Ղարաբաղում արգելվում են սելեկտիվ աբորտները
Ղարաբաղում կարգելվեն սեռով պայմանավորված աբորտները, ինչին կողմ են քվեարկել ԼՂ Ազգային ժողովի 28 պատգամավորներ: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ընդունվել է մարտի 30-ին:ԼՂ նախագահի ստորագրելուց հետո օրինագիծը կմտնի ուժի մեջ:
Այն լուրջ տարակարծությունների առիթ էր դարձել. ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի հրապարակումներից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ընդհանրապես արգելվելու են հղիության արհետսական ընդհատումները: Համենայն դեպս, պարզ չէր, թե իրականում ինչ փոփոխություն է նախատեսվում:
Այդ նպատակով պարզաբանում խնդրեցինք ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանից: Ղարաբաղում, ըստ պատգամավորի, կան այնպիսի դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով կանայք արհեստականորեն ընդհատում են իրենց հղիությունը. «Հաշվի առնելով Ղարաբաղի ժողովրդագրական վիճակը, խտրականությունը, հումանիզմը այդ քայլի մեջ, մենք այս օրենքի նախագծով որոշել ենք արգելել սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները»:
Արամ Գրիգորյան հիշեցրեց, որ հանրապետությունում հղիության ընդհատումը մինչեւ 12 շաբաթական իրականացվում է կամավորության սկզբունքով, իսկ 12-22 շաբաթականը՝ բժշկասոցիալական ցուցումներով: Նշված ցուցումների ցանկը, ըստ նրա, մեծ է, այդ շարքում են, օրինակ, այդ դեպքերը, երբ պտղի մոտ անոմալիա է նկատվում, կամ մոր կյանքին վտանգ է սպառնում: