Հորեղբայր Յագուբը, տանկն ու Էկկերսլին
Հորեղբայր Յագուբ
Ժամանակին Բաքվում շատ էին գրքի կրպակները, որտեղ կարելի էր գտնել նոր ու հին գրքեր: Այսօր սակավաթիվ վաճառողները բողոքում են հաճախորդների պակասից: Նրանց վաճառասեղաններին նախկին բազմազանությունը չկա. ժամանակակից դետեկտիվները դրված են հորոսկոպների և խոհարարական գրքերի կողքին:
75-ամյա գրավաճառ հորեղբայր Յագուբը զարմանալիորեն լավատես է:
«Գիտեք, հիմա երիտասարդությունը սկսել է ավելի շատ հետաքրքրվել ընթերցանությամբ, հատկապես դասական գրականությամբ», — ասում է նա վաճառասեղանի մյուս կողմից, որը 90-ականների ձևավորում է հիշեցնում. խամրած ու քրքրված դասական գրքերի կողքին կանանց համար նախատեսված վեպերի վառ կազմեր են և մի քանի գիրք անգլերենով: Վաճառքի գրքերը բերվում են որտեղից ասես:
Մեր զրույցն ընդհատվում է երկու անգամ. մեկ անգամ միջին տարիքի մի կին է մոտենում.
— Բարև, Յագուբ: Ինձ համար ինչ-որ բան կա՞:
— Ոչ, միայն Խորհրդային հանրագիտարան է, կլինի՞:
Հետո մոտենում է ոստիկան և բավականին բարեհամբույր հարցնում.
— Դե ի՞նչ, կարողացար մի բան վաճառե՞լ:
— Այո, կարողացա, — պատասխանում է հորեղբայր Յագուբը՝ թղթադրամը նրան մեկնելով: Ոստիկանը բարեխղճորեն մանրն է վերադարձնում:
«Ոստիկանությունը շատ չի վերցնում, — ասում է վաճառողը, — բայց ամեն օր է վերցնում: Եթե ոչինչ չես վաճառել, ուրեմն գրպանիցդ վճարիր», — բացատրում է հորեղբայր Յագուբը:
Վարչական խախտումների օրենսգրքում մտցված փոփոխությունների արդյունքում հորեղբայր Յագուբին ու նրա գործընկերներին արգելել են գրքերը մայթեզրերին շարելը, ինչպես նախկինում անում էին: Այժմ դրա համար 80 մանաթ տուգանք է սահմանված:
Հորեղբայր Յագուբը փողոցում է ցանկացած եղանակի, այստեղ էլ ճաշում է կամ հարևան նկուղում՝ բրդուճների վրայից թեյ խմելով: Նրա խոսքով, իր փոքր բիզնեսն ավելի լավ ժամանակներ էլ է ունեցել.
— Հիշում եմ 90-ականների սկզբին արտասահմանցիներով լի մի ջիպ է կանգնում տաղավարիս մոտ: Այն ժամանակ Բաքվում ջիպեր էլ չկային: Էկկերսլիի (անգլերենի դասագիրք) դասագրքի 250 կոմպլեկտ պատվիրեցին: Վճարեցին 1250 դոլար: Ահռելի գումար էր: Կեսն ինձ հասավ: Ես՝ որպես խորհրդային քաղաքացի (դոլար ունենալն ապօրինի էր), գնացի մանրեցի գումարը և տան համար գնեցի ինչ պետք է: Իսկ հաջորդ օրը դեֆոլտ եղավ: Դոլարն արժեր 10 մանաթ, դարձավ 40: Կարող էի ավելի շատ գումար աշխատել: Միևնույնն է, դա մեզ ոչինչ չի սովորեցնում…
Հորեղբայր Յագուբն ավելի էքստրեմալ պատմություն էլ ունի: Կրկին 90-ականներից.
— Դա հենց 90 թ-ի հունվարին էր, քաղաքում տանկեր էին կանգնած: Ինչպես միշտ, եկա իմ տեղը, դասավորեցի գրքերը: Տեսնեմ՝ տանկից մի սպա իջավ և ուղևորվեց դեպի ինձ. «Այս ամենը ձե՞րն է, Ասում եմ՝ այո՛: «Իսկ էլի ունե՞ք», «Ունեմ», — ասում եմ. այն ժամանակ հսկայական գրադարան ունեի: Իսկ նա Ռուսաստանից էր, այնտեղ սիրում են կարդալ: Ասում է. «Նստի՛ր տանկը»: Նստեցի, նա էլ ուղևորվեց մեր տուն: Երբ տանկը տան մոտ կանգնեց, հարևանները չգիտեին ինչ մտածել, երևի որոշեցին, որ ես դավաճանի մեկն եմ: Ներս մտանք տուն, սպան գնեց իմ ամբողջ գրադարանը: Բոլոր գրքերի համար հինգ հազար ռուբլի վճարեց՝ այն ժամանակ վատ գումար չէր…
Այլ խանութպանները, թեև չեն վախենում անհապաղ աքսորման վտանգից, սակայն դժվար ժամանակներ են ապրում: Օրինակ, ժամանակին հայտնի «Բուկինիստ» խանութը: Վաճառող Վիդադի Մելիքովը նույնպես բողոքում է գնորդների բացակայությունից. «Այժմ, ինքներդ եք հասկանում, առաջին հերթին մտածում են հաց, հետո հագուստ և այլն գնելու մասին»:
Չնայած որ խանութը լիքն է գրքերով, գնորդները քիչ են: Մշտական գնորդները, Մելիքովի խոսքով, նույնպես քիչ են. «Երբեմն ոչինչ չեն էլ գնում, պարզապես զրուցում են և հեռանում»: Հիմնականում վաճառվում է «էժանագին» գրականությունը՝ դետեկտիվներն ու սիրային վեպերը, որոնց քրքրված տեսականու ոչ թե երկրորդ, այլ չգիտես, թե քանի ձեռք օգտագործածը կարելի է 50 կոպեկով գնել:
Չափազանց փխրուն սարդոստայն
Այս ամբողջ «գրքային ավանտյուրան» սկսելիս սումգայիթցի երեք տղաները որևէ եկամտի հույս էլ չունեին: Նրանց գլխավոր խնդիրը կենտրոնական փողոցներից մեկում այսպես կոչված «ինտելեկտուալ օազիս» ստեղծելն էր, որտեղ շարք են կազմել տարբեր չափի առևտրի կենտրոններ, թեյարաններ, շաուրմայի կետեր: Փողոցը կրում է հայտնի ադրբեջանցի գրող Նիզամի Գյանջևիի անունը… Այնպես որ, տրամաբանական էր, որ մի ամառային օր այնտեղ հայտնվեց փոքրիկ, բայց հպարտ «Տոր» (սարդոստայն) գրախանութը:
Հիմնադիրները երեքն էին՝ Ուլվի Նաջաֆլին, Օրհան Գասիմովն ու Ֆաիգ Ալիևը:
— Իրականում, մենք ուզում էինք նույնիսկ ոչ թե խանութ, այլ յուրօրինակ ակումբ բացել, որտեղ կարդացող սումգայիթյան երիտասարդությունը կկարողանա շփվել միմյանց հետ, կիսվել կարծիքներով… Անկեղծ ասած, մենք ինքներս էությամբ ասոցիալական ենք, այնպես որ ամեն ինչից զատ սա մեզ համար նաև ընկերներ գտնելու միջոց էր, — պատմում է Ուլվին:
Տարածքն ընկերն էր տրամադրել: Սակայն, չնայած դրան, խանութի վրա ծախսած անձնական գումարն ահռելի է եղել (տղաների եկամուտի համեմատ): Ի սկզբանե որոշվել էր, որ նրանք դասագրքեր, երազահաններ, աշխարհը նվաճելու ուղեցույցեր չեն վաճառելու, այլ շեշտը դնելու են համաշխարհային գեղարվեստական գրականության վրա ադրբեջաներենով և ռուսերենով:
«Տորում» կարելի էր ոչ միայն գրքեր գնել (նվազագույն գներով), այլ նաև վարձակալել, այնպես որ խանութը գնաև որպես վճարովի գրադարան է:
Սկզբում հաճախորդները շատ էին, սակայն ճգնաժամից հետո շաբաթական նույնիսկ 10 գիրք չի վաճառվում:
— Մեր խանութն այցելածների մեծ մասը ներս էր մտնում ճանապարհ հարցնելու համար: Ճիշտ է, այս ընթացքում հաջողվեց շատ կարծրատիպերից ազատվել… Օրինակ, լինում է, որ զարգացած տեսքով մի տղամարդ է գալիս, երկար-բարակ պատմում իր գիտելիքների մասին և հեռանում՝ առանց գրքերի վրա հայացք գցելու: Եվ ընդհակառակը, ներս է մտնում մի կասկածելի դեմք և գնում Գյոթե, Սելինջեր, Ֆիրդուսի:
Հաճախորդներ գրավելու համար հիմնադիրները տարբեր բաներ են փորձել՝ Հին քաղաքի հնաոճ իրերի խանութներում կամ ստամբուլի ռեստորաններում գովազդելով խանութը: Մուտքի մոտ կանգնած՝ հրավիրում էին անցնող երիտասարդներին ներս մտնել ոչ թե գիրք գնելու համար, այլ պարզապես նայելու, թերթելու…Սակայն դրանից նույնպես ոչինչ դուրս չեկավ:
Խանութը փակվեց պահանջարկի բացակայության պատճառով:
Զեղչերը որպես ճգնաժամի դեմ պայքարի միջոց
Ճգնաժամը վնասել է ոչ միայն փոքր գրավաճառների գործին, այլ նաև Ադրբեջանի ամենահայտնի գրախանութների ցանցի՝ «Ալի և Նինոյի»: Չնայած որ գրքասերները միշտ բողոքում էին այս ցանցում գործող գներից, այս խանութները երբեք դատարկ չեն եղել: Գոնե այն պատճառով, որ այստեղ կարելի է գտնել գրեթե բոլոր գրքային նորույթները, ինչպես նաև գրենական պիտույքներ, ուսուցողական դասագրքեր և խաղալիքներ:
«Ալի և Նինոյի» տնօրեն Նիգյար Քոչարլիի խոսքով, նրանց խնդիրները սկսվել են նախքան արժեզրկումը՝ օգոստոս-սեպտեմբերին, քանի որ այն ժամանակ արդեն նկատվում էր գնորդների հետաքրքրության անկում (գնողունակության անկման պատճառով, մանաթն առաջին անգամ արժեզրկվեց 2015թ. փետրվարին): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, վաճառքներն անկում են ապրել 30-35%-ով:
Նիգյար Քոչարլի
Քանի որ գրքերի մեծ մասը ներկրվում է արտասահմանից, մանաթի արժեզրկումն ավելացրել է գրքերի ինքնարժեքը, հետևաբար նաև գները:
— Մենք զեղչային քաղաքականություն ենք վարում, որպեսզի խթանենք վաճառքը, սակայն փաստացի վաճառում ենք դրանք ի վնաս մեզ՝ ինքնարժեքից ցածր գնով, — ասում է Նիգյարը, — Ստիպված ենք այդ քայլին դիմել, քանի որ առաջին հերթին, մարդիկ մտածում են հացի փող վաստակելու մասին, իսկ գրքերի հանդեպ հետաքրքրությունն անցնում է վերջին պլան:
Արժեզրկումից հետո նմանատիպ խնդիրների հետ է բախվել «Qanun» հրատարակչությունը: Տնօրեն Շահբազ Խուդուօղլուի խոսքով, մանաթի արժեզրկումից հետո վաճառքի ծավալը նույնպես կրճատվել է 30-35%-ով:
Շահբազ Խուդուօղլու
Սակայն ի տարբերություն բազմաթիվ այլ արտադրողների և վաճառողների, «Qanun»-ը այդ խնդրի լուծումը գտել է ոչ թե գների բարձրացման մեջ, այլ հակառակը. «Արժեզրկումից հետո բոլորը որոշեցին, թե ելքն այս իրավիճակից գների բարձրացումն է: Իմ կարծիքով, դա սխալ ռազմավարական քայլ է և կարող է եկամուտ ապահովել, բայց ոչ երկարատև: Այնպես որ, մենք ընդհակառակն իջեցրինք գները, և դա շատ արդյունավետ եղավ: Մեզ հաջողվեց շատ նոր հաճախորդների գրավել»:
Նիգյար Քոչարլին և Շահբազ Խուդուօղլուն միաձայն հայտարարում են, որ ադրբեջանական գրքի շուկայի հիմնական խնդիրը հարկային արտոնությունների բացակայությունն է:
Երկրի ներսում գոյություն ունեցող պարտադիր վճարները ոչ մի բանով չեն տարբերվում այլ տեսակի ձեռնարկատիրական գործունեության տեսակների հարկերից (սակայն հայտարարվում է, որ գրքային արտադրանքը «արտոնություններ» ունի): Իսկ 2016թ. հունվարի 1-ից խորհրդարանի որոշմամբ երկիր ներկրվող գրքերը մաքսատուրքից բացի հարկվում են նաև 18% ԱԱՀ-ով, չնայած նախկինում այդ հարկատեսակը չէր պահանջվում:
«Ալիի ու Նինոյի» համար դա նոր բարդություններ է առաջացրել, քանի որ նրանց գրքերի մեծ մասը ներկրվում են: Իսկ «Qanun» հրատարակչության համար՝ քանի որ նրանք իրենց արտադրանքը տպում են արտասահմանում:
Մեր երկու հարցվածներն էլ կարծում են, որ գրքի շուկայի դրության բարելավման համար անհրաժեշտ է թեթևացնել հարկային բեռը: Սակայն Շահբազ Խուդուօղլուի կարծիքով, նաև պետք է փոխել վերաբերմունքն այդ ոլորտի հանդեպ. «Դրա համար պետք է հզոր պրոպագանդա: Օրինակ, պետք է Ադրբեջանի ամեն շրջանում գրքի տոնավաճառ կազմակերպել: Թե չէ մեր ազգն ընդհանրապես կմոռանա գրքերի գոյության մասին»:
Պատկերավորության համար Շահբազ Խուդուօղլուն թվեր է նշում. «Բաքվում այս պահին ընդամենը 15 մասնագիտացված գրախանութ կա: Սումգայիթում՝ 2 խանութ: Լենքորանում՝ գրքի մեկ բաժին: Իսկ այլ քաղաքներում ընդհանրապես ոչինչ չկա: Ֆրանսիայում, օրինակ, 2 հազ. հոգուն բաժին է ընկնում մեկ գրախանութ: Իսկ մեզ մոտ՝ 400 հազ. հոգուն՝ մեկը»:
Իհարկե, «թղթային գրականության» ցածր պահանջարկի համար կարելի է մեղադրել էլեկտրոնային գրքեր կարդալու տենդենցին: Սակայն հրատարակչի կարծիքով, տվյալ պահին դա կապ չունի. «Իմ կարծիքով, դա տարբեր մշակույթներ են: Քարե դարն ավարտվել է, բայց քարն ինքնին չի անհետացել, չէ՞: Թղթե գրքերի ժամանակներն էլ են շարունակվում: Սակայն ադրբեջաներենով այնքան էլ շատ գիրք չկա, ոչ էլեկտրոնային, ոչ տպագիր: Այնպես որ ադրբեջանախոս ընթերցողը ընտրություն էլ չունի»:
«Qanun»-ն ակտիվորեն զբաղվում է համաշխարհային գրականության ադրբեջաներեն թարգմանությամբ, սակայն ճգնաժամի պայմաններում դա թանկ հաճույք է:
“Կշեռքներ. 20 կոպ.
Հրապարակվել է 19. 04. 2016