Մայդանից 3 տարի անց
Ուկրաինան նշում է Արժանապատվության հեղափոխության երրորդ տարին: Երկիրն այդ ընթացքում իշխանափոխություն, Ղրիմի բռնակցում, Դոնբասում պատերազմի սկիզբ ապրեց: Սակայն դրանից բացի ի՞նչ է փոխվել Ուկրաինայում այդ ժամանակահատվածում:
Ո՞վ պատասխան տվեց «Երկնային հարյուրյակի» մահվան համար
Երեք տարի է՝ ուկրաինայի հասարակությունը հարցադրում է անում. ե՞րբ են Մայդանի ժամանակ մարդկանց մահվան համար պատասխան տալու ոչ միայն նրանք, ովքեր կրակել են, այլ նաև նման հրաման արձակածները: Այս հարցի պատասխանը իրավապահները երկար ժամանակ չունեին, սակայն անսպասելիորեն հոյեմբերի 21-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Հաագա կատարած այցի ընթացքում այսպիսի հայտարարություն արեց. Մայդանի ակտիվիստների հանդեպ հանցագործությունների համար 35 մարդ է դատապարտվել, ևս 152 հոգու գործերը գտնվում են դատարանում, մոտ 190 մարդ դատաքննության տակ է: Ճիշտ է, թվարկվածների մեջ չկա մեկն, ով կրակելու հրաման է տվել:
«Այո, մարդասպանները դատապարտյալների աթոռին են: Սակայն նրանք, ովքեր նրանց ձեռքը զենք են դրել և խաղաղ մարդկանց սպանելու հրաման տվել, Մոսկվայում են թաքնվում», — ասում է Ուկրաինայի գլխավոր դատախազության ղեկավարը:
Օգնե՞ց արդյոք Մայդանը դեպի Եվրոպա դուռ բացել
Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը հրաժարվում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքել, և եվրոպական սպասումներից խաբված երիտասարդությունը դուրս է գալիս Մայդան: Այդպես սկսվեց Արժանապատվության հեղափոխությունը: Դա հետո էր արդեն, բողոքողներին դաժանորեն ծեծելուց հետո ուկրաինացիների պահանջները իշխանությունից ընդլալյնվեցին: Մարդիկ, ովքեր Մայդան էին դուրս եկել հարյուր հազարներով, Յանուկովիչի հրաժարականն էին պահանջում, կոռուպցիայի վերացում, բարեփոխումներ…
Մայդանը հաղթեց, իշխանության եկան այլ մարդիկ, իսկ ի՞նչ եղան «եվրոպական պահանջները»:
«ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը կնքված է, որն իր մեջ ազատ առևտրի գոտի է ներառում: 2016թ-ի հունվարի 1-ից այդ համաձայնագիրը լիովին գործում է: Ճիշտ է, մնացել է միայն, որ այն վավերացնի Նիդերլանդների Թագավորությունը, սակայն մենք հուսով ենք, որ մոտակա ամիսների ընթացքում հարցը փակվելու է», — պատմում է «Ուկրաինայի եվրոպական շարժում» հասարակական միավորման կառավարման ղեկավար Վադիմ Տրուխանը:
2010թ-ին դեռևս Յանուկովիչի ղեկավարության տարիներին, ԵՄ-ն Ուկրաինային փոխանցեց «Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլան»: 6 տարի է անցել այդ պահից և երեք՝ Արժանապատվության հեղափոխությունից, իսկ առանց վիզայի Եվրոպա մեկնել ուկրաինացիները նախկինի պես չեն կարող: Ինչո՞ւ:
«Ուկրաինան կատարել է «Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանին» վերաբերող բոլոր պարտավորությունները, սակայն անկանխատեսելի հանգամանքներ ի հայտ եկան. Եվրամիությունը միգրացիոն ճգնաժամի բախվեց: Մնում է սպասել, թե երբ է առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր կասեցման կարգ ներմուծվելու և դրան զուգահեռ Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ հաստատվելու»:
Ուկրաինայում սպասում են, որ դա տեղի է ունենալու մոտ ժամանակներս, սակայն թե երբ՝ հստակ հայտնի չէ:
Որտե՞ղ են այժմ Մայդանի առաջնորդները
Փաստացի նրանք բոլորն իշխանությունում են: Կամ դրանից ոչ հեռու:
Արսենի Յացենյուկը վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո շարունակում է ազդեցություն ունենալ ուկրաինական քաղաքականության վրա. նա «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդն է, որն իր պատգամավորներն ունի Գերագույն Ռադայում:
Վիտալի Կլիչկոն Կիևի քաղաքապետն է:
Եվ միայն «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը ոչ մի «պարգև» չստացավ՝ ոչ կառավարությունում պաշտոն, ոչ պատգամավորական մանդատ Գերագույն Ռադայում: Այժմ նա ընդամենը կուսակցական առաջնորդ է:
Սա Մայդանի առաջնորդների հայտնի եռյակն է: Ի՞նչ եղան մյուսները:
Լրագրող Մուստաֆա Նայեմ լրագրողի՝ «Վերցնել թեյով թերմոսներն ու գնալ դեպի Մայդան» կոչը նրան պատգամավորական աթոռ բերեց:
Պյոտր Պորոշենկոն դարձավ երկրի նախագահը և նախկինի պես շարունակում է «շոկոլադե թագավոր» մնալ. նա իր գործարանները Ուկրաինայում և Ռուսաստանում այդպես էլ չվաճառեց:
Ալեքսանդր Տուրչինովն Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարն է՝ ընդյալնված իրավասություններով:
Անդրեյ Պարուբին Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահն է:
Յուրի Լուցենկոն Ուկրաինայի գլխավոր դատախազն է:
«Մարդիկ մեծապես շվարած են, թևաթափ են լինում»
Իսկ ինչպես են շարքային ուկրաինացիների գործերը:
Գործարար Վյաչեսլավ Սավելևը ճակատամերձ Իզյումից կարծում է. կարծես իշխանությունները լավ, եվրոպամետ օրենքներ ընդունեցին, սակայն այդ օրենքների կատարումը, դեպի Եվրոպա իրական շարժում չի երևում:
«Մարդկանց շփոթվածությունը մեծ է, թևաթափ են լինում… Մեզ համար աշխատելը միշտ դժվար է եղել, սակայն հիմա պարզապես վակուում է, փող չկա: Ինչպես ցույց տվեցին հայտարարագրերը, մարդկանց փողերը պարկերում են: Քաղաքացիական հասարակությունում ոչ մի զարգացում չկա, ամեն ինչը ծնվելուն պես խեղդվում է: Ես մարդկանց եմ հավաքել այգիներում շաբաթօրյակ անցկացնելու համար, սակայն միանգամից ցանկացած հասարակական կազմակեպրություն իշխանությունից, համակարգից մարդիկ են ներմուծվում և այն ներսից քանդում են: Նրանց ձեռնտու չէ, որ հասարակությունը միասնական լինի»:
Սոլոմիա, փոստի աշխատակից, Լվով.
«Մարդիկ ավելի ուժեղ են դարձել, սկսել են միավորվել: Կյանքի մակարդակն այժմ իհարկե այնքան էլ այն չէ: Աշխատանք գտնելը դժվար չէ, սակայն աշխատավարձը բարձր չէ: Միայն ՏՏ ոլորտում է ամեն ինչ լավ»:
Գրական մենեջերը Խերսոնից՝ Եվգենիա Վիրլիչն, ասում է, որ Մայդանի արդյունքում ուկրաինացիներն ավելի բաց և անկեղծ են դարձել, իրար օգնելու պատրաստակամ, սկսել են իրենց երկրի պատմությունով ավելի շատ հետաքրքրվել: Միաժամանակ բոլորը լավ տեսնում են, որ երկրում իշխանությունն այնքան էլ արմատապես չի փոխվել. իշխող պաշտոններում շատ են Յանուկովիչի շրջապատից անձինք:
«Կենցաղային առումով շատ բարդ է. դոլարի փոխարժեքի կտրուկ աճ, ազգային փոխարժեքի անկում, գների կտրուկ աճ: Այժմ մենք մեծ խնդիր ունենք՝ կոմունալ ծառայությունները, որոնք շատ թանկ են: Դա Մայդանի հետևանքը չէ, այլ այն բանի, ինչ տեղի ունեցավ դրանից հետո. ռազմական գործողություններ, որոնք հանգեցրին նրան, որ նյութական առումով շատ բարդ է: Հնարավոր է, ես պարզապես լավատես եմ, սակայն ինձ թվում է, որ եթե մենք այս ժամանակահատվածում ունակ ենք բանակին օգնելու, մեզ մոտ այնքան էլ ամեն ինչ վատ չէ»:
Հրապարակվել է 25.11.2016