Հետքովիդյան սեզոն։ Զբոսաշրջիկները Վրաստան են վերադառնում
Վրաստանում սկսվել է ամառային զբոսաշրջային սեզոնը։ Ճգնաժամային ժամանակահատվածից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով, այս տարի օտարերկրյա զբոսաշրջիկները Վրաստան այցելելու հնարավորություն են ստացել։
Չնայած նրան, որ ճամփորդելը դժվարացել է, իսկ Վրաստանում դեռ գործում են որոշ սահմանափակումներ (պարետային ժամը չեղարկվել է միայն հուլիսի 1-ին), երկիր են սկսել ժամանել առաջին հյուրերը։
Նրանց անհամբեր սպասում էին զբոսաշրջության ոլորտում աշխատող գործարարները՝ անկախ բիզնեսի մասշտաբներից։ Ոչ մեծ սրճարանների կամ ռեստորանների, փոքր հոսթելների կամ շքեղ մեծ հյուրանոցների տերերը միևնույն ձևով են պատասխանում այն հարցին, թե ինչ են նրանք սպասում այս զբոսաշրջային սեզոնից․ նրանք փորձում են գոյատևել։
Հունիսը Բաթումում սեզոնի հենց մեկնարկն է։ Քաղաքում հիանալի եղանակ է։ Ի ուրախություն հանգստացողների՝ վերջին օրերին անձրևներ չեն եղել։
Հատկապես ուրախ են երեխաները։ «Հայրի՛կ, նայիր, թե ինչպես եմ լողում», — ջրից բղավում է շիկահեր տղան ծնողներին, որոնք նստած են հովանոցի տակ և երեխային են լուսանկարում։
Ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկները հաճույքով են լուսանկարվում ծովի ֆոնին, միմյանց խնդրում են լուսանկարել, անկաշկանդ շփվում են։
- Անակլիա․ հանգստավայր Վրաստանում, որը քաղաքականության պատանդ է դարձել
- Սառեցված սեզոն։ Թե ինչպես է համավարակն ազդել Վրաստանի ձմեռային հանգստավայրերի վրա
- Վրաստան․ ի՞նչ է լինելու զբոսաշրջության հետ
Հանգիստ, զվարճանք, նոր ծանոթություններ, գեղեցիկ լուսանկարներ, արևային լողափեր, տեղական խոհանոց․ այս ամենը զբոսաշրջիկներին է սպասում այս քաղաքում, որը Թբիլիսիից 360 կմ հեռավորության վրա է գտնվում և հյուրերին գրավում է իր ենթակառուցվածքով և մշակութային բազմազանությամբ։
«Այստեղ ավելի լավ է, քան իմ հայրենիքում։ Այստեղ ծով կա, սարեր․ դրախտ է զբոսաշրջիկների համար»,- ասում է Տատյանան, որը չորս տարի առաջ Վրաստան է տեղափոխվել Ուկրաինայից։
Նա ասում է, որ կարոտել է զբոսաշրջիկների բազմությանը, որոնք Բաթումին կենդանի ռիթմ և էներգիա են հաղորդում։ «Այնպիսի զգացողություն ունեմ, որ զբոսաշրջային սեզոնը դեռ այնքան էլ չի սկսվել»,- ասում է նա՝ հայացք նետելով կիսադատարկ լողափին։
Բաթումի զբոսայգում մարդիկ իրոք շատ չեն։ Նրանք հանգիստ հեծանիվ և ինքնագլոր են քշում։
Ինչպես գալ Վրաստան
Օտարերկրյա քաղաքացիների համար օդային սահմանները Վրաստանը բացել է մարտի 1-ից, իսկ ցամաքայինները՝ հունիսի 1-ից։
Վրաստանի արտգործնախարարության տեղեկության համաձայն՝ հուլիսի 5-ի դրությամբ պատվաստման բոլոր փուլերն անցած օտարերկրացիները կարող են առանց լրացուցիչ պահանջների Վրաստան գալ ինքնաթիռով։ Իսկ ցամաքային սահմանը հատելիս՝ պատվաստված զբոսաշրջիկը պետք է լրացուցիչ ունենա նաև կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, որն արվել է 72 ժամ առաջ։
Պատվաստման բացակայության դեպքում օտարերկրացին պետք է նախապես առցանց գրանցվի և լրացնի հետևյալ ձևը։ Սահմանը հատելիս նա պետք է կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ներկայացնի, իսկ երեք օրվա ընթացքում իր հաշվին կրկին թեստ հանձնի։
Բացառությունը գործում է Հնդկաստանի քաղաքացիների կամ այդ երկիր այցելած անձանց համար, որոնք այնտեղ են անցկացրել վերջին 14 օրը։ Թեստին զուգահեռ նրանք պետք է իրենց հաշվին 14-օրյա կարանտին անցնեն։
Սակայն վրացական իշխանությունը ճանապարհորդներին զգուշացնում է, որ մուտքի կանոնները կարող են փոխվել՝ կախված համաճարակային իրավիճակից։ Վրաստանում արտասահմանցիների համար գործող ռեժիմին կարելի է հետևել, մասնավորապես, Վրաստանի ԱԳՆ կայքում։
Հուլիսի սկզբի դրությամբ՝ Վրաստանում չեղարկվել են սրանից առաջ գործող գրեթե բոլոր սահմանափակումները։ Չեղարկվել է պարետային ժամը, ինչպես նաև փողոցում պարտադիր դիմակ կրելու պահանջը։ Սակայն փակ տարածքներում և տրանսպորտում դիմակները դեռևս պարտադիր են։
Ռեստորանները բաց են, բայց աշխատում են միայն մինչև կեսգիշեր։
Ըստ վիճակագրության՝ 2021 թ-ի հունիսին Վրաստան է այցելել 146 հազար զբոսաշրջիկ։ Դա 287 տոկոսով ավելին է 2020 թ-ի հունիսի ցուցանիշից։ Սակայն 80 տոկոսով պակաս է, քան 2019 թ-ի հունիսին։
2019 թ-ին, որը ռեկորդային էր Վրաստանի համար, երկիր էր այցելել ավելի քան 9,3 մլն արտասահմանցի։ 2020 թ-ին, համավարակի մեկնարկից ի վեր, այցելուների թիվը կրճատվել էր ավելի քան 90 տոկոսով։
Սեզոնը սկսվել է
Երիտասարդը Բաթումի կենտրոնում հուշանվերներ և զարդեղեն է վաճառում։
«Մենք այստեղ առևտուր էինք անում անցյալ տարի, այն ժամանակ էլ էի ընտանիքիս օգնում, բայց վատ տարի էր։ Ասում են, որ այս տարի ավելի շատ հանգստացողներ են գալու, և մենք էլ ենք դրան սպասում։ Այստեղից 200-300 մետրի վրա ևս մեկ վաճառակետ ենք բացել, մայրս է այնտեղ աշխատում»,- ասում է նա։
Հարևան ռեստորանից երաժշտություն է լսվում։ Այստեղ հատկապես մարդաշատ է։ Սպասարկող անձնակազմը հյուրերին դիմավորում է ռեստորանի աստիճանների մոտ և ուղեկցում դեպի սեղաններ։ Երաժիշտները ջազ են նվագում։
«Մեր ռեստորանը շատ ծանրաբեռնված է։ Պատճառն այն է, որ մենք մեծ բացօթյա տարածք ունենք։ Հաճախորդները խուսափում են փակ տարածքներից։ Այդ պատճառով էլ որոշել են շեշտը դնել բացօթյա հարմարավետ միջավայրի վրա»,- ասում է Իրակլի Թավարթքիլաձեն՝ «Վերանդա Ակրոպոլ» ռեստորանի տերը։
Նա ռեստորանը բացել է 2019 թ-ին և, ինչպես ինքն է ասում, այդ օրվանից անընդհատ դժվարությունների է բախվում։
«Այն ժամանակ, ինչպես հիշում եք, Ռուսաստանը փակեց սահմանը, «Գավրիլովի գիշերը» եղավ [անկարգություններ Թբիլիսիում Ռուսաստանի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետևանքով, որի պատճառով Ռուսաստանը փակեց օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ], և համապատասխան դժվարություններ առաջացան։ Այն ժամանակ մեր ռեստորանի մասին դեռ ոչ ոք չգիտեր։ 2020 թ-ին էլ համավարակը սկսվեց, և հիմնականում վրացի հաճախորդներ ենք ունեցել։ Այս տարի մեզ մոտ են գալիս և՛ օտարերկրացիներ, և՛, կարելի է ասել, որ 2019 թ-ի համեմատ՝ այս տարի եռակի ավելի շատ աշխատանք ունենք»։
Իրակլիի լավատեսությունը հիմնված է զբոսաշրջիկների աճող թվի վրա։
Ամենաշատ զբոսաշրջիկները Բաթումի Պիացայում են․ այս հրապարակը բացվել է 2010 թ-ին, գտնվում է քաղաքի կենտրոնում և իտալական ոճով է արված՝ վիտրաժներով, մարմարե խճանկարով և շենքերի միջև մեծ տարածություններով։
«Խճանկարը ստեղծվել է [վրացի նկարիչ] Նատալի դը Պիտա-Ամիրեջիբիի օրիգինալ էսքիզով»,- պատմում է զբոսավարը ռուսալեզու զբոսաշրջիկներին։
Կապորվանի ավանը Բաթումից 47 կմ հեռավորության վրա է՝ Սև ծովի ափին։
«Մեզ մոտ ամրագրված է ողջ հունիսին ու հուլիսը՝ հիմնականում օտարերկրացիների կողմից։ Սպասում ենք նաև տեղացի հաճախորդների, որոնք ամրագրումներ են արել մայիսին»,- պատմում է Կապորվանիում Family Nest հյուրատան հիմնադիր Էկա Թավդումաձեն։
2019 թ-ին Էկան ամուսնու հետ խոշոր վարկ է վերցրել բանկից և երեք միանման քոթեջ կառուցել Սև ծովի ափին։
Մուգ կարմիր քոթեջները, որոնք միմյանցից առանձնացված են թփերի ցանկապատով, ուշադրություն են գրավում դեռ ճանապարհից։ Ի սկզբանե՝ քոթեջները պլանավորվում էր չառանձնացնել միմյանցից, սակայն համավարակն իր կանոններն է բերել․ որոշվել է քոթեջները մեկուսացնել հյուրերի անվտանգության համար։
«Անցյալ տարի բոլոր օտարերկրյա ամրագրումները չեղարկվեցին, և մենք զրոյի վրա էինք և դեռ վարկը պիտի փակեինք։ Կարծում էինք, թե ելք չկա, բայց գոյատևեցինք նրա հաշվին, որ վրացի հաճախորդները որոշեցին արձակուրդը մեզ մոտ անցկացնել»,- պատմում է Էկան։
Կապրովանիի քոթեջներում այժմ հյուրեր են հանգստանում Ռուսաստանից։
Եկատերինա Չեգամովան ասում է, որ իրենք ընկերներով սկզբից չէին կողմնորոշվում՝ ուր մեկնել՝ Թուրքիա, թե՞ Վրաստան։
«Չենք զղջում, որ Վրաստանն ընտրեցինք։ Եղանակը լավն է, ծովը՝ գեղեցիկ։ Սկզբում երկու օրով այստեղ տուն վարձակալեցինք, հետո որոշեցինք մնալ, որովհետև շատ հավանեցինք։ Լողափը լավն է, քաղաքային աղմուկից հեռու, քոթեջները հարմարավետ են»,- ասում է Եկատերինան, որը որդու հետ հանգստանում է Կապրովանիում։
Զբոսաշրջային սեզոնը պաշտոնապես բացվել է հունիսի 15-ին, թեև օտարերկրյա հյուրերը սկսել են տարածաշրջան գալ դեռ ապրիլից, ասում է Թամար Կայիկացիշվիլին՝ Աջարիայի [ինքնավար հանրապետություն Վրաստանի կազմում՝ Բաթում կենտրոնով] զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտի նախագահի առաջին տեղակալը։
«Այս փուլում Բաթում են ժամանում չվերթներ հիմնականում Իսրայելից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից, բայց շուտով այս ցանկին կավելանան Միացյալ Արաբական Էմիրությունները, Հայաստանը, Լեհաստանն ու Բալթյան երկրները»,- ասում է Կայիկացիշվիլին։
Նրա խոսքով՝ այս տարի Աջարիայի հյուրերին նոր տեսարժան վայրեր են սպասվում, օրինակ՝ Ուչխոյի ձորը, էքստրեմալ հեծանվուղին Քեդա-Շաուխևիում, պիկնիկների համար նոր վայրերը Չիրուխիում, Կապնիստավիում և Շուամթա գյուղում։
«Բացի այդ, հյուրերը կարող են նոր զբոսաշրջային երթուղիներով այցելել Գորջոմիի կիրճ, Չվանա-Կինտրիշիի կիրճ և Կապնիստավի։ Բոլոր չորս ազգային պարկերն ու պահպանվող տարածքները այս շրջանում բաց են այցելուների համար»։
Չնայած չվերթների վերսկսմանն ու կանոնների աստիճանաբար մեղմացմանը, զբոսաշրջային բիզնեսում աշխատողները նախկինի պես կարծում են, որ եկամտի մասին դեռ վաղ է խոսել։
«Համավարակի հետևանքով կրած վնասները փոխհատուցելու համար այսպիսի մոտ երկու-երեք սեզոն պետք կլինի»,- ասում է Best Western Premier Batumi հյուրանոցի գլխավոր մենեջեր Թեմուր Զոյիձեն։
Այս հյուրանոցն աշխատում է հիմնականում օտարերկրյա զբոսաշրջիկների համար, այդ պատճառով էլ 2020 թ-ին, երբ երկրում համավարակի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել, բոլոր ամրագրումները չեղարկվել էին։ Մեկ տարուց ավելին հյուրանոցը փակ էր՝ կրելով մեծ ծախսեր։
Ճգնաժամը վերապրած մեծ ու փոքր հյուրանոցների պատմությունները նման են։ Դրանցից որոշները պարզապես փակվել են։ Սրճարանները, բարերն ու ռեստորանները ոչ պակաս ծանր տարի են ունեցել։
Ո՞վ և ինչպե՞ս է դիմակայել համավարակին
Ամառվա սեզոնին հանգստանալու եկող զբոսաշրջիկների մեծ մասը հազվադեպ է Վրաստան այցելում այնպես, որ տեսնի միայն մեկ քաղաք։ Նրանց մեծ մասը ծովում կամ այլ շրջաններում հանգստին զուգահեռ գոնե Թբիլիսի այցելում է։
Թեև առաջին հայացքից Թբիլիսիի պատմական հատվածն այժմ լի է զբոսաշրջիկներով, սակայն սրճարանները, բարերը, ռեստորաններն ու հյուրանոցները դեռևս ճգնաժամից դուրս գալու հույս չեն կարող ունենալ։
«Համավարակից առաջ այստեղ մարդաշատ էր։ Գիշերային ժամերին ասեղ գցելու տեղ չկար։ Երբ ուրբաթ օրերին միջոցառումներ էինք կազմակերպում, մարդիկ նույնիսկ աստիճաններին էին սպասում, թե երբ է տեղ ազատվելու»,- պատմում է Մարիամ Չախավան՝ Թբիլիսիի Սոլոլակի պատմական թաղամասում բարի տերը։
Շենքում, որտեղ տեղակայված է բարը, ապրել է վրացի հայտնի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Վալերիան Գունիան։ Ահա թե ինչու է բարը, որը բացվել է մշակութային ժառանգության օբյեկտի տարածքում, անվանվել «Վալիկո»։
Համավարակի ընթացքում բարի տերերը ստիպված են եղել համատեղել բարմենների, մատուցողների և հավաքարարների աշխատանքը, որպեսզի բիզնեսը կարողանա գոյատևել։ 2020 և 2021 թթ-ին ռեստորաններն ու սրճարանները ստիպված էին աշխատել սահմանափակումներով և մեծ «դադարներով»։ Փակ տարածքներում վերջնականապես թույլ են տվել այցելուներ ընդունել միայն հունիսի 1-ից։
«Մարտի 14-ին ոստիկանությունից եկան և զգուշացրին, որ մեզ փակում են։ Մենք չգիտեինք, թե որքան է դա տևելու․ անցավ մեկ ամիս, երկու ամիս… Ստիպված էինք խնայողություն անել, և դա անդրադարձավ աշխատակիցների թվի վրա։ Ես ու մյուս համասեփականատերն ամեն ինչ ինքներս էինք անում»,- ասում է Մարիամը։
Նրա խոսքով՝ եկամուտը, 2019 թ-ի համեմատ, նվազել է 90 տոկոսով։ Ազգային արժույթի՝ լարիի արժեզրկումը նույնպես խնդիրներ է ստեղծում, քանի որ տարածքի վարձավճարը դոլարով է հաշվարկվում։
Մինիմալիստական ոճով ձևավորված «Մեր բարի» խնդիրները, որը հին Թբիլիսիում է, նույնն են։ Ճգնաժամը հնարավոր է եղել հաղթահարել վարձատուի շնորհիվ․ լոքդաունի ժամանակ նա վարձավճարը զեղչել է, ասում է բարի տեր Էտո Շավշիշվիլին։
«Մենք վճարում էինք այնքան, որքան կարողանում էինք, մաս-մաս։ Դա մեզ օգնեց մինուս չգնալ բացման պահին։ Ցավոք, ոչ բոլոր սրճարանների և բարերի բախտն այդպես բերեց»,- ասում է Էտոն։
Իրոք, եթե 2019 թ-ին հին Թբիլիսիով քայլելիս ամեն քայլափոխի կարելի էր սրճարան, բար, ռեստորան կամ հոսթել տեսնել, ապա այժմ անցորդների աչքերին հիմնականում երևում են «Վաճառվում է» կամ «Վարձով է տրվում» գրառումները փակ օբյեկտների վրա։
Օբյեկտների քիչ քանակը խնդիրներ է ստեղծում նրանց համար, ովքեր աշխատում են․ ինչպես ասում են բարի տերերը, բազմազանության պակասի պատճառով քաղաքը պակաս հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար։
«Շատ զբոսաշրջիկներ էին գալիս, որոնց գրավում էր բազմազանությունը, և նրանք ավելի շատ բան էին իմանում մեր մշակույթի մասին՝ բարում հյուրերի հետ շփվելիս։ Այդպես նրանք ավելի մեծ բավականություն էին ստանում։ Ցավոք, այժմ զբոսաշրջիկներն այնքան շատ չեն, որքան առաջ»,- ասում է Էտոն։
Զբոսաշրջիկների բացակայությունից են բողոքում նաև խանութները, որոնց գնորդները հիմնականում արտասահմանցիներն են։ Օրինակ՝ գինու խանութները։ Այդպիսի օբյեկտներից մեկի տերը մինչ օրս չի կարող իրեն թույլ տալ աշխատակից վերցնել։
«Մենք 100 տոկոսով կախված ենք զբոսաշրջիկներից։ Գոնե ինչ-որ ձևով գոյատևելու համար մեզ մեծ հոսք է պետք։ Այն, ինչ մենք անում ենք այժմ, բիզնես չի կոչվում։ Մենք հիմա պայքարում ենք գոյատևման համար։ Ես երկու խանութ ունեի և հաջողությամբ ղեկավարում էի դրանք, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Ես հասկացա, որ չենք կարող այնքան խանութ ունենալ, որքան ունեինք։ Ցավոք, ստիպված էի աշխատանքից ազատել բոլոր աշխատակիցներին և փակել մի խանութը։ Ոչ ոք չէր սատարում մեզ, ոչ մի օգնություն չեմ ստացել»,- պատմում է Նինո Օնաշվիլին։
Փորձում են գոյատևել և՛ հոսթելները, և՛ փոքր հյուրանոցները։ «Բեթլեմի 25» ընտանեկան հյուրանոցի տերը՝ Մակա Գելովանին, զարդարում է բակը՝ ծաղիկներ, սեղաններ և աթոռներ դնելով։
«Համավարակը բազմաթիվ դժվարություններ ստեղծեց։ Իհարկե, նախևառաջ, դա ֆինանսական կողմն է։ Չկա այնպիսի բիզնեսատեր, որ բանկային վարկ չունենա։ Կածես բանկերը հետաձգել են մարումները, սակայն գործնականում, միևնույն է, վնաս ենք կրում, որովհետև այն ամիսներին, որ չենք վճարել, պարտքերը կուտակվել են»,- պատմում է Մական։
Ընտանեկան տիպի նրա հյուրանոցում արդեն մի քանի արտասահանցի հյուր կա, թեև, նրա խոսքով, նախորդ տարիների համեմատ, սա չի կարելի աշխատանք կոչել։
«Մենք վերաբացվել ենք, կրկին մեկ առ մեկ հյուրերին հավաքում ենք։ Հին հյուրերը նախկինի պես գրում են մեզ, պլանավորում գալ։ Սակայն նրանց համար դա թանկացել է։ Թանկացել են տոմսերը, ովքեր չեն պատվաստվել՝ թեստ պետք է հանձնեն, և այս ամենը թանկ է նստում։ Մենք, իհարկե, ավելի լավ բանի հույս ունենք, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու»։
Հույսեր․ արդյո՞ք կվերածնվի զբոսաշրջությունը
Կորոնավիրուսի համավարակից մեկ տարի առաջ Տնտեսության և զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը (WTTC) հաշվետվություն էր հրապարակել, որում ասվում էր, որ Վրաստանի զբոսաշրջային և ճամփորդական հատվածը 483 հազար աշխատատեղ է ստեղծել․ դա ոչ միայն սննդի և տեղավորման հատվածում զբաղվածներն են, այլև մարդիկ, որոնք մասնակցում են զբոսաշրջության ոլորտի ստեղծմանն ու աշխատանքին։ Այդ նույն տարի Վրաստանն աշխարհում 78-րդ տեղն է զբաղեցրել զբոսաշրության և ճամփորդությունների ոլորտում անմիջական մասնակցության ցուցանիշով։
2018 թ-ին զբոսաշրջության և հարակից ոլորտներում ներգրավված աշխատակիցների թիվը Վրաստանում կազմում էր 7,8 տոկոս, Վրաստանն այս ցուցանիշով 29-րդ տեղն էր զբաղեցրել աշխարհի 145 երկրների ցանկում։ Ինչ վերաբերում է հենց զբոսաշրջությանը, ապա այս ոլորտում անմիջականորեն ստեղծվել է 140,3 հազար աշխատատեղ։
Հետազոտության հեղինակներն այն ժամանակ հայտարարեցին, որ մոտակա տարիներին այս թվերն աճելու են միջինում երկու տոկոսով։ Սակայն համավարակը փոխեց իրականությունը, և օբյեկտների փակվելն ու անձնակազմի կրճատումն արտահայտվեց այս բոլոր թվերի վրա։
Այժմ, երբ Վրաստանի սահմաններն արդեն բաց են, կառավարության ակնկալիքները լավատեսական են, սակայն Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին կարծում է, որ լիարժեք վերականգնման համար ժամանակ է պետք։
«2019 թ-ն աննախադեպ էր զբոսաշրջության տեսանկյունից, դա շատ զգալի աճ էր, այդ պատճառով էլ լիարժեք վերականգնում ենք կանխատեսում 2023 թ-ին»,— նշել է Ջանիաշվիլին։
«Մեդիացանցի» աջակցությամբ