Մեզ աղջիկ պետք չէ
Դեռևս 2012թ. միջազգային կազմակերպությունները խորհուրդ էին տվել Ադրբեջանի կառավարությանը լուծել սելեկտիվ աբորտների խնդիրը: Այն ժամանակ 100 աղջկան բաժին էր ընկնում 112 տղա՝ բնական 104-ի փոխարեն: Այժմ՝ վերջին 5 տարվա վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո, պարզվում է՝ ոչինչ չի փոխվել:
Պատգամավոր Մուսա Գուլիևը հայտնեց, որ «Վերարտադրողական առողջության ու ընտանիքի պլանավորման պահպանման մասին» օրինագծում առաջարկվում է փոփոխություններ մտցնել՝ արգելել երեխայի սեռը որոշող զննում անցկացնել:
Նման մտադրություն ադրբեջանական խորհրդարանը վաղուց ունի, սակայն օրենսդրության մեջ մինչ այժմ որևէ փոփոխություն չի մտցվել:
Ֆեյսբուքյան դեղատոմսեր
Սոցկայքերում այս թեման բազմաթիվ վեճեր է առաջացնում: Դժվարությամբ կարելի է հանդիպել մեկին, ով ուզում է հարցի լուծում առաջարկել.
«Կարելի է զիջումային տարբերակ առաջարկել. թույլատրել սեռն իմանալ, բայց պայմանով, որ դրանից հետո ծնողները քրեական պատասխանատվության են ենթարկվում աբորտ անելու դեպքում: Ընդ որում պատիժը պետք է լինի “կանխամտածված սպանություն հոդվածով»:
«Թող պահպանակներ վաճառող հատուկ ավտոմատներ սարքեն, թե չէ տղամարդիկ ամաչում են գնել դեղատներից: Միգուցե, աբորտ էլ պետք չլինի անել այդ դեպքում»:
Հաճախ քննարկումը հանգում է նրան, որ սելեկտիվ աբորտները անխուսափելի չարիք են, որին հնարավոր չէ հաղթել ոչ մի օրենսդրական ակտերով.
«Եվ ի՞նչ, արտասահման կգնան, իսկ բժիշկներն ավելի շատ գումար կսկսեն վերցնել ու տանը աբորտ անել: Կգտնվեն խելոքներ, որոնք իրենք իրենց տանը աբորտ կանեն, կամ կծննդաբերեն ու աղբամանը կնետեն երեխային»:
«Եվ ինչպե՞ս են պատրաստվում վերահսկել դա: Ահա կինը եկել է բժշկական խորհրդատվության, նրանք կաբինետում մենակ են, ինչպե՞ս նրան ստիպել երեխայի սեռը չասել»:
«Ոչ թե օրենքներ է պետք ընդունել, այլ մտածել, թե մարդիկ ինչու են այդ քայլին գնում»:
Պատճառները
Լիմիա, 32 տարեկան. «Ամուսինս տղա է ուզում: Իսկ ես ի՞նչ անեմ, մի՞թե պետք է 6 աղջիկ ունենամ, որ հետո տղա ծնվի: Ո՞վ է նրանց կերակրելու»:
Սևիլ, 29 տարեկան. «Արդեն երկու աղջիկ ունեմ: Իսկ ես տանը օգնական եմ ուզում, ով ծանր պայուսակները կբերի, կուղեկցի աղջիկներին, եթե նրանք դասախոսի մոտ պարապելու կամ կուրսերի գնան: Բացի այդ, բարեկամներն անընդհատ հարցնում են, թե երբ է հայտնվելու ազգանվան ժառանգորդը: Եվ հետո, ես չեմ ուզում ծերության ժամանակ մենակ մնալ. աղջիկները կամուսնանան, կգնան, իսկ տղաս ինձ հետ կապրի ու հարս էլ դեռ կբերի»:
Ելենա, 25 տարեկան. «Այս երկրում շատ դժվար է կին լինելը, համենայնդեպս այն քաղաքում, որտեղ ես ապրում եմ: Այդ պատճառով էլ ես աղջիկ չեմ ուզում, չեմ ուզում, որ նրանք դժբախտ լինեն: Տղամարդ լինելն այստեղ լավ է ու հարմար»:
Որպես սելեկտիվ աբորտների պատճառ փորձագետները նշում են.
1. Ավանդական գենդերային դերերը, երբ կինը կախված է տղամարդուց, պակաս ինքնուրույն է և ընտանիքում ձայնի իրավունք չունի:
2. Մշակույթի ու կրթության ցածր մակարդակը, որի պատճառով ծնողներին չի հետաքրքրում աղջկանից ազատվելու էթիկական կողմը:
3. Մարդկանց մոտ աբորտների վնասի ու հակաբեղմնավորիչների մասին գիտելիքների պակասը: