Ձյուն՝ Թբիլիսիում․ կաթվածահար եղած երթևեկություն և ձյան մեջ մնացած մեքենաներ։ Լուսանկարներ/տեսանյութ
Թբիլիսիում տեղացած ձյունը կաթվածահար է արել երթևեկությունն ու բազմաթիվ վթարների պատճառ դարձել Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում։
Ինչպես պատմել են Արտակարգ իրավիճակների գործակալությունում, փրկարարների ստացած ահազանգերի մեծ մասը կապված են եղել ձյան մեջ մնացած մեքենաների և ընկած ծառերի հետ։
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ, առատ ձյան պատճառով փրկարարները 112 թեժ գծին ստացել են ավելի քան 140 զանգ։
Ձյան հետևանքով ոչ ոք չի տուժել։ Սակայն վնասվել է 26 մեքենա, ինչպես նաև էլեկտրահաղորդակցության լարերը՝ դրանց վրա հավաքված ձյան և ծառերի կոտրված ճյուղերի պատճառով։
«Առատ ձյունը վնասել է ավտոբուսի կանգառը Թբիլիսիի Ցխնեթի թաղամասում։ Այդ պահին այնտեղ մարդիկ են եղել։ Մեկ երեխա վնասվածքներ է ստացել։ Նա այժմ հիվանդանոցում է», — ասված է Արտակարգ իրավիճակների գործակալության հաղորդագրությունում։
Ականատեսները պատմում են, որ շտապօգնության բրիգադը մեծ խցանումների պատճառով չի կարողացել ժամանակին տեղ հասնել։ Այդ պատճառով էլ տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել մասնավոր մեքենայով։
Վակեի Պալիաշվիլի փողոցում ծառ է ընկել։ Լուսանկարը՝ Publica
Թբիլիսիի քաղաքապետ․ «Եթե ձմեռային անվադողեր չունեք, մեքենայով մի երթևեկեք»
Ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների ղեկին չնստելու կոչ է արել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն․
«Ձմեռային անվադողեր չունեցող մեքենաները մեծ խցանումներ են առաջացրել, այդ պատճառով էլ ստիպված ենք եղել որոշ ճանապարհներ փակել»։
Ողջ գիշեր կոմունալ ծառայությունները մաքրել են փողոցներն ու տեխնիկական աղ ցանել, ասել է Քալաձեն։
Ցուրտ ու անձրևային եղանակը Վրաստանում կպահպանվի մինչև փետրվարի 26-ը, հաղորդում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։