ՀՀ վարչապետի առաջարկը․ զինվորականներին երկուստեք հետ քաշել հայ-ադրբեջանական սահմանից
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին սահմանային լարվածության նվազեցման վերաբերյալ պաշտոնական առաջարկ է արել Ադրբեջանին։ Նա առաջարկում է հայելային եղանակով հայ-ադրբեջանական սահմանից հեռացնել զորքերը և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել։ Վարչապետի պաշտոնակատարը խոսում է Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների (ԱՄՆ և Ֆրանսիա) ներկայացուցիչների մասին։
Եթե իրավիճակը չհանգուցալուծվի, դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ բախման, կարծում է վարչապետի պաշտոնակատարը։
Սակայն Փաշինյանի առաջարկը կտրուկ քննադատություն է առաջացրել երկրի քաղաքական ուժերի և քաղաքագետների կողմից։
Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարական է տվել։ Որոշ փորձագետներ նրա առաջարկը գնահատել են որպես բացարձակ անհամաձայնություն Փաշինյանի առաջարկին։
Մայիսի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Գեղարքունիքի մարզում, վեց հայ զինծառայողներ են գերեվարվել ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա գնահատել է որպես առևանգում, քանի որ զինվորականները Հայաստանի տարածքում են եղել։ Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետրով խորացել է Հայաստանի տարածք և չի նահաջում՝ չնայած հայկական կողմի պահանջներին։
- Լարվածությունն աճում է․ 6 հայ գերիներ և իրավիճակի տարբեր մեկնաբանություններ Երևանից և Բաքվից
- Ո՞ւմ ձեռքում է Հայաստանի խնդիրների լուծման բանալին։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը
Առաջարկի մանրամասները
Իր առաջարկը Փաշինյանը համարում է լարվածության նվազեցման ամենակարճ ճանապարհ․
«Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը: Այս առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը: Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից և վերադառնում մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն՝ ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»։
Եթե Ադրբեջանի խնդիրը կապված է սահմանային կետերի ճշգրտման հետ, ապա երկրի ղեկավարությունն այս պլանը մերժելու որևէ պատճառ պետք է որ չունենա, կարծում է Փաշինյանը։
Միջազգային դիտորդների ներկայությունը նա բացատրում է պայմանավորվածությունների պահպանման երաշխիքի անհրաժեշտությամբ։
Քաղաքական ուժերի արձագանքը
«Պատիվ ունեմ» քաղաքական դաշինքը կտրուկ քննադատել է սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների տեղակայման առաջարկը։ Դաշինքի հայտարարությունում ասվում է, որ դա կարող է Հայաստանը վերածել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների դաշտի։
Ավելին, Փաշինյանի առաջարկը գնահատվում է որպես իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները սպառած Հայաստանի ներկայիս ղեկավարության պարտվողական քաղաքականության արտացոլում․
«Իշխանության պահպանման համար կապիտուլյանտների կառավարությունը պատրաստ է ցանկացած զիջման, պատրաստ է տրվելու Ադրբեջանի շանտաժին և ճնշմանը»։
ՀՅ «Դաշնակցությունը» պահանջել է Նիկոլ Փաշինյանի անհապաղ պաշտոնանկությունն ու նոր վարչապետի նշանակում։
Ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի սահմանին կատարվող իրադարձությունների համար պատասխանատու է երկրի իշխանությունը։ Նրա անգործության պատճառով է, որ «թշնամին ավելի է լկտիանում»։ Կուսակցությունն անթույլատրելի է համարում այն փաստը, որ գերեվարվել է 6 հայ զինծառայող, իսկ նախօրեին «թշնամու գնդակից զոհվել է Հայաստանի ԶՈւ զինծառայող»։
Արտգործնախարարի հրաժարականի մասին
Արա Այվազյանն արտգործնախարարի պաշտոնն էր զբաղեցնում ընդամենը յոթ ամիս։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թ-ի նոյեմբերին, երբ հրաժարական էր տվել նախորդ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Երկուսն էլ այդ պաշտոնը լքել են երկրի քաղաքական ղեկավարության հետ տարաձայնությունների ֆոնին։
Այվազյանի հրաժարականի մասին պաշտոնական մեկնաբանություններ չկան։ Սակայն շատերը հրաժարականը կապում են Ադրբեջանի հետ սահմանային ճգնաժամի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ անհամաձայնության հետ։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը «Կոմերսանտ» թերթին ասել է, որ «Փաշինյանը նախարարներին քավության նոխազ է դարձնում․ նրանց գործողությունների ազատություն չի տալիս, իսկ ձախողման դեպքում ողջ մեղքը գցում է հենց նրանց վրա»։
Այվազյանի հրաժարականի մասին լուրերը սկսել են պտտվել դեռևս 2021 թ-ի փետրվարին։
Փորձագիտական կարծիք
Արևելագետ Սերգեյ Մելքոնյանն իր տեսակետն է հայտնել Փաշինյանի առաջարկի վերաբերյալ․
«1. Այս հայտարարությունն, ինչպես նախորդները, արվել է առանց նախագահի կամ արտգործնախարարի հետ խորհրդակցությունների։ Ընդունվել է միանձնյա։ Խորհրդակցությունների ընթացքում փորձառու դիվանագետները կբացատրեին նման առաջարկի աբսուրդությունը։
2. ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ։ Նման հարցերի քննարկման համար այն մանդատ չունի։ Միակ բանը, որով պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը (ինչպիսին պետք է լինի Երևանի դիրքորոշումը) Արցախի Հանրապետության կարգավիճակի հաստատումն է։
3. Նման հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է համապատասխան առաջարկ կամ համաձայնություն ստանալ «հյուրերից», որոնք հրավիրվում են (եթե դա ԵԱՀԿ ձևաչափով չէ, այլ երկկողմանի հիմքով, այնուհետև՝ բազմակողմանի պայմանավորվածությունների հիման վրա)։ Դատելով այն բանից, որ վերջին օրերին Փարիզի և Վաշինգտոնի հետ ուղղակի շփումներ չեն եղել, կարելի է եզրակացնել, որ ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն ուղղակի համաձայնություն չեն տվել։ Նման որոշումները երկար քննարկումներ և խորհրդակցություններ են պահանջում, որոնք տեղի չեն ունեցել։
4. Կարելի է ակնկալել Ռուսաստանի տարակուսանքը, քանի որ բարդ է պատկերացնել, թե Մոսկվան համաձայն լինի իր ազդեցության գոտում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ռազմական ուժերի տեղակայմանը։
5. Նման որոշման ընդունման համար պետք է Բաքվի համաձայնությունը լինի։ Վստահ չեմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը կհամաձայնի ֆրանսիական կամ ամերիկյան ներկայությանը։ Եթե, իհարկե, Փաշինյանը չի պլանավորում նրանց տեղակայել Հայաստանի տարածքում, ինչն է՛լ ավելի մեծ հիմարություն է»։