Բժիշկների «սև ցուցակ»․ ՀՀ-ում բժշկական սխալների և հնարավոր պատժի մասին
ՀՀ-ում բժշկական սխալների մասին
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ժամանակ առ ժամանակ ահազանգեր են հնչում բժիշկների թույլ տված սխալների ու դրանց հետևանքների մասին։ Ֆեյսբուքում ստեղծված «Բժիշկների սև ցուցակ՝ ըստ FB օգտատերերի» խմբում նման պատմությունների պակաս չկա։
Մարդիկ առաջարկում են սև ցուցակում ներառել այն բժիշկներին, որոնք, նրնաց կարծիքով, սխալ են ախտորոշել հիվանդությունը, անփութությունեն դրսևորել կամ բավականաչափ ուշադիր չեն եղել բուժառուի նկատմամբ։
Ըստ ԱՀԿ տվյալների, բժիշկների կողմից հիվանդ առողջությանը հասցվող վնասն աշխարհում մահացության 14-րդ պատճառն է հաճախականությամբ։ Թե Հայաստանում քանի հոգի է տարվա կտրվածքով տուժում բուժաշխատողի սխալից, հայտնի չէ։ Բժշկական սխալների վիճակագրություն ՀՀ-ում չի վարվում։ Առհասարակ, «բժշկական սխալը» օրենքով հստակ կարգավորված չէ։ Քրեական օրենսգրքում նման եզրույթ չկա, ինչը բարդություններ է առաջացնում այսպիսի գործերի քննության ընթացքում։
Ձեզ ենք ներկայացնում երկու անձնական պատմություն։ Դրանց հերոսները վստահ են, որ բախվել են բժշկական անփութության և այդ պատճառով կրել վնասներ։ Նրանք հայտնել են, թե կոնկրետ որ հիվանդանոցում տեղի ունեցել դեպքերը և որ բժշկին են մեղադրում։ Բայց մենք չենք հրապարակում այդ տվյալները, քանի որ հերոսները մտադիր են դիմել դատարան։ JAMnews-ը կհետևի դատական քննության ընթացքին և կվերադառնա այս պատմություններին վճիռների հրապարակումից հետո։
- Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով ՀՀ-ն առաջատար է
- «Քաղցկեղը հնարավոր է հաղթահարել»․ պատմություններ Հայաստանից
- ՀՀ-ն անցնում է էլեկտրոնային դեղատոմսերի. ինքաբուժության դեմ նախագծի ընթացքը
«Անտարբերությունը, անպատասխանատվությունն ու խառնաշփոթը իմ հոր մահվան պատճառը դարձան»
Շուշան Պետրոսյանը հոր մահվան մեջ մեղադրում է բժշկին։ Պատմում է, որ 2024թ․ ապրիլին նրա մոտ հայտնաբերել են հաստ աղու ադենոկարցինոմա։ Վիրահատել են, ապա մեկ այլ բժշկական կենտրոնում շարունակել բուժումը։ Այստեղ նա քիմիաթերապիա է ստացել։
Այդ երկրորդ հիվանդանոցում, Շուշանի խոսքով՝ նրա հայրիկը պատշաճ ուշադրության չի արժանացել։ Նրա գանգատներն անտեսել են, ուռուցքը մեծացել է։ Ի վերջո, հորը փրկել չի հաջողվել։
«Հիվանդանոցի բաժնի վարիչը, որը պետք է զբաղվեր հորս առողջությամբ, պարբերաբար բացակայում էր աշխատավայրից կամ զբաղված էր։ Բացարձակ անտարբներ վերաբերմունք էր հիվանդի նկատմամբ։ Հոգատարություն չկար, չէին լսում հիվանդի գանգատները։ Բուժող բժշկին միայն առաջին այցին ենք տեսել ու նորմալ զրուցել հետը: Հենց այս անտարբերությունը, անպատասխանատվությունն ու խառնաշփոթը իմ հոր մահվան պատճառը դարձան։
Վիրահատությունից հետո իրեն շատ լավ էր զգում։ Բացարձակ գանգատ չի ունեցել, արտաքնապես էլ լրիվ առողջ մարդ էր։ Բայց քիմիաթերապիայի ժամանակ հորս մոտ ցավեր սկսեցին։ Անընդհատ ասում էր բուժանձնակազմին այդ մասին։ Իսկ իրեն պատասխանում էին, թե դա նորմալ է։ Հանգստացնում էին, թե դա լավ նշան է։ Ուրեմն դրական դինամիկա կա։ Երկու ամսից ավել քիմիաթերապիայի ընթացքում ոչ մի անգամ բժիշկը չփորձեց հասկանալ՝ ինչից է ցավը։ Ոչ ոք չփորձեց հասկանալ պատճառը։
Դրա համար մենք մեր որոշմամբ համակարգչային տոմոգրաֆիա արեցինք։ Եվ պարզվեց, որ ուռուքը մեծացել է։ Փոխեցինք հիվանդանոցը, գտանք մեկ այլ բժիշկ։ Բայց արդեն շատ ուշ էր, օրեր անց հայրս մահացավ»,- պատմում է Շուշանը։
Շեշտում է՝ տվյալ բուժհաստատությունում նկատել են բժշկական էթիկայի բացակայություն, առնչվել են «անմարդկային պայմանների»․
«Բոլոր հիվանդները անկախ առողջական վիճակի բարդությունից, քաղցկեղի աստիճանից քիմիաթերապիան ստանում էին նույն հիվանադասենյակում, նույն ժամին։ Մարդիկ, որոնք նոր էին գալիս բուժման ու հույս ունեին առողջանալու, տեսնում էին մարդկանց, որոնք մինչև հաջորդ քիմիան չեն ապրում։ Սա հոգեբանական բռնություն էր»:
Բացի դրանից, Շուշան Պետրոսյանն ահազանգում է, որ հիվանդանոցում գումար են շորթել դեղորայքի համար․
«Ընդ որում դեղատներում նույն դեղերն ավելի մատչելի էին։ Իսկ նրանց, ովքեր հրաժարվում էին այդ դեղն իրենցից գնել, վատ էին վերաբերվում։ Առանձնացված պալատում քիմիաթերապիա ստանալու համար ևս գումար էին պահանջում։ Բայց հետո նույն պալատում տեղավորում էին այլ հիվանդների»։
Նա մտադիր է դիմել դատարան բուժհաստատությանն ու բժշկին մասնագիտական սխալի համար պատասխանատվության ենթարկելու համար։ Ասում է՝ մասնագիտությամբ բժիշկ լինելով՝ չէր գնա նման քայլի, եթե բավարար հիմքեր չտեսներ։
«Երեխան լույս աշխարհ եկավ առանց ճչի, թափ տվեցին, վազացրեցին վերակենդանացման բաժանմունք»
Հերմինե Հոռոմյանն էլ պատմում է խնդիրների մասին, որոնց առնչվել է ծննդաբերության ժամանակ։ Նրա խոսքով՝ բժիշկները ուշ են կողմնորոշվել, որ ինքն ունի կեսարյան հատման կարիք ու երեխայի կյանքը հազիվ են փրկել․
«Հղիությունս իդեալական է անցել, ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Պտուղը նորմալ զարգացել է։ Բժիշկներն ասում էին, որ խոշոր բալիկ է։ Ծննդաբերության սպասվող օրից երեք-չորս օր առաջ ճնշումս պարբերաբար բարձրանում էր։ Դիմեցի բուժհաստատություն։ Ինձ տնային պայմաններում նշանակեցին ներարկումներ՝ ճնշումս իջեցնելու համար։ Սա արդեն իսկ սխալ էր։
Չգիտեմ՝ կա՞ն էլի հղիներ, ում տանը ներարկում են նշանակում հղիության վերջին շաբաթում։ Ամեն դեպքում, խնդիրը չէր կարգավորվում։ Ու նորից դիմեցի բուժհաստատություն։ Բայց ինձ նորից չհոսպիտալացրին, ինչը նորից սխալ եմ համարում։ 40 շաբաթականում 140-150 ճնշում ունեի, ու ինձ վերահսկողության տակ չառան։ Իմ օրգանիզմն արդեն այդ ժամանակ նշաններ էր տալիս, որ մի բան այն չէ։
Ես պնդեցի, որ հոսպիտալացվեմ։ Արյան անալիզ հանձնեցի, սպիտակուցների քանակը շատ բարձր էր։ Նաև պարզվեց, որ պտղաջրերը կեխտոտ են։ Սա նշանակում էր, որ երեխան կարող է վնասվել։ Կարծում եմ՝ պետք էր անհապաղ կեսարյան հատում անել։ Բայց բժիշկները նախընտրեցին սպասել, որ ես բնական ճանապարհով ծննդաբերեմ։
Ժամեր անցան՝ երեխան չէր իջնում։ Բայց բժիշկները սպասում էին։ Փորիս վրա էին ընկնում, ինձ գետնին էին պպզեցնում, որ երեխան առաջանա։ Երբ տեսան, որ երեխայի սրտի զարկը թուլանում է, ինձ տարան կեսարյան հատման։ Սպասեցին մինչև վերջին պահը։
Երեխան լույս աշխարհ եկավ սառած, առանց ճչի, թափ տվեցին, վազացրեցին վերակենդանացման բաժանմունք։ Ճնշումս, սպիտակուցների քանակը, կեխտոտ պտղաջրերը այնպիսի ահազանգեր էին, որ դրանց առկայության պայմաններում չէր կարելի սպասել»։
Երեխան, Հերմինեի խոսքով, 9 օր ծայրահեղ ծանր վիճակում է գտնվել։ Թոքերն ախտահարված են եղել, զոնդի միջոցով են կերակրել։ Իր հեմոգլոբինն էլ կեսարյան հատումից հետո իջել էր նորմայից, և ինքն է հուշել բժիշկներին արյուն ներարկել։
Հերմինե Հոռոմյանն էլ է մտորում դատարան դիմելու մասին։ Ասում է՝ շատ կցանկանար, որ նման բժիշկները զրկվեին իրենց կոչումից։ Միևնույն ժաժամանակ կասկածում է, որ դատարանը արդար վճիռ կկայացնի․
«Չգիտեմ դատարանում ինչպես ապացուցել, որ տեղի ունեցածը բժշկական անփութություն է։ Երբ դու մասնագետ չես, երբ դու ինքդ բժիշկ չես ու շատ բան չես հասկանում, մասնագետը կարող է հազար պատճառ բերել։ Կարող է ասել, որ մեղավոր չէ։ Քեզ շատ անզոր ես զգում։ Իրենք ինձ այն ժամանակ էլ ասացին, թե ինչ ես խառնվել իրար, չէ որ ամեն ինչ նորմալ ավարտվեց»:
Պատասխանատվություն նախատեսված է
Թեև «բժշկական սխալ» եզրույթ քրեական օրենսգրքում չկա, այնուամենայնիվ համար նախատեսված է պատասխանատվության երեք տեսակ․
1. Կարգապահական պատասխանատվություն, որի շրջանակներում, կախված մասնագետի մեղավորության աստիճանից, որպես պատիժ կարող է լինել աշխատանքից ազատումը, պարգևավճարից կամ կատեգորիայից զրկելը, նկատողությունը, այլ պաշտոնի փոխադրելը և այլն:
2. Քաղաքացիաիրավական պատասխանատվություն, որի շրջանակներում բուժառուի առողջությանը պատճառված վնասի և բարոյական վնասի փոխհատուցում է նախատեսվում։ Օրենքը չի սահմանում փոխհատուցման չափը։ Բուժառուն ինքը պետք է հաշվարկի պահանջվող գումարը և ապացուցի հայցվող գումարի վավերականությունը` ներկայացնելով համապատասխան անդորրագրերը։
3. Քրեական պատասխանատվություն, որի համար հարկավոր է ներկայացնել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հիվանդի առողջությանը էական վնաս պատճառելու կամ մահանալու մասին: Քրեական պատասխանատվությունը ծագում է միայն այն դեպքում, եթե լուրջ վնաս է պատճառվել տուժածի առողջությանը: Միջին և թեթև ծանրության վնաս պատճառելու դեպքում բժշկական աշխատողը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության:
Փորձագետներն ասում են, որ մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով քննվող գործերի քանակը ահազանգերի համեմատ քիչ է։
Նրանց կարծիքով՝ օրենքի բացերի պատճառով բժիշկները պատասխանատվությունից ազատվում են կամ նվազ պատասխանատվության են ենթարկվում։
Փորձագիտական կարծիք
«Շատ դեպքերում մեղադրում են բժիշկներին, թեև մեղքը բացակայում է»
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը չի բացառում, որ
բժիշկը կարող է թույլ տալ սխալներ։ Բայց և կարծում է․
«Շատ դեպքերում մարդիկ պարզապես մեղադրում են բժիշկներին, թեև մեղքը բացակայում է։ Միջազգային փորձը առհասարակ տարանջատում է այն դրսևորումները, երբ բժշկի պատասխանատվության հարց չի կարող քննարկվել, քանզի բժշկի գործողությունը կամ անգործությունը չի նպաստել տվյալ հետևանքի առաջացմանը, և իրավիճակները, երբ բժշկական սխալը, մասնագիտական անփութությունն է նպաստել դրան։
ՀՀ քրեական օրենսդրության եզրութաբանությունը խոսում է ոչ թե բժշկական սխալի, այլ մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին: Ընդ որում՝ անզգուշությամբ:
Մարդիկ պետք է սա տարանջատեն: Կան բարդություններ, որոնք կարող են առաջանալ բժշկական միջամտության՝ օրինակ, վիրահատության դեպքում։ Եվ դա ամենևին էլ քրեաիրավական իմաստով բժիշկի անզգուշության հետևանքը չէ։
Բժիշկը կարող է ենթարկվել պատասխանատվության, երբ ինքը, օրինակ, հասկացել է, գիտակցել է, որ տվյալ բարդությունը առաջանալու է, սակայն ինքնավստահություն է դրսևորել ու մտածել, որ կկարողանա կանխել։ Կամ եթե անփութորեն չի գիտակցել նման բարդության առաջացումը, թեև պարտավոր էր և կարող էր:
Օրինակ, անձը ուռուցքի հեռացման կապակցությամբ ենթարկվում է վիրահատական միջամտության, որի դեպքում պարտադիր է որոշակի ժամանակահատվածի ընթացքում պարբերական ստուգումների և հետազոտությունների անցկացումը՝ հնարավոր կրկնությունը հայտնաբերելու համար: Սա կարևոր է նաև, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ արդյո՞ք վիրահատող բժիշկը պատշաճ և ամբողջությամբ է հեռացրել ուռուցքը, թե ոչ:
Ծայրահեղ կարևոր է այն պլանը, ուղին, որով պացիենտը պետք է ընթանա հետվիրահատական շրջանում։ Եվ այդ պլանը, եթե պատշաճ ուրվագծված չէ, ապա կարելի է քննարկման առարկա դարձնել բուժաշխատողի պատասխանատվության հարցը։ Իսկ եթե պացիենտը ինքը չի հետևում այդ ցուցումներին, ապա դա այլ հարց է:
Այսինքն պատասխանատվության հարց քննարկելիս, պետք է հասկանալ որ փուլում, ում կողմից կատարված միջամտությունից հետո է առաջացել խնդիրը: Ամենևին պարտադիր չէ, որ մեղավորը լինի պացիենտի հետ շփված բուժաշխատողը:
Բերեմ ևս մեկ օրինակ։ Երբ անձն ունի շաքարային դիաբետ և ենթարկվում է վիրահատական միջամտության է, հավանականությունը, որ վերքը շատ երկար կլավանա կամ չի լավանա մեծ է։ Պահանջվում է պացիենտի թե գիտակցված համաձայնությունը միջամտություն իրականացնելիս և թե հետագա պատասխանատու մոտեցումը:
Որպես կանոն այստեղ բժշկական սխալ, որը կլինի պատժելի, չի կարող լինել։ Այլ հարց է, որ բժիշկը պետք է զգուշացնի անձին հնարավոր բոլոր ռիսկերի, հետևանքների մասին, որոնց կարող է հանգեցնել միջամտությունը։ Ուստի մարդիկ պետք է ընտրեն բոլոր այն բուժհաստատությունները և բուժաշխատողներին, որտեղ իրենց պատշաճ կերպով բացատրում են արվող միջամտության նպատակը, դրա հնարավոր ռիսկերը և այլն»։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ բուժառուները, նրանց հարազատները պետք է օբյեկտիվ նայեն ստեղծված իրավիճակին։ Նրանք պետք է փորձեն հասկանալ՝ արդյո՞ք միջամտությունից հետո առաջացած խնդիրները իսկապես բժիշկի սխալի հետևանք են։ Գուցե դա բարդություններ են, որոնք բնորոշ են տվյալ հիվանդությանը, կամ բուժօգնության ուշ դիմելու հետևանք են, հետվիրահատական շրջանում ցուցումներին չհետևելու։
Ասում է՝ հասկանալի է, որ էմոցիոնալ ֆոնը այս դեպքերում միշտ գերակշիռ է, բայց պատասխանատվության հարց քննարկելու համար դա էական չպետք լինի․
«Եթե հիվանդը կամ իր հարազատները գնում են բժիշկին պատասխանատվության ենթարկելու ճանապարհով, պիտի ունենան համապատասխան բոլոր փաստաթղթերը իրավական գործընթաց սկսելու համար։ Նրանք պետք է ապացուցեն, որ առաջացած բարդությունը հենց բժիշկի գործողության կամ անգործության հետևանք է»։
Արփինե Հովհաննիսյանի ափսոսում է, որ Հայաստանում չկա բժիշկների մասնագիտական ռիսկը ապահովագրելու մեխանիզմ։ Ասում է՝ սա միջազգային պրակտիկայում կիրառվող մեխանիզմ է։ Այն թույլ է տալիս բժիշկներին լինել պաշտպանված, իսկ պացիենտներին վստահ, որ որևէ բարդության առաջացման դեպքում իրենք կստանան հատուցում։
«Ապահովագրական ընկերություններն իրենց վրա են վերցնում պացիենտների կրած հնարավոր ռիսկերը։ Այսպիսով ազատում են մարդկանց ամեն գնով մեղավոր փնտրելու գործընթացից։ Կարծում եմ, որ պացիենտների իրավունքների, շահերի և բժիշկների իրավունքների հավասարակշռման տեսանկյունից սա շատ կարևոր քայլ է և գուցե արժե մտածել այդ մեղխանիզմը ներդնելու մասին»,- նկատում է նա։
«Հայաստանը փոքր երկիր է, համակարգում էլ կա սոլիդարություն»
Առողջապահական իրավունքի փորձագետ Վիոլետա Զոփունյանը վեր է հանում ևս մի քանի խնդիր։ Նրա խոսքով՝ օրենքի համաձայն՝ բժշկական ծառայությունները պետք է մատուցվեն ուղեցույցների համաձայն։ Բայց ոչ բոլոր բժշկական հաստատություններում կան նման հաստատված ուղեցույցներ։
«Պետք է հաշվի առնել նաև այն, որ ներկայիս համակարգում բժիշկների աշխատանքային պայմանները, մեղմ ասած, նորմալ չեն։ Բժիշկը կարող է այսօր աշխատել մի հիվանդանոցում, հաջորդ օրն առանց հանգստանալու հերթապահել մեկ այլ հիվանդանոցու»,- պարզաբանում է նա։
Զոփունյանը կարծում է՝ կարիք կա վերանայելու նաև բժշկական սխալները ստուգողների ինստիտուտը․
«Չէ՞ որ Հայաստանը փոքր երկիր է, համակարգում էլ կա սոլիդարություն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում բժշկական սխալների մասին