«Լաչինի միջանցքի արգելափակումը համաձայնեցված է Թուրքիայի հետ». կարծիք Երևանից
Հումանիտար ճգնաժամ ԼՂ-ում
Լաչինի միջանցքի արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի է հանգեցրել։ Հունվարի 18-ից արցախցիները կկարողանան սնունդ գնել միայն հատուկ կտրոններով։ Սպառման եզրին են դեղորայքն ու վառելիքը։ Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը մնացել են շրջափակման մեջ՝ ոչ միայն առանց ճանապարհի, այլև առանց ենթակառուցվածքների։ Ադրբեջանական կողմը պարբերաբար դադարեցնում է գազամատակարարումը։ Արցախը սնուցող միակ բարձրավոլտ գիծն արդեն տասը օր է, ինչ վթարված է։ Երեսուն հազար երեխաներ ինչպես թերսնման, այնպես էլ ցրտահարման վտանգի տակ են։
Դեկտեմբերի 12-ից որպես բնապահպան ակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Պահանջում են տարածքի հանքավայրերի մոնիթորինգ և հանդիպում ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարի հետ։
Մինչ օրս տարբեր երկրներ և միջազգային կառույցներ հանդես են եկել հայտարարություններով՝ Ադրբեջանին կոչ անելով բացել Լաչինի միջանցքը։ Նախօրեին կազմակերպված ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստում Միացյալ Նահանգները կոչն ուղղել է ոչ միայն Բաքվին, այլև Մոսկվային։
«Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխափան տարանցումը` հավատարիմ մնալով նախկինում ստանձնած պարտավորություններին»,- նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ միջանցքի արգելափակումը «բացահայտ ցեղասպանական բնույթ ունեցող» ծրագիր է, որն Ադրբեջանը համաձայնեցրել է Թուրքիայի հետ։
ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Վերադարձ տուն
Հունվարի 17-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Արցախ են վերադարձել շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխաներ։ Նախ լուրը տարածվեց ադրբեջանական ԶԼՄ-ներով։ Տեսանյութում երևում էր, որ երեխաներին նկարահանել են իրենց կամքին հակառակ, նրանք խուսափում էին նայել խցիկին։
Ավելի ուշ Արցախի օմբուդսմենը հայտնեց, որ երեխաները Գորիսից Ստեփանակերտ են ուղևորվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Բայց Շուշի-Քարին տակ հատվածում մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են և նկարահանել երեխաներին։
«Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, ինչի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը»,— գրել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Բացի այդ, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։ Օմբուդսմենի որակմամբ՝ սա երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
«Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։ Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»,- հայտարարել է Ստեփանյանը։
Հայաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 հայ երեխաների։ Միջադեպի առնչությամբ նա պատրաստվում է հրատապ նամակներ ուղարկել միջազգային իրավասու մարմիններին։
Առանց գազի ու էլեկտրաէներգիայի
«Արցախգազ» ընկերության փոխանցմամբ՝ Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Արբեջանական կողմը նախօրեին էլ արգելափակել էր գազատար խողովակը, 6 ժամ անց գազամատակարումը վերականգնվել էր:
Միջանցքի արգելափակումից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար դադարեցնում է Արցախի գազամատակարարումը, այնուհետև, իբրև բարի կամքի դրսևորում, թույլ տալիս իրականացնել վերականգնողական աշխատանքներ այն տարածքներում, որոնք 44-օրյա պատերազմից հետո հայտնվել են Բաքվի վերահսկողության տակ։
Արդեն 10-րդ օրն է, ինչ Արցախը Հայաստանից էլեկտրաէներգիա չի ստանում, բարձրավոլտ գծում վթար է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանք իրականացնել։ Ստեփանակերտում փորձում են հարցը կարգավորել ներքին ռեսուրսների հաշվին, բայց դրանք սահմափակ են։ Պարբերաբար տեղի են ունենում հովհարային անջատումներ։
Եվս 6 բուժառու տեղափոխվել է Հայաստան
Այսօր հաղորդվեց, որ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ բուժման նպատակով Հայաստան է տեղափոխվել 6 բուժառու, այդ թվում՝ մեկ հղի։
Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ պլանային վիրահատությունները դեռևս դադարեցված են։
«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,- հայտնել է գերատեսչությունը։
Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 34 բուժառու։
Փորձագիտական կարծիք
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հետապնդում է երեք նպատակ՝
- կոտրել Արցախի բնակչության կամքը, հայաթափել Արցախը,
- հարված հասցնել Հայաստանին,
- հեղինակազրկել ռուս խաղաղապահներին։
«Այս գործողությունը, որը բացահայտ ցեղասպանական բնույթ ունի, համաձայնեցված է Թուրքիայի հետ, ես կասեի՝ համատեղ ծրագրի մաս է կազմում»,- Factor TV-ի եթերում հայտարարել է նա ու համոզմունք հայտնել, որ ճանապարհը դեռ որոշ ժամանակ փակ կմնա։
Թուրքագետի դիտարկմամբ՝ թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացումը կանգնեցնելու համար միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Բաքվի և Անկարայի վրա։
«Թուրքիայի վրա կարող է ճնշում գործադրել ԱՄՆ-ն՝ դիվանագիտական, տնտեսական առումով։ Եվ ես կարծում եմ, որ բանակցություններում, որ պետք է վարի Թուրքիայի ԱԳ նախարարը Վաշինգտոնում, տեղ կհատկացվի նաև այս խնդրին։ Կարևոր է, որ Արևմուտքը սկսում է ակտիվանալ»,- ընդգծել է Սաֆրաստյանը։
Հույս ունի, թե քայլեր կձեռնարկի նաև Մոսկվան ու հավելում՝ «կարող է Ադրբեջանի վրա ազդել, եթե ցանկանա»։
Հարցին՝ արդյո՞ք կոչերից հետո միայն որոշում ընդունելը մարդկանց կյանքի հաշվին չէ, թուրքագետը պատասխանել է, որ միջազգային հարաբերությունները երբեք աչքի չեն ընկել մարդասիրական բնույթով։ Մյուս կողմից նկատել է՝ սկզբում հայտարարություններ անելը դիվանագիտության մեջ ընդունված է, և միայն կոչերի անարդյունավետության դեպքում են այլ քայլեր ձեռնարկվում, քանի որ այդ դեպքում «պետք է որոշակի ռեսուրսներ օգտագործել»։
Սաֆրաստյանը չի կարծում, թե գործը կհասնի մինչև վերջնական աղետը, երբ պաշարները լրիվ կսպառվեն․
«Որքան էլ դաժան է հնչում՝ ամեն ինչ հաշվարկվում է, և միջազգային հանրությունը հույս ունի, որ դրան չի հասնի։ Կարծում եմ՝ այստեղ ամենակարևորը Արցախի հայության կամքն է՝ մինչև վերջ կանգնել այս անմարդկային, ցեղասպանական ճնշումների դեմ և ոչ մի քայլ չզիջել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հումանիտար ճգնաժամ ԼՂ-ում