«Մահապատիժ պետական դավաճանության համար»․ ՀՀ գլխավոր դատախազի առաջարկն ընդունելի՞ է
Մահապատիժ պետական դավաճանության համար
«Հայաստանը չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային իրավական պարտավորություն»,- դատախազությունն այսպես է պարզաբանել իր ղեկավարի՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի աղմկահարույց առաջարկը։ Պաշտոնավարման ժամկետը լրանալուց երկու շաբաթ առաջ նա առաջարկել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանել։
Իրավապաշտպանները, սակայն, համաձայն չեն ո՛չ գլխավոր դատախազի, ո՛չ նրա ղեկավարած կառույցի կարծիքի հետ։
Հայաստանում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1991 թվականին։ Մահապատժի վերացումը Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պայմաններից մեկն էր։ Մահապատիժը երկրում օրենքով արգելված է 2003 թվականից։
Մահապատժի դատապարտելու և պատիժը փաստացի կիրառելու առաջնային արգելքը նախատեսված է երկրի Սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Միաժամանակ, Սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չի բացառել, որ հարցը կքննարկվի։
Մահապատժի վերականգնման առաջարկին հետևած արձագանքը օմբուդսմենի, իշխող թիմի, իրավապաշտպանների և քաղաքացիների կողմից
«Որևէ կարծիք չի կարող կանխորոշել քննարկումների արդյունքը»
Դեռևս պաշտոնավարող գլխավոր դատախազ Դավթյանը դիմել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ առաջարկելով քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորութուն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը։
Նախարար Կարեն Անդրեասյանը «Արմենպրես» պետական գործակալության հետ զրույցում խուսափել է կարծիք հայտնել առաջարկի վերաբերյալ։ Ասել է՝ սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անպայման քննարկում է բոլոր կարծիքներն ու առաջարկները, բայց «որևէ կարծիք չի կարող կանխորոշել քննարկումների արդյունքը»։
«Լուծումներ պետք չէ փնտրել մարդու իրավունքների նվազեցման մեջ»․ օմբուդսմեն
Նույն խորհրդի անդամ, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն առաջարկին ուղիղ և կոշտ է արձագանքել՝ ընդգծելով, որ տեղին չի համարում նույնիսկ նման առաջարկի քննարկումը։
«Քանի որ այն մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները»,- հայտարարել է Գրիգորյանը։
Օմբուդսմենի կարծիքով՝ պետական դավաճանության դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ է տանել առավել արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ․
«Իրավապահ մարմինների, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական և հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու լուծումները չպետք է փնտրել Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների և սահմանադրական արժեքների նվազեցման մեջ»։
Մարդու իրավունքների պաշտպանի այս դիրքորոշումը գլխավոր դատախազությունը բնորոշել է որպես «խիստ հապճեպ ու մակերեսային»։ Ըստ դատախազության՝ նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին։
«Հայաստանը մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային պարտավորություն չունի»․ պարզաբանում
Հանրային լայն քննարկումներին ի պատասխան գլխավոր դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ շեշտելով, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, մահապատժի բացարձակ արգելք սահմանելու պարտավորություն չի ստանձնել։
Դատախազության մեկնաբանությամբ՝ մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությամբ երկրի ստանձնած պարտավորությունները «խոչընդոտ չեն հանդիսանում պատերազմական իրավիճակներում կատարված որոշակի հանցագործությունների դեպքում մահապատիժ սահմանելու համար»։
Ինչ վերաբերվում է ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությանը, ապա այն Հայաստանը ստորագրել է, բայց չի վավերացրել։
«Նշված պայմանագրի ստորագրված, սակայն վավերացված չլինելու պայմաններում ՀՀ-ն չունի ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն՝ մահապատժի բացարձակ արգելք սահմանելու»,- հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ պարտավորություն է ոչ միայն վավերացումը, այլև ստորագրումը։ Նկատում է՝ այդ մասին է փաստում նաև ՄԻԵԴ նախադեպային վճիռներից մեկը։
«Հետքայլ ժողովրդավարությունից»․ կարծիքներ
Իրավապաշտպանները Դավթյանի նախաձեռնությունը որակում են որպես հետքայլ ժողովրդավարությունից։
«Ակնհայտորեն հակասում է ժողովրդավարական պետությունում մարդու կյանքի իրավունքի նկատմամբ պետության պարտավորությանը և ակնհայտ նահանջ է», — «Ազատության» հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նրա համոզմամբ՝ պետությունը չպետք է խախտի մարդու կյանքի իրավունքը՝ մահապատիժ կիրառելով։ Կարծում է՝ ցմահ ազատազրկումը, որն այս պահին երկրում սահմանված ամենախիստ պատիժն է, լրիվ բավարար է։
Իշխող խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ տրամաբանական բացատրություն չի տեսնում գլխավոր դատախազի առաջարկի մեջ․
«Իհարկե, մենք կարող ենք խոսել պետության ինքնիշխանության տեսանկյունից և ասել, որ յուրաքանչյուր պետության իրավունքն է վերականգնել մահապատիժը, բայց մենք չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք, ըստ էության, որևիցե եղանակով եվրոպական ժողովրդավարության համատեքստում չտեղավորվող պատժամիջոցի հետ: Ես պարզապես պետք է նշեմ, որ առնվազն դատական սխալից խուսափելու հետ կապված մահապատժից հրաժարվելը ճիշտ է»
Իշխող թիմի պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը կարծում է՝ մահապատիժն արգելելով Հայաստանը մեկ քայլ առաջ է կատարել դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Վստահ է՝ հետքայլ անելու պատճառ չկա:
Դեռ հայտնի չէ այս կապակցությամբ Աննա Վարդապետյանի տեսակետը, որը օրեր անց փոխարինելու Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնում։
Մեկնաբանություններ սոցիական ցանցերում
«Բացառիկ պատժամիջոց՝ բացառիկ հանցատեսակի համար։ Ժամանակի հրամայականն է այս նախաձեռնությունը»։
«Իսկ Սահմանադրությամբ նախատեսված կյանքի իրավո՞ւնքը։ Խնդրում եմ մի տարածեք նիհիլիզմ։ Ինչքանո՞վ ենք վստահ, որ մահապատժից հետո նոր հանգամանքներ ի հայտ չեն գա։ Գոնե պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի, եթե մահապատժից հետո անմեղությունը փաստող ապացույցներ ի հայտ գան։ Ես արարքը ամենևին չեմ արդարացնում, սակայն հարցին մոտենում եմ ավելի խորքային»։
«Ոչ մի բան չի փոխվել ու չի փոխվի։ Հայաստանում բանտն ու բանակը աղքատի համար է։ Պետական դավաճաններն էլ միշտ ղեկավարներն են առաջին հերթին եղել ու հետո որոշ վատ քաղաքացիներ, հետևաբար, երբեք ղեկավարությանը մահապատժի չէին ենթարկի, ուրեմն իմաստ չունի հասարակ ժողովրդին սպանելը»։
«Շատ սխալ առաջարկ… Անմեղության կանխավարկած գոյություն ունի… Այն էլ մեր իրավապահ և դատական համակարգի դեպքում դա անմիտ առաջարկ է… Մենք այնքան թույլ համակարգ ունենք, որ հնարավոր չէ վստահել դատավճռի արդարացիությանը… Մի հատ ձեր համակարգը համակարգ դարձրեք, նոր…»։
«Դա ամենանվազագույն և մեղմ պատժատեսակը կլինի նմանների համար։ Բայց ինքը լինելով դատախազ՝ պիտի հասկանա, որ նոր օրենքը հետադարձ ուժ չունի, այսինքն՝ մինչ այս եղած հանցագործությունների վրա չի կարող տարածվել։ Մինչև դա ընդունվի, ընթացիկ գործերը փակված կլինեն։ Հետևաբար 44-օրյա պատերազմին և մնացած ծանր հանցագործություններին առաջարկվածով հերթ չի հասնի»։
«Մահապատժի կամ ցմահ բանտարկության փոխարեն այդ անձանց հարկավոր է զրկել ՀՀ քաղաքացիությունից և դուրս վռնդել երկրից»։
Մահապատիժ պետական դավաճանության համար