Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանցի լրագրողի սպանության գործով
Կիսվել
Կիսվել
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ապրիլի 13-ին վճիռ է կայացրել «Ռուշանիա Հուսեյնովան Ադրբեջանի դեմ»գործով: Որոշման մեջ ասված է, որ Ադրբեջանի կառավարությունն արդյունավետ հետաքննություն չի իրականացրել «Մոնիտոր»ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության քրեական գործով, անհրաժեշտ քայլեր չի կատարել լրագրողին սպանողներին պատասխանատվության ենթարկելու համար:
Դատարանը վճռել է, որ կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (արդյունավետ հետաքննություն չիրականացնելը):
Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը 20 հազար եվրո բարոյական փոխհատուցում վճարել սպանված լրագրողի կնոջը՝ Ռուշանիա Հուսեյնովային: Ինչպես նաև 10 հազար եվրո՝ դատական և իրավաբանական ծախսերի համար:
Այդ մասին ասված է ՄԻԵԴ մամուլի հաղորդագրությունում:
Որոշման մեջ, նույնպես վկայակոչելով Ռուշանիա Հուսեյնովայի բողոքը, ասված է, որ Էլմար Հուսեյնովն իր քննադատական հոդվածների համար մշտապես իշխանությունների սպառնալիքների և ճնշմանն է ենթարկվել, 34 անգամ դատական պատասխանատվության է ենթարկվել: 2004թ-ի հունվարին ոստիկանության աշխատակիցները նրանից պահանջել են դադարել քննադատական հոդվածներ տպագրել նախագահի և նրա ընտանիքի հասցեին, հակառակ դեպքում սպառնացել են հաշվեհարդար տեսնել:
Էլմար Հուսեյնովը սպանվել է 2005թ-ի մարտի 2-ին իր տան մուտքի մոտ ատրճանակից արձակած 7 կրակոցով: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահն այդ սպանությունը «մեծ բիծ է անվանել երկրի հեղինակության վրա և հարված Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը»:
Ռուշանիա Հուսեյնովան բազմիցս դիմել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն՝ խնդրելով հաղորդել հետաքննության արդյունքների մասին, սակայն ամեն անգամ տեղեկատվություն ստանալու մերժում է ստացել:
Ամուսնու սպանությունից հետո մի ժամանակահատված Հուսեյնովան ինքնուրույն է շարունակել ամսագրի հրատարակումը (այլ անվանմամբ՝ Էլմարի կամքի համաձայն): Նա նույնպես ճնշման է ենթարկվել, և մեկ տարի անց մանկահասակ որդու հետ արտագաղթել Նորվեգիա:
«Մոնիտոր»ամսագրի արխիվին կարելի է ծանոթանալ այստեղ.