Ղազախստանը՝ «Թրամփի ուղու» շահառու․ Փաշինյանի այցը Աստանա
Ղազախստանը՝ TRIPP-ի շահառու
«Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները հասնում են ռազմավարական գործընկերության կետի, ինչը նոր ցատկուղի է մեր հետագա հարաբերությունների զարգացման համար»,- հայտարարել է ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստանայում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել են հայտարարություն։ Փաստաթղթում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են հաստատել ռազմավարական գործընկերություն։ Հայտարարության համաձայն՝ այն հիմնված կլինի «փոխադարձ վստահության բարձր մակարդակի, ինքնիշխան հավասարության և փոխշահավետության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու» սկզբունքների վրա։
«Ղազախստանը ողջունում է ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը միտված է բոլոր երկրների միջև փոխշահավետ տրանսպորտային համագործակցության զարգացմանը»,- ասված է ստորագրված հայտարարությունում։
Նշվում է, որ կողմերը կարևորել են նաև «Ղազախստան-ՌԴ-Ադրբեջան-Հայաստան և Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-ՀՀ լոգիստիկ երթուղիների զարգացումը»։
Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն անդրադարձ է եղել նաև հանդիպումների ընթացքում։ Փաշինյանն ու Տոկաևը կարևորել են ինչպես «Խաղաղության խաչմերուկ», այնպես էլ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծերի կյանքի կոչումը: Ավելին, Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Աստանան աջակցում է «Խաղաղության խաչմերուկ»-ին և հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի» նախագծին։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին Ղազախստանի միանալն ունի առանցքային նշանակություն։
«Ի վերջո, խաչմերուկը ենթադրում է արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ճանապարհներ։ Արևելքում մի մեծ կտորը հենց Ղազախստանն է, առանց որի խաչմերուկի մի թևը չի գործի կամ կգործի էական բացթողումներով։ Ուստի Ղազախստանի միանալը «Խաղաղության խաչմերուկ»-ին այդ նախագիծն իրականացնելու պայման է»,- JAMnews-ի հետ զրույցում շեշտել է նա։
- «Անհեթեթություն է»․ Փաշինյանը՝ հօգուտ ուկրաինականի ռուսական հացահատիկից հրաժարվելու մասին
- «Ալիևը տորպեդահարում է Թրամփի նախաձեռնած խաղաղության գործընթացը»․ հայ քաղաքագետ
- Ինչո՞ւ է Աստանան ուզում դառնալ Երևան-Բաքու բանակցությունների հարթակ
Ի՞նչ են քննարկել և ստորագրել երկու երկրների ներկայացուցիչները
Հայկական կողմի տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթերի գործարկման, թվայնացման, ուսանողների փոխանակման ծրագրերի և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա զարգացման շուրջ»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում։
Երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել են Հայաստանի և Ղազախստանի միջև առանձին ոլորտներում համագործակցության հուշագրեր և մի շարք այլ փաստաթղթեր: Դրանց շարքում են եղել՝
- «Գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պաշտպանության և անվտանգության մասին» համաձայնագիրը,
- «Առևտրատնտեսական համագործակցության 2026-2030 թվականների ճանապարհային քարտեզը»,
- ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հուշագիրը,
- Հայաստան-Ղազախստան գործարար խորհուրդ ստեղծելու մասին համաձայնագիրը։

Հայաստանի պատվիրակության կազմում են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և այլ պաշտոնյաներ։
Աստանայի դիրքորոշումը TRIPP-ի և ապաշրջափակման մասին
«Մենք ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIPP՝ «Թրամփի ուղի» նախագծին։ Այսպիսի նախագծերը, հյուսիս-հարավ նախագիծը, ինչպես նաև «Միջին միջանցքի» նախագիծը համապատասխանում են երկու երկրների շահերին»,- հայտարարել է Տոկաևը։
Ղազախստանի նախագահի կարևորել է տրանսպորտային ու տրանզիտային հնարավորություններն ու ընդգծել՝ «նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություն է ստեղծում ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը»։
«Ղազախստանն աջակցում է Հայաստանի նախաձեռնությանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին»,- նկատել է նա։
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը, որ «հնարավորություն է տվել Հայաստանին ուղիղ առևտուր իրականացնել՝ օգտվելով Ադրբեջանի տարածքից»:
«Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարվել ղազախական հացահատիկը, հացահատիկի առաջին տոննան։ Սա շատ կարևոր քաղաքական և տնտեսական նշանակություն ունի»,- շեշտել է նա։
Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Հաղորդվում էր, որ առաջին տարանցումը լինելու է ղազախական ցորենի տեղափոխումը ՀՀ։ Նոյեմբերի 6-ի գիշերը, սակայն, առաջինը տեղ հասավ շուրջ 1000 տոննա ցորենի խմբաքանակ Ռուսաստանից։
Ղազախական ցորենի տեղափոխման մասին հաղորդվեց նոյեմբերի 8-ին։ Խոսքը կրկին 1000 տոննա ցորենի մասին է։ Երևանն ակնկալում է, որ գործընթացը շարունակական կլինի։ Աստանան ամսական մոտ 15-20 հազար տոննա հացահատիկ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել։
Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցությունների բացման թեմային լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
«Ղազախստանը դիտարկում է դեպի Թուրքիա նոր առևտրային ուղի բացելու հնարավորությունը՝ Հայաստանի միջոցով»,- հայտարարել է նա։
Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ՝ ՀՀ-ի միջով առաջարկվող երթուղին Աստանային ուղիղ մուտք կապահովի թուրքական նավահանգիստներ և կարող է ընդլայնել երկրի տրանսպորտային հնարավորությունները։
«Մենք ներկայում գնում ենք Ադրբեջանի միջով դեպի Վրաստանի Սև ծովի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մուտք գործել Նախիջևան, ապա անմիջապես Թուրքիա՝ նրա ծովային նավահանգիստներ»,- մանրամասնել է պաշտոնյան։
«Թրամփի ուղին» կմեծացնի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ղազախստանի արտահանման պոտենցիալը»․ Փաշինյան
Խոսելով TRIPP նախագծի մասին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել, որ Ղազախստանն ամենաբարձր մակարդակով հետաքրքրություն է ցուցաբերում նախագծի նկատմամբ։
Փաշինյանի գնահատմամբ՝ «Թրամփի ուղին» էականորեն մեծացնելու է՝
- «Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ տնտեսական գործակցության հնարավորությունները,
- թե՛ Հայաստանի, թե՛ Ղազախստանի արտահանման պոտենցիալը, մասնավորապես՝ Հայաստանի դեպքում՝ դեպի արևելք, Ղազախստանի դեպքում՝ դեպի արևմուտք»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին ասել է՝ միանշանակ է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի շահառու կլինի նաև Ղազախստանը։
«Երբ մենք այդ նախագծերն ավարտին հասցնենք, կզգաք, թե տարածաշրջանում ինչ ադապտացիաներ են տեղի ունենում լոգիստիկ իմաստով։ Անհնարին է, որ լոգիստիկ մեծ նշանակություն չունենա «Խաղաղության խաչմերուկ»-ը ռեգիոնալ իմաստով»,- նշել է Մհեր Գրիգորյանը։
Հայ-ղազախական գործակցությունն, ըստ նրա, մեծ ներուժ ունի։ Շեշտում է՝ տարանցիկ ներուժը պետք է խթանել, որպեսզի տնտեսվարողներն օգտագործեն այն։
«Եթե կա այլընտրանքային ուղի, որով հնարավոր է նոր լոգիստիկ լուծումներ գտնել, ապա դա պետք է արվի։ Այսօր միջազգային առևտրում կարևոր նշանակություն ունեն լոգիստիկ ծախսերը։ Այդ իմաստով Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություն է տալիս»,- ընդգծել է փոխվարչապետը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
«Հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում, Ղազախստանն իսկապես դառնում է կարևորագույն ճանապարհ։ Փաստացի այն ամենն, ինչ արվում է ենթակառուցվածքների բացման ուղղությամբ, կապում է մի կողմից Արևմուտքը՝ Եվրոպան Թուրքիայի միջոցով, մյուս կողմից Չինաստանը և խաղաղօվկիանոսյան այլ երկրները Ղազախստանի միջոցով։
Ղազախստանը դառնում է կարևորագույն ճանապարհ, որը չօգտագործելը կլիներ ռազմավարական սխալ։ Լավ է, որ ՀՀ-ն հետևողականորեն աշխատեց Ղազախստանի ուղղությամբ։ Ընդ որում, այդ աշխատանքները տեղի են ունենում արդեն բավականին երկար ժամանակ և տարբեր մակարդակներով։ Ի վերջո, մենք կարողացանք հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։
Գիտենք՝ տևական ժամանակ է, ինչ գոյություն ունի և աշխատում է Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով երթուղին։ «Թրամփի ուղու» բացման և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում Ղազախստան-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Սև ծով և Ղազախստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան-Սև ծով ճանապարհներն են աշխատելու։ Սա նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ-ն ու Ղազախստանը շատ մեծ աշխատանքի տեղ ունեն։
Երկաթուղային ճանապարհը, որի մասին խոսում է Ղազախստանի Էկոնոմիկայի նախարարը, հենց «Թրամփի ուղին» է։ Ակնհայտ է, որ նրանք դիտարկում են Ադրբեջանից ՀՀ-ով՝ Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհը, այնուհետև նորից Հայաստան՝ Երասխ-Գյումրի և դեպի Թուրքիա՝ Կարս։
Իսկ Փաշինյանի ու Տոկաևի ստորագրած հայտարարության մեջ մատնանշվող երթուղիները [Ղազախստան-ՌԴ-Ադրբեջան-Հայաստան և Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-ՀՀ] փաստացի շրջանցում են Կասպից ծովը։
Հավանաբար, սա այս պահին հնարավոր ամենակարճ ճանապարհն է, որով կարելի է ապրանքներ տեղափոխել Միջին Ասիայի երկրներից կամ Չինաստանից դեպի Եվրոպա։
Ընդ որում, եթե ցանկություն կա ՌԴ-ով անցնելու, ՌԴ-Ադրբեջան-Հայաստան ուղղությամբ անցնել, եթե նման ցանկություն չկա՝ Թուրքմենստան-Իրան-ՀՀ։
Ակնհայտ է, որ երկու ուղիներն էլ հատում են Արևմուտքի համար ոչ այնքան ցանկալի երկու պետություններ՝ Ռուսաստան և Իրան, սակայն դրա միակ այլընտրանքը Կասպից ծովն է։ Իսկ լաստանավային տեղափոխման խնդիրը դեռևս լուծված չէ։
Ցանկացած ապրանք կարող ենք ստանալ Ղազախստանից։ Այդ թվում՝ ապրանքներ, որոնց մասով զգալի կախվածություն ունենք Ռուսաստանից։ Իհարկե, խոսքը, առաջին հերթին, ցորենի մասին է։ Բայց կարելի է խոսել նաև շաքարավազի, թռչնամսի, բուսական յուղի մասին։
Այստեղ որևէ սահմանափակում չկա։ Պարզապես պետք է հաշվի առնենք, որ եթե օգտագործվում է ոչ թե Կասպից ծովի ճանապարհը [լաստանավային], այլ երկաթուղին, մենք նորից ՌԴ-ի միջոցով ենք բերելու այդ ապրանքները։
Հաշվի առնելով, որ դա Մոսկվայի տնտեսական շահերին այնքան էլ չի համապատասխանում՝ ռուսական կողմը ստեղծելու է որոշակի խոչընդոտներ՝ ինչպես իրավական, այնպես էլ ոչ իրավական։ Այս դեպքում որպես այլընտրանք կարող ենք դիտարկել Թուրքմենստան-Իրան երթուղին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ղազախստանը՝ TRIPP-ի շահառու