Ղարաբաղ՝ պահպանվե՞լ է ստատուս-քվոն
Իրադարձությունների տեսություն հակամարտության գոտուց
մայիսի 2-3, 2016թ.
Տեղեկատվություն Երևանից
Լուրեր հաստատված աղբյուրներից
Այսօր հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում են, որ առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
Հայաստանում այս իրավիճակը գնահատում են որպես Ադրբեջանի կողմից ակտիվ ռազմական գործողությունների նոր փուլի նախապատրաստական գործողություններ:
Լրատվամիջոցներն ակտիվորեն մեջբերում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որն արվել է Հելսինկիում Ֆինլանդիայի արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ.
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները`շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ …այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար: …Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով»:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, և հայտարարել, որ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը:
Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր բանակցությունների վերսկսման 3 պայմանների մասին, որոնցից մեկը զինադադարի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմների ներդրումն է: Մնացած երկու պայմանները միջազգային հանրության հասցեական հայտարարություններն ու Ադրբեջանի կողմից ագրեսիան չվերսկսելու երաշխիքներն են:
«Հայաստանի համար բանակցային գործընթացին վերադառնալը տրամաբանական չէ … առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների, քանի որ այժմ իրավիճակը բոլորովին այլ է… Մենք այնտեղ բանակցություններ սկսենք, իսկ զինվորականներն այստեղ`պատերա՞զմ»:
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը, պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր:
Նախորդ օրը՝ մայիսի 2-ին, նույն աղբյուրի համաձայն, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է:
Հայկական լրատվամիջոցները քննարկում են ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն, ով իրավական գնահատական է տվել Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի ու անխտրական զենքի գործադրման, ինչպես նաև ադրբեջանական խաղաղ բնակավայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու վերաբերյալ՝ դրանք դարձնելով թիրախ:
«Այսպիսով, Ադրբեջանը չի կատարում սեփական բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականությունը», — ասված է օմբուդսմենի հայտարարությունում:
Հայաստանի լրատվամիջոցները հրապարակել են Ադրբեջանի բնակավայրերի լուսանկարներ, որտեղ, ըստ տեղեկատվության, տեղակայվում է հրետանի և զրահատեխնիկա, որտեղից էլ «հիմնականում գիշերային ժամերին հրետակոծվում են հայկական դիրքերն ու բնակավայրերը:
Մեջբերվում է նաև ԼՂ պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում ասված է, որ Ադրբեջանի ղեկավարությունը «թաքնվում է խաղաղ բնակիչների թիկունքում՝… նրանց դարձնելով կենդանի թիրախ»:
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Ղարաբաղ, որտեղ հանդիպել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանին:
Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂ-ում չէր եղել գրեթե 10 տարի, վերջին անգամ դա տեղի է ունեցել 2007թ.-ին նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո և ակտիվ քաղաքականություն վերադառնալուց առաջ:
Սոցցանցերի տեսություն
Թրենդ առաջին. Պատերազմը չի ավարտվել/ժամանակն է պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը:
«Մենք այլընտրանք չունենք. կամ բոլորս միասին կործանվում ենք, կամ՝ հաղթում: Ռազմավարությունների և մարտավարությունների ժամանկը չէ այլևս: Այս պատերազմն անվերջ է լինելու. այսպիսին է Ադրբեջանի ռազմավարությունը: Նրանք ռեսուրսներ շատ ունեն, կարող են երկար կրակել: Նրանց հետաքրքիր է, թե որքան կդիմանա Հայաստանը»:
«Եթե ադրբեջանական ռազմական ուժերը կրկին սկսեն ակտիվ ռազմական գործողությունները, Հայաստանն անմիջապես պետք է ճանաչի Արցախը և միացնի այն Հայաստանին: Մենք այլևս չպետք է ականջալուր լինենք հաշտության մասին կոչերին, քանի դեռ նոր բուֆերային գոտի չենք ստեղծել Ադրբեջանի ներկայիս դիրքերից ավելի խորը»:
Թրենդ երկրորդ. Ադրբեջանը շարունակում է հերոսացնել հանցագործներին, կրել «սաֆարովյան համախտանիշը»:
Ֆեյսբուքի հայ օգտատերերը կիսվում են ադրբեջանցի սպայի հերոսացման լուսանկարով ու տեղեկատվությամբ, ով ռազմական գործողությունների ժամանակ՝ ապրիլի սկզբին, գլխատել էր ԼՂ ՊԲ զինծառայող Քյարամ Սլոյանին:
Թրենդ երրորդ. հերոսները զինվորներն են, թող ոչ ոք չհավակնի նրանց փառքին:
«Խաբեք ում ուզում եք, սակայն ոչ զինվորներին: Հայրենասիրական ճառեր ասեք ում համար ուզում եք, բայց հայրենասիրության մասին հեքիաթներ մի պատմեք խրամատներում գտնվող զինվորներին: Այդ բառը պետք է արգելել արտասանել բանակում: Մոռացեք նրանց մասին, ովքեր թեյ են խմել Բաքվում, մի գրեք նրանց մասին, այստեղ իսկական պատերազմ է, և այստեղ կռվում են իսկական զինվորներ, ովքեր իրենց մասին ոչինչ չեն ասում»:
«Երբ ինչ-որ մեկը հայտարարում է. պետք է առաջ գնալ, տարածքներ գրավել, արդյո՞ք նա պատրաստ է իր տանն ընդունել զոհված 18-20 տարեկան տղաների, արդյո՞ք նա պատրաստ է մեկնել առաջնագիծ և զոհվել»:
«Միայն առաջնագծի տղաները կարող են դատել՝ պետք է առաջխաղացում, թե՝ ոչ: Նրանք են վաստակել այդ իրավունքը»:
Թրենդ չորրորդ. Ադրբեջանում շարունակվում է հակահայկական հիստերիան:
«Հակահայկական տրամադրությունները հասել են նրան, որ ադրբեջանցիները շարունակում են հայեր փնտրել իրենց մեջ: Փնտրում են, գտնում են և չեն գտնում, հորինում են, և բոլորին, ում վրա ատամ ունեն, հայ են ներկայացնում»:
Թրենդ հինգերորդ. արդյոք ռազմական ժամանակաշրջանում գրաքննություն անհրաժե՞շտ է:
«Գրաքննությունը ոչ մի կերպ չի ազդի այն լրատվամիջոցների վրա, որոնք դիտավորյալ սխալ տեղեկատվություն են տարածում: Փոխարենը գրաքննությունը կանդրադառնա հետագայում օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու վրա արդեն խաղաղ ժամանակ, մասնավորապես ընտրությունների անցկացման ընթացքում»:
Թրենդ վեցերորդ. Ղարաբաղի զինվորականներին ստիպել են կանգ առնել:
«Արդեն երկրորդ անգամ է, որ Ռուսաստանը փրկում է Ադրբեջանին և հետ պահում մեզ Թարթառը գրավելուց: Այստեղ դաժան մարտեր են ընթացել ոչ միայն 90-ականների սկզբին, այլ նաև ապրիլի սկզբին, այս ուղղությամբ ադրբեջանցիներն իրենց որպես ահաբեկիչներ են դրսևորել, որոնք հաշվեհարդար են տեսել ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակչության հետ: Մեր զինվորները պատմում են, որ այն պահին, երբ ադրբեջանական ռազմական ուժերը ընկրկում էին խուճապի մեջ, մերոնց անհայտ պատճառներով կանգնեցրել են»:
Փորձագիտական գնահատական
Հայկազն Ղահրիյան, Lragir.am-ի գլխավոր խմբագիր
«Ապրիլյան պատերազմը փոխել է իրողությունը… Քառօրյա պատերազմը չեղարկել է ոչ միայն հաշտության երկու համաձայնագիր, այլ նաև միջնորդների բոլոր նախկին առաջարկները:
Այժմ արդեն պետք են ադեկվատ քայլեր մի կողմից նոր իրավիճակի հնարավոր բացասական հետևանքները չեզոքացնելու, մյուս կողմից՝ հայկական կողմի դիրքերը նոր դիվանագիտության համար ամրապնդելու ուղղությամբ:
Կա, իհարկե, ևս մեկ քայլ՝ ԼՂՀ ճանաչումը, սակայն, կարծես թե այդ քայլն իշխանությունները «ռեզերվում են պահում»: Այն, որ դա հզոր փաստարկ է, երևաց քառօրյա պատերազմի օրերին: Հայաստանը նոր քաղաքականություն է մշակում»:
Կայծ Մինասյան, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ.
«Կարծիք կա, որ Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի հանգուցալուծվի։ Ես համակարծիք եմ: Եթե հայերի շահերի տեսանկյունից նայենք, ապա, անշուշտ, Ղարաբաղը պետք է անկախանա և միանա Հայաստանին։
Միջազգային համայնքը իբրև առաջնահերթություն չի ուզում դնել Ղարաբաղի խնդիրը, քանի որ լուծում չկա, և աշխարհը պետք է հաշտվի ԼՂՀ հիմնախնդրի չլուծման հետ, ինչպես շատ կոնֆլիկտներ կան, որ լուծում չունեն։
Օրինակ՝ Թայվան, Երուսաղեմ… Ղարաբաղը այդ շարքի մեջ է մտնում։ Միջազգային համայնքը ստատուս-քվո է ուզում։ Ավելի կարևոր հարցեր կան՝ Սիրիա, Ուկրաինա, Իրաք, համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ Սակայն…
24 տարվա ընթացքում բանակցությունների շուրջ համանախագահները ստեղծեցին մադրիդյան սկզբունքները, և տեսանք արդյունքը՝ քառօրյա պատերազմ։ Այսինքն՝ այս տարբերակը տանում է կամաց-կամաց դեպի պատերազմ։ Երկրորդ՝ եթե ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, շատ հավանական է, որ մի շարք պետություններ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, և Ադրբեջանը հավանական է, որ պատերազմ սկսի։
Երկու գործընթացների մեջ էլ պատերազմը կա, արդյոք ո՞րն է մեզ համար ամենահարմարը՝ գնալ պատերազմ առանց Ղարաբաղի անկախության ճանաչմա՞ն, թե պետք է սկսվի պատերազմը Ղարաբաղի անկախության ճանաչումով, այսինքն՝ որն է լավը, գնալ պատերազմի ծնկի վրա՞, թե գնալ պատերազմ ոտքի վրա»:
Տեղեկատվություն Բաքվից
Լուրեր հաստատված աղբյուրներից
Մայիսի 3-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ նախորդ օրը հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը 116 անգամ:
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Տերտերի, Աղդամի և Բարդինի շրջանների զորմասեր: Նախագահը ծանոթացել է զորամասերի պայմաններին, լսել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի զեկույցն ու ելույթ ունեցել զինվորականների առջև:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, չնայած հրադադարի խախտումներին, ոչ մի արտառոց բան շփման գծում տեղի չի ունենում:
Քննարկվում են ապրիլի 26-28 դեպքերը, երբ, ըստ պաշտպանության նախարարության, սահմանամերձ գյուղերը հայկական կողմից ենթարկվել են գնդակոծության հիմնականում Աղդամի, Տերտերի, Աղդերինի և Ֆիզուլիի ուղղություններով:
Լրատվամիջոցները գրում են երկու խաղաղ բնակիչների մահվան մասին՝ Ֆամիլ Մուստաֆաևի և Ալիի Հուսեյնովի Աղդամի շրջանի Չեմենլի գյուղից: Վիրավորվել է 7 մարդ:
Սահմանամերձ գյուղերում տուժել են բնակելի տներ, ֆերմաներ, այս մասին տեսա- և ֆոտոռեպորտաժներ են ցուցադրում ադրբեջանական լրատվամիջոցները: Եթե մինչ այժմ լրագրողների ներկայությունը սահմանամերձ գյուղերում չէր ողջունվում, ապա վերջին մի քանի օրերին տեղի և արտասահմանցի լրագրողներն իշխանության թույլտվությամբ զննում են արկերի հետևանքով վնասված տները:
«Սերժ Սարգսյանը բանակցությունների վերականգնման 3 պայման է նշել: Պայմաններ առաջադրելով հարց չես լուծի, — ապրիլի 29-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: — Հայաստանում լուրջ քննարկումներ են ընթանում: Բոլորի համար պարզ է, որ ստատուս-քվոն անընդունելի է: Եվ դրա պահպանումը չի օգնում ոչ բանակցություններին, ոչ էլ խաղաղությանը: Չի կարելի բանակցությունները սկսել ինչ-որ պայմաններով: Եթե Երևանում մտածում են, թե պայմանների միջոցով կարող են ձգձել գործընթացը, ապա դա շատ պրիմիտիվ մոտեցում է»:
ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն հայտարարել է, որ “Ռուսաստանն առաջարկել է փուլային լուծում Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Միաժամանակ, նա համեմատել է Ռուսաստանի ակտիվությունը ղարաբաղյան կարգավորման հարցում այսբերգի հետ, որի ներքևի հատվածը չի երևում: “Մանրամասներ հայտնելը դեռ վաղ է, — ասել է նախարարը:
Սոցցանցերի տեսություն
Թրենդ առաջին. Ջավիդ Իմամվերդիևն ազգի թշնամի՞ է:
«Յադդաշ» կինոստուդիայի տնօրեն, հայտնի ՈՒՀԱ-ցի Ջավիդ Իմամվերդիևը Ֆեյսբուքում գրառում է արել՝ խաղաղության կոչ անելով հայերին և ադրբեջանցիներին:
«Պատահական հայտնվեցի քննարկմանը և սարսափեցի, թե ինչ կատաղությամբ են հայերը ցեխ շպրտում ադրբեջանցիների վրա, իսկ նրանք՝ հայերի, — գրում է Իմամվերդիևը: — Ժողովուրդ, միգուցե բավակա՞ն է: Այո, պետք է ընդունել որ Թուրքիայում ցեղասպանություն է եղել, եղել է Խոջալու, Սումգայիթ և մեր պատմության այլ ահասարսուռ էջեր: Պետք է դա ընդունել, ցավակցություն հայտնել և խոստովանություն անել: Մենք վաղուց կողք կողքի ենք ապրում, մեր ընկերներից ոմանց երակներում հայկական և ադրբեջանական արյուն է հոսում: Նախկինի պես Հայաստանից և Ադրբեջանից դուրս մենք բիզնես ենք անում միասին: Պետք չէ երեխաներին ատելություն ներշնչել: Պետք է կրկին փորձել ապրել այնպես, ինչպես միշտ ապրել ենք դարեր շարունակ: Խաղաղության և համաձայնության պայմաններում»:
Այս գրառումն անելուց հետո մի քանի օր այս թեման քննարկվում էր սոցցանցերում: Արշավը գլխավորեց haqqin.az տեղեկատվական ռեսուրսը:
«Իսկ ի՞նչ պետք է ադրբեջանցիները խոստովանեն: Սումգայիթը Խոջալուի համեմատ երեխայական չարաճճիություն է»:
«Չեմ զարմանա, եթե այսպիսիները վաղն ասեն, թե Ղարաբաղը պատմականորեն հայկական հող է»:
Սակայն մի որոշ զանգված համաձայն էր Իմամվերդիևի հետ:
«Ատելությունը ոչնչացնում է… Ես դեմ եմ, որ երեխաներին մանկությունից սովորեցնեն ինչ-որ մեկին ատել»:
Թրենդ երկրորդ. մենք պետք է պատասխանենք:
Սոցցանցերի օգտատերերը վրդովվված են սահմանամերձ գյուղերի գնդակոծությամբ և չեն հասկանում, թե ինչու ադրբեջանական բանակը չի կարող հակառակորդին լռեցնել:
«Պետք չէր կանգ առնել: Պետք էր մինչև վերջ գնալ»:
«Նրանք բոլոր ալիքներով ցուցադրում են և կայքերում գրում են խաղաղ բնակիչներին գնդակոծելու մասին: Միևնույն ժամանակ չեն հոգնում կրկնել, թե իբր բոլորը Լեռնային Ղարաբաղի բնակիչներ են, մնացած գրավյալ տարածքները բուֆերային գոտի է և ռազմական դիրքերից բացի այնտեղ ոչինչ չկա: Այն դեպքում, երբ մեր գյուղերն ու քաղաքները հենց կրակագոտում են»:
Փորձագիտական գնահատական
Իլգար Վելիզադե, քաղաքագետ.
«Այժմ արդեր մանրամասներ են հայտնի դառնում ռուս նախարարի երևանյան այցից»: Հավանաբար, Լավրովը կոչ է արել ազատել 5 շրջաններ, և եթե նրան հոջողված լիներ համոզել Երևանին, նա կժամաներ Բաքու, որպեսզի փոխարենն անվտանգության և ուժի չկիրառման երաշխիքներ ստանար, — ասում է քաղաքագետ Իլգար Վելիզադեն:
— Դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ Երևանը նոր ուղի է ընտրում՝ ցուցադրելով անկախություն Մոսկվայից, ինչը կարելի է ընկալել որպես ուղերձ Արևմուտքին, թե Հայաստանն այժմ անկախ խաղացող է տարածաշրջանում: Սարգսյանը կաշխատի ամրապնդել այդ վարքագիծն, ինչը ոչ միայն դուր չի գա Կրեմլին, այլ նաև կարող է Մոսկվայի կողմից կոպիտ քայլերի առիթ տալ»:
Ազեր Ռաշիդօղլու, քաղաքագետ.
«Բաքուն կընդունի Կրեմլի «խաղաղության պլանը», եթե Ադրբեջանը դառնա Ռուսաստանի ֆորպոստը:
Մոսկվայի մտադրությունները պարզ են. բացել հայ-ադրբեջանական սահմանը և ռուսական զորքեր տեղակայել ադրբեջանական տարածքում խաղաղապահների անվան տակ: Այդ պայմանների ընդունումը փաստացիորեն նշանակում է պետական անվտանգության կորուստ: Սակայն պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանն Ադրբեջանի վրա ազդելու տնտեսական և քաղաքական բավարար հնարավորություններ ունի:
Իսկ գլխավոր խնդիրն այն է, որ գերտերությունները դեռևս ոչ մի համաձայնության չեն եկել տարածաշրջանում ազդեցությունների ոլորտները կիսելու շուրջ: Հենց դա է խաղաղության հաստատման լուրջ խոչընդոտ»:
Պետք է նշել սակայն, որ Ռուսաստանը հզոր ռազմաքաղաքական ներկայացուցչություն ունի տարածաշրջանում՝ և Վրաստանի օկուպացված տարածքներում, և Հայաստանում: Ո՛չ Արևմուտքը, ո՛չ ԱՄՆ այստեղ այդպիսի ներկայացուցչություն չունեն, որը կկարողանա բալանսավորել իրավիճակը: Արևմուտքն Ադրբեջանում ռազմական ուժ չունի, որն ի վիճակի է վերահսկել իրավիճակը:
Եվ հենց այդ պատճառով Ռուսաստանն է կարողանում կառավարել այդ իրավիճակը: Եթե ինչ-որ մի պահի նա հետաքրքրված լինի ղարաբաղյան հակամարտության վերսկսմամբ, Ղարաբաղում կրկին արյուն է թափվելու»:
JAMnews-ի դոսյե
- 2016թ. ապրիլի 2-ի գիշերը 1994թ.-ին կնքված զինադադարից հետո առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում ռազմական բախում տեղի ունեցավ: Ապրիլի 6-ին Ադրբեջանի և ԼՂ պաշտպանության նախարարությունները հայտնեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել հաշտության ռեժիմի վերականգնման վերաբերյալ:
- Պաշտոնական տվյալների համաձայն, հակամարտության սրման ընթացքում ադրբեջանական կողմից զոհվել է 31 զինծառայող: Սակայն “Խազար ռազմական հետազոտությունների կենտրոնի տվայլներով, այդ թիվը հասնում է 93-ի: Meydan TV-ն իր ցուցակն է հրապարակել՝ 87 մարդ:
- Պաշտոնական տվյալներով, հայկական կողմից զոհվել է 92 զինծառայող:
- Հակամարտության կողմերի պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, ով՝ պատասխանել: Միջազգային աղբյուրները դեռևս նույնպես չեն կարողանում պատասխանել այդ հարցին:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է “օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:
- ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այն ստեղծվել է 1992թ.: 2016թ. սկզբի տվյալներով Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (ՌԴ), Պյեռ Անդրեն (Ֆրանսիա)՝ 2014-ի հունիսից և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ 2013-ի օգոստոսի 6-ից: Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել ՝ 03.05.2016