«Պետության պատվերով և տոն օրերին»․ հրավառության արգելք Հայաստանում
Հրավառությունների արգելք Հայաստանում
Հայաստանում կսահմանվի հրավառությունների կազմակերպման արգելք։ Հրավառություն կկազմակերպվի միայն պետության պատվերով։ Սա նշանակում է, որ ֆիզիկական անձինք այլևս չեն կարողանա ցանկացած առիթով՝ լինի հարսանիք, թե ծնունդ, հրավառություն անել այնտեղ, որտեղ ցանկանում են։
Խորհրդարանի կողմից մշակված նախագծի համաձայն՝ քաղաքացիների շրջանում կարգելվի նաև հրավառ նյութերի ազատ վաճառքը։ Խոսքն, իհարկե, բենգալյան կրակների, տորթի վրա դրվող փոքր հրավառության պարագաների մասին չէ։
Եթե Ազգային ժողովը հավանության արժանացնի նախագիծը, ապա այն կսկսի գործել 2023 թվականի հունիսից։
Ի՞նչ է սպասվում օրենսդրական փոփոխությունների արդյունքում։
Արգելք ֆիզիկական անձանց համար
Երևանի փոխքաղաքապետ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքում կիրականացվի միայն «տեխնիկական և հատուկ նշանակության» հրավառություն, այն էլ տոն օրերին և քաղաքապետի թույլտվությունը ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից։
Երևան քաղաքի ավագանին Ավինյանի ներկայացրած նախագծին միաձայն կողմ է քվեարկել՝ սահմանելով հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները։ Ըստ այդմ՝ Երևանում կարող է հրավառություն իրականացվել միայն Հանրապետության և Ազատության հրապարակներում։
«Հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և միայն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ»,- հայտարարել է նա։
Սահմանված կարգը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 300 հազարից մինչև 1 մլն, խախտման կրկնության դեպքում՝ մինչև 2 միլիոն դրամով։
Ավինյանի փոխանցմամբ՝ առանձին դեպքերում, ինչպես օրինակ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումն է, հրավառություն կարող է իրականացվել նաև ոչ տոնական օրերին և ոչ նշված վայրերում, եթե առկա է քաղաքապետի թույլտվությունը։
«Քաղաքապետի այս լիազորությունը նույնպես անսահմանափակ չի լինելու։ Չի կարող թույլատրել իրականացնել հրավառություն, օրինակ՝ փակ տարածքներում, հրավտանգ աղբյուրների մոտակայքում և մի շարք այլ դեպքերում»,- պարզաբանել է փոխքաղաքապետը։
Կարծում է՝ որոշումը պետք է դիտարկել հանրային շահի գերակայության համատեքստում։
Օգոստոսին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած և 16 մարդու կյանք խլած պայթյունից հետո Ավինյանը հայտարարել էր, որ պետք է անել ամեն ինչ մասնավոր տոնակատարությունների ժամանակ հրավառությունները բացառելու համար։
Հրավառ նյութերի ներմուծումը՝ լիցենզավորման ենթակա գործունեություն
Խնդրի կարգավորման համար Հայաստանի խորհրդարանն առաջարկել է փոփոխություններ մտցել մի շարք օրենքներում։ Նախագծի մշակմանը մասնակցել են նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ դրա՝ նախատեսվում է հրավառ նյութերի համար սահմանել ներմուծման արգելք։ Միայն հատուկ լիցենզավորված կազմակերպությունները կունենան նման նյութեր ներմուծելու իրավունք։
Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ դարձնել՝
- պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը),
- հրագործական, արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը։
Նշվում է, որ այս գործառույթներն իրենց մեջ պարունակում են «անվտանգության, առողջապահական և այլ բաղադրիչներ», ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ:
«Բենգալյան կրակները, ամենապարզ՝ տորթի վրա դրվող փոքրիկ հրավառությունները, դրանց ազատ վաճառքը կշարունակվի, բայց պահման վայրերը, պահեստները, դրանց կիրառումը ստանդարտների կբերվի։ Իսկ բոլորիս հայտնի հրավառությունները, որոնք դրսում են կիրառվում, կախված իրենց չափից, տեսակից, դրանք պատկանում են 4-րդ և 5-րդ դասի հրավառություններին, և վաճառքը քաղաքացիներին բացարձակապես կարգելվի»,- պարզաբանել է նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը։
Այս նախագծի համաձայն՝ ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում հրավառություններ պետք է կազմակերպվեն միայն պետության պատվերով։
Օրենքն ուժի մեջ մտնի հաջորդ տարի
Եթե Ազգային ժողովը հավանության արժանացնի նախագիծը, ապա այն կսկսի գործել 2023 թվականի հունիսից։
Վերահսկողությունն իրականացնելու է Ոստիկանությունը, որը մինչև այս էլ ուներ հրավառությունների հետ կապված նմանատիպ գործառույթ։
Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ հրավառություններն արգելված են լռության ժամերին՝ 23։00-ից մինչև առավոտյան 07։00-ն։ Խախտման համար սահմանված է 100 հազար դրամի չափով տուգանք։ Տուգանքը կրկնապատկվում է, եթե մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնում է նույն քաղաքացին։
Հրավառություն իրականացնողների համար, սակայն, այս կարգավորումը զսպող դեր չի ունենում։ Ոստիկանության ծառայողներն էլ ոչ միշտ են կարողանում ճիշտ տեղորոշել հրավառության իրականացման վայրն ու բացահայտել խախտումն իրականացրած քաղաքացուն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հրավառությունների արգելք Հայաստանում