Ֆոսֆորային ռումբեր և անտառային հրդեհներ․ Արցախ, մարտեր, նորություններ 2020 թ-ի նոյեմբերի 3-ի առավոտվա դրությամբ
Հայկական ու ադրբեջանական բանակները սեպտեմբերի 27-ից դաժան մարտեր են վարում ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զրահատեխնիկայի, հրետանու և դրոնների կիրառմամբ։ Արդեն մի քանի հազար զինվորական և խաղաղ բնակիչ է զոհվել երկու կողմից։ Այս ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին, 18-ին և 26-ին հրադադարի պայմանագիր է կնքվել, սակայն ամեն անգամ այն միանգամից խախտվել է։ Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարը չպահպանելու համար։
Վերջին նորությունների ամփոփումը նոյեմբերի 3-ի առավոտվա դրությամբ, 2020
Տեղեկություններ Բաքվից
• Նոյեմբերի 2-ին և 3-ին մարտերը շարունակվում են հիմնականում Մարտակերտի, Մարտունու, Զանգելանի և Կուբաթլուի ուղղությամբ։
• Հայաստանի տարածքից հրետակոծվում են Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը․ Հայաստանի Բերդի, Ճամբարակի և Վարդենիսի շրջաններից՝ Ադրբեջանի Թովուզի, Գետաբեկի և Դաշքեսանի ուղղությամբ։
• Եվս ութ բնակավայր է անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ․ Իլհամ Ալիև։
• Ըստ Բաքվի տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ, վերահսկողության տակ է առնվել 201 բնակավայր։ Ամբողջությամբ ազատագրվել է Ֆիզուլիի շրջանը (Արցախի հարակից տարածք, հայկական ուժերի վերահսկողության տակ էր գտնվում 1990-ականների արցախյան պատերազմից հետո)։
• Ադրբեջանի նախագահի օգնականը Հայաստանին մեղադրել է ֆոսֆորային արկերի կիրառման համար դեռևս հոկտեմբերի 8-ին Ֆիզուլիի շրջանում ընթացող մարտերում․ «Ադրբեջանին այդ արկերի կիրառման համար մեղադրելով՝ Հայաստանն ուզում է մեղքն ուրիշի վրա գցել և ազատվել պատասխանատվությունից»։
Տեղեկություններ Երևանից
• Նոյեմբերի լույս 3-ի գիշերը մարտեր են ընթացել մի քանի ուղղություններով, Արցախի Պաշտպանության բանակը ոչ մեծ հատվածում նահանջել է մարտավարական նկատառումներով։
• Կասեցվել է ադրբեջանական բանակի առաջխաղացման փորձը հարավային ուղղությամբ (Իրանի հետ սահմանի ուղղությամբ), շարունակվում է հարձակումը հյուսիսային ուղղությամբ։
• Նոյեմբերի 2-ին ողջ օրը մարտեր են ընթացել Արցախի Մարտակերտ և Մարտունի քաղաքների և հարավային ուղղությամբ։ Ադրբեջանական ուժերը մեծացրել են ճնշումը։
• Արցախի Պաշտպանության բանակը հաջողությամբ հակահարձակում է իրականացրել հարավում, սակայն մի քանի դիրք է կորցրել Մարտունու ուղղությամբ։
• Արցախում ահագնանում են անտառային հրդեհները, անտառները միտումնավոր հրդեհում են ադրբեջանցի զինվորականներն օդից՝ կիրառելով սպիտակ ֆոսֆոր։
• Արցախի օմբուդսմենը հաղորդում է, որ այրվել է ոչ պակաս, քան 1 815 հեկտար անտառ, բնապահպանական աղետ է տեղի ունենում։
• Արցախի օմբուդսմենը հայտարարել է, որ «Ադրբեջանի բանակը ռազմական հանցագործություն է կատարում, հրդեհներն ուղղված են քաղաքացիական բնակչության դեմ, որը փորձում է հրետակոծությունից թաքնվել անտառներում»։
• Հայաստանի ԱԳՆ-ն կրկին հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն օտարերկրյա ահաբեկիչ-վարձկաններ են ներգրավում։
• Մի քանի հարյուր կին և երեխա նոյեմբերի 2-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել՝ պահանջելով կանգնեցնել պատերազմն ու ճանաչել Արցախի անկախությունը։
Բանակցություններ
• Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Տարածաշրջանի քարտեզը, որտեղ տեղի է ունենում ղարաբաղյան հակամարտությունը