ՀՀ քաղաքացիները սկսել են արտասահմանյան ընկերություններում բաժնետոմսեր գնել. ինչո՞ւ
ՀՀ-ից ներդրումներ արտերկրում
Վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքացիները սկսել են բաժնետոմսեր գնել արտասահմանյան ընկերություններում: Նրանք բանժետոմսեր են գնում քիչ ռիսկային, տեխնոլոգիական և զարգացման մեծ հեռնանկարով արտասահմանյան ընկերություններում: Մարդիկ նաև անշարժ գույք են ձեռքբերում Դուբայում, Կիպրոսում և այլ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում։
Այս միտումը մասնագետները համարում են բնական, որովհետև երկրում հավելյալ կապիտալ է ստեղծվել: Դրա մի մասը երկրից դուրս է գալիս:
Արտասահմանում ներդրումների, նաև տեղական ֆոնդային բորսայի զարգացման հեռանկարների մասին:
- Fitch-ն անփոփոխ է թողել ՀՀ վարկանիշը` «կայուն» հեռանկարով․ ինչպե՞ս բարելավել այն
- «Ոչ նպաստավոր պայմաններում ՀՀ տնտեսական աճը կլինի 3-4%-ի սահմանում». կարծիք
- Աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ՀՀ-ում զբոսաշրջիկների թվի նվազման պատճառ․ կարծիք Երևանից
Բանկային ավա՞նդ, թե՞ ՏՏ ընկերության բաժնետոմս, ո՞րն է ավելի շահավետ
Արմեն Խաչատրյանը 2022թ-ին հանեց տեղական բանկերից մեկում ունեցած խնայողական ավանդը և որոշեց բաժնետոմս գնել Հայաստանից դուրս՝ որոշակի կայունություն ունեցող ՏՏ ընկերություններից մեկում:
«Ինձ թվում էր ինքնուրույն գլուխ կհանեմ, որովհետև շատ լավ տիրապետում եմ անգլերենին, նաև ֆինանսական կրթություն ունեմ: Բայց այդ ոլորտում փորձառու ընկերս խորհուրդ տվեց դա անել բրոքերական ծառայության միջոցով, որպեսզի հնարավոր ռիսկերը չեզոքացնեմ»,— պատմում է Արմենը:
Նա աշխատում է բանկերից մեկում, բիզնես վարկավորման մասնագետ է: Դրսում ներդրումների մասին մտածելիս՝ բացի շահույթ ունենալը, ցանկացել է սեփական փորձով հասկանալ ինչպես է աշխատում միջազգային ներդրումային շուկան և ինչ հնարավորություններ ունի:
«Այնպես չէ որ երկու տարվա մեջ միլիոնատեր եմ դարձել, բայց այն երկու ընկերությունները, որտեղ ներդրում է կարարվել իմ անունից, բաժնետոմսերի գների զգալի աճ է եղել: Եթե համեմատեմ դոլարի համար բանկից ստացած տոկոսագումարների հետ, կարելի է ասել տասն անգամ ավելի եմ շահել»,— ասում է նա։
Միաժամանակ գիտակցում է, որ ներդրումային շուկաներում բազմաթիվ ռիսկեր կան: Միջազգային ներդրումները, եթե դրանք անշարժ գույքի շուկայում չեն, ներդրողից պահանջում եմ որոշակի գիտելիքներ։ Ասում է՝ կարևոր է հետևել տվյալ երկրում ընթացող քաղաքական և տեխնոլոգիական զարգացումներին, նաև կոնկրետ ընկերության հետ առնչվող ցանկացած տեղեկատվության:
«Սա փոխել է նաև աշխարհի նկատմամբ իմ վերաբերունքը։ Սկսել եմ միջազգային լրատվամիջոցներին հետևել, այլ ընկերությունների առաջարկներին և հնարավորություններին, Հայաստանում փնտրել միջնորդ ընկերություն և այլն: Անկեղծ ասած՝ տեղեկատվության մեծ բաց ունենք նաև տեղակական շուկայում ընկերությունների առաջարկների հետ կապված: Տպավորություն կա, որ ինֆորմացիան մի քանի հարյուր մարդկանց է միայն հասնում»,— նկատում է Արմենը:
Նրա խոսքով, տեղեկատվական արշավ պետք է լինի հատկապես բանկային հատվածի կողմից։ Մարդիկ տեղյակ չեն, որ որոշ տեղական բանկեր սկսել են իրենց հաճախորդներին ներգրավել նաև որպես բաժնետեր.
«Տեղեկատվությունը պետք է հասնի բոլորին, բոլոր միջոցներով, որովհետև շատերին հարցնում եմ՝ տեղյակ չեն: Չնայած երկրում ներդրումային շուկան զարգացնելու համար մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»:
Հայաստանի անաշխատ գումարներ
Հայաստանում շատերն իրենց խնայողությունները դեռևս վստահում են միայն բանկերին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալներով 2024թ-ի մայիսին Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 5,861,999 մլն դրամ։ 2023թ-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 714,711 մլն-ով, կամ 13․9%-ով։
Մասնավորապես, ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,442,228 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,419, 771 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 60.3%-ը, կամ 2,663,166 մլն դրամը բաժին է ընկնում դրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ-ի մայիսի վերջի համեմատ աճել է 19.08%-ով, կամ 426,625 մլն դրամով։
Ավանդների 39․7%-ը, կամ 1,756,605 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին։ Դրանց ծավալը 2023թ-ի մայիսի վերջի համեմատ աճել է 9․12%-ով, կամ 146,861 մլն դրամով։
Պատմություն տեղական շուկայում ներդրումների մասին
YerevaNN լաբորատորիայի հիմնադիր, ԵՊՀ-ում գիտական խմբի դեկավար Հրանտ Խաչատրյանի ներդրումային փորձառությունը տեղական շուկայում է: Նա ասում է, որ իր մոտիվացիան ոչ թե շահույթ ունենալն է, այլ Հայաստանում ֆոնդային բորսան աշխուժացնելը:
Հայաստանյան բանկերից մեկում գնել է բաժնետոմս և հասցրել ստանալ դիվիդենտ.
«Մեծ գումար չէ իհարկե։ Բայց կարևոր է մարդկանց խրախուսման, շուկայի զարգացման, նոր բաժնետերեր ներգրավելու տեսակետից»:
Հրանտը հավատում է, որ կամաց-կամաց դաշտը կաշխուժանա, խաղացողները կշատանան, մարդիկ էլ ստիպված չեն լինի լավ հնարավորությունները երկրից դուրս փնտրել.
«Որպեսզի ավելի պատկերավոր ասեմ, որպես նվեր հարսանիքին կարող եմ որևէ ընկերության բաժնետոմս նվիրել զույգին: Իսկապես կարևոր է սեփական օրինակով խրախուսել մարդկանց ներդրումներ անել տեղական ընկերություններում»:
Նրա խոսքով, տեղական ընկերություններն էլ այդքան շահագրգռված չեն վաճառքի հանելու իրենց բաժնետոմսերը․
«Պատճառները, իհարկե, շատ են, բայց կարևորներից կնշեմ այն է, որ կա կորպորատիվ լավ կառավարման փորձի պակաս, նաև պետք է գործունեության բացարձակ թափանցիկություն»:
Ընկերությունները զարգանալու, ընդլայնվելու համար, ըստ նրա, հիմնականում դիմում են վարկավորման, որը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն է նրանց համար.
«Մինչդեռ կարող են բաժետոմսեր տեղաբաշխել և բնակչության ներդրումներով ունենալ ազատ կանխիկ միջոցներ: Այս ճանապարհով գնալու համար նրանք նախ պետք է կառավարման որակը բարելավեն, թափանցիկ աշխատեն և հանրության շրջանում վստահություն ձեռքբերեն»:
Վերջին մի քանի տարիներին Հայաստանում մի շարք ընկերություններ սկսել են գնալ այս ժամանակատար, գուցե որոշ իմաստներով նաև բարդ ճանապարհով: 2023թ-ին հեռահաղորդակցության ոլորտում աշխատող «Տելեկոմ Արմենիա»-ն (ապրանքանիշը՝ Team) հաջողությամբ տեղաբաշխեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս։
Սա թերևս միակ դեպքը չէ տեղական շուկայում։ Սակայն մնացածները կամ չեն հանրայնացնում, կամ աշխատում են միջնորդների միջոցով։ Օրինակ, բաժնեմասերի վաճառքը պատվիրակում են բանկերից մեկին կամ միջնորդ ֆինանսական կազմակերպության: Հնարավոր է՝ չեն ներգրավում նախանշված գումարը, սակայն փորձեր անում են աշխատել այս գործիքով:
Տնտեսագետի գնահատականը
Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է, որ կորոնավիրուսից հետո ամբողջ աշխարհում երկրների գլխավոր դրամատների կողմից հավելյալ կապիտալ ստեղծվեց: Եվ այդ գումարների զգալի մասը շրջանառվեց արտասահմանյան ընկերություններում՝ ներդրումների տեսքով:
Հայաստանում բացի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված հավելյալ դրամը, կապիտալի ավելացմանը նպաստեցին ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կիրառված սանկցիաների հետևանքով վերաարտահանման միջոցով շրջանառված զգալի գումարները:
«Այս պահին արտասահմանում ներդրումների միտում կա և գնալով թափ կհավաքի, որովհետև այսօր երկրում կան հավելյալ միջոցներ։ Ու դրանք չեն ուղղվում սպառման, վերազինման և անշարժ գույքի շուկաներ։ Հետևաբար, դրանք կա՛մ պետք է մնան հայկական բանկերում ավանդերի տեսքտով, կա՛մ պետք է ուղղվեն ներդրումներին:
Հայաստանում ներդրումային շուկան թույլ է զարգացած, մրցունակ առաջարկներ չկան, այդ պատճառով էլ մարդիկ բրոքերական ծառայությունների միջոցով գտնում են շահավետ առաջարկներ և բաժնետոմսեր ձեռքբերում դրսում»,— բացատրում է Միքայելյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը դրսի գործարքներից քիչ է շահում։ Եթե բրոքերական ծառայությունը դրսում է գրանցված, քիչ է հավանականությունը, որ հարկեր ստանա պետությունը։ Հիմնական սխեմայի համաձայն՝ այդ ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում կամ քիչ հարկվող երկրներում:
Մյուս պատճառն էլ, ըստ տնտեսագետի, այն է, որ Հայաստանն անվտանգային խնդիրներ ունի․
«Ամեն օր ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները երկրում ներդրումների համար ստեղծում են անորոշ միջավայր: Հայաստանից դուրս եկող գումարներն էլ այլևս ծառայում են ուրիշ երկրների: Մյուս կողմից, բանկերի ավանդների տոկոսադրույքները նախորդ տարիների համեմատ ցածր են: Պարզ է, որ մարդիկ երկրից դուրս են փնտրելու հնարավորություններ։ Դրանք հիմնականում անշարժ գույքի, ավելի քիչ բաժնետոմսերի ձեռքբերման շուկայում են»:
Հրանք Միքայելյանը շեշտում է՝ այդ գումարների մի մասը կարող է մնալ պետական պարտատոմսերի կամ տեղական բաժնետոմսերի շուկայում։ Բայց այստեղ նաև իրազեկման, ֆինանսական գրագիտության խնդիր կա։
«Մարդկանց որոշումների կայացմանը նպաստում են նաև քաղաքական գործոնները: 1991թ-ից տնտեսական տարբեր ինտեգրումներ են նաև նման արդյունքի բերել [նկատի ունենի անդամակցությանը Ռուսաստանի ինտեգրացիոն նախաձեռնություններին, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին]: Օրինակ, եվրաինտերգրման դեպքում էլ է կապիտալի արտահոսք լինելու դեպի եվրոպական երկրներ, որովհետև տնտեսագիտության մեջ այդպես է՝ գումարները ոչ թե գարցացած երկրից են գալիս զարգացող երկիր, այլ ընդհակառակը: Եվ Հայաստանում սա պետք է նկատի ունենան»,— ասում է նա:
Չնայած այս բոլոր զարգացումներին՝ տնտեսագետը հույս ունի, որ անվտանգային հարցերի լուծման ֆոնին կարող են երկրում դրական սպասումներ ձևավորվել և ներդրումների համար վստահելի երաշխքիներ ստեղծվել:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ից ներդրումներ արտերկրում