«Ինքնասպանությո՞ւն», թե՞ միջամտություն ՀՀ ներքին գործերին. Ալիևի հայտարարության մասին
ՀՀ Սահմանադրությունը՝ խաղաղության խոչընդո՞տ
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելը անհնարին է, քանի դեռ ՀՀ գործող Սահմանադրությունը մնում է անփոփոխ։ Մենք չենք կարող խաղաղության պայմանագիր կնքել այն դեպքում, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հավելել է նաև, որ հատկապես 2020 թ․ և 2023 թ․ իրադարձություններից հետո Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալը «մոտ է ինքնասպանությանը»։
Պաշտոնական Երևանն Ալիևի հայտարարությունը գնահատել է որպես «կոպիտ միջամտություն երկրի ներքին գործերին» և արձանագրել՝ Հայաստանն իր որևէ հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում, որ հայտարարությամբ Բաքուն փորձում է ՀՀ-ին ներկայացնել որպես բանակցությունների ապակառուցողական կողմ։
Ասում է՝ այդ փորձը հաջողության չի հասնի, քանի որ միջազգային հանրությունը վերջին ամիսներին տեսել է Երևանի կատարած բոլոր քայլերը։
«Հայաստանն անցնող ամիսների ընթացքում, ըստ էության, հրաժարվել է արցախյան հարցից, համաձայնել է սահմանազատումն ու սահմանագծումը սկսել սեփական զիջումների հաշվին։ Միշտ ծայրահեղ կառուցողական է հանդես եկել»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Քոչինյանի խոսքով՝ Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ չէ։ Ինչ վերաբերում է Ալիևի պահանջին՝ նկատել՝ դեռ պետք է հասկանալ՝ դա բանակցային գործընթացի նախապայմա՞ն է, թե՞ ընդամենը հռետորաբանություն։ Մինչև վերջերս, ըստ նրա, նման նախապայման հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում չի եղել։
Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող իրավական առումով խնդիր հանդիսանալ երկարատև խաղաղության հաստատման համար։ Վստահեցրել էր՝ ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը խաղաղության բանակցությունների օրակարգի մաս չի կազմում։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «բացարձակապես անընդունելի» էր համարել երկու երկրների սահմանադրությունների միջև զուգահեռների անցկացումը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան, իսկ «ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթեր տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ»։
«Չենք կարող պայմանագիր կնքել, քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել»․ Ալիև
Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանի հետ բանակցություններում շարունակում են բաց մնալ մի քանի հարցեր։ Դրանցից մեկն, ըստ նրա, երկրի Սահմանադրությունն է, որը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։
Ալիևի գնահատմամբ՝ քանի դեռ Սահմանադրությունն անփոփոխ է, խաղաղության պայմանագրի կնքումն անհնարին է։
«Մեր դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավական նորմերի վրա, մենք երբեք որևէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չենք ունեցել և չունենք»,- հայտարարել է նա։
Ադրբեջանի նախագհը նաև տեղեկացրել է, որ Հայաստանին առաջարկել են համատեղ դիմել ԵԱՀԿ-ին և ներկայացնել «Մինսկի խումբը վերացնելու» առաջարկ։ Նկատել է՝ կառույցը հիմա էլ չի գործում, սակայն պետք է վերացվի իրավական առումով.
«Եվ դա ցույց կտա, թե որքանով անկեղծ է Հայաստանը։ Եթե ՀՀ-ն նախընտրում է պահպանել Մինսկի խումբը, դա նշանակում է՝ նրանց տարածքային պահանջները մեր նկատմամբ շարունակվում են»։
Անդրադարձել է նաև սահմանազատման գործընթացին, մասնավորապես՝ Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձին, որը տեղի է ուենցել «առանց մեկ կրակոցի»։ Իլհամ Ալիևի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ հարցերը կարող են լուծվել «խաղաղ, բանակցային եղանակով»։
Երևանը պատրաստ է պայմանագիր ստորագրել «առաջիկա մեկ ամսվա ընթացքում»
ՀՀ արտգործնախարարությունից հիշեցրել են՝ Սահմանադրության փոփոխությունների շուրջ ներհայաստանյան քննարկումներ են սկսվել դեռևս 2018 թվականին, դա երկրի ներքին գործն է։ Այս թեմայով Բաքվի հռետորաբանությունն, ըստ ԱԳՆ-ի, «տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը»։
Հաղորդագրության համաձայն՝ բանակցվող խաղաղության պայմանագիրն ամրագրում է՝
- կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ,
- կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:
Պաշտոնական Երևանի դիտարկմամբ՝ կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու «ամենահստակ և ուղիղ ճանապարհը» համաձայնագրի ստորագրումն է, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև կբացվի երկարաժամկետ խաղաղության էջ։
«Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»,- հայտարարել է արտգործնախարարությունը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները հետքայլ են վերջին ամիսների առաջընթացից և դրական դինամիկայից։ Դրանք ապակառուցողական է գնահատում.
«Սա ակնհայտ խաղաղության պայմանագրի կնքմանը վնասող և դրա կնքումը մեզնից հեռացնող հայտարարություն էր»։
Կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանը հանրությանը տեղեկացնի՝ բանակցային գործընթացի վերջին փուլերում Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նման նախապայման առաջ քաշե՞լ է, թե՞ ոչ։ Ասում է՝ մինչև վերջերս նման բան չկար։
«Ճիշտ կլինի, որ ԱԳՆ հայտարարությամբ հանդես գա, նշի՝ արդյո՞ք եղել է նման պահանջ Ալմա-Աթայի հանդիպման ընթացքում, թե՞ ոչ։ Բացի այդ, առաջիկա հանդիպման ժամանակ Ադրբեջանի հետ կոմունիկացնի՝ կա՞, թե՞ չկա նման նախապայման»,- նկատել է նա։
Քոչինյանի խոսքով՝ ՀՀ գործող Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան, հետևաբար՝ չկա նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու անհնարինություն։ Ասում է՝ ամեն դեպքում վատ չէր լինի, եթե այդ թեմայով պարզաբանմամբ հանդես գար որևէ կոմպետենտ մարմին, օրինակ՝ Սահմանադրական դատարանը։
Քաղաքագետն ասում է՝ մինչև Ալիևի այս հայտարարությունները կարծում էր՝ երբևէ այնքան մոտ չենք եղել պայմանագրի ստորագրմանը, որքան հիմա։
«Այս հայտարարությունները ի՞նչ են նշանակում և մինչև ո՞ր կետն են սկզբունքային Ադրբեջանի համար։ Իհարկե, սա հարցեր է առաջացնում բանակցային գործընթացի ապագայի վերաբերյալ»,- պարզաբանել է նա։
Կարծում է՝ առանց Սահմանադրությունը փոփոխելու նախապայմանի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն իսկապես հնարավոր է ստորագրել մեկ ամսում։ Բայց նաև նկատում է՝ եթե այդ պայմանը ներառվի բանակցային գործընթացում, համաձայնագրի կնքումն անիրատեսական կդառնա։ Ըստ Քոչինյանի՝ այդ պարագայում կարիք կլինի միջազգային հանրությանը ներկայացնել այն, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր էր ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն «Ադրբեջանը դա առոչինչ է անում»։
Քաղաքագետն անդրադարձել է նաև Մինսկի խումբը վերացնելու առաջարկով ԵԱՀԿ-ին համատեղ դիմելու Բաքվի առաջարկին։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992թ.։ Նրան էր վստահվել Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում հիմնական միջնորդական դերը։
Շեշտել է՝ ադրբեջանական կողմը փորձում է իրավական դաշտում փակել բոլոր թեմաները, ինչպես դա արել է գետնի վրա։ Ասում է՝ պետք է ոչ թե մերժել առաջարկը, այլ պատասխանել սեփական օրակարգով՝ փորձելով առավելագույն օգուտ ստանալ գործընթացից․
«Եթե Մինսկի խումբը պետք է չեղարկվի, ապա նույն տրամաբանությամբ պետք է չեղարկվեն նաև 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունները։ Պետք է լինի պատասխան առաջարկ՝ դրանք չեղարկել միաժամանակ»։
Քոչինյանի խոսքով՝ հայկական կողմի համար իդեալական լուծում կլիներ, եթե Ադրբեջանը համաձայներ խաղաղության պայմանագիր կնքել նախքան Մինսկի խմբի վերացումն ու եռակողմ պայմանավորվածությունների չեղարկումը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ Սահմանադրությունը՝ խաղաղության խոչընդո՞տ