«Հայաստանը սպասում է Թուրքիայի գործուն քայլերին»․ կարգավորման ներկայիս փուլի մասին
ՀՀ-Թուրքիա կարգավորման խոչընդոտներ չկան
«Որևէ խնդիր չկա, որ հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորվեն, և մենք այս առումով սպասում ենք Թուրքիայի գործուն քայլերին»,- հայտարարում է Հայաստանի իշխող ուժի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) որոշում է կայացրել կանոնավոր չվերթներ սկսել դեպի ՀՀ-ի մայրաքաղաք։ Կոնկրետ ժամկետների մասին, սակայն, ոչ Անկարան, ոչ էլ Երևանը տեղեկություններ չեն հաղորդել։ Պատգամավոր Խանդանյանը միայն նշել է, որ ավիափոխադրողի մուտքը հայաստանյան շուկա միշտ քննարկվել է, սակայն դա տեղի չի ունեցել «քաղաքական պատճառներով»։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածություններից հետո թուրքական կողմն ակտիվացրել է Հայաստանի հետ կարգավորման գնալու խոսույթը։ Թուրքիայի նախագահ Էդրողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր գոհունակությունն է հայտնել Սպիտակ տանը ձեռնարկած քայլերի և դրանց շնորհիվ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «կայուն խաղաղության» հաստատման վերաբերյալ։ Հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է «ըստ նախատեսվածի»։
Նույն ամբիոնից ՀՀ-Թուրքիա «աննախադեպ դրական երկխոսության» մասին արձանագրումներ է արել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հույս է հայտնել, որ հաջորդ տարի հնարավորություն կունենա զեկուցել հայ-թուրքական սահմանի բացված լինելու մասին։ Փորձագիտական շրջանակները, սակայն, չեն կիսում իշխանությունների լավատեսությունը։
- «Միջանցքից» մինչև «հիվանդ» հասարակություն․ ամերիկյան այցից հետո Ալիևի խոսույթը չի փոխվել
- «Հարավային Կովկասը կորցնում է գերակայությունը Անկարայի քաղաքականությունում»․ կարծիք
- «Թուրքիայի նախապայմանները հաճախ Բաքուն է հնչեցնում»․ հայ վերլուծաբան
Թուրքիայի ԱԽ հայտարարությունն ու Երևանի գնահատականը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն օրերս վերահաստատել է աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին: Նիստն անց է կացվել նախագահ Էրդողանի ղեկավարությամբ, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների թեման: Շեշտվել է, մասնավորապես՝ «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»։
«Խոսքը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, TRIPP-ի գործարկմանը։ Ես վստահ եմ, որ Թուրքիան չի ուզում անմասն մնալ այս պրոցեսներից։ Հիմա շատ լավ ժամանակ է դրանք կյանքի կոչելու համար»,- նկատել է Հայաստանի խորհրդարանի իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի ԱԽ-ի վերջին հայտարարությունը նույնպես վկայում է՝ Երևանի ու Անկարայի քաղաքական երկխոսության ընթացքը դրական է։ Պատահական չի համարում նաև այն, որ Թուրքիայի խոշորագույն՝ Turkish Airlines ազգային ավիափոխադրողն է հայտարարել դեպի Երևան կանոնավոր ուղիղ թռիչքներ սկսելու մասին:
«Իհարկե, դա նաև բիզնես գործունեության ոլորտ է, բայց պետք է հասկանանք, որ քաղաքական երկխոսությունն ունեցել է կարևոր ազդեցություն, որպեսզի այդ որոշումը կայացվի»,- նկատել է պատգամավորը։
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի «ձեռքբերումների» մասին
ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահի հետ իր հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով․
«Սա մի ձեռքբերում է, որը ես չափազանց բարձր եմ գնահատում։ Եվ համոզված եմ` տեսանելի ապագայում այն բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման»։
Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից «Թրամփի ուղի» ծրագրի համատեքստում խոսել էր հայ-թուրքական սահմանի բացման մասին։
«TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագծի համար կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի, այսպիսով՝ գոյություն ունեցող երկաթուղու, ավտոճանապարհների բացումը, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների զարգացման հեռանկարով»,- արձանագրել էր նա։
«ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը»․ կարծիքներ
Սեպտեմբերի վերջին Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ էին այցելել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները։ Նրանք «շատ տպավորիչ» էին բնորոշել անցակետն ու առկա ենթակառուցվածքները։ Արձանագրել էին՝ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը։
«Շատ կարևոր է տեսնել, որ դուք շատ հստակ ազդանշան եք ուղարկում, որ տեխնիկական և այլ հարցերում պատրաստ եք։ Հույս ունեմ՝ շուտով դրան կհաջորդի նաև գործընթացի քաղաքական մասը, և մեր թուրք գործընկերները նույնպես պատրաստ կլինեն փոխադարձության։ Կարծում եմ՝ դա օգտակար կլինի երկուսի համար էլ»,- նկատել էր Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
Ֆյուլեն նշել էր, որ ՀՀ կատարած այցից հետո պատրաստվում է ԵՄ-ին առաջարկել Թուրքիային տալ հստակ ազդակ՝ «սահմանի բացումը կարևոր քայլ» է։
«Ի վերջո, հենց սրա վրա է հիմնված եվրոպական նախագիծը՝ բաց սահմաններ, «երկաթե վարագույրի» վերացում, մարդկանց հնարավորություն տալ տեսնել միմյանց սահմանների երկու կողմում, ընդլայնել առևտրային ու այլ շփումները»,- հայտարարել էր նա։
Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն, իր հերթին, ընդգծել էր՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը պետք է, որ լինի «առանց խոչընդոտների գործընթաց»։
Մեկնաբանություն
Թուրքագետ Նելլի Մինասյանը, դիտարկելով Թուրքիայի ԱԽ վերջին հայտարարությունը, Անկարայի խոսույթում տեղարժեր է նկատում։
«Եթե նախկինում հարաբերությունների կարգավորումը կապում էին Ադրբեջանի հետ կամ ուղղակի ձևակերպում էին Հարավային Կովկասում խաղաղության կայունության համատեքստում, ապա այս դեպքում որոշակի առարկայական քննարկում եղել է այնտեղ»,- «Ազատության» եթերում նկատել է նա։
Արձանագրված փոփոխությունը կապում է Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի հետ: Ասում է՝ ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել, շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ տարածաշրջանին վերաբերող։
Թուրքագետը Հայաստան-Թուրքիա սահմանի մոտալուտ բացում չի ակնկալում։
Հնարավոր է համարում, որ այս փուլում ակտիվանան պաշտոնյաների շփումները, օրինակ՝ կարգավորման գործընթացում ՀՀ-ի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պատասխան այցով Թուրքիա մեկնի, բայց ոչ ավելին։
«Թուրքիան իրականում Հայաստանի հետ իր խնդիրների համատեքստում ադրբեջանական խնդիրն օգտագործում է դեռ 90-ականներից: Չգիտեմ՝ հաջորդ պահին էլի կարող է գալ Ցեղասպանության խնդիր, մյուս խնդիրները։ Բայց այս պահին գլխավոր խնդիրն ապաշրջափակման հարցն է ու ճանապարհի՝ Միջին միջանցքի: Այս դետալներից կախված կլինի հետագա գործընթացը», — ընդգծել է Մինասյանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-Թուրքիա կարգավորման խոչընդոտներ չկան