Ղարաբաղ․ նոր սրացո՞ւմ, թե՞ երրորդ պատերազմ։ Եվ ինչպե՞ս է դա կապված ուկրաինական պատերազմի հետ
Ղարաբաղը և պատերազմն Ուկրաինայում
Շուրջ մեկ ամիս է, ինչ Ղարաբաղից տագնապալի լուրեր են ստացվում։
Հրադադարի մասին եռակողմ հայտարարության (2020 թ-ի նոյեմբերի 10-ին) ստորագրումից հետո կես տարի շփման գծում հարաբերական անդորր էր։ Սակայն այժմ ամեն օր հրապարակվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունները՝ հայկական կողմից հրադադարի խախտման, Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններն՝ ադրբեջանական կողմից հրաձգության մասին և հայկական մեդիայի հաղորդագրությունները՝ խաղաղ բանկչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու մասին։
Դիմակայության գագաթնակետն է դարձել Ֆառուխ ռազմավարական կարևոր բարձունքը և համանուն գյուղի փլատակները (հայկական անվանումը՝ Փառուխ) Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ անցնելու մասին լուրը։
Դրանից առաջ ադրբեջանական կողմը հայտարարել էր վերանորոգման աշխատանքների մասին և դադարեցրել գազի մատակարարումը Հայաստանի տարածքից Խանքենդի (Ստեփանակերտ) և Ղարաբաղի մյուս բնակավայրեր, որոնք գտնվում են ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման գոտում (այս հոդվածի հրապարակման պահին գազի մատակարարումն արդեն վերականգնվել է)։
Գրում են ադրբեջանական կողմից բարձրախոսներով պահանջներ հնչեցնելու մասին, որ հայ բնակիչները լքեն իրենց բնակության վայրերը, և այդ հաղորդագրություններին չհավատալու հիմքեր չկան։
Մարտի 11-ին Տելեգրամ-ալիքներում տեսանյութ է հայտնվել այն մասին, թե ինչպես է ռուս խաղաղապահների մի մասը մեկնում Ղարաբաղից։
Մարտի 27-ին խաղաղապահների կայքը, որը մինչ այդ չէր թարմացվել երկու շաբաթ, վերջապես «կենդանացավ» և հաղորդագրություն տեղադրեց, որում Ադրբեջանին մեղադրեց 2020 թ-ի աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտն ազդարարած հրադադարի մասին եռակողմ հայտարարության 1-ին կետի խախտման համար։
Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունն ի պատասխան հայտարարություն արեց, որում համաձայնագրի կետերի չկատարման պատասխանատվությունը դրեց հայկական կողմի վրա և ռուս խաղաղապահներին մեղադրեց լիազորությունների չարաշահման համար։
Ներկա պահին բարձունքի և Ֆառուխ (Փառուխ) գյուղի շուրջ իրավիճակը բավականին անհասկանալի է, երեք կողմերի տեղեկությունները հակասում են միմյանց։
Ի՞նչ է կանգնած դրա հետևում, և ինչո՞ւ այժմ։
Իմ կարծիքով՝ երկու հնարավոր պատճառ կա։
Առաջինը․ Ռուսաստանը ներքաշված է ուկրաինական պատերազմի մեջ, և Ղարաբաղի համար ժամանակ չունի։
Այս վարկածի համաձայն՝ Ադրբեջանը որոշել է օգտվել իրավիճակից և աշխատում է վտարել Ղարաբաղի հայերին իր միջազգայնորեն ճանաչված տարածքից։ Այս վարկածը հաստատում է այն փաստը, որ ադրբեջանական կառավարությունն Իրանի հետ հուշագիր է ստորագրել Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհի մասին։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստան հրաժարվել է միջանցք տրամադրել Մեղրիով, որը պետք է Ադրբեջանի հիմնական մասը կապեր դրա էքսկլավի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Այդ միջանցքը պետք է կապեր Ռուսաստանն ու Հայաստանը՝ հարմարավետ հաղորդակցման ուղիով։
Ինձ թվում է, որ ի սկզբանե ադրբեջանական կողմը հաշվարկում էր, որ դա արտատարածքային միջանցք է լինելու, այսինքն՝ այդտեղ չեն լինելու հայկական սահմանային և մաքսային անցակետեր։
Եվ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ալիևի, Պուտինի և Փաշինյանի հայտարարության 9-րդ կետում գրված է «անարգել տեղաշարժ» (ինչը չկա Լաչինի միջանցքի դեպքում, որը կապում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզը Հայաստանի տարածքի հետ)։
Սակայն Հայաստանի իշխանությունը հրաժարվել է տրամադրել արտատարածքային միջանցք։ Իսկ սովորական ճանապարհը՝ երկու անցակետերով, այն էլ՝ ռուսական ուժերի վերահսկողության տակ, Ադրբեջանի համար շահեկան չէ, բացի այդ, դրա համար հարկ կլինի վճարել, ըստ ամենայնի։
Այդ պատճառով էլ Ադրբեջանի կառավարությունն Իրանի հետ հուշագիր է ստորագրել Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհի մասին։ Դրա համար նա ստիպված կլինի երկու կամուրջ կառուցել Արաքս գետի վրայով։
Ստացվում է, որ Հայաստանը զրկվում է Մեղրիով Ռուսաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային կապից։ Ճիշտ է, մեկը մյուսին չի հակասում, կարելի է երկու միջանցք կառուցել։ Մեղրիով կանցնեն սովորական ապրանքներ, Իրանով, ասենք, ռազմական, որպեսզի Հայաստանի մաքսատունը չտեսնի։
Այսպիսով՝ Ադրբեջանը կարծես ցուցադրում է, որ տրանսպորտային խնդրի այլընտրանքային լուծում ունի։
Երկրորդ հնարավոր պատճառը Ռուսաստանի հետ պայմանավորվածությունն է։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում փետրվարի 22-ին ստորագրել են «դաշնակցային համագործակցության» (անհասկանալի եզր) մասին հռչակագիր։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի և Լուգանսկի անջատողական անկլավների ճանաչման հաջորդ օրը։
Պարզ է, որ այդ համաձայնագիրը նախապատրաստվել էր վաղուց, այնտեղ Ադրբեջանի համար շահեկան կետեր կան։ Սակայն ստորագրման համար ընտրված ժամանակը ստիպում է մտածել։
Կարևոր է նաև այն, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անջատողական կառավարությունների ճանաչումը մեծապես վնասել է Ղարաբաղի հայերին։ Եվ նրանց համար այժմ ավելի դժվար կլինի հասնել իրենց «Արցախի Հանրապետության» ճանաչմանը, քանի որ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո այդ «ճանաչումները» լիովին օրինականորեն կարելի է համարել casus belli (պատերազմի առիթ, մեր դեպքում արդեն՝ երրորդ)։
44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թ-ի հունվարին, Աղդամի շրջանում ստեղծվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն, որը պետք է հետևեր հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Մեկ տարուց ավելի այդ կենտրոնը ոչ մի հրապարակային հայտարարություն չի արել այն մասին, որ հրադադարի ռեժիմ է խախտվել, և ով է այն խախտել։
Ա՞չք են փակում։ Ենթադրենք, Ադրբեջանը պայմանավորվել է Թուրքիայի հետ։ Իսկ Ռուսաստանի հա՞րցը։
Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել իր երկու միլիոն համաքաղաքացիներին, որոնք այժմ բնակվում են Ռուսաստանում։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմի հեռանկարներին ողջ տարածաշրջանի համար, ապա Ռուսաստանի թուլացումն անխուսափելի է, սրա մասին ոչ ոք չի վիճի։
Ադրբեջանի համար դա ներգաղթողների լրացուցիչ ռիսկ է։ Այժմ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ է, ինչպես օդայինն, այնպես էլ ցամաքայինը, դա համավարակի հետևանքն է։ Սակայն, եթե պատերազմը ձգձգվի, անխուսափելի է միգրանտների ներհոսքը, իսկ Ռուսաստանում 2-2.5 մլն (!) էթնիկ ադրբեջանցի կա։
Վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունը բնավ շահագրգռված չէ, որ այդպիսի ներհոսք կամ իրավիճակի հնարավոր ապակայունացում տեղի ունենա։
Արդյո՞ք նոր պատերազմ կլինի Ղարաբաղում
Երևի թե՝ այո։
Ցանկացած դեպքում, խաղաղ բնակչությունը ոչ մի դեպքում չպետք է տուժի։ Ինձ հաստատ կքննադատեն այս առաջարկի համար, սակայն ես, Հայաստանի իշխանության տեղը լինեի, սահմանին՝ Գորիսի կողմերը, ժամանակավոր ապաստարաններ կկառուցեի և այնտեղ կտեղափոխեի Ստեփանակերտի և հայերով բնակեցված մյուս բնակավայրերի խաղաղ բնակիչներին։
Թող դա ժամանակավոր միջոց լինի։ Նրանք պետք է վերադառնան և Շուշա (Շուշի), և Հադրութ, և մյուս գյուղեր։ Սակայն, քանի դեռ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, պատերազմի սպառնալիք կա, պետք է խաղաղ բնակիչներին իրավունք և հնարավորություն տալ ինքնակամ լքել վտանգավոր գոտին։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։