Ձերբակալվել է վիդեոբլոգեր
Վիդեոբլոգեր Հուսեյն Ազիզօղլուն ձերբակալվել է 15 օրով: Այս նորությունը տարածեցին ընդդիմադիր լրատվամիջոցները, որոնք, հղում անելով ձերբակալվածի ընկերներին, ձերբակալությունը կապում են ադրբեջանական ոստիկանների մասին նրա հումորային սյուժեների հետ:
Կարճ զվարճալի տեսանյութերը Հուսեյնը տեղադրում է իր ֆեյսբուքյան Üç-Üz (երեք դեմք) էջում, նա ակտիվ է նաև Instagram-ում և յութուբյան ալիք ունի: Էջը 60 հազ. հետևորդ ունի, ինչը փոքր լսարան չէ 4 մլն բնակչություն ունեցող Բաքվի համար:
Տեսանյութերում ընդգծվում է «արտասահմանյան ոստիկանների», ինչպես դա պատկերացնում է հեղինակը, և տեղի ոստիկանների սովորությունների միջև տարբերությունը:
Վերջին տեսանյութերից մեկում, որը հասարակությունը բլոգերի ձերբակալման պատճառ է համարում, համեմատվում է «ֆոկուսն արտասահմանում» և «ֆոկուսն Ադրբեջանում». ադրբեջանցի ոստիկանը ձերբակալվածի գրպանից հանում է թմրանյութ, որն այնտեղ չի եղել:
Սակայն, հարազատների՝ Հուսեյնի մոր ու մեծ եղբոր խոսքով, նրան ձերբակալել են փողոցում ծեծկռտուքի մասնակցության համար, որը հենց բարձրաձայնվում է որպես պաշտոնական տարբերակ: Բլոգերի եղբայրը Ֆեյսբուքում խնդրեց Üç-Üz էջի լսարանին խուճապ չստեղծել, փոխանցեց Հուսեյնի բարևներն ու ասաց, որ եղբայրը շուտով ազատ կարձակվի և անհանգստանալու հիմքեր չկան: