Մահապատիժը՝ խորհրդային ավանդո՞ւյթ
Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մահապատիժ է կիրառվում: Այդ հարցը շարունակում է Եվրախորհրդին Բելառուսի անդամակցության շուրջ բանակցությունների գլխավոր հարցը մնալ: Եվրոռադիոն փորձել է պարզել, թե ինչու բելառուսական իշխանությունները չեն ուզում չեղարկել մահապատիժը:
Բելառուսը կարող էր հեշտությամբ հրաժարվել մահապատժից, կարծում է իրավապաշտպան և Բելառուսի հելսինկյան կոմիտեի ղեկավար Հարի Պոգոնյայլոն:
«Մի երկրի համար, որտեղ մաապատիժը կիրառվում է [տարեկան] 2-3 գործի դեպքում, այդ հարցն ընդհանրապես լուրջ նշանակություն չունի: Այլընտրանք կա՝ ցմահ բանտարկությունը, և այդ այլընտրանքը բավականին լայնորեն կիրառվում է դատարանների կողմից, և միանգամայն կարելի է մահապատժի մորատորիում մտցնել: Սակայն դա կախված է մեկ մարդու կամքից»:
Մահապատիժը ոչ միայն սակարկման առարկա է, այլ նաև Լուկաշենկոյի պոպուլիստական քաղաքականությունը, համարում է իրավապաշտպանը: Առաջին անգամ մահապատժի թույլատրելիության հարցը ներառվել է 1996թ-ի հանրաքվեում: Բելառուսի քաղաքացիներին այն ժամանակ 4 հարց տվեցին, որոնցից գլխավորը նոր ահմանադրության ընդունումն էր, որը Լուկաշենկոյի նախագահության ժամկետը երկարաձգեց երկու տարով և ուժեղացրեց նրա նախագահական իրավասությունները:
Մահապատժի մասին հարցը պոպուլիստական է, համարում է Պոգոնյայլոն.
«Անգամ եթե Իտալիայում կամ Գերմանիայում հիմա ահաբեկիչների հանդեպ մահապատիժ կիրառելու հարց դնես, նրանք կողմ կքվեարկեն: Անգամ կայացած ժողովրդավարություն ունեցող երկրներում այդպիսի հարցերը չի կարելի հանրության որոշմանը թողնել: Պետական գործիչները պետք է հասարակությունն իրենց հետևից տանեն, այլ ոչ թե գնան մեծամասնության կարծիքի հետևից: Սակայն Բելառուսում դա կապված է Լուկաշենկոյի անձնական բռնապետության հետ: Նա շատ է կառչում մահապատժի ենթարկելու կամ չենթարկելու որոշումն անձամբ կայացնելու հնարավորությունից: Նրա համար դա իրավիճակի վրա ազդելու գործիքներից և սուրբ նշաններից մեկն է, որոնք նա կարող է օգտագործել և չի ուզում ձեռքից բաց թողնել»:
«Իշխանությունները սիրում են ասել, թե մահապտիժները մեծապես ազդում են վիճակագրության վրա. իբր այնտեղ, որտեղ կա մահապատիժ, հանցագործությունները քիչ են: Սակայն դա այդպես չէ», ― ասում է իրավապաշտպան Անդրեյ Պոլուդան, որը երկար տարիներ զբաղվում է մահապատժի դատապարտված բելառուսների գործերով:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տասը տարվա մեջ Բեառուսում կայացրած մահվան դատավճիռների քանակը գրեթե չի փոխվում: Վիճկագրության ազգային կոմիտեի տվյալներով՝ սովորաբար նման վճիռ լինում է տարվա մեջ երեք անգամ: Սակայն նախորդ տարի կտրուկ աճ է գրանցվել. 7 մահվան դատավճիռ է կայացվել:
Ցմահ ազատազրկման է տարեկան դատապարտվում Բելառուսի մոտ 7 քաղաքացի, և այդ վիճակագրությունը վերջին տասը տարում նույնպես չի փոխվում: Բացառություն էր 2013թ-ը, երբ զմահ ազատազրկման է դատապարտվել միայն 2 բելառուս, ևս երկուսին մահվան են դատապարտել:
Սպանությունների վիճակագրության հետ ամեն ինչ այլ կերպ է: Եթե 2007թ-ին Բելառուսում 791 հանցագործություն է կատարվել, ապա հետագա տարիներին դրանց թիվը հարաբերականորեն սահուն կրճատվել է. 645 սպանություն՝ 200թ-ին, 486 սպանություն՝ 2010-ին, 437 սպանություն 2016թ-ին:
Մահապատժի կիրառման և սպանությունների քանակի միջև կապի բացակայությունը կարելի է տեսնել Վրաստանի օրինակով: Այդ երկրում մահապատժի մորատորիում է մտցրել Էդուարդ Շևարդնաձեն դեռևս 1996թ-ին, պաշտոնապես այն չեղարկվել է Սահակաշվիլիի նախագահության ժամանակ՝ 2007թ-ին: Այդ ժամանակահատվածում Վրաստանում կատարված սպանությունների քանակը փոխվել է կտրուկ տեմպերով, և զգալիորեն նվազել հենց Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո.
1998 թ՝ 243 սպանություն, 2005 ― 403, 2006 ― 325, 2008 ― 263, 2009 ― 210, 2010 ― 187, 2011 ― 107, 2016 ― 60.
«Պետությունը պնդում է, որ մահապատժի հարցը մեզ մոտ պրոֆիլակտիկ, դաստիարակչական բնույթ է կրում: Ուրեմն ինչո՞ւ է դրա շուրջ այդպիսի գաղտնիության մթնոլորտ ստեղծվել», — ասում է բելառուս իրավապաշտպան Պոլուդան:
Նրա խոսքով՝ հաճախ նույնիսկ գաղտնի է պահվում այն մարդու անունը, որի հանդեպ մահապատիժ է կիրառվել, էլ չենք խոսում այլ դետալների մասին. դատերը սովորաբար փակ ռեժիմով են անցկացվում:
«Բելառուսում մահապատժի իրագործման ընթացակարգը գաղտնի է պահվում: Մարմինները, իրերը չեն հանձնվում հարազատներին, հուղարկավորման վայրերը չեն բացահայտվում: Դրանք խորհրդային ավանդույթներ են: [Դրանք գալիս են] այն ժամանակներից, երբ իշխանություններն ուզում էին թաքցնել բռնաճնշումների մասշտաբները», ― համոզված է իրավապաշտպանը: