«Վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը»․ ՄԱԿ ԱԽ նիստի մանրամասները
ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի միջանցքի արգելափակման քննարկում
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման թեման։ Բանաձև չի ընդունվել։ Խորհրդի անդամները, սակայն, հանդես են եկել հայտարարություններով՝ Բաքվին կոչ անելով ապահովել ազատ ու անվտանգ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Ամենահասցեական հայտարարությունը հնչեցրել է Իռլանդիայի ներկայացուցիչը՝ Ադրբեջանին հորդորելով Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը վերականգնել «առանց նախապայմանների»։
Հայաստանի քաղաքական գործիչները նիստի անցկացումը դրական են գնահատել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի «անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային կոնսենսուսի մասին»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ պետք չէ գործուն քայլեր սպասել մի կառույցից, որի «անօգնականությունն ակնհայտ է դարձել հատկապես ուկրաինական պատերազմի օրերին»։
Հայաստանի կոչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես է գնահատել իրավիճակը ՀՀ ռազմավարական դաշնակից և Լաչինի միջանցքում անխափան փոխադրումների համար պատասխանատու Ռուսաստանի ներկայացուցիչը, գնահատականներ Երևանից, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Արդեն 10 օր է, ինչ ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հումանիտար ճգնաժամի մեջ է։ Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք էր ուղարկվում Արցախ, միջանցքի արգելափակումից հետո դա անհնար է դարձել։ Սպառվում է նաև վառելիքը։
ԼՂ-ի բուժհաստատություններում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող բուժառուներ անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք ունեն: Նախորդ օրերին գրանցվել է մեկ պացիենտի մահ։
Հայաստանի կոչն ու Ադրբեջանի արձագանքը
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նիստի ընթացքում ընդգծել է՝ Լաչինի միջանցքի փակումը «նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»։ Նրա փոխանցմամբ՝ նպատակը ԼՂ-ում մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնելն է։
«Ահազանգող իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն: Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ ադրբեջանական կողմի հետ ԼՂ իշխանությունների բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերականգնել միջանցքի ապահով և անխաթար շահագործումը, առ այսօր որևէ արդյունքի չեն բերել»,- հայտարարել է Մհեր Մարգարյանը։
Նրա խոսքով՝ բնապահպանական մտահոգությունները կեղծ պատրվակ են, ինչի մասին է վկայում նաև այն, որ «Ադրբեջանը ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից ունի՝ ապացուցված բողոքների բռնաճնշման նախապատմությամբ, տասնյակ քաղբանտարկյալների պատժելով»․
«Եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական իրավիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է դիտարկվի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով»։
Մարգարյանը խոսել է կանխամտածված ցեղասպանական քաղաքականության նշանների առկայության մասին ու հավելել, որ միջազգային հանրության ներգրավվածությունը միակ հնարավոր միջոցն է ԼՂ-ի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու համար։
Հայաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արել՝
- քայլեր ձեռնարկել՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը,
- փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում, Լաչինի միջանցքում՝ գնահատելու տեղի մարդասիրական իրավիճակը,
- ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների համար անխոչընդոտ հասանելիությունը ԼՂ մարդասիրական նպատակներով։
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևն ի պատասխան պնդել է, թե Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածաշրջան գոյություն չունի, իսկ Լաչինի ճանապարհը որևէ մեկը չի արգելափակել։ Ալիևի խոսքով՝ Բաքուն արդեն իսկ ուղղակի շփումներ է հաստատել տեղի հայության հետ։ Որպես հաջողված օրինակ ադրբեջանցի դիվանագետը մատնանշել է Լաչինի նոր ճանապարհի կառուցումն ու ադրբեջանցի մասնագետների այցելությունները Սարսանգի ջրամբար։
Ի՞նչ է ասել Ռուսաստանի ներկայացուցիչը
«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան։
Նա վստահեցրել է, որ ՌԴ պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը իրավիճակի շուտափույթ կարգավորման համար ձեռնարկում են «բոլոր անհրաժեշտ ջանքերը», այդ թվում՝ կազմակերպում հայ և ադրբեջանցի գործընկերների «կանոնավոր շփումներ»։
Որպես տարված աշխատանքի արդյունք՝ ՌԴ ներկայացուցիչը մատնանշել է ԼՂ-ում գազամատակարարման վերականգնումն ու Լաչինի միջանցքի «մասնակի ապաշրջափակումը»։
«Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու չափանիշները»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Հարցի միջազգայնացումը կարևոր էր»․ գնահատականներ Երևանից
Հայաստանի պաշտոնյաները դրական են գնահատել ԱԽ նիստի արդյունքները։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նիստը հաջող է անցել, արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարեցվի, պետք է ապահովվի անխափան կապ Արցախի և Հայաստանի միջև:
«Նիստի սկզբում ներկայացվեց, որ կա մամուլի հաղորդագրության նախագիծ, որը պետք է քննարկվեր: Իմ տեղեկություններով՝ այն քննարկման փուլում է հիմա, կտեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն»,— հայտնել է նա:
Խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կարծիքով՝ արված ծավալուն աշխատանքի արդյունք էր այն, որ Անվտանգության խորհրդի «ծանրակշիռ անդամները կոչ արեցին անհապաղ բացել Լաչինի միջանցքը»։
Լրագրողները հետաքրքրվել են՝ բացի հայտարարությունից ինչի՞ սպասել։ Արշակյանը նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է ընդունել բանաձև, կիրառել տարբեր տեսակի քաղաքական մեխանիզմներ։
«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»,- ընդգծել է նա։
Իշխանական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարևորել է այն, որ հարցը միջազգայնացվել է։ Կարծում է՝ հնչած ելույթներն իրենց ազդեցությունը կունենան․
«Հաշվի առնելով ելույթների հարաբերակցությունը, կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի»։
Եղոյանի խոսքով՝ ճանապարհի բացման երկու տարբերակ կա․ իրականացնել այն փակողների պահանջները կամ նրանց ցույց տալ, որ այդ պահանջների իրագործումն անհնար է։ Ասում է՝ հայկական կողմը պետք է առաջ շարժվի երկրորդ տարբերակով։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին զարմացնում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի «ֆետիշացման փորձերը»։ Նրա խոսքով՝ դրական արձանագրում է այն, որ խորհրդի բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը։ Բացի այդ, «բոլոր ելույթ ունեցողներն օգտագործել են Լեռնային Ղարաբաղ անվանումը»։
«Մյուս կողմից, ինձ զարմացնում են նիստի ֆետիշացման, այդ նիստը՝ որպես հայկական դիվանագիտության «հաղթանակ» ներկայացնելու փորձերը: Ի վերջո, ՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել որևէ բանաձև կամ չի հնչեցրել անգամ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ակնարկ»,- տելեգրամյան ալիքում նշել է Սուրենյանցը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ՄԱԿ-ից ակնկալիքներ ունենալուց առաջ պետք է հաշվի առնել կառույցի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի «բանալի» արտահայտությունը, թե՝ «ՄԱԿ-ը ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքում»։
«Միջազգային համակարգը ու նրա գլխավոր գործիքը՝ ՄԱԿ-ը, ճգնաժամ են ապրում ու պետք չէ գործուն քայլեր սպասել մի կառույցից, որի անօգնականությունն ակնհայտ է դարձել հատկապես ուկրաինական պատերազմի օրերին»,- ընդգծել է նա։
Լաչինի միջանցքի արգելափակման քննարկում ՄԱԿ ԱԽ-ում