Իրավիճակը Արցախում․ երեք մայրեր պատմում են իրենց ընտանիքների խնդիրների մասին
Մարդկանց պատմություններ պաշարված Արցախից
«Բաքվին կոչ եմ անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից»,- այսպես է արտահայտվել իր վերջին հայտարարության ընթացքում Հայաստանի վարչապետը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ «Կյանքի ճանապարհը» բացելու կոչը հնչում է ոչ միայն Հայաստանից, այլև միջազգային կառույցներից, մասնավորապես՝ ՄԱԿ-ից։
Եվրամիությունը հայտարարել է. «Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ հասցնել Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք»։ Սակայն Իլհամ Ալիևի դիրքորոշումը չի փոխվում, նա հայերին կոչ է անում կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակավայր փնտրել։
Ի՞նչ է կատարվում անցյալ տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախում, ինչպե՞ս են մարդիկ գոյատևում հունիսի 15-ից հետո, երբ Բաքուն արգելեց բոլոր տեսակի մարդասիրական բեռների մուտքը։ Ի՞նչպես են տեղացիները պատկերացնում իրենց ապագան ստեղծված իրավիճակում։
Հարցերին պատասխանել են արցախցի երեք մայրեր։
- «Հարգել, ոչ թե ճանաչել տարածքային ամբողջականությունը»․ կոչ Փաշինյանին
- «ԼՂ-ում ցեղասպանություն է ընթանում»․ ՄՔԴ նախկին դատախազի եզրակացությունը
- «Կարծես կա լուռ համաձայնություն՝ Ադրբեջանի հետ մեզ թողնել մեն-մենակ»․ ԼՂ նախագահ
Լիանա Ոսկանյան. «Հայրենիքս մի փոր հացի համար լքե՞մ»
-Վեց անչափահաս երեխա ունեմ: Ամենափոքրս ծնվել է շրջափակման պայմաններում՝ փետրվարի 11-ին: Ծանր շրջան էր. անընդհատ հերթերում էի, այնքան էի սեղմվել հերթերում, որ չէի հավատում՝ նորմալ երեխա կունենամ: Բարեբախտաբար, առողջ ծնվեց։
Արդեն 6 ամսական է: Փոքրիկս կաթնախառնուրդով է սնվում: Երկու օրվա չափաբաժին է մնացել, չգիտեմ հետո ինչ եմ անելու: Դեղատները դատարկ են, ոչ կաթնախառնուրդ կա, ոչ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ։
Մինչև լիակատար շրջափակումը գոնե որոշ չափով սնունդ էր մտնում Արցախ: Հունիսի կեսից՝ ոչինչ: Մեծամասնության տներում շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն, աղ չկա: Ես այսօր վերջին բաժին ձեթն եմ օգտագործել:
Լավ է, գոնե բանջարեղենի բերքը հասունացավ: Լոբի, կարտոֆիլ, դդմիկ ենք պատրաստում:
Ամեն տեղ ժամերով հերթ ենք կանգնում՝ հացի համար, բանջարեղենի։ Կարող է 3, 4, 5 ժամ կանգնես՝ հերթդ չհասնի, կամ հասնի, բայց ապրանքը վերջանա:
Մինչ փոքրիս ծնվելը պետական համակարգում էի աշխատում, նաև դիմահարդարմամբ էի զբաղվում, բայց այս իրավիճակում աշխատանքս կորցրի: Ստիպված աշխատում եմ լավաշի փռում, որ կարողանամ և՛ վաստակել, և՛ հաց տուն տանել:
- «Լուսնից դեպի ԼՂ ճանապարհը նույնպես բաց է». Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին
- «ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը ռազմական հանցագործություն է»․ ՀՀ դիրքորոշումը
Հայաստանում ընկերներ ունեմ, գումար են ուղարկում, բայց ամեն ինչ թանկ է, գումարը ծախսում ես՝ առածդ մի բան չի:
Ամուսինս Հայաստանում էր, երբ շրջափակումը սկսվեց։ Այդ օրերին կարող էի հեռանալ Արցախից՝ ընտանիքս միավորելու համար: Բայց մնացի, հասկանալով՝ ինչ դժվարություններ կարող են լինել:
Երեխաներս սկզբում մեղադրում էին, որ մնացել ենք: Ասում էին՝ հայրենի՞քն ես շատ սիրում, թե՞ մեզ: Ժամանակ պահանջվեց, որ հասկանան․ ցանկացած իրավիճակում պետք է պայքարել, ոչ թե փախչել: Փախչելը ուժեղ մարդու բան չէ:
Շուտով ուսումնական տարին կսկսվի, բայց երեխաներիս դպրոց չեմ ուղարկելու: Թերսնված երեխան ինչպե՞ս կարող է դպրոց գնալ ու ընկալել ինչ-որ բան:
Վերջին շրջանում հաճախացել են թե՛ մեծերի, թե՛ երեխաների ուշագնացության դեպքերը:
Դժվարությունները շատ են, բայց մենք միակամ ու համակարծիք՝ Աղդամով որևէ մեքենա չպետք է մտնի Արցախ՝ հումանիտար բեռի կամ այլ անվան տակ: Հայաստանի հետ կապող ճանապարհը պետք է բացվի:
Իմ հույսը Հայաստանում ու դրսում ապրող հայերն են: Հույս ունեմ, որ բոլորն անձնական շահերը կդնեն մի կողմ ու կմիավորվեն։ Որովհետև եթե հայրենիքի այս մի կտորն էլ կորցնենք, հաջորդը լինելու է Հայաստանը:
Մեր հայրերը, պապերը իզուր չեն այսքան տարի պաշտպանել մեր երկիրը: Արցախի համար հազարավոր տղաներ են զոհվել: Նրանք կյանք են զոհաբերել, որ մենք այդ հայրենքիը թողնենք ու մի փոր հացի կամ լավ կյանքի հետևից վազենք ուրիշ երկի՞ր: Ես ո՞վ կլինեմ ուրիշի հողում։
Նարինե Դանիելյան. «Կռու պոպոքի նման փորձում ենք մեզ ձիգ պահել»
-Տղաներիցս կրտսերը 3, միջնեկը՝ 4, ավագը՝ 10 տարեկան է: Ավագ որդիս՝ Կարոն, մի շարք քրոնիկ հիվանդություններ ունի. էպիլեպսիա, շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի գործունեության խնդիր։
Նրան պարբերաբար նեղ մասնագիտական բուժման կուրսեր են պետք, ինչի համար հաճախ ենք ստիպված լինում դիմել Երևանի բժիշկների օգնությանը։ Այստեղ նման մասնագետներ չկան:
Շրջափակման ընթացքում Կարմիր խաչի օգնությամբ երեք անգամ հիվանդ տղայիս հետ եկել եմ Հայաստան՝ հիվանդանոց, ու վերադարձել: Գլխիս գալիքն իմանալով՝ ամեն Երևան գալուց մի քիչ ավելով էի առնում երեխու դեղերը: Ինքս ինձ ասում էի՝ մինչև այսքանն օգտագործեմ, Աստված մի դուռ կբացի։
Ինձ շատերն են ասում՝ Կարոյի խնդիրները գիտես, ինչո՞ւ ես հետ եկել, մնայիր Հայաստանում: Այստեղ որդուս անհրաժեշտ դեղերը մինչ այս էլ դժվար էին ճարվում, հիմա դրանք ուղղակի չկան:
Երբ դեղերը չենք ունենում, էպիլեպսիայի ցնցումները հաճախանում են, երեխան դառնում է անկառավարելի։ Իսկ արյան մեջ շաքարի քանակի կտրուկ տատանումների դեպքում ուշաթափվում, կոմայի մեջ է ընկնում:
Անցած անգամ Կարոյիս դեղերից մեկը պատահական դեղատան հետին դարակներից մեկում ինքը նկատեց: Ուրախությունից գոռում էր․ «Մամա՜, դեղս գտել եմ, մի 10 օրով էլ կյանքս երկարեց»:
Դժվարությունները շատ են, բայց ղարաբաղցու ասած՝ կռու պոպոքի նման փորձում ենք մեզ ձիգ պահել:
Արցախում միայն ձմերուկն է շատ: Կաթնամթերք, կարելի է ասել, գոյություն չունի. միայն մի տեղ է, այն էլ ահավոր հերթեր են: Պետք է գնաս մի օր հերթագրվես, հաջորդ օրն էլ կենդանի հերթում կանգնես, որ գնես:
Խանութներում միայն թանկանոց վիսկիներ են մնացել ու համեմունքներ: Համեմունքը վերցնեմ, ի՞նչ պատրաստեմ:
Այսօր Արցախում ողջ մնալու կռիվ է, մարդիկ մտածում են՝ ինչպե՞ս ողջ մնան: Աշխարհը չի հավատում, որ Արցախում սով է, բայց այստեղ իրոք սով է: Պոմիդորն այսօր կա՝ ուտում ենք, բայց մեկ ամսից այդ բերքն էլ չի լինի:
Մենք բոլորս հայ ենք, հայաստանցի, թե ղարաբաղցի: Մենք միասին ենք ուժ: Հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, պետք է համախմբվենք ու փորձենք ելք գտնել ստեղծված իրավիճակից:
- Անձնական պատմություններ շրջափակման մեջ հայտնված Արցախից
- Երկու տեսապատմություն շրջափակված ԼՂ-ում մարդկանց կյանքի մասին
Մարիա Մուսայելյան. «Սպասում ենք, որ աշխարհը ճանաչի մեր ինքնորոշման իրավունքը»
Ես ծնվել ու ապրում եմ Արցախի Հանրապետությունում: 25 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ 1,5 տարեկան աղջիկ, շուտով կունենանք նաև երկվորյակ աղջիկներ:
Շրջափակման առաջին օրից այստեղ ամենուր հերթեր են: Ինձ՝ որպես հղի, հիմնականում զիջում են: Բայց մյուսները ստիպված են ժամերով կանգնել: Արդեն հաճախակի ուշաթափություններ են լինում հերթերում: Մարդիկ թերսնված են, արևի տակ չեն դիմանում:
Հղիներիս մոտ հիմնականում վիտամինների պակաս կա, որովհետև մինչև վերջերս միրգ-բանջարեղեն չկար: Իմ բախտը բերել է, մեր բարեկամները չափազանց ուշադիր են։ Ով ինչ աճեցնում կամ ճարում է, ինձ է ուղարկում, որ հնարավորինս լավ սնվեմ:
Վառելիք էլ չկա, որ հիվանդանոց գնանք: Բարեբախտաբար, էլեկտրոմոբիլ ունեցող կա, օգնում է հղիներին ու հիվանդներին հասնել բժշկի մոտ:
Դեղատներն արդեն ամբողջովին դատարկվել են, երեխաների համար կաթնախառնուրդներ չկան։ Այնինչ երեխաներ կան, որ միայն դրանով են սնվում: Մի քանի օրից իմ աղջիկներն էլ կծնվեն։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե որպես մայր բախվեմ այդ խնդրին:
- «Երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն չենք վարում»․ Փաշինյան
- «Որևէ իշխանություն իրավասու չէ»․ արձագանք Փաշինյանի ելույթին
Շրջափակման սկզբում Արցախից դուրս գալու ու հղիությունս ավելի հանգիստ միջավայրում անցկացնելու հնարավորություն եղել է։ Բայց չցանկացա հեռանալ:
Նույնիսկ հիմա, երբ ավելի վատ վիճակ է, մտադիր չեմ լքել հայրենիքս: Այստեղ մենք մեր տանն ենք, մենք երջանիկ ենք՝ թեկուզ դժվարություններով: Ամեն ինչ հաղթահարելի է, միայն թե խաղաղություն լինի:
Արցախցին մենակ է մնացել իր հոգսերի ու խնդիրների հետ: Բայց մենք ուզում ենք դիմել բոլորին, ովքեր հնարավորություն ունեն ինչ-որ ձևով ազդել այս իրավիճակի վրա։ Օգնեք մեզ: Մենք այսօր յուրաքանչյուրի աջակցության կարիքն ունենք:
Բոլորս սպասում ենք, որ աշխարհը ճանաչի մեր ինքնորոշման իրավունքը, որ միջազգային հանրությունը ստիպի բացել Լաչինչի միջանցքը, վերականգնվի կապը մայր Հայաստանի հետ:
Արցախցիները դեմ են Աղդամի ճանապարհով բեռների ու մարդկանց տեղաշարժին: Մեզ ոչ թե հումանիտար միջանցք է անհրաժեշտ, այլ լիարժեք ճանապարհ, որով կկարողանանք անխափան երթևեկել: Աղդամի ճանապարհի օգտագործումը ինտեգրման տանող ճանապարհ է, մենք դեմ ենք դրան:
Մեծ հույսեր ունեմ, որ այս ամենը մի օր կավարտվի ու մենք այս ժամանակները կհիշենք որպես շատ վատ երազ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մարդկանց պատմություններ պաշարված Արցախից