Մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը
Մահացել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը
Մարտի 17-ի ուշ երեկոյան 93 տարեկան հասակում մահացել է Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։ Նա եկեղեցու առաջնորդն էր արդեն 48 տարի։

Նրա մահվան լուրը լրագրողներին հայտնել է պատրիարքի գահակալության արարողությունը կատարած մետրոպոլիտ Շիո Մուջիրին։
«Ինձ համար շատ դժվար է ասել այն, ինչ պետք է հայտնեմ ձեզ հիմա։ Մի քանի րոպե առաջ կյանքից հեռացավ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Նորին Սրբություն Իլյա Երկրորդը։
Նա ականավոր անձնավորություն էր, նրա մահը հսկայական կորուստ է ամբողջ աշխարհի ուղղափառ եկեղեցու համար։
Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել Վրաստանի յուրաքանչյուր բնակչի, ամբողջ երկրին, մեր եկեղեցուն և ամբողջ քրիստոնեությանը», — ասել է Շիո Մուջիրին։
Իլյա Երկրորդի հիվանդությունն ու մահը
Պատրիարքի առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի էր դարձել մարտի 17-ի առավոտյան։ Մարտի 16-ի ուշ երեկոյան նրան տեղափոխել էին Թբիլիսիի Չապիձեի անվան սրտաբանական կենտրոն՝ արյան մեջ թթվածնի մակարդակի անկման պատճառով։
Ավելի ուշ նրա ստամոքսում հայտնաբերվել էր թաքնված արյունահոսություն, և նա տեղափոխվել էր Կովկասյան բժշկական կենտրոն։
Պատրիարքի վիճակը ծանր էր։ Նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, ենթարկվել էր ինտուբացիայի։
Տարբեր դասերի հոգևորականներ, ինչպես նաև կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներ ողջ օրվա ընթացքում ներկա էին կլինիկայում։ Իսկ դրսում սպասում էին բազմաթիվ ծխականներ։
Հայտնի է, որ ուշ երեկոյան սպասվում էր վերակենդանացման խմբի ժամանում Թուրքիայից։
Իլյա Երկրորդի մահից հետո կառավարության միակ ներկայացուցիչը, ով մեկնաբանություն էր տվել լրագրողներին, առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն էր։ Նա հայտնել էր, որ պատրիարքի մոտ զարգացել է բազմաօրգանային անբավարարություն, որը դրսևորվել է թոքային, երիկամային և սրտի անբավարարությամբ։
Նա ասել է, որ, ցավոք, այս զարգացումները սպասելի էին, և կոնսիլիումի անդամներն այդ մասին տեղեկացրել են դեռ առավոտյան։
Պատրիարքի կենսագրությունը
Իլյա II-ը, որի աշխարհիկ անունը Իրակլի Շիոլաշվիլի էր, ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին Վլադիկավկազում (Հյուսիսային Օսիա, Ռուսաստանի Դաշնության մաս)՝ Գիորգի Շիոլաշվիլիի և Նատալյա Կոբայիձեի ընտանիքում։
Դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Մոսկվայի հոգևոր ճեմարանում, ապա՝ Աստվածաբանական ակադեմիայում։ 1957 թվականի ապրիլի 16-ին, 24 տարեկան հասակում նա վանական երդում է տվել և ստացել Իլյա անունը։
1977 թվականի դեկտեմբերի 23-ին նա ընտրվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք։
2010 թվականի դեկտեմբերի 21-ի Սինոդի որոշմամբ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տիտղոսը սահմանվել է հետևյալ կերպ. Նորին Սրբություն և Երանություն Իլյա II, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Մցխեթայի և Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիչվինտայի և Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ։
Իլյա II-ը Վրաց եկեղեցու 141-րդ պատրիարքն էր։
Ի՞նչ է սպասվում առաջիկայում
Կաթողիկոս-պատրիարքի մահվան դեպքում եկեղեցին կառավարվում է Պատրիարքական Աթոռի կողմից մինչև նոր պատրիարքի ընտրությունը։
Իր կենդանության օրոք Իլյա II-ը Շիո Մուջիրիին նշանակել է պատրիարքի տեղապահ։
Վրաց եկեղեցու Սուրբ Սինոդը և ընդլայնված ժողովը կորոշեն, թե ով կդառնա նոր պատրիարք։
Սինոդը կընտրի 3 թեկնածու։ Այս թեկնածուներից ընդլայնված ժողովում կընտրվի Վրաց եկեղեցու հաջորդ պատրիարքը։ Ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա մասնակիցների ձայների կեսից ավելին։
Ժողովը պետք է անցկացվի պատրիարքի մահից 40 օր հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամիս անց։
Ո՞վ կարող է դառնալ նոր կաթողիկոս-պատրիարք
«Տաբուլա» պարբերականը հրապարակել է Պատրիարքական գահի թեկնածուին առաջադրվող պարտադիր պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն, մասնավորապես՝
- նա պետք է լինի Վրաստանի քաղաքացի,
- Վրաց ուղղափառ եկեղեցու քահանայապետ,
- ունենա աստվածաբանական կրթություն և եկեղեցական կառավարման բավարար փորձ,
- ոչ պակաս, քան 40 և ոչ ավելի, քան 70 տարեկան լինի,
- նաև լինի վանական։
Նոր պատրիարքի գահակալության արարողությունը տեղի է ունենալու Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում։
Վրաստանում սուգ է հայտարարվել
Վրաստանում սուգ է հայտարարել Իլյա II-ի մահվան կապակցությամբ: Կառավարության որոշմամբ՝ երկրի ողջ տարածքում վարչական շենքերի վրայից կիջեցվեն պետական դրոշները։
Հուղարկավորությանն առնչվող արարողությունները կսկսվեն վաղը Թբիլիսիի Հավլաբարի շրջանի Սուրբ Երրորդության տաճարում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Մահացել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը