Մարիկ Դուդաև, օսերն ու վրացիները
Այս պատմության հերոսը՝ Մարիկ Դուդաևը, Հարավային Օսիայի նորագույն պատմության ամենահակասական հայտնի դեմքերից է: Դեռահաս տարիքում նա 1990-ականների սկզբի վրաց-հարավօսական պատերազմի ժամանակ սարսափելի դաժանության զոհ է դարձել: Երիտասարդ հասակում նա ժողովրդական վրիժառու դարձավ՝ հարավային Օսիայում վրացական զինված խմբավորումներին դիմադրություն կազմակերպելով, միաժամանակ խոշոր դրամաշորթ էր, ով հովանավորում էր տեղի ձեռնարկատերերին: Մի քանի տարի անց նա հայտնվեց վրացական բանտում բանդիտիզմի մեղադրանքով և միաժամանակ հարավօսական հասարակության համար դարձավ ազատության և անկախության խորհրդանիշ: Երեք տարի առաջ նա վերադարձավ տուն՝ Ցխինվալ, որպես ազգային հերոս և գրեթե միաժամանակ իբր սկսեց զբաղվել տեղի ֆերմերներին թալանելով:
Այս տարվա ամառվանից սահմանումը, թե ով է Մարիկ Դուդաևն, ավելի հեշտ դարձավ: Նրան երկու կողմերում էլ հանցագործ ճանաչեցին՝ հարավօսական և վրացական:
Հունիսի 19-ը
Հունիսի 20-ի գիշերը Մարիկ Դուդաևը ձերբակալվեց Լենինգորիում Ցխինվալի ուժայինների հատուկ գործողության արդյունքում: Այժմ նա Ցխինվալի ներքին գործերի նախարարության մեկուսարանում է և մեղադրվում է շորթման համար:
Դուդաևին այժմ Ցխինվալում անվանում են ոչ այլ կերպ քան «կրիմինալ հեղինակություն» և ասում, որ նա մասնակից է ռեկետի և մաքսանենգության: Սակայն որևէ պաշտոնական հայտարարություն իրավապահ մարմիններից չի եղել մինչ այսօր: Դուդաևի ձերբակալման թեման չեն լուսաբանում ոչ տեղական լրատվամիջոցները, ոչ փորձագետները:
ՆԳՆ աղբյուրը JAMnews-ին հայտնեց, որ “Դուդաևի գործը փոխանցվել է դատախազություն և “ՆԳՆ-ն ոչ մի կապ չունի այդ գործի հետ: Միաժամանակ աղբյուրը դժվարացավ նշել, արդյոք “Դունաևի գործը գլխավոր դատախազությունն է վարում, թե շրջանայինը՝ Լենինգորիի շրջանինը:
Դուդաևին ձերբակալեցին Լենինգորիի շրջանում հեղինակություն վայելող խոշոր մաքսանենգ Տարիել Բաշարուլիի հետ ընդհարումից հետո: Դիմակայության արդյունքը Բաշարուլիի և Դուդաևի միջև կռիվն էր, որից հետո Դուդաևին ձերբակալեցին Ցխինվալի ներքին գործերի աշխատակիցները, ովքեր դաժանաբար ծեծեցին Դուդաևին և նրա ուղեկիցներին:
Հարավային Օսիայի ՆԳՆ մեկուսարանի պետ Օթար Մարգիևը պատմեց JAMnews-ին, որ Մարիկը պահվում է ընդհանուր խցիկում: “Իրեն լավ է զգում, ճնշված չէ: Մեզ մոտ պրոֆեսիոնալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում: Նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Նա իրեն լավ է զգում: Նա մեզ մոտ է գտնվում, սակայն նրա գործով զբաղվում է դատախազությունը: Առաջադրված մեղադրանքների մասին ոչինչ չեմ կարող ասել: Դա դատախազության իրավասության տակ է:
Լենինգորիի JAMnews-ի աղբյուրները Դուդաևի և Բաշարուլիի կոնֆլիկտից մանրամասներ հայտնեցին: Այդ տեղեկությունների համաձայն Դուդաևը Ցխինվալում բանջարեղենի և մրգերի առևտրով զբաղվող ադրբեջանցիների վրա տուրք էր դրել: Նրանք իբր բարեխղճորեն վճարում էին այդ տուրքը, սակայն Դուդաևը որոշել է ընդլայնել իր ազդեցությունն ու փորձել է Լենինգորիի վրացիներին նույնպես ստիպել կիսվել եկամտով, ովքեր Վրաստանից ապրանք են ներկրում:
Սակայն նրանց “մեջքն ավելի ուժեղ է եղել՝ ի դեմս Տարիել Բաշարուլիի: Իսկ նրան, ըստ լուրերի, հովանավորում են վրացի մաքսայինի աշխատակիցներ և հարավօսական ազդեցիկ պաշտոնյաներ: Մի խոսքով, Մարիկն իր ուժերն ու միջոցները ճիշտ չէր հաշվարկել, արդյունքում նրան ազատազրկում է սպառնում արդեն պատմական հայրենիքում:
“Նա 90-ականներում է մնացել, կորել է ժամանակի մեջ: Մտածում է, որ հարցերը կարելի է հարձակումով լուծել: Շատերն են նրանից բողոքում, — ասում է տեղացիներից մեկը:
“Զվիադականների զոհը
Զինված վրաց-հարավօսական հակամարտությունը 1990-ականների սկզբին Մարիկ Դուդաևի ընտանիքի համար ողբերգություն դարձավ: Նա այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան է եղել և, հնարավոր է, որ նրա ճակատագիրն այլ կերպ կդասավորվեր, սակայն դա կոնֆլիկտի սկիզբն էր: Վրասատնում իշխանության էր եկել Զվիադ Գամսախուրդիան իր “Վրաստանը՝ վրացիների համար կարգախոսով, վրացական զինված խմբավորումները սկսեցին ներխուժել Դուդաևի հարազատ Արցև գյուղ, որտեղ տարիներ շարունակ միասին ապրել են վրացիներն ու օսերը:
Մարդիկ այստեղ հողագործությամբ ու անասնապահությամբ էին զբաղվում: Սակայն գյուղացիներին չհաջողվեց խաղաղ կյանքը պահպանել: Զինված խմբերը հաճախ էին թալանում խաղաղ բնակչությանը:
Մի անգամ էլ նրանք ներխուժեցին Դուդաևների տուն: Այդ օրն ընտանիքը տոհմական տոնի էր պատրաստվում և պետք է Աստծուն հորթ մատաղ աներ: Հարձակվողները ծեծեցին Մարիկի հորն ինքնաձիգներով, եռման ջուր լցրեցին վրան: Ստացած վնասվածքներից Վլադիմիր Դուդաևը մահացավ:
Սակայն Դուդաևների դժբախտությունները դրանով չավարտվեցին: Որոշ ժամանակ անց վրացի գրոհայինները վերադարձան: Ծեծեցին մորն ու, սեղանին կապելով, նրա աչքի առաջ բռնաբարեցին աղջկան:
Հաջորդ անգամ նրանք եկան Դուդաևների ունեցվածքը խլելու: Բեռնատարի վրա բարձելով բոլոր իրերը, հրդեհեցին տունը:
Արդյունքում Մարիկն ու նրա փոքր եղբայրը՝ Էրիկը, պարզապես դրսում հայտնվեցին: Որոշ ժամանակ անց նրանց ապաստան տվեցին Հյուսիսային Օսիայի բարեկամները:
Մարիկ Դուդաևը կվերադառնա հարազատ Արցև 5 տարի անց: Նա կրկին կփորձի ապրել այստեղ, նոր ֆերմա սարքել: Սակայն վրացի զինված խմբերը նախկինի պես վերահսկում էին գյուղը՝ սպառնալով տեղի բնակչությանը: Բոլորի վրա հարկ էին դրել, բռնաբարել աղջիկներին:
Մարիկը սկսեց ակտիվորեն դիմադրել գրոհայիններին, բավականին հմուտ կազմակերպեց ինքնապաշտպանության հարցերը: Մարդիկ ավելի ու ավելի հաճախ էին նրա պաշտպանությանը դիմում, և նա ավազակների համար լուրջ ախոյանի վերածվեց: Որոշ ժամանակ անց Դուդաևը սպանեց Բեսիկ Թենաձեին՝ գյուղը ահաբեկող բանդայի պարագլխին:
Վրացական բանտ
2004թ-ի մարտի 16-ին Մարիկ Դուդաևին Արցևում իր տան մոտ բռնեցին վրացական հատուկ ծառայությունները հատուկ գործողության արդյունքում: Ձերբակալման ժամանակ նա 3 վիրավորում ստացավ թոքերի շրջանում, մյուս գնդակը սրտի շրջանին էր դիպչել, ևս մեկը՝ ձախ ուսին, սակայն Դուդաևը ողջ մնաց:
Քննությունը պնդում էր, որ ամբաստանյալը ձերբակալվել է Մծխեթայի և Թբիլիսիի միջև գտնվող երկաթգիծը պայթեցնելու փորձի ժամանակ: Սակայն 2005թ-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Դուդաևին 23 տարվա ազատազրկման դատապարտեց ոչ թե ահաբեկչության, դիվերսիայի համար, այլ մի շարք այլ մեղադրանքների՝ սպանություն առանձնահատուկ դաժանությամբ, խուլիգանություն, թալան, բռնի գործողություններ ոստիկանության հանդեպ, մարմնական վնասվածքներ հասցնել:
Սա հանցագործությունների և իրավախախտումների ոչ ամբողջական ցանկն է, որոնք, ըստ Թբիլիսիի քաղաքային դատարանի, 1995-2002թթ-ին կատարել է Մարիկ Դուդաևը: Մեղադրանքի 16 կետերից մեկը “Բեսիկ Թենաձեի դիտավորյալ սպանությունն էր՝ առանձնակի բարդացնող հանգամանքներով զենք յուրացնելու նպատակով:
Դուդաևի նախկին փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին JAMnews-ին ասաց, որ Դուդաևն իր հանդեպ առաջադրած մեղադրանքներից ընդունել է միայն Թենաձի սպանությունը, որն իբր վրեժից դրդված է արել: Մնացած մեղադրանքները Դուդաևը ստահոդ անվանեց:
“Մարիկ Դուդաևն իրոք մասնակցել է Բեսիկ Թենաձեի սպանությանը, — ասում է Նիկոլաիշվիլին: — Սակայն մնացած ամեն ինչը, թե իբր նա քրեական հեղինակություն է, վրացատյաց, հեռու է իրականությունից:
Հարավօսական իրավապաշտպան Լիրա Կոզաևան, ով ուսումնասիրել է Դուդաևի կյանքի պատմությունն ու զբաղվել նրա պաշտապությամբ ու ազատ արձակմամբ, բազմաթիվ հոդվածներ է ու դիմումներ է հրապարակել լրատվամիջոցներում և սոցցանցերում: Նա պնդում էր, որ Թենաձեն գնդակահարվել է պաշտպանվող Դուդաևի կողմից, և սպանությունը դիտավորյալ բնույթ չի կրել:
Հարավային Օսիան մեղադրանքները շինծու անվանեց, նրան ազատ արձակելու հարցը բարձրացվում էր բոլոր բանակցություններում:
Դուդաևի ճակատագրով մի քանի տարի համատեղ զբաղվում էին օսական և վրացական իրավապաշտպաններ: Կալանքի տակ գտնվելու ժամանակ նրա իրավունքների բազմաթիվ խախտումների հանդեպ հարավօսական իրավապաշտպան Լիրա Կոզաևային հաջողվեց ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել:
Բանտում նստած ժամանակ Դուդաևն ընդունեց Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի մկրտությունը:
Ազատ արձակումը
Մարիկ Դուդաևի կյանքում, ով պետք է անազատության մեջ լիներ մինչև 2027թ-ը, ճակատագրական եղավ Վրաստանում 2012թ-ին կառավարության փոփոխությունը, դրան հետևած համաներումը և օրենսդրական փոփոխությունները:
2012թ-ի ձմռանը Դուդաևի վրա տարածվեց համընդհանուր համաներումը և նրա ազատազրկման ժամկետը կրճատվեց 10 տարով: 2013թ-ին փոփոխվեց ՔՕ 59-րդ պարագրաֆը, համաձայն որի սահմանվում էին պատժի սկզբունքները, ինչի շնորհիվ Դուդաևը նույն տարում ազատ արձակվեց:
Իսկ նախքան այդ Դուդաևին բանտում այցելեց օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին: Նա այն ժամանակ վրացի և օս բանտարկյալներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխարինելու նախաձեռնությամբ էր հանդես գալիս:
«Մարիկ Դուդաևն արդեն 9 տարի նստել է: Կարծում եմ՝ դա բավարար է նրա գործած հանցագործությունների դիմաց: Այդ գործընթացը կօգնի բանակցություններ սկսել և խորացնել վրաց-օսական երկխոսությունը», — այն ժամանակ հայտարարեց Ուչա Նանեիշվիլին:
2013թ-ի հունիսի 7-ին Մարիկ Դուդաևը, վրացական դատարանի որոշմամբ, ազատ արձակվեց և փոխանցվեց հարավօսական իշխանություններին: Դուդաևին Ցխինվալում դիմավորում էին որպես ազգային հերոսի: Նրան ընդունեց նախագահ Լեոնիդ Թիբիլովը:
Նա սկսեց քաղաքական հայտարարություններով հանդես գալ, խոստացավ պատգամավորական թեկնածություն առաջադրել և աջակցել Վրաստանի բանտերում գտնվող իր հայրենակիցների ազատ արձակմանը:
Սակայն նրան չհաջողվեց օրինապահ քաղաքացի դառնալ: Շուտով նա նույնիսկ ձերբակալվեց հարավօսական ուժայինների կողմից՝ իր կնոջ բողոքի հետ կապված, ով ոստիկանություն էր դիմել՝ խնդրելով պաշտպանել իրեն Մարիկի բռնություններից:
Մարիկ Դուդաևն այդ ժամանակ ձերբակալվեց և կալանքի տակ առնվեց: Սակայն կարճ ժամանակով: Այն ժամանակ նրա կոնֆլիկտները հարավօսական արդարադատության հետ լուծում էր Մարիկի եղբայր Էրիկը:
Էրիկ Դուդաևը 1990-ականների վրաց-օսական կոնֆլիկտի ակտիվ մասնակիցներից էր, ով 2008թ-ի օգոստոսյան պատերազմի մասնակից էր նաև: Հարավային Օսիայի 5-րդ գումարման խորհրդարանում նա ղեկավարում էր անվտանգության և պաշտպանության կոմիտեն, այնուհետև 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր: Հարավային Օսիայի նախորդ նախագահ Էդուարդ Կոկոյտիի ընկերն էր և լավ հարաբերությունների մեջ էր գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովի հետ:
Էրիկ Դուդաևն ասում էր, որ վրացական հատուկ ծառայությունները բազմաթիվ անգամ իր հանդեպ մահափորձ են արել:
2015թ-ի սեպտեմբերին նա մահացավ ավտովթարի հետևանքով՝ Ջավի-Ցխինվալ ճանապարհին: Մարիկ Դուդաևը մենակ մնաց:
Բանդիտիզմի նոր մեղադրանքներ և հին պնդումներ, որ դրանք շինծու են
Մարիկ Դուդաևը քննչական մեկուսարանում այժմ անհասանելի է մեկնաբանությունների համար, իսկ նրա փաստաբան Ալան Բազզաևը JAMnews-ի հետ զրույցում սակավախոս էր:
«Դուդաևին մեղադրանք է առաջադրվել «շորթում» հոդվածով՝ ՌԴ 163 հոդվածով: Քննությունը վարում է Հարավային Օսիայի Լենինգորիի շրջանի դատախազությունը: Այդ մեղադրանքները դեռ ապացուցել է պետք: Խոսակցություններն այն մասին, թե նա ինչ-որ մեկի վրա հարկեր է դրել կամ այլ ասեկոսեները, մտացածին են: Մարիկից սիցիլիական մաֆիայի պարագլուխ են դարձրել…», — հայտարարեց նա:
Շոթա Ուտիաշվիլին, Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական ծառայության նախկին ղեկավարը, 2014թ-ին վրացական հատուկ ծառայությունների կողմից Դուդաևի ձերբակալման ժամանակ JAMnews-ին ասաց, որ «Դուդաևի ազատ արձակումը մեծ սխալ էր»:
«Մարիկ Դուդաևը ողջ Արցևի գյուղը ստրկության մեջ էր պահում: Նա բազմաթիվ խախտումների հեղինակ է ի լրումն այն ամենի, ինչ նրան դատարանն էր առաջադրել: Իսկ ներկայիս իշխանությունները չբավարարվեցին նրան արձակելով. հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարար Պաատա Զաքարեիշվիլին նրան Արցևի տարավ անձնական մեքենայով: Ինչ սպասումներ ունեին իշխանությունները, չգիտեմ», — ասում է Ուտիաշվիլին:
JAMnews-ը փորձեց անմիջապես կապվել նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ կամ նրա աշխատակազմի աշխատակիցների հետ, սակայն մամուլի ծառայությունում հայտնեցին, որ զերծ են մնում Մարիկ Դուդաևի վերաբերյալ մեկնաբանություններից:
Դուդաևի գործով քննությունը նոր է սկսվում: Ինչպես երևում է, հարավօսական հակասական Ռոբին Հուդի պատմությունում նոր գլուխ է սկսվում:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ