Հրդեհ՝ Վլադիկավկազի վտանգավոր արտադրությունում. արդյո՞ք իշխանությունները ճշմարտությունն են խոսում էկոլոգիական հետևանքների մասին
Մեծամասշտաբ հրդեհ է բռնկվել Հյուսիսային Օսիայի խոշորագույն ձեռնարկությունում: Մանրամասներն ու հետևանքներն՝ ըստ «Կավկազսկի ուզել» առցանց պորտալի տեղեկատվության:
Ի՞նչ է տեղի ունեցել
Կիրակի՝ հոկտեմբերի 21-ին, հրդեհ է բռնկվել Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի «Էլեկտրացինկ» գործարանում: Հրդեհման մակերեսը կազմել է 4.5 հազար քառակուսի մետր:
Հրդեհը հաջողվել է մարել միայն օրվա կեսին: Զոհվել է մեկ հրշեջ, երեքը տուժել են:
Թունավոր ծուխն այնպես է պատել քաղաքը, որ Վլադիկավկազի բանկիչներից շատերն արագ լքել են քաղաքը:
Հրդեհը տեղի է ունեցել նոր արտադրամասում, որը կառուցվել է մի քանի տարի առաջ: Կատարվածի պատճառների պաշտոնական վարկած դեռ չկա:
Ի՞նչ է «Էլեկտրացինկը»
«Էլեկտրացինկը» Հյուսիսային Օսիայում գունավոր մետալուրգիայի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություն է՝ երկրորդը Ռուսաստանում՝ ըստ հզորության, որը հայտնի է ցինկի, կապարի, կադմիումի և ծծմբաթթվի արտադրությամբ:
Ձեռնարկության սեփականատերը Ուրալի լեռնամետալուրգիական ընկերությունն է:
Իշխանությունների արձագանքը
Հյուսիսային Օսիայի գլխավոր սանիտարական բժիշկ Ալան Թիբիլովը, հիմնվելով լաբորատոր հետազոտությունների վրա, նշել է, որ «Էլեկտրացինկում» տեղի ունեցած հրդեհից հետո Վլադիկավկազում գրանցվել է ածխածնի օքսիդի և կախույթային նյութերի կուտակման թույլատրելի քանակի ոչ մեծ գերազանցում:
Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովն, իր հերթին, սոցցանցերում քաղաքը լքելու՝ տեղացիներին ուղղված կոչերի տարածումից հետո հայտարարել է, որ «լուրերն այն մասին, թե իբր պետք է փախչել քաղաքից, սադրանք են ժողովրդի մեջ իրարանցում առաջացնելու և նյարդային իրավիճակ ստեղծելու համար»:
Հասարակության արձագանքը
Սոցցանցերը լի են վախեցած և վրդովված մարդկանց մեկնաբանություններով:
Բնորոշ մեջբերում:
«Իշխանությունների և անձամբ Վյաչեսլավ Բիտարովի հանրային արձագանքն այսօրվա իրադարձություններին դեռ շատ թույլ է: Այն իրավիճակում, երբ մարդիկ փախչում են քաղաքից, հանրապետության բոլոր բնակիչներին այն բանի ընկալումն է անհրաժեշտ, որ իշխանությունն իրենց կողքին է: Անգամ եթե դեռ ոչինչ հասկանալի չէ՝ ոչ հրդեհի պատճառները, ոչ արտանետման իրական սպառնալիքը, ոչ դրա հետևանքները:
Այս պահին պետք չէ խոսել ոչ «քաղաքական սադրանքների», ոչ էլ այլ բաների մասին՝ «Էլեկտրացինկից» բացի: Իսկ նման բան չհնչեց», — հոկտեմբերի 21-ի երեկոյան գրել է հյուսիսօսական «Դարյալ» գրական ամսագրի գլխավոր խմբագիր Ալան Ցխուրբաևը: