«Կարծում եմ՝ որ ոչ մի կորոնավիրուս էլ չկա»․ սա ապացուցելու համար Վլադիկավկազում գրոհել են հիվանդանոցը
Հյուսիսային Օսիա–Ալանիայում ինը մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հիվանդներից մեկը մահացել է։ Սակայն միաժամանակ ավելի են ակտիվանում մի խումբ մարդիկ, որոնք համաճարակի հերքման արշավ են վարում։
Ապրիլի 7–ին մի քանի մարդ է փորձել ներխուժել Վլադիկավկազի քաղաքային հիվանդանոց՝ պահանջելով COVID-19–ի գոյության ապացույցներ ներկայացնել իրենց։
Տեսանյութում, որը նկարահանվել է բջջայինով, երևում է, թե ինչպես են մի քանի հոգի վիճում անվտանգության աշխատակիցների հետ, որոնք փակել են նրանց ճանապարհը։
Կադրի մեջ հնչող ձայնը հարցնում է․
«Իսկ այստեղ իրո՞ք հիվանդներ կան։ Եթե կան, ապա ինչպե՞ս ապահովագրեմ ինձ և ընտանիքիս։ Այդ հարցերի պատասխանները չեմ կարողանում ստանալ։ Երեք երեխա ունեմ, չգիտեմ՝ ինչ անել։ Կարծում եմ, որ կորոնավիրուսով հիվանդներ չկան»։
Այն անձանց թվում, որոնք փորձում են հիվանդանոց ներխուժել, երիտասարդ մի կին կա։ Նա հարցաքննում է անվտանգության աշխատակցին․
«Ի՞նչ է պետք անել, ի՞նչ ախտանշաններ ունի կորոնավիրուսը։ Դե, ցույց տվեք մեզ կորոնավիրուսով հիվանդներին, որտե՞ղ են նրանք պառկած»։
Խուլիգանական արարքը համընկել է կորոնավիրուսի հետևանքով գրանցված առաջին մահվան լուրի հետ։ Ինչպես հաղորդվում է, մահացածը 83 տարեկան էր և քրոնիկ հիվանդություններ ուներ։ COVID-19–ի առկայության դրական թեստ է ստացվել Հյուսիսային Օսիայի Հիգիենայի և համաճարակաբանության կենտրոնի լաբորատորիայում։
Մահացածի ընտանիքի անդամները բժիշկների վերահսկողության տակ են։
- Վլադիկավկազ․ սպիրտով լի պահեստներ, և դեղատներ, որտեղ ախտահանիչներ չկան
- Մոսկվայի քաղաքապետ․ «Կորոնավիրուսով հիվանդների թիվն իրականում զգալիորեն ավելի մեծ է»
Օպերային երգիչ Չելդիևը ժողովրդին հանրահավաքի կոչ է անում՝ «կորոնավիրուսի մասին հեքիաթներին վերջ տալու համար»
Դատելով սոցցանցերում արվող մեկնաբանություններից՝ Վլադիկավկազում քիչ չեն այն մարդիկ, որոնք չեն հավատում մահացու վարակի գոյությանը։
Այդ շարժման ռաջնորդներից է օպերային նախկին երգիչ Վադիմ Չելդիևը։ Նա քննադատում է իշխանություններին և ոստիկանությանը և կոչ անում մարդկանց չհավատալ «պանդեմիայի մասին հեքիաթներին»։
Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը հայտարարել էր, որ կորոնավիրուսով հիվանդներին փրկող բժիշկներին կվճարվի 300–ական հազար ռուբլի [շուրջ $4 հազար]։
Չելդիևը պնդում է, որ եթե բժիշկներին «լավ են վճարում, ուրեմն նրանք այնտեղ փակ դեմքերով նստած են մեկուսացման մեջ և այդ գումարներն են արդարացնում»։
Չելդիևը կոչ է անում բոլորին չպահպանել ինքնամեկուսացման պահանջն, իսկ ապրիլի 20–ին բողոքի ցույցի դուրս գալ։
Շատ օս բլոգերներ նրան քննադատում են։ Հավանաբար, ապրիլի 20–ը ցույց կտա, թե որքան մեծ է այն անձանց շրջանակն, ովքեր հավատում են «իշխանությունների դավադրությանը»։
Ինքնամեկուսացման ռեժիմը մեղմել՝ տնտեսությունը փրկելու համար
Ռուսաստանի Դաշնությունում կարանտինային ռեժիմ պաշտոնապես չի հայտարարվել։ Սակայն կենտրոնը շրջաններին թույլ է տվել ինքնուրույն որոշել, թե համաճարակին հակազդելու համար ինչ միջոցներ ձեռնարկել։
Հյուսիսային Օսիայում ոչ աշխատանքային է հայտարարվել դեռևս մինչև ապրիլի 19–ն ընկած ժամանակահատվածն, իշխանությունները բնակչությանը կոչ են անում տանը մնալ։
Տեղի խոշոր բիզնեսը որոշել է օգնել բժիշկներին և հատուկ հիմնադրամ է ստեղծել։
Բիզնեսով զբաղվող մի քանի պատգամավորներ մեկական միլիոն ռուբլի [շուրջ $13,5 հազար] նվիրատվություն են արել։
Միանգամից երեք միլիոն ռուբլի [շուրջ $40 հազար] տրամադրել է «Բավարիա» ընկերությունների խմբի ղեկավարությունը, որը պատկանում է Հյուսիսային Օսիայի ղեկավարի որդուն՝ Վյաչեսլավ Բիտարովին։
Սակայն Հյուսիսային Օսիայի մանր ու միջին ձեռնարկատերերն ասում են, որ մեծ վնասներ են կրում։
Իսկ հանրապետության շատ բնակիչներ սարսափած են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքի գների աճից և զանգվածային գործազրկությունից։
Կարելի է միայն ենթադրել, թե նրանցից ով է պատրաստ մասնակցել ապրիլի 20–ի ակցիային։
Եվ ահա ապրիլի 7–ին հայտնի է դարձել, որ կառավարությունը պլանավորում է մեղմել ինքնամեկուսացման ռեժիմը՝ տնտեսությանն աջակցելու համար։
Ենթադրվում է, որ մի քանի ճյուղ կվերսկսի աշխատանքը սանիտարական նորմերի խստացման պայմանով։
Այս որոշումն ակնհայտորեն կապված է Մոսկվայի դիրքորոշման հետ, քանի որ նույն օրը Վլադիմիր Պուտինը հայտարարել է ոչ աշխատանքային օրերը կրճատելու հնարավորության մասին՝ չնայած որ Ռուսաստանում արագորեն աճում է վարակվածների թիվը։
Ապրիլի 7–ին ՌԴ–ում վարակվել է 1,124 մարդ։ Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 7,497–ի, 58 մարդ մահացել է։
Հյուսիսային Օսիայում ապրիլի 7–ին կորոնավիրուսով վարակման ինը դեպք է արձանագրվել, ինքնամեկուսացման մեջ է 683 մարդ, ինքնամեկուսացումից դուրս է եկել 852 մարդ։