Երևան-Թբիլիսի-Բաքու եռակողմ ձևաչափ է ստեղծվել. ի՞նչ սպասել ԱԳՆ շփումներից
ՀՀ-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը
Նախօրեին Թբիլիսիում կազմակերպվել էր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փոխարտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպումը։ Պաշտոնական Երևանի բնորոշմամբ՝ եռակողմ համագործակցությունը կարող է «խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը»։
Դեռևս հունվարի վերջին ՀՀ կատարած այցի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին բարձրաձայնել էր տարածաշրջանը խաղաղ տեսնելու Թբիլիսիի ցանկությունը։ Հայտարարել էր՝ այդ նպատակին հասնելու համար պատրաստ են անել հնարավորը, անգամ հանդես գալ որպես ֆասիլիտատոր հայ-ադրբեջանական բանակցություններում։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը դրական է գնահատում եռակողմ ձևաչափի ստեղծումը։ Հույս ունի՝ քննարկումները կլինեն կառուցողական։ Ինչ վերաբերում է Վրաստանի՝ ֆասիլիտատոր դառնալուն՝ նկատում է՝ այդ հարցն օրակարգից դուրս է։
«Նման առաջարկ Թբիլիսին արել էր նաև մեկ տարի առաջ, եթե չեմ սխալվում։ Բայց Ադրբեջանը մերժել էր։ Հայաստանը ևս մերժել էր։ Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանն ու ՀՀ-ն երկկողմ ձևաչափով են քննարկում հիմնական խնդիրները և հրաժարվում են բոլոր միջնորդություններից, շատ մեծ է հավանականությունը, որ Վրաստանի միջնորդությունը նույնպես չեն ընդունի»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա։
Ի՞նչ է հաղորդվել եռակողմ հանդիպման մասին, մեկնաբանություն
- Խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու Բաքվի շարժառիթները՝ ըստ հայ քաղաքագետի
- «Մոսկվային չի հաջողվի տաքուկ տեղավորվել Երևանի և Բաքվի արանքում»․ Ռուբիո-Փաշինյան զրույցը
- Ինչո՞ւ է Բաքուն մերժում Երևանի առաջարկները․ Փաշինյանի հոդվածը ապաշրջափակման մասին
- «Բաքվի նպատակը լոգիստիկ հարցերը քաղաքական ճնշման գործիքի վերածելն է»․ կարծիք
«Համագործակցության չիրացված ներուժ կա»
ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ փոխնախարարների հանդիպումը նախաձեռնել են Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։
Հաղորդագրությունում նշվում է, որ փոխարտգործնախարարները ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել․
«Երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։ Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»։
Նշվում է, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ։ Թե որ ոլորտների մասին է խոսքը՝ չի հաղորդվում։
Բացի այդ, ներկաները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը «նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը»:
Փորձագիտական կարծիք
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ՀՀ-Վրաստան-Ադրբեջան ձևաչափի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ աշխարհակարգի փոփոխման ժամանակահատվածում Հարավային Կովկասի երկրները պետք է «սինխրոնացնեն իրենց գործողությունները»։
Ասում է՝ եռակողմ ձևաչափով հանդիպումների ժամանակ երկրները կարող են՝
- քննարկել արտաքին մարտահրավերներին համատեղ դիմակայելու հնարավորությունները,
- համադրել աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ երեք երկրների մոտեցումներն ու հասկանալ, թե որքանով են դրանք տարբերվում և որտեղ են համընկնում։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այս ձևաչափով կարող է քննարկվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հարցը։
Ղևոնդյանը նկատել է՝ Հայաստանը կարող է քննարկել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, քանի որ Վրաստանը նույնպես այդ ծրագրի շահառու է լինելու։ Մյուս կողմից նկատել է՝ Բաքուն էլ կփորձի ՀՀ-ով անցնող ճանապարհների հետ կապված իր ծրագրերն առաջ մղել։
Շեշտում է՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շահագործումից հետո այն կարող է շահավետ լինել նաև ադրբեջանցիների համար։ Իհարկե, այն պայմաններում, եթե ստորագրված լինի խաղաղության պայմանագիրը, հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, լինեն բաց սահմաններ։
«Ակնհայտ է՝ երբ պատրաստ լինի «Հյուսիս-հարավ»-ը, և ՀՀ-ից դեպի վրացական նավահանգիստներ ճանապարհն անցնի Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածով, Ադրբեջանի հարավային հատվածներում ապրող շատ ադրբեջանցիների համար այն ամենահարմար ճանապարհն է լինելու ՀՀ-ով դեպի Սև ծովի ափեր հասնելու համար»,- պարզաբանել է նա։
Վերլուծաբանի խոսքով՝ նկարագրված սցենարի պարագայում Վրաստանը կարող է ՀՀ-ին և Ադրբեջանին առաջարկներ անել, այդ թվում՝ բեռների տեղափոխման պարզեցված ընթացակարգերի տեսքով։
Անդրադառնալով եռակողմ համագործակցության հնարավոր ոլորտներին՝ նկատել է՝ հայկական կողմի համար ամենակարևորն ու հետաքրքիրը ենթակառուցվածքների ոլորտն է, բայց կարող են գործակցել նաև այլ ուղղություններով․
«ՀՀ-ն ու Վրաստանը, ինչպես նաև Վրաստանն ու Ադրբեջանը երկկողմ սահմանազատման գործընթացի բավականին երկար՝ 30 տարվա փորձ ունեն։ Այստեղ Վրաստանը կարող է տեխնիկական առումով օգտակար լինել ՀՀ-ին և Ադրբեջանին»։
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հայ-ադրբեջանական օրակարգի հարցերն այս ձևաչափով քննարկելու պարագայում չկա վտանգ, որ Վրաստանն իր «պասիվ համաձայնությունը» կտա ադրբեջանական պահանջներին՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական ազդեցությունը Թբիլիսիի վրա։
Ի պատասխան Ղևոնդյանն ասել է, որ Վրաստանը բավականին ինքնաբավ երկիր է, երկրի տնտեսության մեջ շատ ավելի մեծ մասնակցություն ունեն արաբական երկրները, քան Թուրքիան։ Նրա բնորոշմամբ՝ միֆ է, թե Ադրբեջանն ու Թուրքիան այնպիսի «ահռելի ազդեցություն ունեն» Վրաստանի վրա, որ նա չի կարող դեմ գնալ նրանց շահերին․
«Պետք չէ կարծել, թե Վրաստանը կարող է Ադրբեջանի կամ Թուրքիայի ազդեցության տակ ինչ-որ գործողություններ իրականացնել։ Բայց չի բացառվում, որ ինչ-որ կերպ շահագրգռեն Վրաստանին, որպեսզի Թբիլիսին ավելի հակված լինի ադրբեջանական տեսակետին»։
Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ այս ձևաչափով քննարկումներում ՀՀ շահերը ոտնահարվեն։ Ասում է՝ դրանք հիմնականում կառուցողական կլինեն։
«Ադրբեջանն, իհարկե, փորձելու է իր գերակայությունն ամրագրել թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի նկատմամբ։ Երևանն ու Թբիլիսին էլ իրենց շահերն են փորձելու առաջ տանել։ Թե ում մոտ որքան կստացվի՝ կախված կլինի կողմերի դիվանագիտական հմտություններից»,- ընդգծել է Ղևոնդյանը։
Կարծում է՝ եթե հայ-ադրբեջանական բանակցությունները հաջողությամբ պսակվեն և ստացվի ունենալ բաց տարածաշրջան, ապա նման եռակողմ հանդիպումները լինելու են բազմաթիվ։ Քաղաքագետի համոզմամբ՝ այս պահին փոխնախարարների մակարդակն ամենաարդյունավետն է։ Իսկ հետագայում կարող են լինել նաև ԱԳ նախարարների, ինչու ոչ, նաև երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներ։
Արդյո՞ք փորձ է արվում այս ձևաչափը հակադրել «3+3» ձևաչափին (ՌԴ, Թուրքիա, Իրան, ՀՀ, Ադրբեջան, Վրաստան), որին Վրաստանը փաստացի չի մասնակցում։ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ոչ, նման հակադրություն չկա։
«3+3»-ի պարագայում Երևանի համար անընդունելի էր այս հարթակում քննարկել հարցեր, որոնք արդեն իսկ այլ ձևաչափերով քննարկվում են։ Խոսքը, մասնավորապես՝ սահմանազատման, հաղորդակցությունների բացման մասին էր։ Փորձագետի խոսքով՝ հայ-վրաց-ադրբեջանական ձևաչափի պարագայում այդ հարցերի քննարկումը կարող է ընդունելի լինել Հայաստանի համար, քանի որ «Թբիլիսին չեզոք կողմ» է։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը