Հայաստան-Իրան բեռնափոխադրումների ծավալի որոշակի նվազում կա․ ի՞նչ սպասել
ՀՀ-Իրան բեռնափոխադրումների նվազում
«Վերջին օրերին նկատվում է բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում, որը շատ արտահայտիչ չէ»,- Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության մասին հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Կոմիտեի փոխանցմամբ՝ Իրանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին «բնական ու ենթադրելի է, որ բեռնափոխադրումների ծավալը պետք է նվազի»։
«Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բեռնափոխադրողները չեն ցանկանում ԻԻՀ տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր՝ նախընտրելով Չինաստանից և Մերձավոր Արևելքի մյուս երկրներից ներկրվող բեռների փոխադրումն իրականացնել Վրաստանի տարածքով»,- հայտարարել են գերատեսչությունից։
Բեռնափոխադրումների ծավալի նվազման մասին ՊԵԿ կանխատեսման ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ Իրանից ՀՀ ներկրվող ապրանքների դեֆիցիտ չի լինելու։ Նրա խոսքով՝ Իրանի շուրջ լարվածության սրման ֆոնին Հայաստանի իշխանությունները նախապես են քայլեր ձեռնարկել ռիսկերը մեղմելու և նվազագույնի հասցնելու համար։
Այս պահին հայտնի տեղեկությունները, փորձագիտական կարծիք
- Իրանը ԱԹՍ հարված է հասցրել Ադրբեջանին՝ թիրախավորելով Նախիջևանի օդանավակայանը
- «Առայժմ չի նշմարվում, որ Իրանը ՀՀ-ին կարող է զենք վաճառել»․ կարծիք Երևանից
- «ՀՀ-ում 2018 թ․-ից ի վեր որևէ հանրահավաք չի արգելվել»․ Փաշինյանը՝ Իրանի դեսպանին
Իրանում կապի խափանումներ կան
Լրագրողները ՊԵԿ-ից հետաքրքրվել են՝ ճի՞շտ են տարածվող տեղեկությունները, թե Հայաստան-Իրան սահմանի անցակետը իրանական կողմից փակ է քաղաքացիների, սակայն բաց է բեռնատարների տեղաշարժի համար։
Կառույցից պատասխանել են, որ տեղեկություններ ունեն միայն պարբերաբար առաջացող հերթերի մասին, որոնք պայմանավորված են «իրանական կողմում կապի խափանումներով»։
«Ագարակ անցակետից դուրս՝ հայկական կողմում, հերթեր կան. այս պահի դրությամբ հերթում սպասում է 180-200 բեռնատար»,- նախօրեին հաղորդել են ՊԵԿ-ից։
Տեղեկացրել են՝ կապի բացակայության պարագայում աշխատում են նաև թղթային տարբերակով, ինչն ավելի ժամանակատար է։
«Կուտակումներ չառաջացնելու համար քաղաքացիների համար կարող են լինել որոշակի սահմանափակումներ՝ բեռնատարների բնականոն տեղաշարժն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Ի՞նչ ռեժիմով է աշխատում ՀՀ-Իրան սահմանի մաքսային անցակետը
Իրանում կապի խափանումների և բեռնատարների հերթերի մասին իրազեկումից մեկ օր առաջ՝ մարտի 4-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ վերջին օրերին Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում էական փոփոխություններ չեն արձանագրվել։
«Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։ Օրական միջինը սպասարկվում է 400-450 բեռնատար,- հայտնել էին կոմիտեից։
Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռնարկած գործողություններից հետո պաշտոնական Երևանը որևէ տեղեկություն չի հաղորդել հայ-իրանական սահմանի փակման մասին։ Սակայն մարտի 2-ին ՀՀ-ում Իրանի դեսպանը մամուլի ասւուլիսում հայտարարել է, որ սահմանը ժամանակավորապես՝ 24 ժամով փակվել է, այնուհետև բացվել։
«Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում»,- նշել է Խալիլ Շիրղոլամին:
Մեկնաբանություն
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը MediaHub-ի հետ զրույցում նկատել է․
«Իրանը մեզ համար ռազմավարական գործընկեր է ոչ միայն այս կամ այն ապրանքի ներմուծման կամ արտահանման տեսանկյունից, այլև, առաջին հերթին, այն պատճառով, որ մեր այլընտրանքային ճանապարհն է, կապը արտաքին աշխարհի հետ։
Պարենային մասով Իրանից մեծ կախվածություն չունենք, բայց սեզոնով պայմանավորված՝ ներկրում ենք տարբեր մրգեր և բանջարեղեն։ Գարնան և ձմռան ամիսներին այդ գյուղմթերքը մեզ մոտ կա՛մ չի արտադրվում, կա՛մ վաճառվում է շատ թանկ գնով։
Եթե այս շրջափակումը և պատերազմը երկար շարունակվի, այդ մթերքները կարող են թանկանալ նաև մեզ մոտ։
Մենք Իրանից ներկրում ենք նաև կաթի սերուցք, կաթի փոշի, նույնիսկ կարագ։ Մեր կաթի արտադրության ծավալները անկանոն են․ ամռանը շատ կաթ ենք արտադրում, իսկ ձմռանը՝ շատ քիչ։ Բնականաբար, բնակչությանը կաթնամթերք է անհրաժեշտ, և այդ հումքի խնդիրը հաճախ լուծում ենք Իրանից ներմուծումների միջոցով։ Եթե այդ հումքը երկար ժամանակ պակասի, դա կարող է իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների վրա։
Հայաստանը պետք է փորձի ներմուծման [տարբեր ապրանքների] տարբերակներ գտնել Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից և այլ ուղղություններից, ինչը թույլ կտա որոշ չափով մեղմել գնաճը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-Իրան բեռնափոխադրումների նվազում