Մարտի 28-ին լրագրողներն ու իրավապաշտպաններն ամբողջ օրը №6 կալանավայրի մոտ Ինթիգամ Ալիևին սպասեցին: Սակայն նրան բաց թողեցին ուշ երեկոյան, և լրագրողները դիմավորեցին նրան տան դռների մոտ:
«Ես խնդրագիր չեմ գրել ներման կամ պատիժը մեղմելու մասին: Զարմացած եմ, որ ինձ ազատ են արձակել, սակայն այժմ հասկանում եմ, որ դա իմ փաստաբանների, ընկերների, ազատ մամուլի և միջազգային կառույցների աշխատանքի շնորհիվ է, որոնք այս գործը բարձրաձայնել են: Զբաղվելով կոռուպցիայի և իրավունքների խախտման դեմ պայքարով՝ ես գիտեի, որ ինձ վաղ թե ուշ ձերբակալելու են, և ես նույնիսկ զարմացած էի, որ ուշացնում էին դա: Եվ այժմ ավելի շատ սպասում եմ, թե երբ են ազատության մեջ հայտնվելու մնացած քաղբանտարկյալները և ինքս էլ եմ պայքարելու նրանց ազատության համար». ասել է Ինթիգամ Ալիևը:
Ինթիգամ Ալիևը բանտում անցկացրեց մեկ տարի և տասը ամիս: Նա այն մարդկանցից է, ում պատկերը այս ընթացքում եղել է նրա ընկերների և աշակերտների ֆեյսբուքյան պրոֆիլների լուսանկարը: Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու բողոքների պատրաստման գործունեությունը Ինթիգամ Ալիևին ապահովել է Ադրբեջանի սակավաթիվ քաղաքացիական հասարակության սերն ու հարգանքը, ինչպես նաև ճանաչում՝ աշխարհում:
Իրավապաշտպանը դատապարտվել էր յոթ ու կես տարվա ազատազրկման: Մարտի 17-ի սենսացիոն համաներումից հետո նրան ազատ արձակելու հույսերը շատ քիչ էին: Սակայն այսօր Գերագույն դատարանը որոշում է կայացրել փոխարինել նրա պատիժը 5 տարի պայմանական ազատազրկմամբ:
Ինթիգամ Ալիևի դեմ մեղադրանք է առաջադրվել 213.1 (հարկերից խուսափում), 308.2 (պաշտոնեական դիրքի չարաշահում), 192.2 (ապօրինի ձեռնարկատիրություն) և 179.3.2 (գրպանում կամ մսխում) հոդվածներով:
Այս մասին հաղորդում են իշխանամետ լրատվամիջոցները՝ լռելով Ինթիգամ Ալիևի իրավապաշտպան գործունեության վերաբերյալ: Անկախ լրատվամիջոցներն այս իրադարձությանն ավելի մեծ ուշադրության արժանացրին: Օրինակ, Ազատություն ռադիոկայանն իր ռեպորտաժում ցույց է տալիս, թե ինչպես է Ինթիգամ Ալիևի փաստաբան Ջավադ Ջավադովը հայտարարում ազատ արձակման մասին դատարանի շենքի առջև հավաքվածներին: Ջավադովը հայտարարել է, որ մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հասնել իր պաշտպանյալի արդարացմանը: