Մարդկությունն ու բնությունը․ սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն
Նոր հրապարակված զեկույցում, որը 3 տարի նախապատրաստել էր ՄԱԿ հովանու ներքո գործող գիտնականների միջկառավարական խումբը, շոկային եզրակացություններ կան, հաղորդում է Բի-Բի-Սին։
Դրանցից գլխավորն այն է, որ, սպանելով բնությունը, մարդկությունն ինքնասպանություն է գործում։
Ի՞նչ է տեղի ունենում
Բնությունը միշտ տուժել է մարդու պատճառով, սակայն վերջին հիսուն տարում այդ գործընթացն աննախադեպ տեմպերով է տեղի ունենում։
•Վրաստանը Սվանեթին կովկասյան Շվեյցարիայի վերածելու պլան ուներ։ Ի՞նչ ստացվեց դրանից
Այդ ընթացքում Երկրի վրա մարդկանց թվաքանակը կրկնակի աճել է, իսկ համաշխարհային տնտեսությունն՝ աճել քառակի։
1980-ից մինչև 2000թ-ը ոչնչացվել է 100 մլն հեկտար ծառ։ Հիմնականում՝ Հարավային Ամերիկայում անասնապահությամբ զբաղվելու և Հարավ-արևմտյան Ասիայում արմավենու պլանտացիաների համար։
Քաղաքների տարածքը մոլորակի վրա վերջին 25 տարում կրկնակի աճել է։
Ո՞րն է սպառնալիքը
Այդ գործընթացների հետևանքով՝ Երկրի կենդանիների և բույսերի ավելի քան 25%-ը ոչնչացման սպառնալիքի տակ է։
•Հողի պտղաբերությունը միջինում կրճատվել է 23 տոկոսով։
•Երաշտահար հողերի տարածքներն ավելացել են 87 տոկոսով։
•Պլաստիկե թափոններով աղտոտումը վերջին հիսուն տարում աճել է տասն անգամ։
•Տարեկան համաշխարհային օվկիանոս է լցվում մոտ 300-400 մլն տոննա ծանր մետաղ և այլ թունավոր թափոններ։
• Ձկան պաշարի 33 տոկոսը բարբարոսաբար է շահագործվում։
Գլխավոր պատճառը
Աճող բնապահպանական աղետի գլխավոր պատճառը մարդն է, ավելի ճիշտ՝ նրա կենսակերպը։
Մարդկության քանակական աճը բերում է սննդամթերքի և էներգիայի օգտագործման աճի։ Գյուղատնտեսական նշանակության հողերի ավելացման համար անտառներ են կտրվում։ Նավթի և գազի աճող արդյունահանումը ոչնչացնում է Երկրի օզոնային շերտն ու դառնում թունավոր թափոնների գլխավոր աղբյուր։
Եվ այս ամենը մարդու համար ինքնասպանություն է։ Զեկույցի հեղինակների տվյալներով՝ բնակության վայրի որակը բնորոշող ցուցանիշների 72%-ով վատթարացում է արձանագրվում։
Ո՞րն է ելքը
Ելքն, ինչպես համարում են գիտնականները, այն սովորական պատկերացումներից հրաժարումն է, թե կյանքի որակը կախված է բացառապես սպառման ծավալներից։ Երկրների համար դա նշանակում է, որ համախառն ներքին արդյունքի ծավալը չպետք է դառնա տնտեսության վիճակի գլխավոր ցուցանիշ։
Պրակտիկ առումով մարդկությունը պարտավոր է․
•փոխել իր սննդակարգը՝ կրճատելով մսի և կաթնամթերքի մասնաբաժինը հօգուտ բանջարեղենի,
•հրաժարվել ածխաջրածնից հօգուտ էներգիայի վերականգնվող աղբյուրների,
•հրաժարվել պլաստիկից այն դեպքերում, երբ դա կարող է փոխարինվել վերամշակվող բնական նյութերով։
Սակայն եթե մարդկությունը ցանկանում է ինքնասպանություն գործել, այս ամենից ոչինչ պետք չէ անել։