Ղարաբաղյան հակամարտության արտացոլանքը. կինո և գրականություն
«Կյանք ու կռիվ» ֆիլմի պաստառ
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պաստառ
Տեսարան՝ «Թեւանիկ» ֆիլմից
Հայ արձակագիր, գրող Լեւոն Խեչոյան
Պաթոսից և ատելությունից մինչև հումանիզմ, համամարդկային արժեքների քարոզից մինչև ռազմահայրենասիրական ոգեշնչում, թշնամանքից մինչև խաղաղասիրություն, հաղթանակներից մինչև մարդկային ողբերգություն. հայաստանյան արվեստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արտացոլված է ամենատարբեր դրսևորումներով:
Ղարաբաղյան պատերազմի սկզբից՝ 1991 թ.-ից մինչ օրս, Հայաստանում հրատարակվել են հազարավոր բանաստեղծություններ, գեղարվեստական ու փաստավավերագրական գործեր, նկարահանվել են 100-ից ավելի խաղարկային և վավերագրական ֆիլմեր, բեմադրվել՝ 4 թատերական ներկայացում:
Հակամարտության մեջ ներգրավված կողմերի միջև 1994 թ.-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրից հետո դեռևս իր հանգուցալուծումը չգտած հակամարտությունը շարունակում է մարդկային կյանքեր խլել: 2016թ. ապրիլի 2-ի գիշերը չորս օր տևած զինված բախումները աննախադեպ էին իրենց ծավալով: Հայաստանում այդ ժամանակահատվածը անվանում են չորսօրյա պատերազմ: Հարյուրավոր զոհեր երկու կողմից, արդեն առկա անվստահության ու թշնամանքի խորացում, մարդկային նոր ողբերգություններ, որոնք էլ ավելի մեծ պատնեշ են կառուցում հայերի և ադրբեջանցիների միջև:
2016 թ. «ապրիլյան պատերազմից» հետո հայաստանյան մշակութային կյանքում Ղարաբաղյան հակամարտության թեման կրկին արդիական դարձավ:
Խաղարկային կինո
Հայկական կինեմատոգրաֆիան երկրի անկախության 25 տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի քանի տասնյակ ֆիլմեր է ստեղծել: Խաղարկային ֆիլմերում գերակշռում են հակամարտության պատմական իրադարձությունները ներկայացնող, հայրենասիրական և ազգային ոգին բարձրացնող, կորուստների մասին պատմող, միևնույն ժամանակ հաղթանակները գովերգող և ոգեկոչող տեսարանները:
2016-ին ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ներկայացավ իր «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմով, որը, ինչպես ֆիլմի ստեղծողներն են նշել, նվիրված է «Արցախի ազատագրման համար զոհված հերոսներին»: Ֆիլմը 25 տարեկան չորս ընկերների և նրանց երկու քույրերի մասին է, որոնց ընկերությունը սկսվել է դպրոցական տարիներից: Հերոսների ճակատագրերը տարբեր են, բայց նրանց միավորող պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը: Դեպքերը զարգանում են 1990-1992-ին: Պատերազմ, սեր, հավատարմություն, այդ տարիներին հատուկ սոցիալական խնդիրներից անդրադարձ միայն միգրացիային, ազնիվ ու հավատարիմ զինվորներ և բացառիկ արի ու արդար հրամանատար, հարուստների որդիների անբռնազբոս կյանք Երևանում՝ պատերազմի ֆոնին: Կա նաև, մասամբ-դավաճան՝ ով ադրբեջանցի իր ընկերոջը, որի հետ մեծացել է սովետական որբանոցում ինֆորմացիա է փոխանցում, միայն ու միայն նրա կյանքը փրկելու համար: Ֆիլմում ազնիվ հերոսների օրինակով կարծես ասվում է, որ ուժեղ տղամարդ դառնալու համար պետք է ռազմաճակատ գնալ, անցնել պատերազմով:
Ֆիլմը լայնորեն գովազդվեց, ցուցադրվեց կինոթատրոններում, Հանրային հեռուստաընկերությամբ, քաղաքի գովազդային վահանակներին երկար ամիսներ ֆիլմի պաստառներն էին: Կինոդահլիճները լեփ լեցուն էին, մարդիկ դիտումներից հետո դահլիճները լքում էին թաց աչքերով ու հուզված:
Այնուամենայնիվ, ֆիլմը, որոշ կինոքննադատների կարծիքով շահագործում է ռազմահայրենասիրական քարոզչության կաղապարները, ինչը դժվար է շրջանցել, երբ կոնֆլիկտը դեռ հաղթահարված չէ:
Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն ասում է, որ արվեստի վրա անմիջական ազդեցություն է թողնում այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ չի ստացել իր քաղաքական լուծումը և սահմանին շարունակվում է ամենօրյա լարվածություն:
«Այս իրավիճակում ռեժիսորները չափազանց զգուշավոր են: Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմերի սլաքը ավելի շատ ուղղված է դեպի ներս, քան դեպի դուրս։ Այդ ֆիլմերը ուղղված են դեպի երիտասարդը, որը պետք է գնա պարտադիր զինվորական ծառայության: Այսինքն ավելի շատ հայրենասիրական ոգին բարձրացնելու միտում ունեցող ֆիլմեր են, որոնք այլ կերպ չեն էլ կարող լինել հիմա»,-ասում է կինոքննադատը:
2017-ին նույն ռեժիսորի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը, ներկայացնում է նույն հերոսների ճակատագիրը և Հայաստանի 25 տարիների անցած ճանապարհը: Հերոսները, որոնք մեկ անգամ հաղթահարել էին պատերազմը, երկրորդ անգամ են բախվում դրա հետ, արդեն «ապրիլյան քառօրյա պատերազմի» ժամանակ։
«Թե Հայաստանում, թե Ադրբեջանում այդ ատելության ֆոնին սեփական ազգը բարձրացնելու համակարգը այնքան խիստ է դրված, որ կինոյի միջոցով խաղաղության կոչ անելը կամ երկխոսության գնալու հարց դնելը, դեռ երկրորդական, երրորդական պլանում է: Եվ այս իրավիճակը, այս մոտեցումը միշտ էլ գործող սխեմա է եղել հակամարտության մեջ գտնվող աշխարհի ցանկացած երկրում: Նույնը և Վրաստանում է, և Ուկրաինայում Ռուսաստանի հետ կոնֆլիկտի հետ կապված»,-ասում է Մովսիսյանը:
Ֆիլմարտադրության ոլորտում իրենց յուրօրինակությամբ առանձնացել են կինոռեժիսոր, ծագումով Լեռնային Ղարաբաղից Ջիվան Ավետիսյանի ղարաբաղյան հակամարտության մասին 3 ֆիլմերը : «Ընդհատված մանկություն», /2013 թ. / «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» :
«Ընդհատված մանկություն» ֆիլմը պատմում է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Մարաղայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին, որի ժամանակ փոքրիկ հայ աղջիկը՝ Լենան, հայտնվում է գերության մեջ ու 129 օր ապրում ադրբեջանցի մի կնոջ տանը, ինչից հետո վերադարձվում է հայկական կողմին: Այս իրական ու դրամատիկ պատմությունը ռեժիսորը պատմում է նրբորեն, մարդասիրական ու համամարդկային հարցեր շեշտադրելով:
2014-ին նկարահանված «Թևանիկ» խաղարկային ֆիլմը նվաճել է բազմաթիվ միջազգային մրցանակներ` Չինաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում, արժանացել Հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակի: Ֆիլմի գլխավոր հերոսները 14 տարեկան 3 պատանիներ են՝ Արամը, Աստղիկը, Թևանիկը: Հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց կա մեկ ընդհանուր բան՝ պատերազմը քանդել ու բաժանում է ընտանիքներ։ Երկու ֆիլմերը ցուցադրվել են նաև Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկաներում:
Ջիվան Ավետիսյանի ղարաբաղյան հակամարտության թեմայով երրորդ՝ «Վերջին բնակիչը» խաղարկային ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ «ապրիլյան պատերազմից» հետո, պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության հետևանքով գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան: Վերջինս ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում ՝ կրակների մեջ, այրում իր ամուսնուն:
«Ընդհատված մանկություն» և «Թևանիկ» ֆիլմերի սցենարիստ, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն ասում է, որ ֆիլմերի հիմնական ուղերձը հետևյալն է. «Մարդիկ, տեսեք, թե ի՞նչ է անում պատերազմը երեխաների հետ ու փորձեք սթափվել»:
«Ես ատում եմ պատերազմը և երկու ֆիլմերում ստեղծված մարդկային ճակատագրերը, այդ ճակատագրերի զուգահեռների բախումը այս երկու բառի արտացոլումն է «ես ատում եմ պատերազմը»: «Ընդատված մանկություն» ֆիլմում այդ փոքրիկ աղջնակի բախտը բերում է, որ մոր ձեռք է ընկնում: Այստեղ արդեն չեմ ասում ադրբեջանցի, քանի որ մայրը ազգություն չունի: Այս ֆիլմում մարդկայինը հաղթել է այն առումով, որ այդ աղջիկը ֆիզիկապես և հոգեպես անվնաս վերադարձել է իր ընտանիք՝ իր մեջ պահելով հավատը մարդու նկատմամբ։ Սա երևի պատերազմի դեմ տարած ամենամեծ հաղթանակն է, որ այդ փոքրիկ աղջիկը և ադրբեջանուհի մայրը կարող էին անել»,-ասում է Խոդիկյանը:
Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի կողքին նշում է նաև Նիկա Շեկի 2013 թ. նկարահանված «Երկու աշխարհից՝ ի հիշատակ» գեղարվեստական ֆիլմը, որը նկարագրում է 1988 -ի փետրվարի 27-ին Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ բնակչության ջարդերը:
«Այդտեղ մի տեսարան կա, երբ տարբեր ազգերի երկու մահացած երիտասարդների հուղարկավորման թափորները հանդիպում են իրար, դեմ դիմաց: Այս ֆիլմում, ինչպես նաև Ջիվան Ավետիսյանի առաջին երկու ֆիլմերում կան այդպիսի փոքրիկ դրվագներ, որոնք քարոզում են մարդասիրություն ու հումանիստական մոտեցում, բայց դրանից ավելի ոչինչ չես կարող այսօր անել կինոյում: Դրանք խուլ գոռոցներ են, որովհետև մի այնպիսի իրավիճակ է հիմա ստեղծված, որ խաղաղասերը նույնիսկ թշնամու պիտակ է ստանում և այդ գործընթացում դավաճան երևալու մտավախությունը բնականաբար երկու երեք անգամ ավելի սուր է»,-ասում է Մովսիսյանը։
Վավերագրական ֆիլմերն ավելի բազմազան են: Բազմաթիվ միջազգային նախագծերի շնորհիվ հնարավոր է գտնել անգամ համատեղ, հայ-ադրբեջանական ֆիլմեր, ուղղված խաղաղշինությանը:
Բացառիկ մարդկային գործ է Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը 2007 թվականից ցուցադրվել է աշխարհի տարբեր կինոփառատոներում և դահլիճներում:
Վարդանը փորձում է հասկանալ թե ինչպես կարելի է մարդ մնալ պատերազմը տեսնելուց, վերապրելուց, դրան մասնակցելուց հետո:
Պատերազմի մասնակից, թեժ գծի լրագրող Վարդանը 20 տարի անց պատմում է կռված տղաների մասին, երբ պատերազմական գործողություններ չկան, միավորելով նրանց կռվի տարիներն ու կյանքը:
Ֆիլմում 20-մետրանոց մարտադաշտի խրամատներից արված հազվագյուտ արխիվային նկարահանումներ են, որոնք համակցված են փրկվածների մարդկային ու հուզիչ պատմություններով:
«Ինքը ցույց է տալիս այդ ժամանակը 20 տարվա տարբերությամբ, թե ի՞նչ տեղի ունեցավ այդ մարդկանց կյանքում, ի՞նչ հոգեբանական ազդեցություն ունեցավ պատերազմը նրանց վրա: Դա շատ մարդասիրական մոտեցում է՝ ցույց տալ, որ պատերազմի ավարտով պատերազմողի կյանքում դեռևս ավարտված չ է պատերազմը, որ դա կարող է քեզ հետապնդել ամբողջ կյանքի ընթացքում, որ դա կարող է խեղել քո ամբողջ ճակատագիրը, որ դա կարող է խեղել մի ամբողջ հասարակության մի ամբողջ սերնդի ճակատագիր»,-եզրափակում է Մովսիսյանը։
BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ), WDR(Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE(Ֆինլանդիա) միջազգային անվանի կինոարտադրողների հետ համատեղ ստեղծված այս ֆիլմը թարգմանվել է 15 լեզվով և արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակի:
Գրականություն
Ղարաբաղյան հակամարտությունը արտացոլվել է հայ գրականության մեջ պատերազմի առաջին իսկ օրերից: Ըստ գրականագետների, ինչպես արձակում, այնպես էլ պոեզիայում ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ գործերում գերակշռում է հումանիստական և մարդակենտրոն մոտեցումը:
Հակամարտությանը վերաբերող գրական գործերի մի մասը ստեղծվել են այն գրողների կողմից, որոնք անձամբ մասնակցել են մարտերին, պատերազմական գործողություններին: Նրանց թվում կարելի է առանձնացնել Լևոն Խեչոյանի, Արա Նազարեթյանի և Հովիկ Վարդումյանի գործերը:
Այս հեղինակներից բացի կա գրողների մեկ այլ փունջ, որոնք չեն մասնակցել ղարաբաղյան պատերազմին, սակայն ստեղծել են այնպիսի գործեր, ինչպիսիք են օրինակ՝ Հրաչ Բեգլարյանի «Գեներալին սպասելիս» պատմվածքը, Հովհաննես Երանյանի պատմվածքներն ու «Զինանդադար» վիպակը, Սուսաննա Հարությունյանի պատվածքներն ու «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակը:
«Երբ մենք ասում ենք ղարաբաղյան հակամարտություն, ընթերցողները անընդհատ սպասում են գործեր, որոնք մեր հաղթական երթի պատմությունն են պատմելու ու գովերգելու: Այդ ամենը իհարկե կա, օրինակ՝ Նորեկ Գասպարյանի և Ռոբերտ Եսայանի բանաստեղծությունները, Վարդան Դևրիկյանի ակնարկները և Մարտիրոս Ոբնի «Դժոխքից եկածին հարցեր չեն տալիս» վեպը, որոնք լցված են ամբողջությամբ պաթետիզմով: Բայց այս ամենի կողքին մենք ունենք մեծ գրականություն ու գրողներ, որոնք պատերազմը նկարագրելը ու հաղթանակներ գովերգելը մի կողմ են թողել ու գրականությունում առաջ են մղել մարդուն»,-ասում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Գրականագետը շեշտում է, որ հակամարտության մասին հայ գրականության մեջ ստեղծված գործերի գերակշիռ մասն իրենց ամենատարբեր արարումներով, ողբերգական և հումորային դրվագներով նախևառաջ գրականություն են պատերազմի դեմ: Ի տարբերություն կինոարվեստի՝ հայ գրականությունը ողողված է խաղաղասիրական և համամարդկային արժեքներ կրող գործերով:
«Գլխավոր ընկալումն այն է, որ պատերազմը չարիք է մարդկության համար ու այդ անմարդկայնությունները չեն դիտարկվում արդեն, թե ով է արել: Այդ պատերազմի բովում մարդն է աղավաղվել ու սա ավելի զորեղ ազդակ է, որպեսզի մարդը դիալոգի մեջ մտնելով գրականության հետ, խուսափի նմանատիպ հակամարտություններ ու պատերազմներ ծնել»,-ասում է Նիկողոսյանը:
Այս համատեքստում գրականագետները առանձնացնում են ղարաբաղյան պատերազմի մասնակից, հայ արձակագիր Լևոն Խեչոյանի՝ 1999թ. լույս տեսած «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը:
«Սև գիրք, ծանր բզեզ» վեպը գրված է օրագրային ոճով, որտեղ ներկայացված են դրվագներ ոչ միայն պատերազմից, այլև առօրյա կյանքի խաղաղ պայմաններից:
Գրականագետ Գոհար Աքելյանն ասում է, որ Լևոն Խեչոյանի վեպում ի ցույց է դրվում առհասարակ պատերազմական իրավիճակում մարդու ողբերգությունը, ինքը իրենից և քաղաքակրթությունից օտարվելու գործընթացը:
«Վեպում նույնիսկ պատերազմական գործողություններ ու փաստեր չկան, թշնամին շատ անորոշ է ուրվագծված, ադրբեջանցին որպես թշնամու կերպար գրքում բացակայում է, չկա: Խեչոյանը գրականության մեջ իր ընթերցողին չի ուղղորդում դեպի ատելություն, չի դնում դիսկոմֆորտի մեջ՝ իր դիմաց կանգնած ադրբեջանցի գրական կերպարի հետ առնչվելիս, այլ ստիպում է իբրև մարդու նայել։ Վեպում պարզապես զինվորի ընկալումներն են, ով գտնվում է պատերազմի կենտրոնում և նրա շուրջ առկա իրականությունը, աշխարհը սխալ է, որովհետև դա այն միջավայրը չէ, որտեղ մարդը պետք է ապրի»,-ասում է Աքելյանը:
«Սև գիրք, ծանր բզեզ» վեպում պարզապես զգացողություններ, պատկերներ, գույների ընկալումներ ու հույզեր են, որոնք հակադրումների միջոցով ցույց են տալիս մարդու և բնության միջև խզումը, մարդու և մարդու միջև խզումը:
«Վեպի գլխավոր ասելիքը ու նպատակը հենց այն է, որ մարդը կարողանա անցնել բոլոր մեղքերի միջով, որը իրենից անկախ հանգամանքների բերումով է ստացվում և անմեղ մնալ, մարդ մնալ»,-ասում է Աքելյանը:
Ի տարբերություն արձակի՝ հայ պոեզիան շատ ավելի վաղ ու զգացական մակարդակում է անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը: 1988-ից մինչ օրս հազարավոր բանաստեղծություններ են գրվել նվիրված ղարաբաղյան պատերազմին:
Արքմենիկ Նիկողոսյանը կարևորում է հատկապես ծնունդով Լեռնային Ղարաբաղից գրող Վարդան Հակոբյանի «Քրիստոսի ծաղիկները» ասքը և Խաչիկ Մանուկյանի «Բարձունքը մերն է, տղերքը չկան» բանաստեղծությունը՝ որպես մարդակենտրոն և հումանիստական արժեք ունեցող գործեր:
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին,
Դիպան Աստղերին, աստղերը հանգան,
Ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.
Բարձունքը մերն է, տղերքը… չկան։
Գրում է Խաչիկ Մանուկյանը:
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և սահմանային լարվածությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում և սրվում են ամեն օր, որի հետևանքով երկու կողմից էլ զոհվում են զինվորական և քաղաքացիական անձինք: Միջազգային մեդիան հազվադեպ է անդրադառնում Կովկասի այս ցավոտ կետին, սակայն այդ ցավի ձայնը լսելի է դառնում աշխարհին նաև արվեստի ու մշակույթի միջոցով: