Ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին
Ոստիկանությունը հուլիսի 25-ի երեկոյան ձերբակալել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար և ընդդիմադիր «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին:
Վրաստանի ՆԳՆ-ն արդեն հայտարարություն է արել. Օկրուաշվիլին մեղադրվում է այն բանում, որ հունիսի 20-ին խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ կոչ է արել ցուցարարներին ներխուժել խորհրդարան և ինքն էլ մասնակցություն է ունեցել շենքի գրոհին:
«Խորհրդարանի շենքի բռնի գրոհի ժամանակ Իրակլի Օկրուաշվիլին իրեն ուղեկցող անձանց հետ կոչ է արել ակցիայի մասնակիցներին և ինքն է փորձել ներխուժել խորհրդարանի շենք բռնի ճանապարհով: Իրակլի Օկրուաշվիլին նաև մասնակցել է տարբեր խմբակային բռնի գործողությունների»,- հայտարարարել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մամուկա Չելիձեն ՆԳՆ-ում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցի ժամանակ:
•Ինչու՞ է նախկին վարչապետ Իիվանիշվիլին պայքարում Վրաստանի ամենահայտնի բանկի հետ
•Քաղաքական ճգնաժամ Վրաստանում. հարվածներ օլիգարխին ներսից և դրսից
Մի քանի օր առաջ Օկրուաշվիլին հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ երկրի ամենամեծ հեղինակությունն ունեցող հեռուստաալիքի՝ «Ռուսթավի 2»-ի գործի վերաբերյալ: Նախկին նախարարը հայտարարել էր, որ իր մոտ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ հեռուստաընկերությունը պատկանում է հենց իրեն:
Հունիսի 20-21-ի իրադարձությունները
Հունիսի 20-ին Թբիլիսիում հավաքվել էր բազմամարդ ցույց այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր կոմունիստ Սերգեյ Գավրիլովը հանդես եկավ Վրաստանի խորհրդրանում՝ Վրաստանի խորհրդրանի խոսնակի աթոռից: Գավրիլովի մասնակցում էր Ուղղափառության միջխորհրդարանական նիստին, որն անցկացվում էր խորհրդարանի դահլիճում:
Ընդդիմությունը և հասարակության մի զգալի մաս հավաքվել էր զանգվածային ցույցի՝ պահանջելով բացատրություններ Վրաստանի իշխանություններից, թե ինչու է ռուս պատգամավորը, որը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հանդես գալիս երկրի բարձր ամբիոնից:
Մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչ կոչ արեցին ցուցարարներին մտնել խորհրդարանի շենք: Տեղի ունեցավ բախում ոստիկանության հետ, որից հետո հատուկ նշանակության ուժերը ցուցարարներին ցրելու համար օգտագործեցին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հունիսի 20-21-ի «խմբակային բռնի գործողություններին մասնակցության համար» իրավապահները ձերբակալել են ակցիայի 11 մասնակցի:
Ավելի վաղ նմանատիպ մեղադրանք առաջադրվել էր նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկա Մելիային:
Խորհրդարանը Մելիային զրկել է պատգամավորական մանդատից, սակայն դատարանը որոշել է նրան գրավի դիմաց ազատ արձակել: Այժմ պատգամավորը կրում է հատուկ էլեկտրոնային շղթա: Նրանք արգելել են տնից դուրս գալ՝ առանց իրավապահ մարմիններին տեղյակ պահելու:
Հուլիսի 23-ին Իրակլի Օկրուաշվիլին հարցաքննվել էր հունիսի 20-21-ի իրադարձությունների առնչությամբ:
Եթե նրա մեղքն ապացուցվի, նրան սպասվում է մինչև վեց տարվա ազատազրկում:
«Օկրուաշվիլին քաղբանտարկյալ է»
Օկրուաշվիլիի համախոհները և նրա կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև ընդդիմությունը, համոզված են, որ նրա ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի:
«Օկրուաշվիլին քաղբանտարկյալ է: Իվանիշվիլին ակնհայտորեն հոգեկան շեղումներ ունի: Բացի այդ, նա Պուտինի հովանավորյալն է և տնային առաջադրանք ունի՝ ոչնչացնել քաղաքական ընդդիմությունը և Վրաստանը հանձնել Ռուսաստանին: Ինչո՞ւ նա սկսեց Օկրուաշվիլիից: Քանի որ նրան դուր չէր եկել Օկրուաշվիլիի վերջին հայտարարությունը «Ռուսթավի-2»-ի մասին»,- հայտարարել է ձերբակալված նախկին նախարարի համախոհ Գուբազ Սանիկիձեն:
«Ռուսթավի-2»-ի շուրջ մոտ 4 տարի շարունակվող դատավարությունն ավարտվել է հուլիսի 18-ին՝ վերջին տարիներին հեռուստաընկերության սեփականատեր հանդիսացող կողմի պարտությամբ: Նրանց օրոք հեռուստաալիքը եղել է ընդդիմադիր և քննադատել է Վրաստանի ներկայիս իշխանություններին:
Հուլիսի 18-ից՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ստրասբուրգի դատարանի որոշումը (ըստ որի «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով վրացական դատարանների որոշումներում չկա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում), ուժի մեջ մտավ Վրաստանի Գերագույն դատարանի որոշումը, որի համաձայն գործարար Կիբար Խալվաշին վերադարձրեց հեռուստաընկերության սեփականության իրավունքը, որին տիրապետում էր 2004-2006թթ.:
Խալվաշին իշխանություններին մոտ կանգնած գործարար է, որը հենց առաջին օրը փոխեց տնօրենին և, ամենայն հավանականությամբ, կփոխի նաև հեռուստաալիքի ընդդիմադիր խմբագրական քաղաքականությունը՝ հօգուտ իշխող «Վրացական երազանքի»:
Այս ֆոնին բեմահարթակում հայտնվում է Իրակլի Օկրուաշվիլին, որը հայտարարում է, որ իր ու Կիբար Խալվաշիի միջև գոյություն ունի ձևակերպված փաստաթուղթ, որի համաձայն Խալվաշին «Ռուսթավի-2»-ի միայն անվանական սեփականատերն է, իսկ իրականում հեռուստաընկերությունը պատկանում է իրեն:
Օկրուաշվիլիի խոսքով՝ այդ փաստաթուղթը ձևակերպվել է 2010թ. Բեռլինում, և դրա տակ դրված է Խալվաշիի ստորագրությունը: Փաստաթուղթը հաստատված է երեք փորձաքննական եզրակցությամբ, այդ թվում Փարիզի վերաքննիչ դատարանի փորձագետի կողմից:
Խալվաշին հերքում է նման փաստաթղթի գոյությունը և ասում, որ այն կեղծված է:
Իր վերջին հարցազրույցներից մեկում Օկրուաշվիլին խիստ քննադատել է երկրում տիրող իրավիճակը և անձամբ ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին:
«Երկրում ամեն ինչ գնալով ավելի է վատանում: Իվանիշվիլին անձամբ է հրամայել ցրել հունիսի 20-ի ցույցը: Քաղաքականություն ես վերադարձել եմ միայն մեկ պատճառով՝ ես թեյ կխմեմ նրա բաժակից, խոստանում եմ»,- ասել է Օկրուաշվիլին իր վերջին հարցազրույցներից մեկում [«թեյ խմել» ասելով Օկրուաշվիլին նկատի է ունեցել Վարդերի հեղափոխության ժամանակ տեղի ունեցած դրվագը: Այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Սաակաշվիլին, ներխուժելով խորհրդարան, թեյ խմեց այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեի բաժակից: Դա Շևարդնաձեի նախագահության վերջին օրն էր — JAMnews]: