Ռուս փորձագետ․ հինգ շրջանները պետք է վերադարձնել Ադրբեջանին, Ղարաբաղից հայերի վտարումն անթույլատրելի է
«Օկուպացված հինգ շրջանները [Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքից դուրս շրջանները — JAMnews] պետք է անկասկած Ադրբեջանին վերադարձվեն, իսկ Բաքուն լիարժեք իրավունք ունի Թուրքիայի աջակցությամբ կամ առանց նրա զինված պայքար մղելու դրանց ազատագրման համար։ Սակայն չի կարելի էթնիկ զտումներ թույլ տալ Ղարաբաղում», — ռուս վերլուծաբան, Ինովացիոն զարգացման ինստիտուտի իսլամական հետազոտությունների բաժնի ղեկավար Կիրիլ Սեմյոնովը՝ ղարաբաղյան սրացման մասին։
Սեպտեմբերի 27-ից շարունակվում են մասշտաբային ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին։ Զոհվել է ավելի քան 200 զինվորական և քաղաքացիական անձ երկու կողմից, հազարավոր վիրավորներ կան։
«Չեմ բացառում Խոջալուի ջարդի նման իրադարձությունների կրկնողություն [1992 թ-ի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած ողբերգություն, քաղաքի գրոհի ժամանակ սպանվել է ավելի քան 600 խաղաղ բնակիչ — JAMnews]։
Եվ հայկական բնակչության նկատմամբ, ինչպես նաև ցեղասպանության այլ ակտեր։ Քանի որ 92 թ-ին պատերազմը մղում էին փաստացի երկու կողմերի աշխարհազորայիններն ու զինյալները, որոնք քիչ ընդհանրություն ունեն կանոնավոր բանակի և ռազմական կագապահության հետ։
•Հայաստանի և Ադրբեջանի ռազմական փորձագետները կասկածի տակ են դնում կորուստների պաշտոնական թվերը
Կարծում եմ նաև, որ այն վարկածները, թե սիրիացի վարձկաններ են բերվել պատժիչ գործողությունների համար, մեղմ ասած, աչքի չեն ընկնում վերլուծական մշակման բարձր մակարդակով և ծառայում են բացառապես պրոպագանդիստական նպատակների՝ Թուրքիայի և Ասադի սիրիացի հակառակորդների հրեշացմանը։
Սակայն միաժամանակ, եթե ողջ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական զորքերը վերադարձնեն ռազմական գործողության ընթացքում, ապա դա, միևնույնն է, կհանգեցնի էթնիկ զտումների և այդ շրջանից արդեն ողջ հայ բնակչության վտարման։ Սրանում ես նույնպես կասկածներ չունեմ։ Եվ սա նույնպես չի կարելի թույլ տալ։
Այդ պատճառով էլ հակամարտությունը պետք է կասեցվի և պետք է ազդակ դառնա ղարաբաղյան կարգավորման նոր ճանապարհային քարտեզի անհապաղ մշակման համար՝ այս կամ այն որոշումների չկատարման համար նախատեսված պատժամիջոցներով»։