«Ձե՛զ է պետք, դո՛ւք էլ պատվաստվեք»․ Վրաստանում պատվաստվելու հակառակորդների մոտեցումը
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հակառակորդների փաստարկները
2019 թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը ներառել է տասը գլոբալ խնդիրների շարքում, որոնք մարդկության համար կենսական կարևորություն ունեն։
Դա համավարակից մեկ տարի առաջ էր։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հակառակորդները համար մեկ խնդիրն են։
Վրաստանում մոլեգնում է կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքը։ Հիվանդությամբ վարակման օրական մինչև 5000 նոր դեպք է գրանցվում, օրական մինչև 40 մարդ է մահանում։
Պատվաստվածների թիվը, սակայն, բնակչության անգամ հինգ տոկոսի չի հասնում։ Հիմնական պատճառն, ըստ առողջապահության ոլորտի փորձագետների, այն է, որ կառավարությունը սկզբնական շրջանում չափազանց ուշ է սկսել պատվաստել մարդկանց, այնուհետև ոչինչ չի արել՝ պատվաստանյութի հակառակորդներին համոզելու համար, ոչ մի արշավ չի վարել՝ բացատրելու համար, թե ինչու են կորոնավիրուսի դեմ պատվաստումներն այդքան կարևոր։
Հետևաբար, երկրում դեռ չափազանց շատ են մարդիկ, որոնք չեն պատրաստվում պատվաստվել։ Հունիսին IRI-ի անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների 45 տոկոսը չի պատրաստվում պատվաստվել։
JAMnews-ը հավաքել է պատվաստանյութի հակառակորդների ամենապոպուլյար փաստարկները։
Փաստարկ 1․ կրոնավիրուսի դեմ պատվաստանյութերը մինչև վերջ հետազոտված չեն։ Դա փորձնական պատավստանյութ է։ Որպեսզի պատվաստանյութը լիովին ցուցադրի իր արդյունավետությունը, մի քանի տարի է պահանջվում։
Առավել հաճախ այս փաստարկը կրկնում են մարդիկ, որոնք չեն մտածում, թե ինչ է «կլինիկական փորձարկումների երրորդ փուլը»։ Այս փաստարկը ոչ մի տրամաբանություն չունի։
Ինչ-ինչ, բայց վարակը հաստատ հասցրել է ցուցադրել իր «արդյունավետությունը»․ Վրաստանում օրական մինչև 40 մարդ է մահանում։ Շուտով այն կարող է հասնել մեզնից յուրաքանչյուրին, այն կարող է ձեզ սպանել ոչ թե մի տասը տարուց, այլ՝ վաղը։
Աշխարհում հասցրել է պատվաստվել գրեթե հինգ միլիարդ մարդ․ մի՞թե սա բավական չէ՝ պատվաստանյութը ոչ փորձնական համարելու համար։
Փաստարկ 2․ այդ պատվաստանյութն այնքան արագ են մշակել, այստեղ հաստատ մի բան այն չէ։
Այստեղ իրոք մի բան այն չէր․ գիտնականները շատ քիչ ժամանակ ունեին, քանի որ վարակը շատ արագ էր տարածվում, մահացության ցուցանիշները բարձր էին։ Բավականաչափ պատճառներ կային շտապելու համար։
Մեծ հիմք էր այն, որ արդեն մեծ աշխատանք էր տարվել SARS վարակի մյուս տիպի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, այն հաճախ անվանում են ատիպիկ թոքաբորբ։ Պատվաստանյութի վրա աշխատանքն ավարտին չէր հասցվել ֆինանսավորման պակասի պատճառով, սակայն համավարակի «շնորհիվ» գտնվեց և ֆինանսը, և աշխատանքն արագացնելու միջոցները։ Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի ստեղծման համար գիտնականներն օգտագործել են այլ պատվաստանյութի մոդելը, և դա զգալիորեն խնայել է նրանց և ողջ մարդկության ժամանակը։
Փաստարկ 3․ Պատվաստանյութից բարդացում ոչ հաճախ է լինում, և այն կարող է սպանել միլիոններից մեկին։ Իսկ եթե ե՞ս լինեմ այդ մեկը, կամ հարազատնե՞րս։
Սակայն կորոնավիրուսից մահվան հավանականությունը շատ ավելի բարձր է։ Կորոնավիրուսն օրական տասնյակ անձանց է սպանում։ Ապաքինվածներից շատերը երկար ամիսներ պայքարում են բարդագույն հետևանքների դեմ։ Կարելի է որպես օրինակ նշել ընդդիմադիր քաղաքական գործիչ և Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիին։ Նա հաղթահարեց քովիդը, սակայն դեռևս չի կարողանում հաղթահարել դրա հետևանքները, նա անգամ դժվարանում է քայլել։ Այժմ Թինան վերականգնողական բուժում է անցնում Գերմանիայի հիվանդանոցներից մեկում և բոլորին կոչ է անում պատվաստվել։ Առողջություն ենք մաղթում նրան։
Փաստարկ 4․ եթե պատվաստանյութն այդքան լավն է, ինքնե՛րդ պատվաստվեք
Նախևառաջ, աշխարհում պատվաստվել են ամենաազդեցիկ, հարուստ և կրթված մարդիկ՝ գիտնականները, ղեկավարները, միլիարդատերները։ Չեն պատվաստվել դավադրությունների տեսության չիրազեկված կողմնակիցներն ու ֆեյք լուրերի զոհերը։ Բացի այդ՝ ծույլ ու անարդյունավետ կառավարություններով երկրների քաղաքացիները։
Փաստարկ 5․ բայց քովիդով հիվանդանում են նաև պատվաստվածները։
Այո, վարակվել կարող է նաև պատվաստվածը։ Սակայն այս հարցում գլխավորն այն է, որ պատվաստվածները չեն մահանում։ Եվ սա պատվաստանյութի դեմ գլխավոր փաստարկն է։ «Կորոնայի» թեթև ձևի և վերակենդանացման բաժանմունքում շնչառական ապարատին միացված լինելու միջև տարբերությունը հսկայական է։
Փաստարկ 6․ բժիշկները չեն պատվաստվում։
Ցավոք, Վրաստանում շատ քիչ են բժիշկները՝ այս բառի ժամանակակից իմաստով։
Բժիշկը նա է, ով անընդհատ կատարելագործում է իր հմտությունները, հետ չի մնում նորություններից, գիտի և պատրաստ է գործել՝ ըստ ժամանակակից արձանագրությունների։
Բժշկությունն այսօր նման է նորությունների թողարկման։ Երեկվա տվյալներն այսօր կարող են անհուսալի հին լինել։ Սովորական դարձած դեղը կարելի է փոխարինել մյուսով, որն ավելի արդյունավետ է, թեև՝ անսպասելի։ Բժիշկը, որը չի հետևում միջազգային խորհուրդներին, վստահելի բժիշկ չէ։
Իսկական բժիշկները, որոնք հավատում են պրոգրեսին և գիտությանը, վաղուց պատվաստվել են։
Փաստարկ 7․ ես առանց այդ էլ չեմ հիվանդանա, չէ՞ որ ոչ մի տեղ չեմ գնում և դիմակ եմ կրում։
Մի՞թե չեք լսել պատմություններ այն մասին, որ մարդը գրեթե ամբողջությամբ մեկուսացված է եղել, բայց, միևնույն է, վարակվել է։
Քովիդի ողջ էությունն այն է, որ հազարավոր մարդիկ վարակն անախտանիշ են տանում։ Նրանք վարակում են ուրիշներին՝ նույնիսկ չկասկածելով այդ մասին։
Այժմ, երբ բնակչության որոշ մասը պատվաստվել է, քովիդ-դրական անախտանիշ վարակների քանակն ավելին է, քանի որ, երբ պատվաստանյութը հանդիպում է վարակին, այն հաճախ անախտանիշ է փոխանցվում։
Սա նշանակում է, որ այժմ վարակն ավելի հաճախ է անախտանիշ փոխանցվելու, և հիմնական հարվածը հասցվելու է ձե՛զ, չպատվաստվա՛ծ մարդիկ։