Կարծիք․ ռուսական «միջանցք» Վրաստանի տարածքով․ ինչո՞վ է սպառնում հակամարտության սրացումը Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության զարգացումը կարող է բերել նրան, որ դրանում ուղղակիորեն ներգրավվեն Ռուսաստանն ու Թուրքիան։ Այդ դեպքում Ռուսաստանը կարող է փորձել «միջանցք» բացել Վրաստանի տարածքում՝ Հայաստանի համար լրացուցիչ զորք մտցնելու նպատակով, ինչպես նաև իր վերահսկողության տակ առնել հայերով բնակեցված Ջավախքի շրջանը,- գրում է վրացի լրագրող և ռազմական տեսաբան Թեմուր Կիգուրաձեն։
Ներկա պահին Վրաստանը պաշտոնապես չեզոք դիրքորոշում է զբաղեցնում հակամարտությունում և երկու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ սկսել՝ Թբիլիսին որպես հանդիպման վայր օգտագործելով։
•Մարտեր Արցախում, թարմացվում է։ Ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ
•Ռուս փորձագետ․ հինգ շրջանները պետք է վերադարձնել Ադրբեջանին, Ղարաբաղից հայերի վտարումն անթույլատրելի է
•Ռազմական փորձագետները Հայաստանից և Ադրբեջանից կասկածում են կորուստներին պաշտոնական թվերին
Սակայն, հաշվի առնելով խաղաղ բանակցությունների բացակայությունը, կարելի է ասել, որ Գյանջայի (մեծությամբ երկրորդ քաղաք) հրետակոծմանն Ադրբեջանի պատասխանը կարող է հենց Հայաստանի վրա հաստատված և անվիճելի հարձակում դառնալ։
Ենթադրենք, թե Հայաստանի ձեռքում են հայտնվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի մասնակցության ճշմարտանման ապացույցներ։ Ռուսաստանը գործարկում է ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, որի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը) արձանագրությունները և այս հակամարտությունում պաշտոնապես սատարում է Հայաստանին՝ ապահովելով օժանդակություն օդից և, ի վերջո, զորքով։
Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է․ այն պետք է պաշտպանի իր դաշնակցին և ռազմավարական շահերը՝ Ռուսաստանի կողմից շահագործվող հարավկովկասյան երկաթուղին, էներգետիկ և հանքարդյունաբերական ընկերությունները, ինչպես նաև Հայաստանի բնակիչներին, որոնցից շատերը հայկական և ռուսական քաղաքացիություն ունեն։
Ըստ էության, Հայաստանը մեկուսացված երկիր է, որը շրջապատված է իր պատմական հակառակորդներով՝ Թուրքիայով և Ադրբեջանով, իրանական սահմանի կարճ հատվածով և մատակարարման գլխավոր գծով՝ Վրաստանի սահմանով։
Ռուսաստանը չի կարող մատակարարել իր բազաներն ու Հայաստանի ռազմական գործողությունները, քանի որ Վրաստանը խստորեն արգելում է Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների տարանցումն, ինչպես նաև ցանկացած ռազմական բեռ դեպի Հայաստան և Ադրբեջան։
Իրանի տարածքով օդային երթուղին, որն այժմ օգտագործվում է Հայաստանի ռուսական ռազմաբազաների մատակարարման համար, չափազանց երկար է, չափազանց դանդաղ և չափազանց թանկ։ Ռուսաստանին մատակարարումների համար անհրաժեշտ կլինի անվտանգ և վստահելի միջանցք, այդ պատճառով էլ Մոսկվայի համար լավագույն տարբերակն այն Վրաստանի տարածքում բացելն է։
Ահա թե ինչն է ամենավատը Վրաստանի համար։ Հայաստանի ռուսական ռազմաբազաների համար մատակարարումների երթուղին, ըստ ամենայնի, անցնելու է Վրաստանից անջատված Հարավային Օսիայի շրջանով, որտեղ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ուժեղ է, և այն ուղղակիորեն սահմանակից է Ռուսաստանին։
Հարավային Օսիայից դեպի Հայաստան երթուղին կարող է անցնել Թբիլիսիով կամ, որպես այլընտրանք, Ախալքալաքով և ողջ Ջավախքի շրջանով՝ Վրաստանի հարավային տարածքով, որտեղ հիմնականում հայեր են բնակվում։ Քանի որ երկրի մայրաքաղաքի գրավումը չափազանց բարդ և թանկարժեք գործողություն է, ըստ ամենայնի, այլընտրանքային երթուղի կընտրվի։
Այդ շրջանում արդեն նկատվում է որոշակի անկայունություն և Հայաստանին աջակցության արտահայտում։ Այդ շրջանի նկատմամբ Ռուսաստանի մեծ հետաքրքրությունը կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանում, իրավիճակի օգտագործում՝ հարևան հայկական և ադրբեջանական համայնքների բնակչության միջև անկարգությունների և բախումների հրահրման և կազմակերպման նպատակով։
Այդ դեպքում հեշտությամբ հնարավոր կլինի երկու սցենար կիրառել։
Ջավախքի շրջանն անկախանում է Վրաստանից և «Ժողովրդական հանրապետություն» ստեղծում՝ Վրաստանին մեղադրելով տեղի բնակչությանը, նրա լեզուն և մշակույթը ճնշելու, Թուրքիային ու Ադրբեջանին (Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներ) այս պատերազմում սատարելու համար։ Ռուսաստանն աջակցում է այս սցենարին՝ հայտարարելով, որ մտադիր է տարածաշրջանը փրկել «արևմտյան և թուրք տիկնիկավարների վրացի ֆաշիստներից» և պաշտպանել տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքացիներին, քանի որ Ջավախքի հայկական բնակչության զգալի մասը կրկնակի՝ վրացական-ռուսական, անգամ եռակի՝ վրացական-հայկական-ռուսական քաղաքացիություն ունի։
Ռուսաստանը Վրաստանին մեղադրում է ահաբեկչության սատարման համար (նույնատիպ մեղադրանքներ են եղել Առաջին և Երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ և Վրաստանում 2002 թ-ին Ռուսաստանի կողմից Պանկիսիի կիրճի գնդակոծումից հետո)՝ Թբիլիսիին մեղադրելով դեպի ռազմաճակատ Վրաստանի տարածքով Թուրքիայի աջակցությունն ունեցող սիրիացի ապստամբներին անվտանգ երթուղու տրամադրման համար։ Այսպիսի մեղադրանքներ արդեն հնչել են, և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը ստիպված էր սա պաշտոնապես հերքել։
Ռուսական զորքերը, որպես բազա օգտագործելով Հարավային Օսիան, արագ «հակաահաբեկչական գործողություն» են իրականացնում՝ Ջավախքի թուրքական սահմանն անվտանգ դարձնելու և Արևմտյան և Արևելյան Վրաստանը միացնող երկու հիմնական ճանապարհները փակելու համար։
Ռուսական զորքերը կարող են անգամ հին խորհրդային բազան հեշտությամբ վերադարձնել Ախալքալաք, որը որպես ամրոց էր օգտագործվում դեռևս 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմների ժամանակ և սառը պատերազմի տարիներին առկա սպառնալիքի դեմ։ Հենց որ հիմնական ուղիներն ապահովվեն, դեպի Հայասատն ճանապարհը կբացվի։
Թե ինչ կարող է հետևել այս գործողություններին, և արդյոք Հարավային Կովկասը գոյություն կունենա իր ներկայիս տեսքով և ներկայիս սահմաններով, այստեղ կարող է մի քանի տարբերակ լինել։
Սակայն դրանցից ոչ մեկը հարմար չէ ո՛չ մեզ, ո՛չ տարածաշրջանի որևէ այլ երկրի։ Ղարաբաղը կարող է նոր Սարաևո դառնալ, որը կայծը կտա, և հսկայական հրդեհ կբռնկվի, որը թեժացնելու համար այնտեղ կնետվեն զինվորների և խաղաղ բնակիչների բազում կյանքեր։ Պետք է կանգնեցնել այս խելագարությունը։