ՀՀ-ում թանգարանի տնօրենն ազատվել է աշխատանքից Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար
ՀՑԹԻ տնօրենն ազատվել է աշխատանքից
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատվել է աշխատանքից։ Մի քանի օր է, ինչ համացանցում քննարկում են ազատման հնարավոր պատճառները։ Թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամները հայտնել էին, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ այն կապված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթացող շինարարական աշխատանքների հետ։
Թեժ քննարկումների ֆոնին նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ինքն է Գզոյանին խնդրել դիմում գրել, բայց ոչ քննարկվող պատճառով։
«Երբ երկրի վարչապետն ասում է, որ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում: Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի»,- հայտարարել է վարչապետը։
Էդիտա Գզոյանը գիրքը նվիրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Երևան կատարած այցի ժամանակ նա տիկնոջ հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Թանգարանի արդեն նախկին տնօրենը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Վենսին 5 գիրք է նվիրել, որոնց մեկը 1905-21 թթ․-ին հայերի հանդեպ Անդրկովկասի թաթարների (ադրբեջանցիների) ագրեսիայի մասին է։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը հենց այդ գիրքը նկատի ունի։ Սակայն այն ամերիկյան մամուլի արձագանքն է, այսինքն՝ վկայությունների ժողովածու, ոչ թե արցախյան հիմնահարցի մասին գիրք։
Վարչապետի հայտարարությունից հետո ոլորտի փորձագետներն ահազանգում են՝ ակադեմիական ազատությունը սպառնալիքի տակ է։
Ավելի քան երկու տասնյակ հայ և օտարազգի ցեղասպանագետներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ՀՀ կառավարությանը կոչ անելով Գզոյանին վերականգնել թանգարանի տնօրենի պաշտոնում։
Թանգարան-ինստիտուտի ողջ անձնակազմը (74 աշխատակից) դիմել է վարչապետ Փաշինյանին՝ տնօրենի հեռացման որոշումը վերանայելու խնդրանքով: Պնդում են՝ Գզոյանը բարձրակարգ գիտնական է ու ինստիտուտին մեծ հաջողություններ է բերել:
Ինստիտուտը կառավարող հոգաբարձուների խորհրդի նախագահ, ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանն ու մի քանի այլ անդամներ վայր են դրել լիազորությունները՝ ի նշան բողոքի։
Փաշինյանի հայտարարությունը, ցեղասպանագետների կոչը, մեկնաբանություններ
- «Հայաստանը փրկվեց ռուս-թուրքական աքցանից»․ կարծիք Ջեյ Դի Վենսի այցի մասին
- «Համահունչ չեն խաղաղության օրակարգին»․ Բաքվում հայ գերիների դատավճիռների մասին
- Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման համար ԱՄԷ-ում արժանացան «Զայեդ» մրցանակի
Փաշինյան․ «Սադրիչ քայլ է»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը․
«Այն պետական պաշտոնյան, ով կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի կամ կանի, պետք է ազատվի աշխատանքից»։
Թանգարանի տնօրենի գործողությունը վարչապետը «սադրիչ» է որակել։
«Մենք պետություն ե՞նք, թե սա ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում»,- հայտարարել է Փաշինյանը։
Վստահեցրել է՝ սա պետություն է՝ իր կառավարման տրամաբանությամբ և պետական համակարգով։
Ցեղասպանագետներն ահազանգել են «քաղաքական միջամտության» մասին
Հայաստանի վարչապետի մեկնաբանությունից կարճ ժամանակ անց հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարանների ու հետազոտական կենտրոնների ավելի քան երկու տասնյակ գիտնականներ։
Ցեղասպանագետները խորը մտահոգություն ենք հայտնել թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումների կապակցությամբ՝ արձանագրելով, որ «կառավարության ճնշման ներքո, ոչ թե ազատ կամքով» է հրաժարական ներկայացրել Էդիտա Գզոյանը։
Շեշտվում է, որ տնօրենի հեռացումը հաջորդել է փոխնախագահ Վենսի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցին, որի ժամանակ Գզոյանը ներկայացրել է «ոչ միայն 1915 թ․-ի ցեղասպանությունը, այլև հետագայում Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած հայերի կոտորածները՝ ընդգծելով տարածաշրջանում հայերի դեմ բռնության պատմական շարունակականությունը»․
«Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես մտահոգիչ օրինաչափություն՝ անկախ ակադեմիական ձայների լռեցում քաղաքական նպատակահարմարության օգտին»։
Փորձագետների դիտարկմամբ՝ կան բոլոր հիմքերը կարծելու, որ տնօրենի աշխատանքից ազատման որոշումն ավելի շատ վերաբերում է ոչ թե թանգարանի կառավարմանը, այլ վերադասավորմանը։ Այն է՝ «աշխատանքը համապատասխանեցնել աշխարհաքաղաքական առաջնահերթություններին՝ ձգտելով խուսափել Ադրբեջանին առնչվող վայրագությունների անկեղծ քննարկումից՝ շարունակվող կարգավորման գործընթացի ֆոնին»։
Ցեղասպանագետներն ընդգծել են՝ թանգարանը գիտական կենտրոն է, դրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից։
Կարծում են՝ Գզոյանին տնօրենի պաշտոնից հեռացնելը լրջորեն կվտանգի ինստիտուտի ապագան և կխաթարի դրա հեղինակությունը միջազգային համայնքում: ՀՀ կառավարությանը կոչ են անում՝
- զերծ մնալ ինստիտուտի ղեկավարության գործերին միջամտելուց,
- հարգել ինստիտուտի անկախությունը,
- ապահովել, որ դոկտոր Գզոյանին թույլատրվի շարունակել իր աշխատանքը՝ առանց քաղաքական ճնշման կամ միջամտության»։
Մեկնաբանություններ
Թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն «Ազատությանն» ասել է․
«Երեսուն տարի է, ինչ մենք խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանի նախագահը ձևավորվում է ակադեմիական միջավայրի ասելիքը։
Հիմա մեր վարչապետը, կարծես թե, ինքն է մտնում այդ ոլորտ և ինքն է որոշում ակադեմիական ազատությունների և գիտահետազոտական կենտրոնների ասելիքի շրջանակը։
Մի քիչ տարօրինակ է, թե օրինակ՝ այս 30 տարիներին արված աշխատանքները, հրատարակված գործերն ի՞նչ են անելու, սրանք է՞լ են համարվելու սադրիչ գործողություններ, թե՞ մնալու են։
Այսինքն՝ մենք 37 թիվ ենք վերադառնալու և հավաքելու են գրադարաններում առկա, այդ թվում՝ աշխարհի շատ տարբեր գրադարաններում առկա մեր հրատարակություննե՞րը, թե՞ հիմա քաղաքական վեկտորին ընթացիկ գրվող գրականությունը դառնալու է առաջնային, և ակադեմիական հետազոտողները դառնալու են կարևոր դեմքերը, նրանք, ովքեր գրելու են պայմանական «ոչ սադրիչ» նյութեր։ Մենք վերադառնում ենք մի տխուր իրավիճակ»։
Քաղաքագետ, միջազգայնագետ Սոսի Թաթիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Էդիտա Գզոյանը ռադիկալ նացիոնալիստ չէ։ Նա հիբրիդային պատերազմի գործիք չէ։ Նա որևէ ծայրահեղական դիսևորում չունի։ Նա հավասարակշիռ, չափավոր, աշխատասեր, ազնիվ ու համեստ գիտնական է, ով բարեխղճորեն կատարել է գիտահետազոտական աշխատանք ու ակադեմիական դիվանագիտություն։
Նա նաև փորձում էր հավասարակշռել ադրբեջանցի պսևդո֊գիտահետազոտողների կողմից Հայաստանի վերաբերյալ իրականացվող պատմական ռևիզիոնիզմի ագրեսիվ, համակարգված ու պետության կողմից ուղղորդվող քաղաքականությանը։
Հայաստանի պետական արտաքին քաղաքականությունը ներկայումս պետք է լինի պրագմատիկ, ներկայիս ժամանակներում այլընտրանք չկա։ Սակայն ակադեմիական դիվանագիտություն գոյություն ունի, որը չի կարող նույնականացվել պաշտոնական քաղաքականության հետ։ Այն պետք է ունենա ազատություն, այլապես կդադարի ակադեմիական լինելուց։
Եվ վերջապես, մեր դիմացի կողմը ամենայն ագրեսիվությամբ շարունակում է կիրառել դրա ծայրահեղ աղավաղված ու վտանգավոր տեսակը՝ իր ռազմական հաղթանակը նաև կոգնիտիվ հաղթանակի վերածելու համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՑԹԻ տնօրենն ազատվել է աշխատանքից