդիկ իրենց կարիերան հիմնականում կապում են ոչ թե Մեծ Բրիտանիայի համար պատմականորեն ավանդական ճյուղերի, այլ բարձր տեխնոլոգիական ընկերություններում աշխատատեղերի հետ։
Հենց այդ աշխատատեղերն են առաջինը տուժելու բրեքսիթի պարագայում, և երիտասարդության այդ հատվածի համար ավելի հեռանկարային կլինի Բրիտանիան լքելն ու Նիդեռլանդներ կամ Գերմանիա տեղափոխվելը։
Փորձագետներից շատերի կարծիքը Financial Times–ին տված հարցազրույցում արտահայտել է Քաղաքական խնայողության եվրոպական վերլուծական կենտրոնի տնօրեն Դևիդ Հենիգը․
«Մեզ սպառնում է խառնաշփոթ և անկանխանտեսելիություն»։
Եվրոպական միության երեք հիմնական ինստիտուտների՝ Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի նախագահները Մեծ Բրիտանիային նախազգուշացրել են․
«Յուրաքանչյուր ընտրություն հետևանքներ ունի»։
Ինչո՞ւ Եվրամիությունն ուրախ չէ այդ հեռանկարի համար
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աշխարհում հինգերորդն է։ Դրա կորուստը հարված է ողջ Եվրամիության տնտեսությանը։
Բրեքսիթի պատմությունը
Երկիրը սրան էր գնում երեք ու կես տարի, իսկ իրականում՝ ավելի երկար․ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին առաջին հանրաքվեն անցկացվել էր դեռևս 1974 թ–ին։ Այն ժամանակ անգլիացիների մեծ մասը մերժել էր ելքի գաղափարը։
2017 թ–ին կայացած երկրորդ հանրաքվեին հաղթեցին ինքնուրույնության կողմնակիցները։ Սակայն արեցին դա երկու տոկոս նվազագույն առավելությամբ։ Դրա պատճառով ելքի գործընթացը ձգվեց երեք ու կես տարի․ անհրաժեշտ օրենքները չէր ստացվում խորհրդարանով անցկացնել։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ և կառավարության փոփոխություն պահանջվեց։ Արդյունքում՝ Բրեքսիթն ապահովելու խոստում տված պահպանողականները Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ ստացան ընտրողների աջակցությունը։