Հին ադրբեջանական տոն
“Նշեք Սբ. Վալենտինի օրը Razzmatazz Cocktail Bar & Lounge-ում JW Marriott Absheron Baku հյուրանոցում, որտեղ կկայանա ‘Cupid Bash’ տոնախմբությունը: Գինը՝ 30 AZN կանգնած տեղերի և մեկ տոնական կոկտեյլի համար, 350 AZN՝ սեղան երկուսի համար (ներառյալ շոկոլադե տրյուֆելներ և մեկ շիշ շամպայն):
Սբ. Վալենտինի օրը բուն ադրբեջանական տոն է:
Եթե նույնիսկ այդպես չէ, ապա այն պարտադիր նշում են: Այն նույնիսկ ավելի ադրբեջանական է, քան Հելոուինը:
Դա պարզ բացատրություն ունի. նվերների և բացիկների այդ հրաշք տոնը պետք է ռեստորանային և հյուրանոցային բիզնեսին: Իսկ բիզնեսի հետ ավելի լավ է չվիճել, հատկապես այն հատվածի, որը ծառայություններ է առաջարկում էլիտային, այսինքն հիմնվում է սակավաթիվ, բայց հզոր “ընտրազանգվածի վրա, որը չի տուժել ճգնաժամից, չի կորցրել գնողունակությունը և ինչպես միշտ տենչում է օմարներ, սուշիներ և մարմարյա միս:
“Ձևավորված սեղան ընդամենը սիմվոլիկ 200 դոլարով. սա հենց նրանց համար է:
Ո՞ւմն է ամենամեծ ծաղկեփունջը:
Եթե Հելոուինը կարելի է դուրս մղել որպես “չար տոն, վատ վամպիրների և վհուկների օր, ապա այստեղ ամեն ինչ մաքուր է ու պարզ՝ սեր, նվերներ, բացիկներ, ոչ մի անպատեհ բան: Վալենտինը գրավել է աղջիկների սրտերը, նրանք չեն ների իրենց ընկերներին, եթե նրանք մոռանան իրենց ուրախացնելու առիթը:
Ահա, թե ինչո՞ւ է Վալենտինի օրը ոչ թե էլիտայի տոն, այլ բավականին “ժողովրդական և բոլորի համար պարզ. հենց ադրբեջանցի գեղեցկուհին առաջին անգամ փետրվարի 14-ին փափուկ խաղալիք է նվեր ստանում, սկսվում է կանացի մրցակցությունը: Մեծերի դատողությունները տոնի օտար լինելու մասին չեն կարող հօդս ցնդեցնել ֆորմալ առիթով ի նշան սիրո նվիրված ահռելի ծաղկեփնջի մասին երազանքները:
Մեր պատասխանը
Երբ պարզ դարձավ, որ Վալենտինի օրը շատ լավ ինտեգրվել է տեղի միջավայրում, դա սկսեց անհանգստացնել ազգային ավանդույթների ջատագովներին: Այդ պատճառով էլ 2004թ.-ից Ադրբեջանը սեփական այլընտրանքային սիրո տոն է հորինել, որը սակայն ներառված չէ տոնական օրերի օրացույցում և պաշտոնական ցուցակներում. պաշտոնյաներից մեկի նախաձեռնությունը, որը սակայն չստացավ կառավարության աջակցությունը, ամեն դեպքում դուր եկավ շատ հայրենասերների:
Դա հունիսի 30-ն է՝ Իլհամ և Ֆարիզա Ալլահվերդիևների հարսանիքի օրը: Նրանք երկուսն էլ ողբերգական մահով են մահացել իրենց հարսանիքի օրը՝ 1990-ականների դեպքերի ժամանակ, երբ խորհրդային բանակը կրակ էր բացել խաղաղ բնակչության վրա: Նրանց տապանաքարերի վրա մահվան ամսաթիվը նույննն է, սակայն իրականում Ֆարիզան Իլհամի մահից որոշ ժամանակ հետո է ինքնասպանություն գործել:
Այս միտքը զանգվածային աջակցություն չստացավ: Այս ողբերգական ավարտ ունեցած սիրո պատմությունն ավելի շատ սարսռազդու համարեցին, քան դաստիարակող և ոգեշնչող. ո՞վ կտոնի նման առիթը: Այդ պատճառով էլ հունիսի 30-ի մասին հիշում են փետրվարի 14-ին, երբ ուզում են որևէ բան հակադրել անողոք կերպով մոտեցող ծաղկեփնջային-սրտիկային տոնին: