Հեռակա մարտ «Զանգեզուրի միջանցքի» համար․ ի՞նչ են խոսում Ադրբեջանում և Հայաստանում
Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հարցին, որը պետք է միացնի երկրի արևմտյան հատվածը դրա էքսկլավ Նախիջևանին։ Ալիևի կոշտ հայտարարությունը Հայաստանում զայրալից արձագանք է առաջացրել։
- Ռուս խաղաղապահներն Արցախում պատրաստվում են ռազմական շքերթի․ պաշտոնական Բաքուն լռում է
- Նոր հին սահման․ ինչո՞ւ են հայկական գյուղերը հայտնվել Ադրբեջանի տարածքում
- Որքանո՞վ է հավանական դաշնակցային պայմանագիրն Ադրբեջանի և Թուրքիայի միջև․ մեկնաբանություն Բաքվից
Ի՞նչ է ասել Ալիևը
AzTV-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևն ասել է․
«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին։ Մենք իրականացնելու ենք Զանգեզուրի միջանցքը, ցանկանա Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, հարցը հեշտությամբ կլուծենք, եթե չցանկանա՝ կլուծենք ուժով։ Այնպես ինչպես պատերազմից առաջ և դրա ընթացքում եմ ասել, որ նրանք պետք է ինքնակամ լքեն մեր հողերը, այլապես մենք նրանց ուժով կվռնդենք։ Այդպես էլ եղավ։ Նույնպիսին է լինելու նաև Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը։
Մեր հիմնական հակառակորդը ժամանակն է, որովհետև երկաթուղու, ավտոճանապարհի շինարարությունը ժամանակ է պահանջում։ Այդ պատճառով էլ այդ նախագծի իրականացման համար մոբիլիզացվել են բոլոր ուժերը։ Այսպիսով, ադրբեջանցի ժողովուրդը վերադառնալու է Զանգեզուր, որը մեզնից խլել են 101 տարի առաջ»։
Ի՞նչ է ասված եռակողմ համաձայնագրում
2020 թ․ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած եռակողմ համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին է միացնելու տրանսպորտային ուղի, որն անցնելու է Հայաստանի տարածքով։
Նշված համաձայնագրի իններորդ կետում ասվում է․
«Ապաարգելափակվելու են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անխափան տեղաշարժի կազմակերպման նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։
Կողմերի համաձայնեցմամբ՝ ապահովվելու է տրանսպորտային նոր կապի շինարարություն, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապում է Ադրբեջանի արևմտյան շրջաններին»։
Հայաստանի արձագանքը
ԱԳՆ պատասխանը
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։ Աննա Նաղդալյանի խոսքով՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․
«Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը: Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ»։
Օմբուդսմենի պատասխանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունն անվանել է ցեղասպան քաղաքականության ապացույց․
«Այն պարունակում է միջազգային իրավունքով բացարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ են: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք»։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահը հատկապես 2020 թ-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո հայտարարություններ է անում, որոնք վկայում են ֆաշիստական քաղաքականության մասին․
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական նման պետական քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հիմքում»։
Օմբուդսմենը հերթական անգամ միջազգային կառույցներին կոչ է արել ուշադրություն դարձնել «ցեղասպան և ֆաշիստական այս հայտարարություններին»։ Նրա կարծիքով՝ հենց միջազգային հանրության լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, հայկական բնակչության իրավունքների անհավանական կոպիտ խախտումների:
Վարչապետի պատասխանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահն իր հռետորաբանությամբ ուզում է խաթարել տարածաշրջանային ճանապարհների բացման գործընթացը․
«Իրավիճակն էլ ավելի է սրվում Ադրբեջանի ղեկավարության սադրիչ և անկանոն հայտարարությունների ֆոնին։ Այդ հայտարարությունները հակասում են միմյանց։ Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին»։
Հայաստանի վարչապետը կարծում է նաև, որ միջազգային կառույցները պետք է լրջորեն արձագանքեն և հակազդեն նման սադրիչ հայտարարություններին։
Նա կրկին ընդգծել է, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում չկա ոչ «Զանգեզուր», այսինքն՝ Հայաստանի Սյունիք մարզ, ոչ «միջանցք» արտահայտությունները, խոսքը միայն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին է․
«[2021 թ-ի] հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք և մեկնաբանել ենք, թե ինչ պետք է տեղի ունենա։ Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ուրեմն, այդ նույն տրամաբանությամբ, Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանն ըստ այդ պայմանավորվածության և գրավոր հրապարակված փաստաթղթերի, կարող է ստանալ միայն այնպիսի միջանցք, ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով»։
Ադրբեջանի արձագանքը
ԱԳՆ պատասխանը
Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ «Ադրբեջանի ղեկավարն, ինչպես միշտ, բավականին հստակ և ճշգրիտ է արտահայտվել»։
«Եթե Հայաստանի ԱԳՆ-ն ուզում է լսածը ներկայացնել այնպես, ինչպես ուզում է, դա վկայում է նրա ատելությամբ լի մտադրությունների մասին։
Ցանկանում ենք մեր պետության ղեկավարի կարծիքի իրենց մեկնաբանությունները ներկայացնել ցանկացողներին տեղյակ պահել, որ Ադրբեջանի նախագահն ապրիլի 20-ի իր հարցազրույցում խոսել է Հայաստանում հնարավոր ռևանշիզմի մասին, որն ուղղված է Ադրբեջանի դեմ, և մեր տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքների մասին։ Նա հայտարարել է, որ «եթե մենք հնարավոր սպառնալիք տեսնենք, անպայման կկանխենք այն <…>, քանի որ դա «ազգային պաշտպանության, ազգային անվտանգության հարց է»։
Դա սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է Հայաստանի ԱԳՆ-ն, այլ ցանկացած սպառնալիքի պատասխանելու մեր վճռականության ցուցանիշ, որը կարող է առաջանալ հայկական կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։
Ցանկանում ենք հիշեցնել, որ իր հարցազրույցում պետության ղեկավարը հայտարարել է նաև համագործակցության Ադրբեջանի պատրաստակամության մասին, ընդգծել, որ, չնայած ադրբեջանցիների նկատմամբ պետական մակարդակով Հայաստանի կողմից կատարված ցեղասպանությանն ու մեր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ավերմանը՝ մեր հայացքը պետք է ուղղված լինի ապագային։
Ինչպես բազմիցս և ամենաբարձր մակարդակում հայտարարվել է, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության հիման վրա։
Սրան նպաստում է նաև եռակողմ հայտարարությունների իրականացումը, որոնք ստորագրվել են 2020 թ-ի նոյեմբերի 10-ին և 2021 թ-ի հունվարի 11-ին։ Իսկ Հայաստանն, ընդհակառակը, իր բնակչության գիտակցությունը թունավորում է ստահոդ և զրպարտող հայտարարություններով և փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,- ասել է նա։
«Միջանցքի» շինարարությունը սկսվե՞լ է
Որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ նորություն են հրապարակել, որի համաձայն՝ թուրքական պետությունը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» շինարարության մեկնարկի մասին։
Պաշտոնապես այս նորությունը չի հաստատվում։