Հեռանկար առանց հեռանկարի
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալուց և Արևմուտքի կողմից պատժամիջոցները հանելուց հետո Հայաստանի առջև կարծես թե այդ երկրի հետ ավելի խորացված համագործակցության հեռանկար բացվեց:
Հայաստանը տարածաշրջանի այն սակավ երկրներից է, որոնք Իրանի հետ հարաբերություններում խնդիր չունեն: Բացի այդ, Իրանը ձգտում է յուրացնել եվրոպական շուկան, իսկ Հայաստանով անցնող ճանապարհը դեպի Եվրոպա ամենակարճն է: Բացի այդ, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը Իրանին հնարավորություն է տալիս առևտրային հարաբերություններ զարգացնել ոչ միայն Եվրոպական միության և ԱՄՆ, այլ նաև ԵՏՄ և Ռուսաստանի հետ:
Ողջ խնդիրը տրանսպորտային հանգույցներն ու մայրուղիներն են, որոնց միջոցով իրանական արտադրանքը և ամենագլխավորը՝ էներգակիրները, միջազգային շուկա կարտահանվեն: Կկարողանա՞ արդյոք Հայաստանն օգտագործել իր ներուժը և դառնալ Իրանի մասնակցությամբ նոր տարածաշրջանային նախագծերի առանցքային խաղացող:
Վերջին ժամանակներս առավել հաճախ են սկսել խոսել Իրանի և Հայաստանի միջև նոր երկաթուղային հաղորդակցության կառուցման մասին: Երկաթգծի շինարարությունը Հայաստանի տարածքում, ըստ նախնական գնահատականների, կարժենա մոտ 5 մլրդ դոլար: Սակայն տվյալ պահին Հայաստանը չի կարողանում ներդրողներ գտնել այդ նախագիծն իրականացնելու համար: Իսկ իրանական կողմը համաձայն է ֆինանսավորել երկաթգծի բացառապես իր հատվածը:
Այս տարվա սկզբին հայտարարվել է Հայաստանի տարածքով դեպի Վրաստան իրանական բնական գազի հնարավոր տարանցման մասին: Սակայն այս հարցում նույնպես որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվել:
Գոհար Իսկանդարյան
Հայաստանի ԳԱԱ Ալրևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ
Իրանը ձգտում է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնել, սակայն իրանական կողմը հասկանում է, որ Հայաստանը ռազմավարական նշանակության հարցերում ինքնուրույն որոշումներ չի կայացնում: Առանց Ռուսաստանի հավանության հայ-իրանական նախագծեր չի հաջողվի իրականացնել: Մասնավորապես Ռուսաստանն ու Իրանը մրցակիցներ են էներգետիկայի ոլորտում, և Ռուսաստանին ձեռնտու չէ, որ իրանական էներգակիրները Հայաստանի տարածքով տարանցման միջոցով եվրոպական շուկա դուրս բերվեն, որտեղ Ռուսաստանն առաջատար դիրքեր ունի:
Կասկածելի է, որ ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը, որը մոնոպոլիստ է Հայաստանի գազային շուկայում, թույլ տա օգտագործել իր բաշխիչ ցանցը իրանական գազը Վրաստան ուղարկելու համար, որն էլ հետագայում Եվրոպա կարտահանվի: Դրա համար կամ պետք է նոր գազատար կառուցել, կամ Ռուսաստանին կարողանալ ներգրավել այդ նախագծում:
Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ
Իրանի համար շատ կարևոր է, որ հաղորդակցությունների զարգացումը չհանգեցնի քաղաքական կախվածության: Նա իր հարաբերություններն այնպես է կառուցում, որպեսզի այդ հաղորդակցությունները լրացնեն և հավասարակշռեն միմյանց:
Եվ այդ առումով Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցություններն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ Հայաստանի և Վրաստանի կողմից բացառվում է Իրանի վրա քաղաքական ազդեցության որևէ հնարավորություն: Բացի այդ, ոչ Հայաստանը, ոչ էլ Վրաստանն Արևմուտքի հետ հարաբերություններում խնդիր չունեն:
Ռուսաստանն Իրանին իր մրցակիցն է համարում ածխաջրածնային ռեսուրսների և իր հաղորդակցության ու տրանսպորտային ներուժի առումով, այդ պատճառով էլ խոչընդոտում է դեպի եվրոպական շուկա իրանական էներգակիրների ելքին: Ռուսաստանը հասկանում է, որ եթե իրանական գազը հայ-վրացական ճանապարհով Եվրոպա հասնի, նա կկորցնի տարածաշրջանում ունեցած իր բոլոր լծակները: Այդ պատճառով էլ Ռուսաստանն, օգտագործելով իր ազդեցությունը հայկական իշխանությունների վրա, ամեն կերպ խոչընդոտում է Հայաստանի միջոցով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու բոլոր փորձերը:
Վահագն Խաչատրյան
տնտեսագետ
Պատժամիջոցները հանելուց հետո Իրանը տարածաշրջանի բոլոր երկրների հետ առևտրային հարաբերություններ զարգացնելու տարբերակներ է ինտենսիվ կերպով փնտրում: Հայաստանը դիվերսիֆիկացիայի քաղաքաքականություն վարող և ոչ միայն մեկ գործընկերոջ հետ իր առևտրային հարաբերություններ կառուցող Իրանի համար հեռանկարային երկիր է: Սակայն Հայաստանն այսօր պատրաստ չէ մասնակցելու Եվրոպային ուղղված իրանական նախագծերին:
Գոյություն ունեցող հայկական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ տրանսպորտայինը, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարը դեռևս մշուշոտ է: Այդ նախագծի իրականացումը սկսելու համար խոշոր ներդրումներ են պահանջվում, որոնք Հայաստանը չունի, իսկ ներգրավել թույլ չի տալիս պետական պարտքը, որը գերազանցում է 5 մլրդ դոլարը:
Ավտոմոբիլային հաղորդակցության մասին հնարավոր կլինի խոսել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ավարտից հետո: Սակայն դա էլ է մեծ հարց՝ արդյո՞ք այն կհամապատասխանի միջազգային պահանջներին:
Հրապարակվել է 27.09.2016