ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների հարցը
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կայացել է Հայաստանի գլխավոր դատախազի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ։ Իգոր Կրասնովն ու Արթուր Դավթյանը քննարկել են նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ ընդգծելով զինծառայողների, քաղաքացիական և այլ անձանց վերադարձի վերաբերյալ եռակողմ հայտարարության պահանջների կատարման անհրաժեշտությունը։
«Հանդիպման օրակարգային հարցերից է եղել 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հիմնախնդիրը, այդ համատեքստում բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը», — ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազը Իգոր Կրասնովի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից արհեստածին, սուբյեկտիվ առիթներով Հայաստանի բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունների վրա։ Դավթյանն առաջարկել է նմանատիպ միջադեպերի բացառման նպատակով իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակելուն ուղղված քայլեր ձեռնարկել։
Սա գլխավոր դատախազների այս տարվա 5-րդ հանդիպումն է։ Կողմերը բարձր են գնահատալ հանդիպումների պարբերականությունը, ինչը նոր ազդակ է հաղորդում ընթացիկ խնդիրների օպերատիվ կարգավորման պրակտիկայի ամրապնդմանը, նպաստում փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը:
Արթուր Դավթյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ Արցախի անվտանգության ապահովման խաղաղապահ առաքելության, Հայաստանի սահմանների առավել զգայուն հատվածների, հաղորդակցային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ-երը փակել էին Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, ավելի ուշ նաև Գորիսից Որոտան հատվածը։ Ճանապարհը բացելու հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցություններ էին վարում Հայաստանի սահմանապահ և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը։ Բանակցություններն արդյունք տվեցին երկու օր անց միայն։