«ՀՀ բարգավաճում կարող է լինել միայն Եվրոպայի հետ»․ Հունաստանի ԱԳ նախարար
Հունաստանի ԱԳ նախարարի այցը Երևան
«Հունաստանը սատարում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ու դիտորդական առաքելության տեսքով՝ Միության ներկայացվածությանը երկրում»,- այսօր Երևանում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը։
Վստահեցրել է՝ որպես Եվրամիության ամենահին անդամ պետություն՝ երկիրն աշխատելու է ամրացնել Եվրամիության և Հայաստանի միջև «ինստիտուցիոնալ երկխոսությունը»։
Հայաստանի արտգործնախարարի հետ առանձնազրույցից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ ասուլիսով։ Լրագրողները նրանց ուղղել են նաև հայ-ադրբեջանական կարգավորմանն ու խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։
«Հայաստանը Եվրոպայի կարևոր մասն է»
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսն ասում է՝ շատ բան կա, որ հունական կողմը կարող է անել Հայաստան- ԵՄ հարաբերությունների ուղղությամբ։ Կարծում է՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը երկրում շատ կարևոր է, բայց անհրաժեշտ է կիրառել նաև այլ գործիքներ։ Մանրամասներ, սակայն, չի հայտնել։
«Հույժ կարևոր է շարունակաբար շեշտադրել Հայաստանի մասին եվրոպական տեսակետը։ Դա պետք է անել ոչ միայն հանուն ՀՀ ապագայի, ժողովրդի բարեկեցության աճին և կայունությանը նպաստելու համար, այլև Եվրոպայի։ Հայաստանը Եվրոպայի կարևոր մասն է»,- ընդգծել է նա։
Գերապետրիտիսի խոսքով՝ հայ ժողովրդի բարեկեցությունն ու բարգավաճումը միայն Եվրոպայի հետ կարող է լինել։
Հայաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ ԵՄ հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Ասում է՝ քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներից դուրս գտնվող։
«Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանն ինտենսիվ կերպով շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները։ Համոզմունք ունենք, որ դրանք, իրենց հերթին, ՀՀ-ն ավելի են մոտեցնում ԵՄ-ին։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնենք ավելի մեծ ու ինտենսիվ քայլերով, և, իհարկե, նաև Հունաստանի աջակցությամբ»,- շեշտել է Արարատ Միրզոյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում Հունաստանի կողմից ցուցաբերվող աջակցության համար։ Վստահեցրել է՝ Երևանն իսկապես տրամադրված է զարգացնել այդ կապերը՝ հիմնված ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վրա։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանաձև հույն նախարարից
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատել, Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իր երկրում հավատում են՝ ցանկացած վեճի լուծման համար պետք է ընդամենը երեք բառ՝ ժողովրդավարություն, դիվանագիտություն և երկխոսություն։ Ուժի կիրառումն ու ագրեսիան, ըստ նրա, պետք է բացառել։
Յորղոս Գերապետրիտիսի դիտարկմամբ՝ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր երկարատև խաղաղության հասնելու համար։
«Իրատեսական, արդարացի և կայուն» լուծում է համարում նաև Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը վերաբերում է տարածաշրջանի հաղորդակցությունների բացմանը։
«Խաղաղության գործընթացը պետք է ներառի կոնկրետ խնդիրներ, սահմանազատումը պետք է հստակ լինի, որ հետագա վայրագություններ չլինեն»,- հայտարարել է հույն պաշտոնյան։
Տևական ժամանակ է, ինչ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի նախնական տեքստի շուրջ իրենց առաջարկներն են փոխանակում։ Հունվարի 4-ին հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել հերթական արձագանքը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է այն մասին, որ Ադրբեջանից ստացված փաստաթղթում տեսնում է ինչպես հետընթաց, այնպես էլ առաջընթաց։
ՀՀ արտգործնախարարի փոխանցմամբ՝ անկախ առանձին հոդվածների շուրջ գրանցված առաջընթացից կամ հետընթացից, վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա՝
- առանց երկիմաստությունների և այլևայլությունների միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում,
- հստակ հիմքեր, որոնցով հետագայում պետք է ընթանա սահմանազատումը,
- հաղորդակցությունների բացում ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
«Այս հարցերի շուրջ ՀՀ-ն չի կարող թույլ տալ որևէ անորոշություն։ Որևէ անորոշություն հետագա ագրեսիաների և էսկալացիաների մեծ հիմք է և պարարտ հող»,- շեշտել է Արարատ Միրզոյանը։
Ասում է՝ հայկական կողմը ձգտում է այնպիսի խաղաղության, որը «հնարավորինս դժվար և գրեթե անհնար լինի կասկածի տակ դնել և խախտել»։
Երկկողմ օրակարգի մասին և ոչ միայն
Անդրադառնալով առանձնազրույցի ընթացքում քննարկված հարցերին՝ Հայաստանի ԱԳ նախարարն ասել է, որ շոշափել են բազմաթիվ թեմաներ՝ տնտեսությունից, անվտանգությունից մինչև մշակույթ։
Նրա բնորոշմամբ՝ վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ և Հունաստանի միջև ձևավորվել են ամուր գործընկերային և բարեկամական հարաբերություններ։ Այս հանդիպումն, ըստ նրա, այդ կապերին նոր լիցք հաղորդելու, քաղաքական երկխոսությունը մի քայլ առաջ տանելու հնարավորություն է։
Միրզոյանը Գերապետրիտիսին է ներկայացրել նաև խաղաղության գործընթացի մանրամասներն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը։
Հունաստանի արտգործնախարարը հայտնել է, որ պատրաստվում են ֆինանսապես աջակցել բռնի տեղահանված հայերին, որպեսզի նրանք հոգան իրենց կեցության ծախսերը։ Խոսել է նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանության մասին և նշել՝ անհրաժեշտ է, որ ԼՂ գործուղվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն, որը «կբացահայտի այն վնասները, որ դրանք [մշակութային կոթողները] կրում են»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հունաստանի ԱԳ նախարարի այցը Երևան