Ճգնաժամի ավա՞րտ Վրաստանում։ Կառավարությունն ու ընդդիմության մի մասը ստորագրել են համաձայնագիրը
Քաղաքական ճգնաժամի ավարտը Վրաստանում
«Ողջույն, Վրաստան, շնորհավորում եմ քաղաքական առաջնորդներին համաձայնագրի ստորագրման առնչությամբ, որը կօգնի հաղթահարել ճգնաժամը»,- Twitter-ում գրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ապրիլի 19-ի երեկոյան իշխանության և ընդդիմության մի մասի ներկայացուցիչները ստորագրել են Շառլ Միշելի առաջարկած համաձայնագիրը՝ քաղաքական ճգնաժամը քայլ առ քայլ հաղթահարելուն վերաբերող կետերով։
Այսպիսով կարելի է ավարտված համարել բազմամսյա դիմակայությունը Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև, որը սկսվել էր 2020 թ-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքը, հրաժարվել է աշխատել խորհրդարանում և տևական փողոցային ցույցեր է սկսել։ Կողմերի միջև որպես միջնորդ են հանդես եկել արևմտյան դիվանագետները։ 2021 թ-ի մարտից երկխոսության միջնորդներն էին Շառլ Միշելն ու նրա լիազոր ներկայացուցիչ Քիստիան Դանիելսոնը։
Փաստաթուղթը ստորագրել են իշխող «Վրացական երազանքն» ու ընդդիմադիր «Լելո», «Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Գիրչի», «Գիրչի․ ավելի շատ ազատություն» և Հանրապետական կուսակցությունները։
Փաստաթուղթը չեն ստորագրել երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Միասնական ազգային շարժումն» ու «Եվրոպական Վրաստանը»։ Թեև այդ կուսակցությունների առանձին կամ նախկին անդամներ ստորագրել են այն, այդ թվում՝ Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն և Դավիթ Բաքրաձեն։
Արարողությունը տեղի է ունեցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրում։ Ավելի վաղ կողմերը հանդիպել էին Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունում։
Ստորագրման արարողությանը ելույթ ունենալիս ԵՄ դեսպան Կարլ Հարցելը հայտարարել էր, որ «նոր էջ է բացվում մեր համատեղ գործողություններում, որոնք կշարունակվեն խորհրդարանում, որը Վրաստանը տանում է դեպի ապագա»։
«Սա շատ կարևոր պահ է։ Ես՝ որպես Եվրամիության դեսպան, որը մասնակցում է այս գործընթացին, ուզում եմ ընդգծել, որ համաձայնագիրը ստորագրել են ոչ միայն այստեղ հավաքվածները, այլև Վրաստանի քաղաքացիները։ Շնորհակալություն համագործակցության համար, որն ունեցել ենք այս ընթացքում»,- ասել է Հարցելը։
Ապրիլի 18-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի քաղաքական կուսակցություններին առաջարկների նոր փաթեթ էր ներկայացրել։
Փաստաթուղթը կոչվում է «Ապագա ուղի Վրաստանի համար» և մի շարք կետերով տարբերվում է նախորդ փաստաթղթից, որը մարտի 31-ին առաջարկել էր Եվրախորհրդի նախագահի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը։ Մասնավորապես, նոր փաստաթուղթն այլ մոտեցում է առաջարկել երկու կետերի վերաբերյալ, որոնք առավել շատ էին վիճարկում երկրի ընդդիմությունն ու իշխանությունը․ քաղբանտարկյալների ազատ արձակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Փոխզիջման հինգ կետերը․ ստորագրված փաստաթղթի հիմնական թեզերը
1. Քաղաքականացված արդարադատություն
Հիմնական կետերից մեկը, որը պնդում է ընդդիմությունը, այն է, որ կալանավորված երկու ընդդիմադիր գործիչներ Նիկա Մելիան և Գիորգի Ռուրուան անմեղ են և պետք է ազատ արձակվեն։ Փաստաթղթում նրանց անուններն ուղղակիորեն չեն հիշատակվում։ Սակայն ասվում է, որ «Վրաստանի քաղաքական կայունության շահերից ելնելով»՝ փաստաթուղթը ստորագրած կողմերը պետք է մեկ շաբաթվա ընթացքում «արձագանքեն երկու գործի, որոնք ընկալվում են որպես քաղաքականացված արդարադատություն»։
Նման արձագանք կարող է լինել 2019 թ. հունիսի 19-21-ի ցույցերի հետ կապված բոլոր խախտումների և կալանքների վերաբերյալ համաներման հայտարարումը (Մելիայի կալանքը կապված է այդ իրադարձությունների հետ)։ Այլ գործողություն կարող է լինել ձերբակալվածներին ազատ արձակելը կամ որևէ այլ միջոց, որը համանման արդյունք կունենա»։
Ահա ևս մեկ պայման, որն անհրաժեշտ է այս դրույթի ուժի մեջ մտնելու համար․ փաստաթուղթը ստորագրած բոլոր անձինք պետք է աշխատեն խորհրդարանում։
Ժամկետը՝ փաստաթղթի ստորագրումից մեկ շաբաթ անց։
2. Հավակնոտ ընտրական բարեփոխում
Առաջարկություն փոփոխությունների վերաբերյալ, որոնք արժե կատարել Վրաստանի ընտրական համակարգում մոտ ապագայում․
● Հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն ամբողջությամբ համամասնական (կուսակցական ցուցակներով)։ Հաջորդ երկու ընտրությունների համար շեմը կարող է կազմել մինչև երկու տոկոս։ Մեկ կուսակցությունից նվազագույնը չորս հոգանոց խումբը կարող է խորհրդարանական խմբակցություն ձևավորել, որին կարող են անդամակցել նաև այլ կուսակցությունների պատգամավորներ։
● 2021 թ-ի աշնանը նախատեսվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետևյալ համակարգով են անցնելու։ Հինգ խոշոր քաղաքներում (Թբիլիսի, Քութայիսի, Բաթում, Ռուսթավի, Զուգդիդի) համամասնական և մեծամասնական մանդատների միջև տեղերը բաշխվում են 4/1 սկզբունքով։ Երկրի մնացած բոլոր հավածներում՝ 2/1։ Թբիլիսիում ընտրական շեմը կազմելու է 2,5 տոկոս, մյուս տեղերում՝ 3 տոկոս։
● Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրվելու է խորհրդարանի պատգամավորների ձայների 2/3-ով։ ԿԸՀ փոխնախագահը պետք է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ լինի։ Առաջարկվել են նաև ԿԸՀ-ի, շրջանային և տարածքային հանձնաժողովների համալրման կանոնների փոփոխություններ։
Ժամկետ․ Ընտրությունների մասին օրինագծի քննարկումը պետք է վերսկսվի այն բանից անմիջապես հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները սկսեն աշխատել խորհրդարանում։
Համաձայնագրի ստորագրումից երկու շաբաթ անց օրինագծում պետք է արտացոլվեն բոլոր փոփոխությունները, որոնք նշված են փաստաթղթում։ Այնուհետև, նորացված փաստաթուղթը պետք է ուղարկել ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրո և դրա եզրակացությունը ստանալ։
Խորհրդարանն այս փոոխությունները պետք է ընդունի մինչև աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները։
3. Օրենքի գերակայություն/դատական բարեփոխում
Հավակնոտ դատական բարեփոխումը պետք է ընդունվի ներկայիս խորհրդարանի գործունեության ժամկետում՝ կառավարության և ընդդիմության միջև լայնամասշտաբ համագործակցության արդյունքում։
Գլխավոր կետերի թվում է Գերագույն դատարանի դատավորների նշանակման կանոնների փոփոխությունն ու Արդարադատության գերագույն խորհրդի խորացված բարեփոխումը։
Փոփոխությունները պետք է վերաբերեն Գլխավոր դատախազությանը։ Մասնավորապես, հաջորդ գլխավոր դատախազի նշանակման համար պետք է խորհրդարանի անդամների որակավորված մեծամասնության համաձայնությունը լինի։
Փաստաթուղթը նաև մի քանի կարևոր տեխնիկական դետալներ է պարունակում, որոնք վերաբերում են գլխավոր դատախազի նշանակմանը։
Ժամկետ․ այս հարցերի քննարկումը կսկսվի այն պահից, երբ ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարան մտնեն։ Փոփոխությունների նախապատրաստված նախագծերը պետք է եզրակացության համար Վենետիկի հանձնաժողով ներկայացվեն մինչև հուլիսի 1-ը։ Առաջին քվեարկությունը խորհրդարանում կկայանա 2021 թ-ի աշնանային նստաշրջանին։ 2022 թ-ի գարնանային նստաշրջանից ոչ ուշ խորհրդարանը պետք է հաստատի այս փոփոխությունները։
4. Իշխանության բաշխումը խորհրդարանում
Ընդդիմության ներկայացուցիչները պետք է հինգ խորհրդարանական կոմիտե գլխավորեն։
Ընդդիմադիր կուսակցության պատգամավորները պետք է գլխավորեն խորհրդարանական պատվիրակությունները, որոնք Վրաստանն են ներկայացնում կարևոր միջազգային համաժողովներում, մասնավորապես՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում։
Ժամկետ․ խորհրդարանում լիազորությունների վերաբաշխման գործընթացը պետք է սկսվի ստորագրումից մեկ շաբաթ անց, որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն 2021 թ-ի աշնանային նստաշրջանի գումարումից անմիջապես հետո։
5. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կախված կլինի տեղական ընտրությունների արդյունքից
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Վրաստանում կհայտարարվեն, եթե իշխող «Վրացական երազանքը» 2021 թ-ի աշնանը ՏԻՄ ընտրություններում ստանա համամասնական ձայների մինչև 43 տոկոսը։
Կուսակցությունները պետք է ի գիտություն ընդունեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականը, որոնք հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նշել են, որ «դրանք անցկացվել են մրցակցային միջավայրում և, ընդհանուր առմամբ, հիմնական ազատությունների պահպանմամբ։ Այնուամենայնիվ, պետք է ընդունվեն նաև լայնորեն տեղ գտած մեղադրանքներն ընտրողների վրա ճնշում գործադրելու, իշխող կուսակցության և պետության միջև սահմանները ջնջելու, ֆորմալ հիմքի վրա բողոքների մեծ մասը քննելուց հրաժարվելու համար»։
Կողմերը խոստովանում են, որ տարբեր կերպ են գնահատում 2020 թ-ի ընտրություններն ու համաձայնում են աշխատել խորհրդարանում, ինչպես նաև մասնակցել փաստաթղթով արդեն համաձայնեցված ընտրական բարեփոխման հիման վրա կայանալիք ընտրություններին՝ ի շահ Վրաստանի քաղաքական կայունության և այս համաձայնագրի կատարման նպատակով։